Ֆրանսիացի գրող Վենսան Մարտինին հրատարակել է «Տիրակալի վերադարձը» գիրքը՝ ժամանակակից քաղաքական գործիչների ֆենոմենի մասին: Le Monde գրախոսական հոդված է հրապարակել գրքի մասին, որը հատվածաբար ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
«Քաղաքական երկնաքարերը»
Ի՞նչ ընդհանուր բան կա Դոնալդ Թրամփի, Էմանյուել Մակրոնի, Ջասթին Թրյուդոյի, Ժաիր Բոլսոնարուի, Մատեո Սալվինիի միջեւ: Վենսան Մարտինին պնդում է, որ նրանք բոլորն էլ «քաղաքական երկնաքարեր են, որոնց թռիչքը անակնկալ էր նրանց շրջապատի համար»:
Լուսանկարը` REUTERS
Նա նշում է, որ նրանք բոլորը «քաղաքականության ռոք-աստղեր» են՝ անկախ նրանից պոպուլիստ են, թե ոչ: Պետությունների եւ կառավարությունների այս ղեկավարներն առանձնացել են ոչ թե գաղափարներով եւ ծրագրերով, այլ նրանով, որ կարողացել են շեշտը դնել սեփական կյանքի ուղու վրա եւ խաղալ քաղաքացիների զգացմունքների վրա, գրում է Մարտինին:
«Տետ-ա-տետ հասարակական կարծիքի հետ»
Նրանք «նոր տիրակալներ» են, որոնք «հասարակական կարծիքը կառավարում են տետ-ա-տետ»՝ ստվեր գցելով հակակշիռների վրա ու խափանելով միջնորդների լեգիտիմությունը, նշում է գրքի հեղինակը՝ հղում անելով ոչ միայն Մաքիավելիին, այլեւ «Քարտե տնակին» եւ Շեքսպիրին:
Նրանք գոյություն ունեն, որովհետեւ ամբողջ աշխարհում մարդիկ ուզում են նոր դեմքեր տեսնել քաղաքականության մեջ, սակայն «առաջնորդների հիպերտրոֆիայի» պատճառ է դարձել շատ ավելի բարդ գործընթացը: Մասնավորապես՝ նշում է Մարտինին, այն կապված է ժամանակակից հասարակության խորքային փոփոխությունների հետ, որոնց թվում հեղինակը նշում է «աննախադեպ բարդացումն ու միջազգայնացումը»:
Այդպիսի միջավայրում եւ նաեւ այն պատճառով, որ այսօր քաղաքացիներն ավելի ակտիվ են պատասխաններ պահանջում, ԶԼՄ-ների համար ավելի հեշտ է «կենտրոնանալ փաստերի եւ ղեկավարների արարքների վրա, այլ ոչ թե վերլուծել կառավարության քաղաքականությունը, որն իրենց համար դժվար հասկանալի է»:
«Գործողության ներկայացման հաղթանակը բուն գործողության նկատմամբ»
Խճճված ժամանակակից աշխարհում քաղաքական գործիչները նախընտրում են շեղել ուշադրությունը: Դա տեղաշարժում է «քաղաքական պայքարի սահմանները դեպի հանրային կարծիքի համար ավելի հասկանալի թեմաներ»՝ ինչպիսիք են տնտեսությունը, ներգաղթը, Իսլամը կամ գենդերային խնդիրները: Սա, իր հերթին, նպաստում է «գործողությունների ներկայացման հաղթանակին բուն գործողության նկատմամբ»:
Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն
«Նոր տիրակալներն ազատվել են գործելու անհրաժեշտությունից եւ միայն ձեւացնում են գործողությունը»,- համոզված է հեղինակը: Իրենց լեգիտիմությունն ամրապնդելու համար նրանք պետք է «իրենց անունը գրեն պատմության մեջ, նույնիսկ եթե դրա համար պետք է փոքր-ինչ խմբագրել իրականությունը»:
«Իշխանության հասնելը դյուրին է, այն պահելը՝ դժվար»
«Մենք շատ արագ ձանձրանում ենք այդ տիրակալներից, որոնց բերել ենք պատասխանատու պաշտոնների՝ առանց մտածելու նրանց գաղափարների, հմտությունների եւ նրանց ուսերին ընկած ահռելի պատասխանատվության մասին»,- գրում է Վենսան Մարտինին:
Այս ամենն արտացոլվել է Ֆրանսիայում «դեղին բաճկոնների», Իսպանիայում «վրդովվածների» եւ Իտալիայում «5 աստղերի շարժման» մեջ: Ինչպես «Տիրակալի» մեջ գրում է Մաքիավելին, «նրանց, ովքեր տիրակալ են դառնում ճակատագրի բարեհաճությամբ եւ ոչ թե խիզախության շնորհիվ, իշխանության հասնելը դյուրին է, բայց այն պահելը՝ դժվար»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: