10 հարց ու պատասխան սոցիալական ծախսերի փոխհատուցման մասին - Mediamax.am

640 դիտում

10 հարց ու պատասխան սոցիալական ծախսերի փոխհատուցման մասին


Լուսանկարը` Ֆոտոլուր


Հայաստանի ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու եւ եկամտահարկ ունենալու դեպքում հաշվետու տարվա ընթացքում առողջապահության եւ/կամ կրթության գծով իրենց կատարած սոցիալական ծախսերի դիմաց կարող են օգտվել փոխհատուցման հնարավորությունից:

Ներկայացնում ենք 10 հարց ու պատասխան, որի համար հիմք է ծառայել ՊԵԿ-ի տրամադրած տեղեկատվությունը եւ Պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակը:

1. Ովքե՞ր կարող են օգտվել սոցիալական ծախսերի փոխհատուցումից:

Եթե ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք, եկամտային հարկ վճարող եւ 2025 թվականին՝ 2024 թվականի համար ներկայացրել եք կամ պետք է ներկայացնեք եկամուտների հայտարարագիր, ապա կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից։ Հնարավորությունը գործում է ինչպես Ձեր, այնպես էլ՝ Ձեր ընտանիքի անդամների (ամուսին, ծնողներ եւ զավակներ) համար կատարած սոցիալական ծախսերի դեպքում։

2. Ո՞ր դեպքում կարող եք օգտվել կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից:

Կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից կարող եք օգտվել հետեւյալ դեպքերում․

•    Հայաստանում գործող մանկապարտեզներում, դպրոցներում, քոլեջներում, ինչպես նաեւ միջին, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի համար կատարել եք ուսման վճարում (2025 թվականի փետրվարի 15-ից հետո վճարումները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով)։
•    Հայաստանում գործող երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի եւ մարզադպրոցներում, արտադպրոցական կազմակերպություններում, կենտրոններում, մանկապատանեկան մարզադպրոցների եւ ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված այլ արտադպրոցական ծրագրերով տրամադրվող կրթական ծառայությունների համար անկանխիկ եղանակով կատարել եք ուսման վճարում:
•    ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված ոչ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով տրամադրվող կրթական ծառայությունների համար անկանխիկ եղանակով կատարել եք ուսման վճարում։
•    5-12-րդ դասարանների դասագրքերի վարձակալության համար կատարել եք վճարում. փոխհատուցման առավելագույն չափը յուրաքանչյուր աշակերտի համար տարեկան 3000 դրամ է։ Այս դեպքում վճարումները կարող են կատարվել կանխիկ եղանակով, քանի որ դասագրքերի վարձակալության դեպքում վճարում կատարված լինելու հանգամանքը հաշվի չի առնվում։

3. Ինչպե՞ս պարզել կրթական ծրագրերի երաշխավորված լինելը:

Պարզելու համար՝ արդյոք արտադպրոցական կամ ոչ ֆորմալ կրթական ծրագիրը, որից Դուք օգտվել եք, երաշխավորված է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից,  այցելեք ԿԳՄՍՆ www.escs.am պաշտոնական կայք, մուտք գործեք «Սոցիալական կրեդիտ» բաժին եւ ծանոթացեք երաշխավորված ծրագրերի ցանկին, որոնք պարբերաբար լրացվում են։

4. Ո՞ր դեպքում կարող եք օգտվել առողջապահության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից:

Առողջապահության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից կարող եք օգտվել, եթե՝

•    Հայաստանում գործող ապահովագրական որեւէ ընկերությունից Ձեր կամ Ձեր ընտանիքի անդամների համար ձեռք եք բերել առողջության ապահովագրական փաթեթ եւ դրա դիմաց կատարել եք վճարում։ Ապահովագրական փաթեթի ձեռքբերման ծախսի փոխհատուցման նպատակով 2025 թվականի փետրվարի 15-ից հետո վճարումները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով։

•    Հայաստանում ատամնաբուժական ծառայությունների համար 2024 եւ 2025 հաշվետու տարիների ընթացքում անկանխիկ եղանակով կատարել եք վճարում։
Սոցիալական փաթեթի շահառուներն առողջության ապահովագրական փաթեթի դեպքում սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող են օգտվել միայն ընտանիքի անդամների համար, իսկ ատամնաբուժական ծառայությունների դեպքում կարող են օգտվել նաեւ իրենց համար կատարված ծախսերի դեպքում:

•    Կարո՞ղ եք ստանալ փոխհատուցում, եթե ատամնաբուժական ծառայության համար վճարել եք 2024 թվականին

Այո, ՀՀ-ում ատամնաբուժական ծառայության ձեռքբերման մասով՝ 2024 թվականին կատարված սոցիալական ծախսի փոխհատուցում կարող եք ստանալ, եթե դրա դիմաց վճարումը կատարել եք անկանխիկ, եւ ատամնաբուժական ծառայություն մատուցողը Ձեր տվյալներով դուրս է գրել հաշվարկային փաստաթուղթ։

5. Որքա՞ն է փոխհատուցման գումարը:

Առողջապահության գծով սոցիալական ծախսի առավելագույն չափը տարեկան 50.000 դրամ է, իսկ կրթության գծով տարեկան առավելագույնը՝ 100.000 դրամ։

Ձեր եւ Ձեր ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույնը չափը տարեկան 100․000 դրամ է:

Այսինքն, եթե Դուք ուսման վճարի համար ստանաք 100.000 դրամ փոխհատուցում, ապա չեք կարող այլեւս օգտվել առողջության ապահովագրական փաթեթի 50.000 դրամ փոխհատուցումից։ Երկու ուղղություններով փոխհատուցումից միաժամանակ կարող եք օգտվել, եթե դրանց հանրագումարը չգերազանցի 100.000 դրամը։

6․ Արդյո՞ք փոխհատուցումից օգտվելու համար պարտադիր է վճարել անկանխիկ:

Փոխհատուցումից օգտվելու համար կրթության կամ առողջապահության մասով սոցիալական ծախսերի վճարումները պետք է կատարել անկանխիկ: Բացառություն են դասագրքերի վարձակալության համար կատարված վճարումները, որոնց դեպքում վճարում կատարված լինելու հանգամանքը հաշվի չի առնվում։

Նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական) հաստատությունների, ինչպես նաեւ միջին, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի եւ առողջության ապահովագրական փաթեթի ձեռք բերելու համար մինչեւ 2025 թվականի փետրվարի 15-ը կատարված վճարումները կփոխհատուցվեն նաեւ այն դեպքում, եթե դրանք կատարվել են կանխիկ եղանակով։ Մյուս բոլոր դեպքերում սոցիալական ծախսերի համար վճարումները կփոխհատուցվեն միայն անկանխիկ լինելու դեպքում։

7. Ինչպե՞ս օգտվել սոցիալական ծախսերի փոխհատուցումից:

Կրթության եւ առողջապահության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից օգտվելու համար անհրաժեշտ է՝

•    Ապահովագրական ընկերությունից, ատամնաբուժարանից, կրթական հաստատություններից եւ կրթական ծառայություններ մատուցողներից պահանջել հաշվարկային փաստաթուղթ (invoice)՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ եւ հանրային ծառայությունների համարանիշ։

•    Այն դեպքում, երբ հայտարարատուն Դուք եք, բայց սոցիալական ծախսը կատարում եք Ձեր ընտանիքի անդամի համար, պետք է ներկայացնեք նաեւ ընտանիքի անդամի անձը հաստատող փաստաթուղթը եւ հանրային ծառայությունների համարանիշը, ինչպես նաեւ ընտանիքի անդամ հանդիսանալու փաստը հիմնավորող փաստաթղթերը: Հաշվարկային փաստաթուղթը դուրս գրելուց հետո այն որեւէ տեղ պետք չէ ներկայացնել. տվյալներն ավտոմատ կարտացոլվեն ՊԵԿ համակարգում։

•    Եկամուտների տարեկան հայտարարագիրը ներկայացնելուց հետո, հենց նույն՝ ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով, որով հանձնել եք տարեկան հայտարարագիրը, պետք է ներկայացնել դիմում՝ հետեւելով ուղեցույցում ներկայացվող քայլերին, այնուհետեւ ստանալ սոցիալական ծախսի համար վճարված գումարները։

8․ Դիմումը ներկայացնելուց հետո ե՞րբ կվերադարձվի գումարը:

Սոցիալական ծախսի գումարը Ձեր հաշվեհամարին կփոխանցվի դիմումը ներկայացնելուց հետո՝ մինչեւ երրորդ աշխատանքային օրը։

9. Նույն անձի ուսման վարձի համար փոխհատուցումից կարո՞ղ է օգտվել հայտարարագիր ներկայացնող ընտանիքի մի քանի անդամ:

Սոցիալական ծախսերի փոխհատուցումից օգտվելը յուրաքանչյուր հայտարարատուի իրավունքն է․ նույն անձի համար կատարված սոցիալական ծախսերի փոխհատուցման հնարավորությունից կարող է օգտվել ընտանիքի հայտարարատու հանդիսացող մի քանի անդամ։ Եթե անձի ուսումնական տարվա համար վճարել է եւ՛ մայրը, եւ՛ հայրը, ապա նրանցից յուրաքանչյուրը կարող է օգտվել փոխհատուցումից՝ մինչեւ 100 000 դրամի չափով։ Կարեւոր է, որ սոցիալական ծախս կատարող հաշվարկային փաստաթուղթը դուրս գրված լինի յուրաքանչյուրի հանրային ծառայությունների համարանիշով՝ առանձին-առանձին։

10․ Հիփոթեքային վարկի եկամտահարկի վերադարձից օգտվողը կարո՞ղ է փոխհատուցում ստանալ:

Եթե հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձն օգտվում է հիփոթեքային վարկի, ուսման վարձի կամ շահաբաժնի մասով եկամտահարկի վերադարձի հնարավորությունից, ապա սոցիալական ծախսի փոխհատուցում կկատարվի այն դեպքում, երբ հաշվետու տարվա համար հաշվարկված եւ/կամ վճարված եկամտային հարկի գումարների եւ Հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում ֆիզիկական անձին վերադարձված եկամտային հարկի գումարների միջեւ առկա է դրական տարբերություն։

Օրինակ, եթե Ձեր տարեկան եկամտային հարկը կազմել է 800 000 դրամ եւ տարվա ընթացքում հիփոթեքային վարկի մասով Ձեզ վերադարձվել է 650 000 դրամ եկամտահարկ, ապա կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից՝ առավելագույնը 100 000 դրամի չափով, քանի որ գումարների տարբերությունը դրական է եւ մնացորդը կազմում է 150 000 դրամ։




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին