3 դրվագ Մակրոնի եւ Պուտինի հեռախոսազրույցներից - Mediamax.am

exclusive
8525 դիտում

3 դրվագ Մակրոնի եւ Պուտինի հեռախոսազրույցներից


Էմանյուել Մակրոնն ու Վլադիմիր Պուտինը
Էմանյուել Մակրոնն ու Վլադիմիր Պուտինը

Լուսանկարը` Getty Images

Էմանյուել Մակրոնը
Էմանյուել Մակրոնը

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ Le Figaro թերթի «Մակրոն-Պուտին. թափանցում ենք նրանց հեռախոսային խոսակցությունների գաղտնիքի մեջ» հոդվածից՝ ։

1.    Ինչպե՞ս է տեղի ունենում զրույցը եւ ի՞նչ է «ութոտնուկը»:

Նախ՝ կապ են հաստատում խորհրդականները. «Իմ նախագահը ցանկանում է խոսել քոնի հետ»:

Դրանից հետո հաստատվում է օրակարգը, եւ քարտուղարությունները սկսում են աշխատանքը։

Պաշտպանված գծով զանգ կազմակերպելու համար հատուկ կապի կենտրոնը Ելիսեյան պալատը կապում է Կրեմլի հետ։ Նշանակված ժամին Էմանյուել Մակրոնը գնում է «ոսկե դահլիճ»՝ հինգ խորհրդականների ուղեկցությամբ։ Նրա սեղանին դրված է «ութոտնուկ» հեռախոսը: «Պարոն նախագահ, Կրեմլը կապի մեջ է»։ Զրույցը սկսվում է։

Փարիզում հերթով աշխատում են երկու թարգմանչուհի։ Մտքում պահելով Էմանյուել Մակրոնի եւ Վլադիմիր Պուտինի բանակցությունների ողջ պատմությունը՝ դրանք ապահովում են երկխոսության սահուն ընթացքը եւ ճշգրտությունը։ Հաշվի առնելով քննարկվող թեմաների կարեւորությունը, յուրաքանչյուր բառ կարեւոր է, եւ ամենափոքր թերհասկացումը կարող է հետեւանքներ ունենալ:

2.    Ի՞նչ լեզվով են հաղորդակցվում առաջնորդները:

Երբեմն Էմանյուել Մակրոնն իրեն թույլ է տալիս ռուսերեն ողջունել Վլադիմիր Պուտինին, երբեմն վերջինս էլ պատասխանում է նրան ֆրանսերենով, սակայն մնացած քննարկումը կայանում է մայրենի լեզվով։

Մակրոնն ու Պուտինը միմյանց դիմում են «դու»-ով։ «Ոչ թե այն պատճառով, որ սիրում են միմյանց, այլ որովհետեւ պարբերաբար հանդիպում են: Բացի դրանից, դա որոշակի մտերմություն է ստեղծում»,- նշում է Le Figaro-ն։

3.    Որքա՞ն լավ են նրանք հասկանում միմյանց:

Բազմաթիվ հանդիպումների ու քննարկումների շնորհիվ Էմանյուել Մակրոնը սովորել է հասկանալ իր զրուցակցին, նրա խոսքերը, մտածելակերպն ու հոգեվիճակը, գրում է Le Figaro-ն։

Էմանյուել Մակրոնը Էմանյուել Մակրոնը


Հոդվածում ասվում է, որ Պուտինը զանգահարել էր Մակրոնին ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչման մասին պաշտոնական ելույթից 25 րոպե առաջ։ «Քանի որ մենք ճանաչում ենք միմյանց եւ կանոնավոր շփվում ենք, ես կցանկանայի քեզ նախապես զգուշացնել»,- ասել էր Ռուսաստանի նախագահը։

Երբ Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ ցուցադրեց Ուկրաինան «դենացիֆիկացիայի» ենթարկելու իր ցանկությունը, Էմանյուել Մակրոնն ընդհատեց նրան՝ հիշեցնելով, որ այլ կերպ է ընկալում իրավիճակը։ Նա երբեմն հեգնական ոճով մատնանշում էր, որ Եվրոպայում ծայրահեղ աջ շարժումներին աջակցողի կողմից «դենացիֆիկացիայի» կոչը, մեղմ ասած, անտեղի է:

«Երբեմն Մակրոնը նույնիսկ բարձրացնում էր տոնայնությունը. «Դու լուրջ սխալ ես գործում. Ուկրաինան նացիստական ռեժիմ չէ, դա սուտ է»: Սակայն ավելի հաճախ երկխոսությունն ընթանում է բարձր դիվանագիտության կոդավորված լեզվով»,- գրում է Le Figaro-ն։




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին