Երեւանում փետրվարի 1-ից անցում է կատարվել միասնական տոմսային համակարգին: Ստորեւ ներկայացվող հարց ու պատասխանը կազմվել է Երեւանի քաղաքապետարանի տրամադրած տեղեկությունների հիման վրա:
1. Որտեղի՞ց գնել ուղետոմս
Երեւանի քաղաքապետարանն առաջարկում է տրանսպորտային քարտեր ձեռք բերել Մետրոպոլիտենի դրամարկղերից եւ TelCell տերմինալներից: Դրանք հասանելի են նաեւ Երեւանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններում՝ Բաղրամյան 2/5 եւ Նալբանդյան 2/1 հասցեներում: Քարտ հնարավոր է ձեռք բերել նաեւ առցանց` տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքով:
Կարելի է նաեւ չգնել առանձին տրանսպորտային քարտ եւ ձեր տրանսպորտային փաթեթն ակտիվացնել բանկային քարտի վրա: Այս տարբերակը, սակայն, նրբություններ ունի:
2. Ի՞նչ կա միասնական տոմսային համակարգի կայքում
Այստեղ քաղաքացին կարող է ծանոթանալ նոր տոմսային փաթեթներին, հաշվիչի միջոցով հաշվարկել`որն է իր համար ամենամատչելի տոմսը, մուտքագրել հանրային ծառայության համարանիշը եւ ստուգել՝ արդյոք ներառված է արտոնյալ խմբերից մեկում:
3. Ինչպիսի՞ ուղետոմս է առաջարկվում
Երեւանի հասարակական տրանսպորտից օգտվելու համար կգործի 9 տեսակի տոմս՝ «90 րոպե», «1 օր», «7 օր», «30 օր», «90 օր» եւ «365 օր» ժամկետներով, ինչպես նաեւ՝ «1 ուղեւորություն», «10 ուղեւորություն» եւ «Զվարթնոց» օդանավակայան տոմսը: Այս ուղետոմսերը կարելի է կցել տրանսպորտային կամ բանկային քարտին։
4. Ինչպե՞ս վճարել բանկային քարտով
Բանկային քարտով վճարումների նրբության մասին: Եթե տրանսպորտային փաթեթը կցել եք բանկային քարտին, ապա վճարելու համար դրա առկայությունը պարտադիր է:
Լուսանկարը` Ֆոտոլուր
Այսինքն, հանրային տրանսպորտում ձեր արդեն իսկ գնած փաթեթից կկարողանաք օգտվել միայն քարտի ֆիզիկական առկայության դեպքում. Apple Pay-ով կամ Google Pay-ով վճարելիս ձեր փաթեթը չի գործի եւ կգանձվի մեկանգամյա ուղետոմսի վճար՝ փաթեթից դուրս:
MIR քարտերով տրանսպորտային սակագնի ձեւակերպումը հասանելի չէ։
5. Որո՞նք են հիմնական տոմսերը
Հանրային տրանսպորտի «1 ուղեւորություն» տոմսի արժեքը 150 դրամ է: Դրանով հնարավոր է երթեւեկել 1 անգամ: Ակտիվացման ժամկետը 3 օր է ձեռքբերման պահից: Այս ուղետոմսը կգործի մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը։
«90 րոպե» տոմսի հիմնական արժեքը 300 դրամ է, TelCell դրամապանակով՝ 280: Կարելի է կատարել 3 ուղեւորություն՝ 2 տեղփոխ: Այն հնարավոր է ակտիվացնել ձեռքբերման պահից 10 օր:
«1 օր» ուղետոմսի հիմնական արժեքը 900 դրամ է, TelCell դրամապանակով՝ 880: Դրանով հնարավոր է իրականացնել 8 ուղեւորություն՝ 1 օրվա ընթացքում (նույն տրանսպորտային միջոցում՝ 30 րոպե միջակայքով): Այս փաթեթի ակտիվացման համար սահմանված է 10-օրյա ժամկետ:
«10 ուղեւորություն» ուղետոմսը հնարավոր է ակտիվացնել ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում: Դրա հիմնական արժեքը 2200 դրամ է, TelCell դրամապանակով գնելու դեպքում՝ 2100 դրամ:
«7 օր» տոմսն արժե 5000 դրամ, TelCell դրամապանակով՝ 4800: Դրանով հասանելի է 30 ուղեւորություն՝ 7 օրվա ընթացքում (նույն տրանսպորտային միջոցում՝ 30 րոպե միջակայքով): Այս փաթեթը եւս պետք է ակտիվացնեք գնելուց 10-օրյա ժամկետում:
«30 օր» տոմսի արժեքը 9000 դրամ է, TelCell դրամապանակով՝ 8800, գործունեության ժամկետը 1 ամիս է, հանրային տրանսպորտից կարելի է օգտվել անսահմանափակ: Այս փաթեթը նույնպես կարող եք ակտիվացնել գնելուց 30 օրվա ընթացքում:
Լուսանկարը` Ֆոտոլուր
«90 օր» ուղետոմսն արժե 24.000 դրամ, TelCell դրամապանակով՝ 23.600: Երեք ամսվա ընթացքում հնարավոր է երթեւեկել անսահմանափակ: Գնումից հետո փաթեթը պետք է ակտիվացնել 30 օրվա ընթացքում:
«365 օր» ուղետոմսի արժեքը 90.000 դրամ է, TelCell դրամապանակով՝ 88.000: Այս փաթեթով կարելի է անսահմանափակ երթեւեկել ողջ տարվա ընթացքում: Գնումից հետո փաթեթը պետք է ակտիվացնել 30 օրվա ընթացքում:
2025 թ. հունվարի 1-ից փետրվարի 28-ն արդեն ձեռք բերված եւ ձեռք բերվող «30 օր», «90-օր» եւ «365-օր» ուղետոմսերը կստանան հավելյալ 30-օրյա օգտագործման ժամկետ:
«Զվարթնոց Օդանավակայան» ուղետոմսի գինը 500 դրամ է, TelCell դրամապանակով՝ 480, տոմսն ակտիվացնել հնարավոր է գնումից 30 օրվա ընթացքում: Այն նախատեսված է դեպի «Զվարթնոց» օդանավակայան կամ օդանավակայանից Երեւանի կենտրոն մեկ ուղեւորության համար։
6. Ովքե՞ր ունեն արտոնություն
Հասարակական տրանսպորտից 20% զեղչի արտոնություն ունեն 8-17 (ներառյալ) տարեկան Երեւան հիմնական եւ ավագ դպրոցների աշակերտները, 15% զեղչ՝ ուսումնարանների, քոլեջների եւ բուհերի ուսանողները, 30% զեղչ՝ Երեւանում հաշվառված 63 տարին լրացած կենսաթոշակառուները, 20% զեղչ՝ անապահովության նպաստառուները:
7. Ովքե՞ր կարող են երթեւեկել անվճար
Հանրային տրանսպորտից անվճար կարող են օգտվել մինչեւ 7 (ներառյալ) տարեկան երեխաները, ծերանոցներում, մանկատներում ապրող պետական լրիվ խնամքի տակ գտնվող անձինք, ֆունկցիոնալության խորը եւ ծանր աստիճանի սահմանափակում եւ հաշմանդամության 1-ին եւ 2-րդ խմբի ունեցող անձինք: Ինչպես նաեւ՝ Երեւանում հաշվառված 4 եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ծնողները, 5 եւ ավելի երեխա ունեցող ծնողներ (ՀՀ), Երեւանում հաշվառված ծնողազուրկ աշակերտները եւ ուսանողները:
Լուսանկարը` Ֆոտոլուր
Անվճար կարող են երթեւեկել Արցախյան կամ Հայաստանի պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամները, նախկին ԽՍՀՄ հերոսները, բռնադատվածները, Սոցիալիստական աշխատանքի հերոսները, Հայաստանի ազգային հերոսները, Մարտական խաչի 1-ին եւ 2-րդ աստիճանի եւ «Փառքի» երեք աստիճանի շքանշաններով պարգեւատրված անձինք, Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի համար նախկին ԽՍՀՄ շքանշաններով եւ մեդալներով պարգեւատրված անձինք եւ Երեւանի պատվավոր քաղաքացիները։
8. Ո՞ր տրանսպորտային միջոցներից կարելի է օգտվել ուղետոմսով
Ուղետոմսերը կիրառելի են Երեւանի հասարակական տրանսպորտի բոլոր տեսակներում՝ ավտոբուսներ, տրոլեյբուսներ, մետրոպոլիտեն։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: