1945-ի փետրվարի 4-ին Յալթայում մեկնարկեց «Մեծ եռյակի» հանդիպումը, որի մասնակիցները պատրաստվում էին քննարկել հետպատերազմյան աշխարհակարգը: Յալթայի կոնֆերանսին է նվիրված Մեդիամաքսի հերթական «Պարզաբանումը»:
1. Ինչո՞ւ Յալթայում:
Ինչպես գրում է Neue Zürcher Zeitung թերթը, Ֆրանկլին Ռուզվելտը, Ուինսթոն Չերչիլը եւ Իոսիֆ Ստալինը նախատեսում էին հանդիպել Շոտլանդիայում կամ Միջերկրական ծովի երկրներից մեկում: Բայց, քանի որ Ստալինի Գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները դա թույլ չէին տալիս, կոնֆերանսը տեղի ունեցավ Ղրիմում:
2. Որքա՞ն տեւեց համաժողովը:
Երեք երկրների առաջնորդները միասին անցկացրին գրեթե մեկ շաբաթ՝ փետրվարի 4-ից 11-ը:
Լուսանկարը` ՏԱՍՍ
3. Ինչպե՞ս մասնակիցները հասան Յալթա:
ԱՄՆ նախագահ Ռուզվելտը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Չերչիլը Ղրիմ ժամանեցին 1945-ի փետրվարի 3-ին: Նրանք առանձին օդանավերով հասան Սիմֆերոպոլի շրջակայքում գտնվող Սակի բնակավայր, որտեղից մեքենաներով ժամանեցին Յալթա:
Լուսանկարը` AP
Իոսիֆ Ստալինը Մոսկվայից ժամանեց մեկ օր անց՝ գնացքով: Հանդիպումներն անցնում էին Լեւադիայի պալատում՝ նախկին ցարական նստավայրում:
4. Յալթայի հանդիպումը ո՞րերորդն էր:
Յալթայի հանդիպումը Երկրորդ աշխարհամարտի ավարտին կայացած երեք կոնֆերանսներից երկրորդն էր: Առաջինը տեղի էր ունեցել Թեհրանում 1943թ. նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը, իսկ հետպատերազմյան աշխարհակարգի մասին համաձայնության գալու երրորդ փորձը տեղի ունեցավ Պոտսդամում՝ 1945թ. հուլիսի 28-ից օգոստոսի 2-ը:
5. Ինչի՞ հետ է ասոցացվում Յալթայի կոնֆերանսը:
«Աշխարհի վերաբաշխման» եւ «Եվրոպայի բաժանման»: Այնուամենայնիվ, ինչպես նշում է Neue Zürcher Zeitung-ը, Յալթայի կոնֆերանսում Ստալինը, Ռուզվելտը եւ Չերչիլը ելնում էին այն հանգամանքից, որ իրենց երկրները դեռ համագործակցելու են հետագա տասնամյակների ընթացքում: Այս համատեքստում Ստալինը մտահոգություն էր հայտնում ապագայի վերաբերյալ, երբ իրենց երկրների ղեկին այլ մարդիկ կլինեն:
6. Ի՞նչ էին խոսում Յալթայում Լեհաստանի մասին:
Յալթայի հանդիպման ամենասուր թեմաներից էր Լեհաստանը եւ այդ երկրի սահմանները:
«Սակայն 1945թ. փետրվարին Կարմիր բանակն արդեն վերահսկում էր Արեւելյան Եվրոպայի մեծ մասը, եւ Սովետական Միությունը չափազանց ուժեղ էր, որ նրան դիմակայեին: Ռուզվելտը եւ Չերչիլը պայքարում էին Լեհաստանի եւ Արեւելյան Եվրոպայի այլ երկրների ինքնորոշման համար, բայց արդյունքում խոստումների հասան միայն թղթի վրա, որոնք Ստալինը խախտեց ընդամենը մի քանի շաբաթից»,- գրում է The New York Times-ը:
Լուսանկարը` AP
Թերթը շեշտում է, որ Լեհաստանն էր պատճառը, որ Բրիտանիան ի սկզբանե մտավ պատերազմի մեջ, եւ Չերչիլը դա շատ լավ էր գիտակցում:
«Յալթայից վերադառնալուց կարճ ժամանակ անց Չերչիլը հրամանատարներին խնդրեց գնահատել, թե ինչ գին կունենա ուժի կիրառումը՝ ստիպելու համար Ստալինին լավ պայմաններ առաջարկել Լեհաստանին: Նրանք պատասխանեցին՝ 45 անգլոամերիկյան դիվիզիա, մի քանի լեհական դիվիզիա եւ 100 հազար վերազինված գերմանացի զինվոր: Բրիտանիայի զինվորական հրամանատարությունը Խորհրդային Միության դեմ պատերազմի գաղափարն անվանեց «Անհնարին գործողություն»: Մեկ տարի անց Չերչիլը հայտարարեց, որ Եվրոպայի վրա իջել է «երկաթե վարագույրը»», - նշում է The New York Times-ը:
Լուսանկարը` AP
7. Ինչո՞ւ էր նեղացել Շառլ դը Գոլը:
Գեներալ Շառլ դը Գոլը, որը ղեկավարում էր «Ազատ Ֆրանսիայի» ուժերը, պնդում էր, որ իրեն եւս հրավիրեն Յալթա, սակայն Ռուզվելտը, Չերչիլը եւ Ստալինը դեմ էին: Դե Գոլն այնքան էր վրդովված, որ կոնֆերանսի ընթացքում դիմեց Ֆրանսիայի ժողովրդին եւ հայտարարեց, որ չի իրականացնելու Յալթայում ընդունված որոշումները եւ շարունակելու է անկախ կուրսը:
8. Ինչի՞ հասավ Ռուզվելտը:
«Անկասկած, Յալթայի հանդիպման արդյունքում Արեւելյան Եվրոպայի ժողովուրդները մնացին Խորհրդային Միության իշխանության տակ գրեթե կես դար: Բայց արեւմտյան առաջնորդները Ստալինի վրա ազդելու որեւէ հնարավորություն չունեին, մանավանդ որ ԽՍՀՄ-ն ուներ հետպատերազմյան «պարգեւի» լուրջ բարոյական իրավունք, քանի որ պատերազմի ժամանակ ավելի շատ էր տուժել, քան մյուսները: Սակայն այլ ոլորտներում արեւմտյան դաշնակիցները հասան իրենց նպատակներից շատերին:
Լուսանկարը` Quest/Getty Images
Ռուզվելտը, մասնավորապես, պայմանավորվածություն ձեռք բերեց իրականացնել ՄԱԿ-ի ստեղծման իր վաղեմի երազանքը: Չնայած Յալթայում համաձայնեցված վետոյի իրավունքի պայմանավորվածությունները հաճախ կաթվածահար են անում Անվտանգության խորհրդի աշխատանքը, ՄԱԿ-ը դարձավ արդյունավետ խաղաղապահ ուժ»,- գրում է The New York Times-ը:
9. Ինչի՞ հասավ Չերչիլը:
«Չերչիլը նույնպես հասավ իր նպատակին՝ թող որ կասկածելի, ժամանակավոր եւ ժամանակակից գաղափարների առումով բարոյազուրկ՝ պահպանել Բրիտանական կայսրությունը: Ամեն դեպքում՝ պահպանելով Հոնկոնգի նկատմամբ վերահսկողությունը, այն երկար ու դժվար տարիներով ամրապնդեց արեւմտյան ֆորպոստը Չինաստանի ափերին, ինչի հետեւանքները դեռ զգում ենք»,- գրում է The New York Times-ը:
Լուսանկարը` US Navy
10. Ինչի՞ հասավ Ստալինը:
Արեւմուտքում ընդունված է կարծել, որ Յալթայում Ստալինը հասավ իր բոլոր նպատակներին: Այլ հարց է, որ մի քանի տասնամյակ անց կոմունիստական համակարգի ոչ կենսունակությունը հանգեցրեց ԽՍՀՄ-ի եւ ամբողջ սոցիալիստական ճամբարի փլուզմանը: Սակայն 1945-ի փետրվարին Ստալինը ավելի քան վստահ էր իր ուժերի վրա:
Լուսանկարը` ՏԱՍՍ
«Յալթայում նա դրսեւորեց նրբությունների լավ ընկալում, վճռականություն եւ մյուսների թույլ կողմերը նկատելու ու օգտագործելու կարողություն: Բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի կարծիքով, «երեք առաջնորդներից նա ամենատպավորիչն էր», «շատ հանգիստ էր եւ զուսպ»: 75 տարի անց Ստալինի հանգիստ ուժը շարունակում է ձեւավորել գլոբալ քաղաքականությունը», - խոստովանում է The New York Times-ը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: