ԱՄՆ ԿՀՎ ապագա ղեկավարը զբաղվել է Կովկասի, Թուրքիայի եւ ԼՂ հարցերով - Mediamax.am

exclusive
13501 դիտում

ԱՄՆ ԿՀՎ ապագա ղեկավարը զբաղվել է Կովկասի, Թուրքիայի եւ ԼՂ հարցերով


Ուիլյամ Բըրնսը
Ուիլյամ Բըրնսը

Լուսանկարը` David Paul Morris/Bloomberg via Getty Images

Սերժ Սարգսյանը եւ Ուիլյամ Բըրնսը
Սերժ Սարգսյանը եւ Ուիլյամ Բըրնսը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Հունվարի 20-ին ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնող Ջո Բայդենը Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավարի պաշտոնի համար կառաջադրի ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով նախկին տեղակալ, Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան, պրոֆեսիոնալ  դիվանագետ Ուիլյամ Բըրնսին:

2014 թվականին Բըրնսն ավարտել էր կարիերան Պետքարտուղարությունում եւ ներկայում գլխավորում է Քարնեգի հիմնադրամը (Carnegie Endowment for International Peace): The New York Times-ը նշում է, որ Ուիլյամ Բըրնսը համարվում էր Բայդենի վարչակազմում պետքարտուղարի պաշտոնի հավանական թեկնածուներից մեկը եւ նշում է, որ նա կարող է առանցքային դերակատարություն ունենալ Իրանի հետ բանակցություններում:

Պետքարտուղարի տեղակալի պաշտոնում Ուիլյամ Բըրնսը զբաղվել է նաեւ Հարավային Կովկասի եւ ԼՂ կարգավորման հարցերով:

Ի՞նչ էր ասում Բըրնսը ԼՂ կարգավորման մասին:

2008 թվականին սեպտեմբերի 17-ին՝ ելույթ ունենալով ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, Ուիլյամ Բըրնսն ասել էր, որ Միացյալ Նահանգները կանեն հնարավորը, որպեսզի համոզեն ԼՂ հակամարտության կողմերին «բանակցությունների ընթացքում ցուցաբերել ավելի մեծ ճկունություն եւ հնարամտություն»:

Նույն թվականի դեկտեմբերի 4-ին՝ հանդես գալով ԵԱՀԿ Նախարարական հանդիպմանը Հելսինկիում, Ուիլյամ Բըրնսն ասել էր, որ «վերջին ամիսներին նախագահներ Ալիեւն ու Սարգսյանը գովեստի արժանի ջանքեր են գործադրել վստահության ամրապնդման եւ հակասությունների մեղմացման ուղղությամբ» եւ «մենք հնարավորություն ունենք առաջ գնալ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման ուղղությամբ»:

Ի՞նչ էր ասել Բըրնսը Մամեդյարովին «Սաֆարովի գործի» վերաբերյալ:

2012 թվականի սեպտեմբերին ԱՄՆ-ն առաջարկել էր Ադրբեջանին եւ Հունգարիային բացատրություններ տալ Ռամիլ Սաֆարովի փոխանցման եւ ներման հանգամանքների վերաբերյալ:

Տրենդ գործակալության հաղորդման համաձայն, կայացել էր Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հեռախոսազրույցը Ուիլյամ Բըրնսի հետ, որի ընթացքում Էլմար Մամեդյարովն ասել էր, որ «Ամերիկայի դիրքորոշումը հասկանալի չէ Ադրբեջանի համար»:

Ի՞նչ էր Բըրնսին ասում Ալիեւը:

2010 թվականի փետրվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ԱՄՆ փոխպետքարտուղար Ուիլյամ Բըրնսին կոչ էր անում առավելագույն ճնշում գործադրել Հայաստանի վրա: Այդ մասին հայտնի դարձավ վկայում 2010 թ. նոյեմբերին՝ Wikileaks-ի կողմից ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնի փաստաթղթերի հրապարակման ժամանակ:

Մասնավորապես, Իլհամ Ալիեւը ամերիկացի դիվանագետին ասում էր, որ «Հայաստանը ցանկանում է ձգել բանակցային գործընթացը հնարավորինս երկար եւ արդյունքում խուսափել լուծումից»:

Բաքվում Բըրնսի հետ կայացած հանդիպմանը Ադրբեջանի նախագահը նախանշել էր այն քայլերը, որոնք, իր կարծիքով, կարող են Հայաստանին ստիպել համաձայնել կարգավորման «Հիմնարար սկզբունքներին».

- երեք համանախագահ-երկրները պետք է միավորեն ջանքերը բարձր մակարդակով;

- երեք համանախագահ-երկրները պետք է «միանշանակ ուղերձ» անեն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի քննարկվում;

- եթե այդ սկզբունքները չընդունվեն, դրան պետք է հետեւի Հայաստանի միջազգային մեկուսացումը, հատկապես Ռուսաստանի կողմից ՀՀ տնտեսական օգնության ծրագրերի կրճատման մասով:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի խնդրանքով մեկնաբանելով Ռուսաստանի միջնորդական քայլերը` Ալիեւն ասել էր Դմիտրի Մեդվեդեւի ջանքերի անկեղծության մասին: Միաժամանակ, նա զարմանք էր արտահայտել այն կապակցությամբ, որ չնայած Մոսկվայի կողմից ճնշմանը, «Հայաստանը ոչ միայն հակառակվում է առաջընթացին, այլեւ նահանջում է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններից»:

Ալիեւը հայտարարել էր նաեւ, որ Ռուասաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն ունի իր սեփական կարծիքը ղարաբաղյան կարգավորման ցանկալիության վերաբերյալ: «Ես ապացույցներ չունեմ, բայց զգում եմ դա»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

Ե՞րբ էր Ուիլյամ Բըրնսը այցելել Երեւան:

Այցը կայացել էր 2011 թվականի հոկտեմբերին: Ընդունելով հյուրին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ Հայաստանը մշտապես հաստատակամ է եղել ամրապնդել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ:

Սերժ Սարգսյանը եւ Ուիլյամ Բըրնսը Սերժ Սարգսյանը եւ Ուիլյամ Բըրնսը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Ին՞չ էր ասել Բըրնսը Իրանի միջուկային ծրագրի եւ այդ հարցում ԱՄՆ-Թուրքիա համագործակցության մասին:

2012 թվականի հունվարին Ուիլիամ Բըրնսն այցելել էր Թուրքիա եւ այցի արդյունքներով ծավալուն հարցազրույց էր տվել թուրքական «Անադոլու» գործակալությանը:

Նա, մասնավորապես, ասել էր.

«Իրանն իմ կողմից ներկայացված շատ լայն հարցերի շրջանակի կարեւոր մասն էր: ԱՄՆ-ը եւ Թուրքիան կիսում են իրենց մտահոգությունը Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ, եւ ընդհանուր շահերից բխում է, որպեսզի Իրանը միջուկային զենք չստեղծի: Կարծում եմ, մենք միասին կարողանում ենք արդյունավետ աշխատել այդ մտավախություններն ընդգծելու ուղղությամբ: Ակնհայտ է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հավանության արժանացած եւ առանձին պետությունների կողմից ընդունված պատժամիջոցներն ինքնանպատակ չեն: Դրանք միջոցներ են նպատակին հասնելու համար, որպեսզի իրանական ղեկավարության համար պարզ դառնա, որ այն պետք է իրականացնի իր միջազգային պարտավորություններն ու պատասխանատվությունը: Մենք ուզում ենք աշխատել Թուրքիայի եւ մեր մյուս գործընկերների հետ, որպեսզի փորձենք դա հստակ դարձնել Իրանի ղեկավարության համար»:

Արա Թադեւոսյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին