Հիքմեթ Հաջիեւ՝ Ադրբեջանի գլխավոր պրոպագանդիստը - Mediamax.am

exclusive
10627 դիտում

Հիքմեթ Հաջիեւ՝ Ադրբեջանի գլխավոր պրոպագանդիստը



Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի գլխավոր խոսնակն ու պրոպագանդիստը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւն է: Հենց նա է հրապարակում կեղծ տեղեկություններ եւ լուսանկարներ, որոնք իբր ապացուցում են, որ Հայաստանը հարվածում է Ադրբեջանին: Հոկտեմբերի 4-ին Հաջիեւը հրապարակել էր լուսանկար Գյանջայից, սակայն հետո հապճեպորեն հեռացրել էր այն՝ չէր նկատել, որ լուսանկարում թուրք զինվորական է երեւում:

«Ստվերային արտգործնախարարը»

Ադրբեջանում որոշ շրջանակներ 41-ամյա Հիքմեթ Հաջիեւին համարում են «ստվերային արտգործնախարար»: Նախագահի օգնական լինելուց բացի նա ղեկավարում է նաեւ Ալիեւի աշխատակազմի արտաքին կապերի վարչությունը:

Կարծիք կա, որ Էլմար Մամեդյարովի հրաժարականը Հաջիեւի՝ կուլուարային պայքարում տարած հաղթանակի արդյունք էր:

Նորանշանակ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը դիվանագիտական որեւէ փորձառություն չունի եւ, ըստ էության, ենթարկվում է Հաջիեւին:

Նախկին խոսնակը

Հիքմեթ Հաջիեւը 2000 թվականից աշխատում է Ադրբեջանի ԱԳՆ-ում: 2014-ից 2018-ը նա Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակն էր:

2016 թվականի փետրվարին Հաջիեւը բողոքում էր Ռուսաստանից՝ ռուսաստանյան $‌200 մլն վարկի շրջանակում Հայաստանին զենք վաճառելու համար:

«Ադրբեջանը պահանջում է Ռուսաստանից ստանալ երաշխիքներ, որ վաճառված սպառազինությունն ու ռազմական տեխնիկան Հայաստանի կողմից չի կիրառվելու ադրբեջանական գրավյալ տարածքներում, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով», -ասում էր նա:

Հաջիեւն ու Փաշինյանը

2018 թվականի մայիսի 10-ին, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից օրեր անց, Հիքմեթ Հաջիեւը հույս էր հայտնել, որ «Հայաստանի նոր ղեկավարությունը կխուսափի նախորդների սխալներից եւ կվարի հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականություն»:

«Հայաստանի բնակչությանը վաղուց անհրաժեշտ սոցիալ-տնտեսական բարեփոխումները սկսելու փոխարեն, Հայաստանի նոր վարչապետը նախապատվություն է տալիս քաղաքական քարոզչությանը՝ շոշափելով Լեռնային Ղարաբաղի թեման: Ցավում ենք, որ նա հանդես է գալիս հակասական հայտարարություններով խնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ»,- նշում էր նա:

Երկու ամիս անց, 2018 թվականի հուլիսին, Հիքմեթ Հաջիեւը «քաղաքական շոու» էր անվանել Հայաստանի վարչապետի որդու որոշումը պարտադիր զինվորական ծառայությունն Արցախում անցնելու մասին:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին