Հարիսի ազգային անվտանգության խորհրդականի թեկնածուն քաջատեղյակ է տարածաշրջանին - Mediamax.am

exclusive
2261 դիտում

Հարիսի ազգային անվտանգության խորհրդականի թեկնածուն քաջատեղյակ է տարածաշրջանին


Ֆիլիպ Գորդոնը եւ Մարիա Յովանովիչը Երեւանում
Ֆիլիպ Գորդոնը եւ Մարիա Յովանովիչը Երեւանում

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ֆիլիպ Գորդոնը
Ֆիլիպ Գորդոնը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ֆիլիպ Գորդոնը եւ Ջեյմս Սթայնբերգը
Ֆիլիպ Գորդոնը եւ Ջեյմս Սթայնբերգը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ֆիլիպ Գորդոնը
Ֆիլիպ Գորդոնը

Լուսանկարը` Ֆոտոլուր


Axios պարբերականը հոդված է հրապարակել այն մասին, թե ովքեր կարող են առանցքային պաշտոններ զբաղեցնել ԱՄՆ վարչակազմում, եթե 2024թ. նոյեմբերին կայանալիք ընտրություններում հաղթի ԱՄՆ ներկայիս փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսը: Նշվում է, որ Հարիսի հաղթանակի դեպքում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի ամենահավանական թեկնածուն Ֆիլիպ Գորդոնն է, որը ներկայում Հարիսի խորհրդականն է:

Ֆիլիպ Գորդոնը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի օգնականն էր Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով եւ զբաղվում էր Հարավային Կովկասի հետ ԱՄՆ հարաբերություններով, Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցություններով, հայ-թուրքական գործընթացով եւ քաջատեղյակ է տարածաշրջանին:

«Եկել է աշխատանքը սկսելու ժամանակը»

2010 թվականի մայիսի 18-ին Ֆիլիպ Գորդոնը հայտարարել էր, որ «ժամանակն է ավարտին հասցնել ու հաստատել ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքները եւ սկսել աշխատանքը խաղաղ համաձայնագրի ուղղությամբ»:

2012 թվականի փետրվարին Ֆիլիպ Գորդոնն ասել էր, որ Ադրբեջանի հետ հարաբերություններում Ամերիկայի համար «չկա ավելի կարեւոր հարց, քան նվիրումը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ արդար կարգավորմանը»:

«Խաղաղությանն ուղղված վերջնական քայլերը հաճախ ամենադժվարն են լինում, սակայն մենք հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր եւ հարկավոր է: Կողմերի նվիրումը եւ քաղաքական կամքը մեզ թույլ կտան շարժվել դեպի առավել անվտանգ եւ բարգավաճ ապագա»,- նշել էր ԱՄՆ պետքարտուղարի օգնականը՝ ընդգծելով, որ «պետքարտուղար Քլինթոնը չափազանց ուշադիր է հետեւում գործընթացին` դրան ժամանակ ու ուշադրություն հատկացնելով»:
 
«Չվատնենք ձեռք բերված պատմական առաջընթացը»

2010 թվականի մարտի 17-ին ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնն ասել էր, որ ԱՄՆ-ը բարձր է գնահատում հարաբերությունների կարգավորմանն ուղղված Թուրքիայի եւ Հայաստանի ձեռնարկած ջանքերը, եւ երկու կողմերին կոչ էր արել հնարավորինս շուտ վավերացնել արձանագրություններն՝ առանց նախապայմանների:

«Նախագահ Օբաման այդ մասին ասել է երկու շաբաթ առաջ նախագահ Գյուլի հետ հեռախոսազրույցի ընթացքում»,- նկատել էր պետքարտուղարի օգնականը:

«Եկեք չվատնենք արդեն ձեռք բերված պատմական առաջընթացը, վավերացումն արժեքավոր արգասիքներ կտա ինչպես Թուրքիային, այնպես էլ Հայաստանին: Բոլոր նրանք, ովքեր իրենց ավանդն են ունեցել այս գործընթացում, պետք է կատարեն աշխատանքի իրենց մասնաբաժինն այն առաջ մղելու գործում»,- ընդգծել էր Ֆիլիպ Գորդոնը:

Ֆիլիպ Գորդոնը Ֆիլիպ Գորդոնը

Լուսանկարը` Ֆոտոլուր


2011 թվականի մարտին՝ մեկնաբանելով Թուրքիայի հայտարարություններն այն մասին, որ Անկարան կարող է վավերացնել Ցյուրիխյան արձանագրությունները, եթե առաջընթաց լինի ԼՂ բանակցություններում, Գորդոնն ասում էր, որ ԱՄՆ-ը համամիտ չէ այս մոտեցմանը եւ չի կարծում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է կապակցել որեւէ այլ խնդրի հետ:

Wikileaks-ի բացահայտումները

2016թ. մարտին Wikileaks-ը հասանելի դարձրեց 30,322 նամակներ ու հավելվածներ, որոնք ուղարկվել են կամ ստացվել էին Հիլարի Քլինթոնի անձնական էլեկտրոնային փոստին 2010-2014 թվականներին՝ ԱՄՆ պետքարտուղարի նրա պաշտոնավարման տարիներին:

2009թ.-ի օգոստոսի 30-ին՝ հայ-թուրքական արձանագրությունների հրապարակման օրվա նախաշեմին, TURKEY-ARMENIA TEXT FOR DAVUTOGLU CALL վերտառությամբ բավականին երկար նամակագրություն է տեղի ունենում պետքարտուղարի, նրա օգնական եւ Պետքարտուղարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հումա Աբեդինի ու ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնի միջեւ: Նամակներից պարզ է դառնում, որ Քլինթոնը պետք է շտապ հեռախոսազրույց ունենա Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ:

Ֆիլիպ Գորդոնը՝ Հումա Աբեդինին. «Ինչ վերաբերում է Դավութօղլուի հետ խոսակցությանը, այստեղ տեքստի կրկնօրինակն է, որը թուրքերը (Դավութօղլուն) համաձայնել են հրապարակել վաղը, եթե հայերը համաձայն են: Իսկ վերջիններս համաձայն կլինեն միայն այն պարագայում, եթե Թուրքիան համաձայնվի փաստաթղթերի ստորագրմանը մինչեւ հոկտեմբերի 14-ը»:

Հումա Աբեդինը՝ Ֆիլիպ Գորդոնին. «Ֆիլ, ՀՌՔ-ն (Հիլարի Ռոդհամ Քլինթոն - Մեդիամաքս) հարցնում է, հնարավո՞ր է, որ նա վաղը առավոտ շուտ զանգի (Դավութօղլուին-Մեդիամաքս)»:

Ֆիլիպ Գորդոնը՝ Հումա Աբեդինին. «Խնդիրն այն է, որ մեզ անհրաժեշտ է, որ հայտարարությունը հրապարակվի վաղը (օգոստոսի 31-ին), քանի որ այդ դեպքում «6 շաբաթվա ժամկետը» կլրանա հոկտեմբերի 12-ին՝ մինչեւ ֆուտբոլային հանդիպումը: Նույնիսկ աշխարհներից լավագույնում դա կառաջացնի լրացուցիչ բարդություններ ու բանակցություններ այլ կողմի հետ առաջիկա 24 ժամվա ընթացքում, այնպես որ ես մտավախություն ունեմ, որ եթե նա չզանգահարի վաղը մինչեւ կեսօր (Թուրքիայի/Հայաստանի ժամանակով), մենք չենք հասցնի դա անել: Եթե նա որեւէ կերպ չի կարող դա անել այսօր, թող հանձնարարի Ջիմին (ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգ-Մեդիամաքս) անել դա»:
Ֆիլիպ Գորդոնը եւ Ջեյմս Սթայնբերգը Ֆիլիպ Գորդոնը եւ Ջեյմս Սթայնբերգը

Լուսանկարը` Ֆոտոլուր


Այս նամակին հաջորդում է Հումա Աբեդինի համապատասխան նամակը Հիլարի Քլինթոնին, որում նա փոխանցում է Ֆիլիպ Գորդոնի մտահոգությունը եւ հարցնում՝ արդյո՞ք պետքարտուղարը կարող է այսօր զանգահարել թուրք արտգործնախարարին, ինչին Քլինտոնը դրական պատասխան է տալիս՝ կարգադրելով «հնարավորինս շուտ մեզ միացնել»:

Միաժամանակ շարունակվում է նամակագրությունը Ֆիլիպ Գորդոնի ու Հումա Աբեդինի միջեւ, որի ընթացքում Գորդոնը, մասնավորապես, հայտնում է.

Ֆիլիպ Գորդոն. «Մենք հաղորդագրություն ուղարկեցինք, որ ցանկանում ենք զանգահարել Դավուին (Դավութօղլուն-Մեդիամաքս), ով առայժմ, եթե չեմ սխալվում, Սլովենիայում է, բայց պետք է հասանելի լինի: Կարծում եմ, մեկ-երկու բառ փոփոխելուց հետո մենք ունենք տեքստի շուրջ համաձայնություն, եւ Դավուն կիմանա, որ հիմնական հարցը համաձայնագրի ստորագրման եւ խորհրդարաններ ուղարկելու հետ կապված ժամկետներն են: Մենք ասել ենք թուրքերին, որ դա «պետք է լինի» հոկտեմբերի սկզբին: Նրանք կսակարկեն, բայց եթե վերջնական համաձայնվեն ամսաթվի վերաբերյալ, դա հավանաբար կլինի հոկտեմբերի 12-ը: Շատ ավելի դժվար կլինի դա «վաճառել» մյուս կողմին, բայց մեր նվազագույն անհրաժեշտությունը ամսաթիվ համաձայնեցնելն է գոնե նրանց հետ»:

Հաջորդ նամակագրությունը հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարությունում տեղի է ունենում 2009թ. սեպտեմբերի 17-ին, երբ Ֆիլիպ Գորդոնը NALBANDIAN STATEMENTS/S CALLS վերտառությամբ նամակ է ուղարկում պետքարտուղարի տեղակալներ Ջեյմս Սթայնբերգին ու Ուիլիամ Բըրնսին, Հումա Աբեդինին եւ Քլինթոնի աշխատակազմի ղեկավարի տեղակալ ու քաղաքականության ծրագրավորման ղեկավար Ջեք Սալիվանին: Նամակում ամբողջությամբ մեջբերվում են ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ հայ-թուրքական կարգավորումը ԼՂ խնդրի հանգուցալուծման պայմանավորման անընդունելիության վերաբերյալ հայտարարությունը, ինչպես նաեւ Թուրքիայի վարչապետ Էրդողանի ավելի վաղ արած մեկնաբանությունն առ այն, որ «մինչեւ ԼՂ հիմնահարցի հանգուցալուծումը Թուրքիայի կողմից սահմանի բացումը հնարավոր չէ»: Գորդոնը խորհուրդ է տալիս, որ Քլինթոնը կապվի հայկական կողմի հետ: Մի փոքր անց Քլինթոնի ու Աբեդինի միջեւ նամակագրությունից պարզ է դառնում, որ պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ արտգործնախարարի հետ:
Ֆիլիպ Գորդոնը Ֆիլիպ Գորդոնը

Լուսանկարը` Ֆոտոլուր


2010թ. հունվարի 22-ին Ֆիլիպ Գորդոնը նամակ է ուղարկում պետքարտուղարության իր գործընկերներին, որում մեջբերվում են հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ Էդվարդ Նալբանդյանի տարեկան ասուլիսի ընթացքում հնչեցրած գնահատականները, մասնավորապես առ այն, որ «Հայաստանի ՍԴ որոշումը որեւէ նախապայմաններ չի պարունակում ու չի հակասում արձանագրությունների հիմնարար դրույթներին»: Նամակում Ֆիլիպ Գորդոնը նշում է, որ պետքարտուղարը պետք է ծանոթանա այս հայտարարության հետ մինչեւ Դավութօղլուի հետ նախատեսված հեռախոսազրույցը: Նույն օրը Քլինտոնը գրում է Գորդոնին, որ ցանկանում է տեղեկացնել նրան կայացած հեռախոսազրույցի մանրամասների մասին եւ քննարկել ամերիկյան ռազմավարությունը:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին