«Հյուսվող հիշողություններ». երբ ընտանեկան արխիվը դուրս է գալիս դարակներից - Mediamax.am

Դեկտեմբեր 25, 2025
exclusive
129 դիտում

«Հյուսվող հիշողություններ». երբ ընտանեկան արխիվը դուրս է գալիս դարակներից


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմինե Տեր-Ղեւոնդյանը
Արմինե Տեր-Ղեւոնդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմինե Տեր-Ղեւոնդյանը
Արմինե Տեր-Ղեւոնդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Դավիթ Պողոսյանը
Դավիթ Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Տան մեծի հեռանալուց հետո իրերը սկսում են խոսել։ Մինչ այդ դրանք պարզապես դարակներում էին՝ հին, ծանր, երբեմն՝ անիմաստ թվացող։ Բայց մի պահ է գալիս, երբ հասկանում ես՝ դրանք այլեւս իրեր չեն, այլ պատասխանատվություն։

«Մի տարի առաջ մայրս մահացավ։ Նա մեր վերջին մեծն էր։ Շատ արագ հասկացա՝ հիմա մեծը մենք ենք», - ասում է Արմինե Տեր-Ղեւոնդյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս


Հենց այդ կտրուկ գիտակցումից էլ սկսվել է «Հյուսվող հիշողություններ. ընտանեկան ժառանգություն» ժամանակավոր ցուցադրության պատմությունը, որը դեկտեմբերի 23-ին բացվել է Հայաստանի պատմության թանգարանում։

Արմինեն խոստովանում է՝ երկար տարիներ ընտանիքի հին իրերը իրեն չեն հետաքրքրել։ Ընդհակառակը՝ դրանք ընկալել է որպես ծանրություն. «Ինչի՞ համար պահել այս հնոտիկը, տեղ էլ չկա դնելու»։ Կյանքը այլ առաջնահերթություններ ուներ՝ երեխա, աշխատանք, կարիերա։ Բայց մոր մահից հետո այդ իրերը այլ նշանակություն ստացան։
Արմինե Տեր-Ղեւոնդյանը Արմինե Տեր-Ղեւոնդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Գիտեի, որ այդ ամենը կա մեր տանը, բայց երբեք դրանց իմ աչքով չէի նայել։ Հանկարծ սկսեցի կարդալ, ուսումնասիրել, կապել իրերը պատմությունների հետ։ Նոր աշխարհ բացվեց իմ առաջ՝ եւ՛ ընտանիքիս, եւ՛ ժողովրդիս պատմության մասին», - պատմում է Արմինե Տեր-Ղեւոնդյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ցուցադրության առանցքում Տեր-Ղեւոնդյան-Չորբաջյան եւ Խաչատուրյան-Դեւեջյան գերդաստանների ժառանգությունն է՝ լուսանկարներ, նամակներ, փաստաթղթեր, ձեռագործ իրեր, որոնք 19-րդ դարի վերջից մինչեւ 20-րդ դարի կեսերը ուղեկցել են ընտանիքներին պատմական Հայաստանի տարբեր բնակավայրերով, ապա՝ տեղափոխվել Հայաստան։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ձեռագործները առանձնահատուկ տեղ ունեն։ Արմինեն ասում է՝ ասեղնագործելը պարզապես հմտություն չէր, այլ ապրելակերպ։ Գեղեցիկը կենցաղի պարտադիր մաս էր. սուրճի սեղանն անգամ չէին պատկերացնում առանց ժանյակե սփռոցի։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Մորս տատիկի, նրա մոր, հորս տատի ձեռագործներն իրենց հետ են բերել Հայաստան՝ հայրենադարձության ժամանակ։ Այդ իրերը մոտ 80 տարի մնացել էին դարակներում։ Մաման երբեք ոչինչ չէր թափում։ Հիմա մտածում եմ՝ ինքը տեսնես հասկացել է՝ սրանց վերջը ի՞նչ պիտի լինի»։

Լուսանկարը` Մեդիամաքս


Մոր մահից հետո այդ հարցը դարձավ Արմինեի պատասխանատվությունը։ Եվ հենց այստեղից էլ ծնվեց գաղափարը՝ ոչ միայն պահել, այլ ցույց տալ։


Մեծ դեր են ունեցել նաեւ նամակները։ Տասնամյակներ շարունակ ընտանիքի անդամները, ցրված տարբեր երկրներում, կապ են պահպանել թղթի միջոցով։ Արմինեն ասում է՝ մայրը ոչ մի նամակ չի թափել։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ես բոլոր նամակները կարդացի։ Ոչ մի սենսացիա չկա այնտեղ։ Միայն կարոտ, բարեւներ, հիշողություններ։ Բայց այդ նամակներում կա մի ամբողջ մշակույթ՝ հարաբերությունների, ուշադրության, մերձեցման»։

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս պատմությունները, ըստ Արմինեի, միայն իրեն կամ իր ընտանիքին չեն պատկանում։ Ցուցադրության նպատակը մեկն է՝ խրախուսել մարդկանց բացել իրենց ալբոմները։
Արմինե Տեր-Ղեւոնդյանը Արմինե Տեր-Ղեւոնդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Պարտադիր չէ մեծ արխիվ ունենալ։ Երբեմն մեկ լուսանկարն էլ բավական է, որ մի ամբողջ պատմություն սկսվի։ Եթե այս ցուցադրությունից հետո մարդը տուն գնա ու բացի իր ընտանեկան ալբոմը, ուրեմն մենք մեր նպատակը կատարել ենք»։

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Պողոսյանն ասում է՝ վերջին տարիներին թանգարանը բաց է նաեւ այն ժառանգության համար, որը պահվում է ոչ թե պետական պահոցներում, այլ ընտանիքներում։
Դավիթ Պողոսյանը Դավիթ Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Այս նախաձեռնությունը եկավ ընտանիքից, իսկ թանգարանը այն վերածեց թանգարանային ցուցադրության։ Սա նոր ձեւաչափ է, որը հնարավորություն է տալիս ընտանեկան պատմությունները հանրային խոսքի մաս դարձնել», - ասում է Դավիթ Պողոսյանը։

Նրա խոսքով՝ նման նախագծերը հաճախ շարունակություն են ունենում. ցուցադրություններից հետո ընտանիքները սկսում են գիտակցել իրենց ունեցած նյութերի արժեքը, եւ որոշ նմուշներ համալրում են թանգարանի հավաքածուները։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Շատերը չեն էլ պատկերացնում, թե ինչ մեծ արժեք ունեն հին նամակները, փաստաթղթերը, լուսանկարները։ Դրանք փակված են մնում տներում, մինչդեռ պատմություն ունեն պատմելու նաեւ այսօրվա համար», - ասում է Դավիթ Պողոսյանը։

Այս ցուցադրությունը երկխոսության հրավեր է այցելուներին՝ վերանայելու սեփական վերաբերմունքը անցյալին, ընտանեկան հիշողությանը, ժառանգությանը։

Լուսանկարը` Մեդիամաքս


Հին լուսանկարները, նամակներն ու ձեռագործ իրերը հուշում են՝ հիշողությունը ինքն իրեն չի պահպանվում։ Այն պետք է բացել, կարդալ, փայփայել ու փոխանցել։ Տուն վերադառնալուց հետո, գուցե, մի դարակ բացեք, որը տարիներ շարունակ փակ է եղել։ 

Լուսանկարը` Մեդիամաքս


«Հյուսվող հիշողություններ. ընտանեկան ժառանգություն» ժամանակավոր ցուցադրությունը բաց կլինի մինչեւ 2026 թվականի մարտի 1-ը։

Աստղիկ Հովհաննեսով

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին