«Պարզաբանում» խորագրի այս թողարկման մեջ հավաքել ենք հասանելի տեղեկությունները Ռուբեն Վարդանյանի փաստաբանի, մեղադրողների եւ դատավորների մասին:
1. Ո՞վ է պաշտպանում Ռուբեն Վարդանյանին:
2025 թվականի փետրվարի 13-ին Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց Ադրբեջանի կառավարության կողմից տրամադրված պետական փաստաբան Ազեր Մագերամովի ծառայություններից:
Դրանից հետո որպես պաշտպան հանդես է գալիս Վարդանյանի ընտանիքի կողմից վարձված փաստաբան Ավրաամ Բերմանը:
Ավրաամ Բերմանն ունի Ինստագրամի էջ, որը թարմացվում է ոչ կանոնավոր կերպով՝ վերջին թարմացումն արվել է 2024 թվականի մայիսին:
Պաշտոնական կայքը հասանելի է միայն ադրբեջաներեն լեզվով:

Լուսանկարը` Ավրաամ Բերմանի կայք
2020 թվականի օգոստոսին հրապարակված հարցազրույցում Ավրաամ Բերմանը պատմել էր, որ դեռահաս տարիքում հետաքրքրվում էր իրավունքի պատմությամբ, «իսկ «Նյուրնբերգի դատավարությունը», «Քաղաքացիական հայց» եւ «Նախնադարյան վախ» ֆիլմերը դիտելուց հետո հասկացա, որ իմ «բեմը» դատարանն է»:
Նույն հարցազրույցում նա ասել էր, որ փաստաբանական գործունեությամբ զբաղվում է երկու տարի:
«Իրավաբանական կարիերան սկսել եմ սովորական իրավաբանական ընկերությունում, որտեղ աշխատել եմ մեկ տարի: Այնուհետեւ հինգ տարի աշխատել եմ Վերաքննիչ դատարանում: Սկսել եմ որպես դատավորի օգնական՝ հասնելով նախագահի ավագ խորհրդականի պաշտոնին: Որպես փաստաբան մասնագիտանում եմ հիմնականում քաղաքացիաիրավական եւ առեւտրային վեճերի ոլորտում», - ասում էր Բերմանը:
«Հաճախորդների հետ կոնֆլիկտային իրավիճակներ դեռ չեմ ունեցել, ինչպես նաեւ դժվարություններ նրանց հետ շփումներում: Կարծում եմ՝ բավական է մեկ հանդիպում, որպեսզի հասկանաս մարդուն», - նշել էր փաստաբանը:
Խոսելով այն մասին, թե ինչն է անհանգստացնում իրեն ադրբեջանական արդարադատության մեջ, Ավրաամ Բերմանը նշում էր «արդարադատության էժանությունը»:
«Կարելի է չնչին պետական տուրք վճարել եւ դատական գործ վարել ինչքան ուզես՝ մի քանի տարի: Իսկ դատավորները օրական 40 գործ են քննում», - մանրամասնում էր փաստաբանը:
«Մեկ այլ խնդիր է պետական հիմնարկների շատ աշխատակիցների անփույթ վերաբերմունքը քաղաքացիների դիմումներին եւ բողոքներին: Դեռ կան խորհրդային անցյալի մնացուկներ: Երբ դիմումում նշված խնդիրը լուծելու համար, որն անհասկանալի պատճառներով ձգձգվել է, քաղաքացին ստիպված է լինում բողոք գրել վերադաս մարմիններին կամ դիմել լրագրողներին: Եվ միայն դրանից հետո ամեն ինչ սկսում տեղից շարժվել», - նշում էր Ավրաամ Բերմանը:

Լուսանկարը` Ավրաամ Բերմանի կայք
2023 թվականի սեպտեմբերին տված մեկ այլ հարցազրույցում Ավրաամ Բերմանն այսպես էր պատասխանել «Կարելի՞ է փաստաբանին ամեն ինչ պատմել» հարցին.
«Դա անհրաժեշտ է: Ճշմարտությունն ասելը հաճախորդի շահերից է բխում: Դրանից է կախված, թե ինչ խորհուրդ կտա փաստաբանը, ինչ ապացույցներ կփնտրի»:
«Երբ ես որոշում եմ ստանձնել գործը, պետք է տեսնեմ, որ կարող եմ օգնել մարդուն: Ես չեմ կարող վերցնել դատական գործը, եթե ոչինչ չեմ կարող անել: Ես պետք է լույս տեսնեմ թունելի վերջում», - ասում էր նա:
2. Ո՞վ է դատում Ռուբեն Վարդանյանին:
Դատական գործընթացը նախագահում է Բաքվի ռազմական դատարանի նախագահ Զեյնալ Աղաեւը:
2023 թվականի նոյեմբերին Զեյնալ Աղաեւը 15 տարվա ազատազրկման էր դատապարտել Վագիֆ Խաչատրյանին, ում մեղադրում էին «Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում ցեղասպանությանը մասնակցելու» մեջ:

Լուսանկարը` Trend
Զեյնալ Աղաեւը Բաքվի ռազմական դատարանի նախագահ է նշանակվել 2024 թվականի ապրիլին նախագահ Իլհամ Ալիեւի կարգադրությամբ:
Զեյնալ Աղաեւը հիշատակվում է «Քաղաքական պատվերով դատավճիռներ կայացրած դատավորներ» ցուցակում, որը տեղադրված է Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի կայքում: Այստեղ նշվում է, որ Զեյնալ Աղաեւը նախագահել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի դատավարությունը, որը 2021 թվականի հուլիսի 23-ին «անօրինական եւ անհիմն մեղադրական դատավճիռ էր կայացրել 13 հայ ռազմագերիների նկատմամբ»:
Դատավարությունում Աղաեւի օգնականներն են դատավորներ Անար Ռզաեւը եւ Ջամալ Ռամազանովը:

Լուսանկարը` Trend
2022 թվականի նոյեմբերին Անար Ռզաեւը 3 տարի եւ 6 ամիս ազատազրկման էր դատապարտել Քաղաքացիների եւ զարգացման կուսակցության նախագահ Ալի Ալիեւին, ում մեղադրում էին խցակցին ծեծելու մեջ:
Դատավոր Ջամալ Ռամազանովը նախկինում մասնագիտացել է ծանր հանցագործությունների վերաբերող գործերում: 2000-ականների կեսերին նա դատավճիռներ է կայացրել դանակի 40 հարվածով կնոջը սպանած տղամարդուն, կնոջն ու հարսին սպանած տղամարդուն, պարտք ունեցող գնորդին դանակահարած խանութի սեփականատիրոջ գործերով:
3. Ո՞վ է մեղադրում Ռուբեն Վարդանյանին:
Դատարանում պետական մեղադրանքը ներկայացնում են գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիեւը, գլխավոր դատախազի հատուկ հանձնարարություններով օգնական Թուղայ Ռահիմլին, դատախազներ Նասիր Բայրամովը, Ֆուադ Մուսաեւը, Վուսալ Աբդուլաեւը եւ Թարանա Մամեդովան:

Լուսանկարը` Trend
Բաց աղբյուրներում նրանց մասին տեղեկություններ չենք հայտնաբերել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: