2025թ. մարտի 24-ին Էր Ռիյադում տեղի ունեցան 12 ժամանոց խորհրդակցություններ ռուս եւ ամերիկացի փորձագետների միջեւ։ Ռուսաստանյան պատվիրակությունը գլխավորում էր Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։
Կարասինը, որը երկար տարիներ զբաղեցնում էր Ռուսաստանի փոխարտգործնախարարի պաշտոնը, շատ է զբաղվել Հարավային Կովկասի, ԼՂ կարգավորման, հայ-թուրքական հարաբերությունների հարցերով։
1. Ի՞նչ էին քննարկել Կարասինն ու Քոչարյանը 2006 թվականի գարնանը։
2006 թվականի ապրիլին Ռուսաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը հայտնել էր, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հանդիպման ընթացքում նշվել է, որ «գազի եւ էլեկտրաէներգիայի ոլորտներում ռուս-հայկական համագործակցության զարգացման վերջերս կայացված փոխշահավետ լուծումները նոր հեռանկարներ են ստեղծում տնտեսական փոխգործակցության համար»։
«Անդրկովկասում եւ հարակից տարածաշրջանում փոփոխվող իրավիճակի պայմաններում ռուս-հայկական փոխգործակցությունը անվտանգության ապահովման նշանակալից գործոն է հանդիսանում», - նշել էր Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Ապրիլի 18-ից 19-ը Գրիգորի Կարասինը Երեւանում` Վրաստանում, Հայաստանում, Ադրբեջանում եւ Թուրքիայում Ռուսաստանի դեսպանների տարածաշրջանային խորհրդակցությանը մասնակցելու նպատակով:
2. Ինչո՞ւ էր Կարասինը Ֆրիդի հետ այցելել տարածաշրջան։
2006 թվականի մայիսի 24-ին սկսվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցը` Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ավագ դիվանագետների ուղեկցությամբ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի, ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահների հետ տարածաշրջան էին ժամանել Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը, ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը եւ Ֆրանսիայի ԱԳՆ քաղաքական հարցերով տնօրեն Ստանիսլաս դը Լաբուլեն:

Լուսանկարը` Ֆոտոլուր
Մայիսի 24-ին միջնորդները Բաքվում հայտարարություն էին ընդունել: Դրանում, մասնավորապես, ասվում էր, որ «եկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու ժամանակը»։
«Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ ընդգծում են միջազգային հանրության այն համոզմունքը, որ տվյալ հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով», - ասվում էր հայտարարությունում: Հեղինակները շեշտում էին, որ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է պատրաստեն իրենց հասարակությունները խաղաղության եւ ոչ թե պատերազմի։
Դենիէլ Ֆրիդը նշել էր, որ Բաքու կատարած այցի ընթացքում քննարկվել են հակամարտության ապագա կարգավորմանը վերաբերող շատ կարեւոր տարրեր եւ ուսումնասիրվել են մոտ ապագայում երկու երկրների նախագահների հանդիպման կազմակերպման հնարավորությունները, իսկ Գրիգորի Կարասինը նշել էր, որ նման ներկայացուցչական առաքելության համատեղ այցը պետք ապացուցում է այն լրջությունը, որով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները մոտենում են կարգավորմանը:
Գրիգորի Կարասինն ասել էր նաեւ, որ կողմերը հասել են այն փուլին, երբ հնարավոր է հասնել փոխշահավետ համաձայնության: «Կլինի այդպես, թե ոչ` կախված է Հայաստանից եւ Ադրբեջանից», - նկատում էր դիվանագետը:
3. Ի՞նչ զուգահեռներ էր անցկացրել Կարասինը Կոսովոյի հետ։
2006 թվականի օգոստոսին Գրիգորի Կարասինը հայտարարել էր, որ «տարածքային ամբողջականությունը չի բացառում կարգավիճակային հարցերի լուծման բազմազանություն եւ ժողովուրդների կամքի անտեսման հնարավորություն չի ենթադրում»։
«Արեւմտյան զրուցակիցներից ոմանք փորձում են համոզել մեզ, որ Կոսովոն պատմական յուրահատուկ հանգամանքներով պայմանավորված միակ դեպքն է: Յուրահատկության վերաբերյալ նման քննարկումները միամիտ են, եւ մենք չենք կարող համաձայնվել նման մեկնաբանության հետ: Կյանքն է նախադեպեր ստեղծում, եւ համառորեն ժխտելով` դրանք հնարավոր չէ չեղյալ հայտարարել: Միթե՞ կարելի այլ ինքնավարությունների բնակիչներին ասել, որ այս դեպքում մենք անկախություն ենք տալիս, բայց դա չի կարող ձեզ համար օրինակ ծառայել», - ասել էր Կարասինը «Իզվեստիա»-ն տված հարցազրույցում։

Լուսանկարը` Aif.md
Նա նշել է, որ «Կոսովոյի գործի «եզակիության» մասին խոսելիս կամ մոռանում են, կամ միտումնավոր չեն նկատում, որ մենք խոսում ենք աշխարհի տարբեր տարածաշրջաններում հակամարտությունների նկատմամբ ոչ հետեւողական մոտեցման, այլ կերպ ասած՝ դրանց լուծման նույն «երկակի ստանդարտների» մասին»։
«Մենք ելնում ենք նրանից, որ չնայած կոնկրետ իրավիճակների բոլոր յուրահատկություններին, պետք է կիրառվեն կարգավորման համընդհանուր կանոններ՝ հիմնված միջազգային իրավունքի ընդհանուր ընդունված նորմերի վրա»,- ամփոփել էր Կարասինը։
4. Ի՞նչ «կարգավիճակի այլընտրանքային լուծումների» մասին է խոսել Կարասինը։
2006 թվականի դեկտեմբերին Գրիգորի Կարասինը ասել էր, որ հակամարտությունների կարգավորումը պետք է հիմնված լինի տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքների «գործնական կապակցման» վրա` ենթադրելով «այլընտրանքային կարգավիճակային որոշումների լայն ընտրություն»։
«Մենք հարգանքով ենք վերաբերվում տարածքային ամբողջականության սկզբունքին: Սակայն ինքնորոշման իրավունքը, որի վրա հիմնված են աբխազական եւ հարավ-օսական կողմերի մոտեցումները` եւս միջազգային իրավունքի մի մասն է: Մենք չենք կարծում, որ ճիշտ է դրսից որեւէ կոշտ բանաձեւեր կամ դեղատոմսեր պարտադրել` նախօրոք կանխորոշված ուղղությամբ: Ակնհայտ է, որ հակամարտությունների կարգավորումը պետք է հիմնված լինի այդ երկու սկզբունքների գործնական կապակցման վրա` ենթադրելով այլընտրանքային կարգավիճակային որոշումների լայն ընտրություն»,- նշել էր Կարասինը «Սոյուզնոյե գոսուդարստվո» ամսագրին տված հարցազրույցում։
5. Ի՞նչ «ուժերի աշխարհաքաղաքական հավասարակշռություն» էր ձգտում պահպանել Կարասինը։
2009 թվականի նոյեմբերին Գրիգորի Կարասինը ասել էր, որ ղարաբաղյան խնդրի լուծումը կենսունակ կլինի միայն այն դեպքում, եթե օգնի հետհակամարտային ժամանակահատվածում պահպանել «Անդրկովկասում պատմականորեն ձեւավորված ուժերի աշխարհաքաղաքական հավասարակշռությունը»»:

Լուսանկարը` REUTER
«Ռուսաստանը պատրաստ կլինի օժանդակել խնդրի լուծման այն տարբերակին, որը կգոհացնի բոլոր կողմերին, իսկ փոխզիջումային պայմանավորվածության ձեռք բերման դեպքում` հանդես գալ որպես կարգավորման երաշխավոր: Հասկանալի է, որ կենսունակ կլինի խնդրի միայն այնպիսի լուծումը, որը թույլ կտա Անդրկովկասին վերադարձնել կայունությունն ու հանգստությունը, իսկ հետհակամարտային ժամանակահատվածում կօգնի պահպանել այնտեղ պատմականորեն ձեւավորված` ուժերի աշխարհաքաղաքական հավասարակշռությունը եւ չի հանգեցնի տարածաշրջանի վերածմանը միջազգային քաղաքական եւ ռազմական մրցակցության թատերաբեմի»,- ասել էր Գրիգորի Կարասինը «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի հետ հարցազրույցում։
6. Ի՞նչ էր ասել Կարասինը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին։
Նույն հարցազրույցում Կարասինն ասել էր, որ «հայ-թուրքական պայմանավորվածություններից ոչինչ չի կարող մեկնաբանվել որպես երրորդ կողմին վնաս հասցնող»։
«Փաստաթղթերի ստորագրումը, որը դարձավ հայ եւ թուրք գործընկերների` բարդ խնդիրների կարգավորմանն ուղղված նպատակաուղղված, համատեղ պրագմատիկ աշխատանքի արդյունքը, հաստատում է գործը բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը հասցնելու երկու երկրների ղեկավարների հստակ տրամադրվածությունը: Այժմ կողմերը պետք է վավերացնեն այդ արձանագրությունները եւ սկսեն դրանց գործնական իրագործումը»- ասել էր բարձրաստիճան ռուսաստանցի պաշտոնյան:
Նա նկատել էր, որ Ռուսաստանը պատրաստ է օժանդակել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին նաեւ տնտեսական ծրագրերի իրականացման միջոցով, մասնավորապես, էներգետիկայի եւ տրանսպորտի բնագավառներում:
«Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորումն օբյեկտիվորեն կնպաստի Անդրկովկասում լարվածության թուլացմանը, խաղաղության ամրապնդմանը, անվտանգությանն ու կայունությանը»,- ասել էր Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարը:
7. Ինչպե՞ս էր Կարասինը մեկնաբանել Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համաձայնագրի ստորագրումը։
2017 թվականի դեկտեմբերին Գրիգորի Կարասինը «Կոմերսանտ»-ն տված հարցազրույցում մեկնաբանել էր Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը.

«Մեր հարեւանները ինքնիշխան պետություններ են, դա վերաբերում է նաեւ ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի շրջանակներում մեր դաշնակիցներին: Հասկանալի է, որ արդի պայմաններում նրանք զարգացնում են բազմակողմանի կապեր, դա լիովին բնական է XXI-րդ դարում: Մենք երբեք մեր հարեւաններին եւ դաշնակիցներին ընտրության առջեւ չենք կանգնեցրել, թե ում հետ լինել՝ «մեր, թե նրանց»:
Սակայն մենք իրավունք ունենք ապավինել դաշնակցային հարաբերությունների գերակայությանը: Բացի այդ, պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվում այլ ձեւաչափերում, այդ թվում՝ ԵՄ-ի «Արեւելյան գործընկերության», չպետք է խախտեն այն հանձնառությունները, որոնց շուրջ մենք արդեն պայմանավորվել ենք»։
8. Ի՞նչ էր ասել Կարասինը Հայաստանի հանդեպ ԱՄՆ-ի կիրառվող «շանտաժի» մասին:
2018 թվականի դեկտեմբերին Գրիգորի Կարասինը հույս էր հայտնել, որ Հայաստանի նոր ղեկավարությունը «քաջություն կգտնի դիմակայելու ԱՄՆ-ի շանտաժին ու ճնշմանը»:
ՌԻԱ Նովոստիի համար մեկնաբանելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի Երեւան կատարած այցը, որի ընթացքում վերջինս Հայաստանի իշխանություններին խորհուրդ էր տվել «ազատվել պատմական կլիշեներից միջազգային հարաբերություններում», ռուս դիվանագետն ասել էր.

Լուսանկարը` REUTERS
«Եթե սա հայ-ամերիկյան հարաբերությունների հանրային կողմն է, ապա կարող ենք միայն պատկերացնել, թե ինչպիսի ճնշում է գործարկվում կուլիսների հետեւում։ Այս տարի երկրում տեղի ունեցող արմատական փոփոխությունների ֆոնին Վաշինգտոնի միջամտությունը երկրի ներքին եւ արտաքին հարցերին ավելի ու ավելի աննրբանկատ է դառնում։ Հուսանք, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, որը խորհրդարանական ընտրություններում ստացել է անհրաժեշտ մանդատը, իր մեջ քաջություն կգտնի՝ բաց արտաքին շանտաժին եւ ճնշմանը դիմակայելու համար եւ կպաշտպանի որոշումներ կայացնելու իր ինքնիշխան իրավունքը»:
9. Ի՞նչ էր առաջարկել Կարասինը 2021 թվականի ապրիլին։
2021 թվականի ապրիլին Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինն առաջարկում էր վերսկսել Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների կանոնավոր հանդիպումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:
«Կարծում եմ ՝ նրանք կարող են օգտակար դեր ունենալ այս աշխատանքում: Այս «եռյակը» ունի փորձ եւ արտաքին ամուր աջակցություն: Կարծում եմ, որ ԵԱՀԿ համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների կանոնավոր հանդիպումների պրակտիկան կարող է վերսկսվել, ինչը միջազգային շոշափելի արձագանք կստանար», - ասել էր սենատորը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: