1. Ի՞նչ է ստորագրվել
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը 2025թ. հունվարի 14-ին ստորագրել են ոչ թե հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության հաստատելու մասին փաստաթուղթ, այլ ԱՄՆ կառավարության եւ ՀՀ կառավարության ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրությունը:
Կանոնադրությունը շրջանակ է սահմանում տնտեսական եւ անվտանգային համագործակցության, ժողովրդավարության եւ արդարադատության ամրացման եւ մարդկանց միջեւ շփումների համար:
Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ
Կանոնադրության ամբողջական տեքստը հասանելի է Հայաստանի ԱԳՆ կայքում, այս հղումով:
2. Ի՞նչ է ասել Բլինքենը անվտանգային համագործակցության մասին:
Ստորագրմանը նախորդող ելույթում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ «մենք աշխատում ենք Հայաստանի հետ անվտանգության և պաշտպանության ոլորտում, մասնավորապես՝ ի աջակցություն սեփական տարածքի անկախության եւ ինքնիշխանության հաստատման նրա ջանքերին»։
«Առաջիկա շաբաթներին ԱՄՆ մաքսային և սահմանների պաշտպանության թիմը կայցելի Հայաստան՝ աշխատելու հայ գործընկերների հետ՝ ամրապնդելու սահմանների անվտանգության կարողությունները, ուժեղացնելու անվտանգային համագործակցությունը եւ բարելավելու Հայաստանի խաղաղապահ կարողությունները Eagle Partner-ի նման զորավարժությունների միջոցով», - ավելացրել է նա:
3. Ի՞նչ կապ ունի «Իսլամական պետությունը»:
Բլինքենը հայտնել է, որ Հայաստանը մտադրություն է հայտնել միանալ «Իսլամական պետություն» (ISIS) ահաբեկչական կազմակերպությանը պարտության մատնելու նպատակով ստեղծված գլոբալ կոալիցիային, որն այժմ 87 անդամ ունի:
Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ
Ստորագրմանը նախորդող ելույթում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հաստատել է, որ «համաշխարհային անվտանգության հանդեպ ընդհանուր հանձնառության ոգով Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոալիցիային»՝ հավելյալ ընդգծելով մեր նվիրվածությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարին»:
4. Ի՞նչ է ասել Բլինքենը միջուկային ոլորտում գործակցության մասին:
Ստորագրմանը նախորդող ելույթում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ «մենք պատրաստ ենք սկսել բանակցությունները խաղաղ միջուկային համագործակցության մասին, ինչն, անկասկած, կարեւոր հանգրվան է»:
5. Ի՞նչ հղում է կատարվել «բարդ աշխարհաքաղաքական պայմաններին»:
Արարատ Միրզոյանն ասել է, որ հայ-ամերիկյան հարաբերությունները «հասել են այնպիսի մակարդակի, որի դեպքում ռազմավարական գործընկերության հաստատումը ոչ միայն համապատասխանում է ներկայիս իրողություններին, այլև էական նշանակություն ունի բարդ աշխարհաքաղաքական պայմաններում գործելու համատեքստում»։
6. Ի՞նչ սպասելիքներ կան ԱՄՆ նոր վարչակազմից:
Հունվարի 20-ից ԱՄՆ-ում կգործի Դոնալդ Թրամփի վարչակազմը:
Իր ելույթում Արարատ Միրզոյանն ասել է, որ «մենք ցանկանում ենք շարունակել համագործակցությունն ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ մեր Ռազմավարական գործընկերության կանոնադրության մեջ նշված հավակնոտ նպատակներն իրագործելու ուղղությամբ»։












