10 հարց ու պատասխան էլեկտրոնային դեղատոմսի մասին - Mediamax.am

4470 դիտում

10 հարց ու պատասխան էլեկտրոնային դեղատոմսի մասին



Հայաստանի առողջապահության նախարարությունը տեղեկատվություն է հրապարակել էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

1.    Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է`- անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող,

- համակարգային ազդեցությամբ (ներքին ընդունման` դեղահաբ, օշարակ, դեղապատիճ և այլն, ինչպես նաև ներարկման դեղաձևեր) հակավարակային` հակաբակտերիային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր, ինչպես նաև հորմոնային և միզոպրոստոլ պարունակող դեղեր:

2.    Ինչպե՞ս եմ ձեռք բերելու բժշկի` էլեկտրոնային դեղատոմսով նշանակած դեղը:

Ցանկացած դեղատուն պետք է միացված լինի «Արմեդ» համակարգում և ունենա հնարավորություն վաճառելու բոլոր տեսակի դեղատոմսերով դուրս գրվող դեղերը:
Քաղաքացիները կարող են մոտենալ ցանկացած դեղատուն, ներկայացնել անձը հաստատող որևէ փաստաթուղթ`

- անձնագիր, նույնականացման քարտ
- հանրային ծառայության համարանիշ (սոցքարտ):


Դեղատան աշխատակիցը, մուտք գործելով համակարգ, տեսնում է բժշկի կողմից դուրս գրված էլեկտրոնային դեղատոմսը, դեղի անվանումը, քանակը, և բաց է թողնում համակարգից: Քաղաքացին, ելնելով իր ֆինանսական միջոցներից, կարող է նաև բուժման ամբողջ կուրսի համար անհրաժեշտ քանակը ձեռք բերել մասնակի:

3.    Որտե՞ղ կարելի է ծանոթանալ դեղատոմսով դուրս գրվող դեղերի անվանացանկին:

Այս հղումով.

https://moh.am/uploads/parzabanum_01.03.2024%20(2)%20(1).pdf

4.    Գիշերը, ոչ աշխատանքային ժամերին, եթե քաղաքացին կարիք ունի դեղատոմսի, ի՞նչ պետք է անի:

Տվյալ որոշումը չի սահմանափակում այն դեղերի ձեռքբերումը, որոնք անհետաձգելի կամ սիմպտոմատիկ բուժման համար են: Այսինքն` էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերը բացառապես ախտորոշումից, անհրաժեշտ հետազոտությունից հետո նշանակվող դեղերն են:


Օրինակ` բրոնխիտի կամ տոնզիլիտի դեպքում հակաբիոտիկները նշանակվում են միայն հետազոտությունից հետո, երբ բժիշկը համոզվում է, որ տվյալ ախտորոշումը բակտերիալ է, այլ ոչ վիրուսային, և նշանակում է հակաբիոտիկ:

5.    Ինչպե՞ս է ապահովվելու դեղատներում դեղի տրամադրումը` հոսանքի կամ համացանցի խափանման ժամանակ:

Տեխնիկական խափանումների դեպքում բացթողումը կիրականացվի ժամանակավորապես թղթային տարբերակով: Տեխնիկական խնդիրը կարգավորելուց հետո այն մուտքագրվում է համակարգ` վերջինիս հասանելիությունը վերականգնվելուց հետո նույն օրվա ընթացքում։ Բացի այդ, դեղատանը դեղերի պահպանման, հատուկ ջերմային ռեժիմի ապահովման համար, ինչպես նաև հարկային կտրոնների տրամադրման համար նույնպես անհրաժեշտ է հոսանքի այլընտրանքային աղբյուրների առկայություն, ուստի դեղատունն իր գործունեությունն իրականացնելու համար պետք է ապահովված լինի էլեկտրաէներգիայով:

6.    Ի՞նչ ժամկետում կարող է անձը բժշկի նշանակումը ձեռք բերել դեղատնից:

Դեղատոմսն ուժի մեջ է միանվագ բացթողման դեղի դեղատոմսի դեպքում` 30 օր, իսկ բազմակի բացթողման դեղի դեղատոմսի դեպքում` 180 օր:

7.    Քրոնիկ հիվանդությունների դեպքում (օրինակ` շաքարային դիաբետ, գերճնշում, սրտանոթային հիվանդություններ, քաղցկեղ) բժիշկը կարո՞ղ է պացիենտի դեղերը դուրս գրել անժամկետ:

Անժամկետ որևէ դեղատոմս դուրս չի գրվում, քանի որ ցանկացած հիվանդություն` սուր, քրոնիկ, թե քրոնիկի սրացում, պետք է հսկվի բժշկի կողմից և սահմանվի դինամիկ հսկողություն: Կան հիվանդություններ, որոնց դեպքում նշանակվում է երկարաժամկետ դեղորայք և կարող է միանգամից 180 օրվա համար դուրս գրվել բազմակի բացթողման դեղի դեղատոմսով: Բժիշկը կարող է նշանակել դեղ` 180 օրվա համար, բայց դուրս գրել 30 օրը մեկ, որպեսզի իրականացվի պացիենտի առողջական վիճակի դինամիկ հսկողություն:

8.    Եթե, օրինակ, բժիշկը «Արմեդում» դուրս է գրում 10 օրվա դեղ, բայց պացիենտը հարմար է գտնում գնել 5 օրվա համար, դեղատան աշխատակիցը կարո՞ղ է տրամադրել քիչ քանակությամբ:

Պացիենտը իրավասու է գնել մասնակի կամ ընդհանրապես չգնել դեղատոմսով դուրս գրված դեղը. ժամկետի ավարտին դեղատոմսը կչեղարկվի, սակայն նման հարց չպետք է առաջանա, քանի որ եթե բժիշկը ցուցումով նշանակել է 10 օրվա դեղ, ապա այն պետք է ընդունել պատշաճ: Հակաբիոտիկների դեպքում, օրինակ, հակաբիոտիկների նկատմամբ դեղակայուն ձևերն առաջանում են անհարկի օգտագործման և նշանակված չափաքանակը խախտելու պատճառով:

9.    Ամեն անգամ պետք է հետազոտության և բժշկի նեղ մասնագիտական խորհրդատվության համար վճարե՞մ` դեղ նշանակելու համար:

Էլեկտրոնային դեղատոմսը ներդնելուց հետո բուժման պրոցեսի մեջ ոչինչ չի փոխվում:


Առողջության առաջնային պահպանման օղակում բժշկի խորհրդատվությունն անվճար է: Եթե բժիշկը նշանակում է հետազոտություններ և այց` ամիսը մեկ կամ վեց ամիսը մեկ, ապա դա պետք է ապահովվի:

Իսկ եթե առկա է նեղ մասնագետի խորհրդատվության կարիք, ապա վերջինս կարող է դուրս գրել դեղատոմսը 6 ամիս ժամկետով կամ տալ խորհրդատվության թերթիկ, որում նշված դեղն էլեկտրոնային եղանակով ամեն ամիս դուրս է գրում տեղամասային թերապևտը:

Բժիշկ-հիվանդ հարաբերությունները պետք է հստակ սահմանվեն և ցանկացած նշանակում պետք է կատարվի` կլինի դա հետազոտություն, թե դեղորայքային բուժում:

10.    Օնլայն դեղատներից հնարավոր կլինի՞ ձեռք բերել էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրված դեղերը:

Առցանց դեղատներից գնումները կիրականացվեն այնպես, ինչպես ներկայում. նշվում են անձնական տվյալները, համակարգում ստուգվում է դեղատոմսի առկայությունը, դեղագետն ակտիվացնում է դեղատոմսը և դուրս գրում առաքվող դեղը:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին