Թարգմանիչ Արտաշես Էմինը Մեդիամաքսի հետ զրույցում պատմել է 1988թ.-ին Ղարաբաղյան Շարժման ընթացքում Երեւանում լատվիացի ռեժիսոր Յուրիս Պոդնիեկսի նկարահանումների ընթացքի մասին:
1988թ.-ին՝ Սումգայիթում հայերի ջարդերից հետո, Երեւանում ցույցերը հասան Խորհրդային Միության համար աննախադեպ ծավալի: Արդեն մի քանի տարի է «Վերակառուցում» էր եւ առաջացել էին «գորշ գոտիներ», երբ չէիր հասկանում՝ այս կամ այն քայլն անելը կարելի՞ է, թե՝ դեռ ոչ: Միակ տարբերակը փորձելն էր՝ կա՛մ գլխիդ տալիս էին, կա՛մ ամեն ինչ հարթ էր անցնում (ծիծաղում է – հեղ.):

Լուսանկարը` Մեդիամաքս
Այդ շրջանում էր ստեղծագործում լատվիացի ռեժիսոր Յուրիս Պոդնիեկսը, որն իր «Հե՞շտ է լինել երիտասարդ» վավերագրական ֆիլմով (1986թ.) «փորձարկեց» թույլատրելիի սահմանը:

Դրա պրեմիերան կայացավ 1987թ.-ին՝ Մոսկվայում, եւ ֆիլմը մեծ աղմուկ հանեց: Այն պատմում էր 80-ականների երիտասարդների խնդիրների, ծնողների ու հասարակության հետ ունեցած անհաշտությունների մասին, անդրադառնում կյանքի իմաստի փնտրտուքներին, երիտասարդների երազանքներին ու ցանկություններին:
Ֆիլմը սկսվում է ռոք համերգի տեսարանով եւ ընդմիջվում դեռահասների դատավարության կադրերով, որոնք այդ համերգից վերադառնալիս ջարդել էին մի քանի վագոն: Շատ խիզախ ֆիլմ էր, որով Պոդնիեկսը «ձգեց» թույլատրելիի սահմանը:

Լուսանկարը` անձնական արխիվ
Ցույցերի երկրորդ-երրորդ օրը քայլում էի քաղաքով ու մտածում՝ «սա հենց Յուրիս Պոդնիեկսի տեղն է, ինչո՞ւ չի գալիս տեղի ունեցողը վավերագրելու»: Մի քանի քայլ էլ արեցի այս մտքով տարված, հետո բարձրացրեցի գլուխս ու նրան դիմացս կանգնած տեսա (ժպտում է – հեղ.): Այնքան անսպասելի էր տեղի ունեցածը, որ նրան ասացի՝ «Յուրիս, դո՞ւ ես»:
«Այո՛, ես եմ, բայց դու ո՞վ ես», - արձագանքեց նա (ծիծաղում է – հեղ.):
Ասացի՝ «անհավատալի է, բայց մի քանի վայրկյան առաջ ձեր մասին էի մտածում»:
Հենց այդպես ծանոթացանք եւ սկսեցի նրան ուղեկցել Շարժման օրերը վավերագրելու ընթացքում:
1988 թվականի մարտի 22-ին Երեւան զորքեր բերվեցին եւ Օպերային հարող ողջ տարածքը շրջափակեցին՝ ցույցի կազմակերպումն անհնար դարձնելու համար:
Յուրիսը ինձ խնդրեց նկարահանման լավ կետ գտնել՝ հնարավոր իրադարձությունները վավերագրելու համար: Մտածեցի, որ Օպերայի շրջակայքն առավել լավ տեսանելի կլինի Տիկնիկային թատրոնի մոտ գտնվող բարձրահարկ շենքի տանիքից, որին ժողովուրդը «բուբլիկներով շենք» է ասում:

Հենց այնտեղ էլ հաջորդ օրը բարձրացանք՝ Յուրիսը, նրա օպերատորը, բելառուս Սաշան (նրան կարելի է բոլորի հետ «լեզու գտնող» անվանել), ես ու կինս: Բոլոր վտանգավոր տեղերը նրան հետս տանում էի՝ ապահովության համար (ծիծաղում է – հեղ.): Մեզ հետ տանիք բարձրացավ նաեւ մի երիտասարդ զույգ՝ սիրողական տեսախցիկով նկարահանելու: Բավականին երկար մնացինք այնտեղ, բայց առանձնապես ոչինչ տեղի չէր ունենում մինչ այն պահը, երբ մեզ միացան Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) չորս աշխատակիցներ (ժպտում է – հեղ.): Հավանաբար, ներքեւից նկատել էին տանիքում տեսախցիկներով մարդկանց: Պահանջեցին, որ իջնենք եւ գնանք բացատրություն տալու՝ երկուսը մեր առջեւից էինք գնում, երկուսը՝ հետեւից:

Լուսանկարը` Մեդիամաքս
Յուրիսն իմ կողմ դարձավ ու ցածրաձայն ասաց, որ վերջին օրերին Երեւանում նկարահանված բոլոր կարեւոր կադրերն այդ պահին իր մոտ են, եւ դրանք փրկել է պետք: Մի քանի աստիճան իջա եւ ՊԱԿ-ի ծառայողների համար անսպասելի թակեցի առաջին պատահած դուռն ու երբ բացեցին առանց որեւէ բառ ասելու օպերատորին ներս հրեցի ու փակեցի դուռը: Արդյունքում տանիքից յոթ հոգու փոխարեն վեցն իջան (ծիծաղում է – հեղ.) եւ Պոդնիեկսի խմբի նկարահանած կադրերը փրկվեցին:
Յուրիս Պոդնիեկսը զոհվեց 1992թ.-ին` 41 տարեկանում: Ըստ պաշտոնական վարկածի՝ տեղի ունեցածը դժբախտ պատահար էր, նա ջրահեղձ էր եղել ակվալանգով սուզվելու ժամանակ:
Յանա Շախրամանյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: