1947 թվականի Երեւանի շունչը՝ Նվարդ Թումանյանի նամակում - Mediamax.am

exclusive
148 դիտում

1947 թվականի Երեւանի շունչը՝ Նվարդ Թումանյանի նամակում


Լուսանկարը` Հայաստանի Ազգային արխիվ

Նվարդ Թումանյանը
Նվարդ Թումանյանը

«Այնքան հրապուրիչ է գրված ամեն տեսակետից, որ մեկ անգամ սկսելով՝ անկարող եղա բաժանվել գրքից: Այնքան հափշտակեց ինձ: Մինչ այսօր Անիի մասին այսքան սպառիչ, լիակատար գործ չէի կարդացել՝ միանգամայն գիտական ու պոպուլյար, հանրամատչելի: Մանրամասն, նյութով հարուստ, բովանդակալից, բազմակողմանի»,-Լեոյի «Անի» աշխատության ձեռագիրը կարդալուց հետո Պետհրատի գեղարվեստական գրականության բաժնի վարիչ Ռուբեն Զարյանին իր հիացմունքն է հայտնում Ավետիք Իսահակյանը  («Ավետիք Իսահակյանի նամակները», ԵՊՀ, 2016 թ., էջ 324): 

Լեոյի «Անի» աշխատությունը երկար տարիներ անտիպ էր: Ձեռագիրը պահպանվում էր հեղինակի արխիվում : Առաջին անգամ լույս է տեսել  1946թ.-ին, ոչ ամբողջությամբ,  5000 տպաքանակով (ամբողջական հրատարակվեց 1963-ին): 


Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից մեկ տարի անց, երբ Հայաստանը պատերազմում  300 000 զոհ ուներ, կենցաղային, նյութական պայմանները չափազանց համեստ էին, լույս տեսնող գրքերը, այդ թվում՝ Լեոյի «Անի» աշխատությունը, ձեռք բերելու համար մարդիկ գիշերները հերթ էին պահում գրախանութի մոտ: Գրքերը ձեռք բերելու համար երբեմն այնպիսի հրմշտոց էր լինեում, որ ջարդվում էին գրախանութի ապակիները: 

Այս մասին գրականագետ Արփիկ Ավետիսյանին ուղարկած իր նամակում գրում է Նվարդ Թումանյանը՝ Հովհաննես Թումանյանի դուստրը: 

Մեդիամաքսի ընթերցողներին արդեն ներկայացրել ենք Նվարդ Թումանյանի եւ տատիկիս՝ Արփիկ Ավետիսյանի մտերմության, նամակագրության նմուշներ: Տատիկիս արխիվում պահվում է Նվարդ Թումանյանի եւս մեկ նամակ, որը կներկայացնենք ստորեւ: 

Նամակի բովանդակությունը անձնական է՝ ընկերուհին գրում է ընկերուհուն, սակայն տողերն  այնքան նուրբ ներկայացնում են ժամանակը, միջավայրը, ապրումները հոր՝ Հովհաննես Թումանյանի մահվան օրվա մասին ու ափսոսանքը՝ հայրը կապրեր, եթե չլիներ բժիշկների սխալը…

Նամակը  1947-ին է գրված: Այդ ժամանակ տատիկս՝ ամուսնու՝  իրավաբան, զինվորական Ցոլակ Ավագյանի եւ դստեր (մայրիկիս)՝ ազգագրագետ Իոննա Ավագյանի հետ, Գերմանիայում էր բնակվում. պատերազմի առաջին իսկ օրից զինվորագրված պապիկիս արդեն պատերազմից հետո գործուղել էին Գերմանիա:  
 
***

«Արփիկ ջան !

Լռությունդ ես բացատրում էի նամակներիս՝ քեզ չհասնելու հանգամանքով. պարզվեց, որ շատ ես զբաղված: Ես էլ եմ զբաղված, բայց ոչ թե քաղաքներ պտտվելով, այլ սենյակից սենյակ, թեեւ վերջերս, գարնան գալով, սկսել եմ պարապել: Եթե էդպես շարունակեմ, մի քիչ գոհ կլինեմ ինձանից: 

Երեւանի այգիները սկսել են կանաչել: Շուտով կծաղկի նշենին ու կեռասը: Հետո էլ՝ դեղձն ու ծիրանը. Երեւանի ամենագեղեցիկ, բայցեւ ամենակարճ ժկը ( ժամանակը-խմբ): 

Մարտիրոս Սերգեյիչը (Մարտիրոս Սարյանը- Լ.Ա) վերադարձել է Մոսկվայից: Անցյալ օրը մեզ մոտ էր. շատ հավանեց մեր տան դեմի սարալանջը. պիտի նկարի: Բարեւներդ հայտնեցի, երեկ էլ Լուսիկին (Մարտիրոս Սարյանի կինը, Ղազարոս Աղայանի դուստրը-Լ.Ա.) տեսա , ասի - Հրայրին ու Արամին վաղուց եմ ասել-բոլորից, բոլորից՝ շատ ու շատ բարեւ: Երվանդ Ակ-ինչը շարունակում է այցելել ինստիտուտ եւ աջ ու ձախ ժպտալով բարեւել: Վարպետը (խոսքն Ավետիք Իսահակյանի մասին է-Լ.Ա.) ստալինյան մրցանակը ստացել է արդեն, բայց ես նրանց տանը մեր էն պատմական այցելությունից հետո (հիշում ե՞ս…) մեկ անգամ եմ եղել՝ համագումարի բանկետին. հրավիրել էր: 

Վերջերս լույս է տեսել Լէօ-ի «Անի»-ն. պատուհանները ջարդելով՝ երկու օրում սպառվեց: Քեզ համար էլ եմ գնել. ուզում եմ ուղարկել, եթե ուշանալու ես. կարոտդ ա՛ռ: 

Երեկ քեզ «Գրական թերթ»-ի վերջին N  (համարը-Լ.Ա.) եմ ուղարկել. հոդված ունեի- կարդա: Մի՞թե մեր թերթերը չես ստանում: Չգիտեմ՝ կհասնի թե չէ: Խնդրում եմ ստանալդ անմիջապես հայտնիր, որ «Անին» էլ ղրկեմ: 

Վերջին ամիսներին գրական աշխարհի զբաղմունքը Թափալցյանի «Պատերազմ» վեպն էր (խոսքը գրող Քրիստափոր Թափալցյանի մասին է- Լ.Ա.). շատ քննադատեցին-խոսեցին-գրեցին եւ բավական խփեցին. ես դեռ չեմ կարդացել: Կարինյանը (Արտաշես Կարինյան, գրականագետ, պատմաբան-Լ.Ա.) ավելի մեղմ մոտեցավ. :  Ա. Ինճ (գրող Արամ Ինճիկյան-Լ.Ա.) պաշտպանի դերում հանդես եկավ: Գրողին  չ՛պետք է էդքան խիստ քննադատել. դրականը միշտ պետք է նշել: Շատ հարձակվեցին. ինչեւէ: Անցավ: 

Արփիկ ջան, էսօր ինձ համար ծանր ու տխուր օր է. մարտի 23-ն է՝ հայրիկի կյանքի վերջին օրը…Առհասարակ, միշտ էլ հայրիկի հետ եմ, բայց էս օրերը առանձնապես սուր եմ ապրում: Հիշում եմ ամեն մի ժամը, ամեն խոսք ու արտահայտություն- եւ ցավ, ցա՛վ եմ զգում, որ չկա, մինչդեռ կարող էր լինել, եթե ճիշտ բուժում լիներ…
Ինչեւէ. անց կացա՛վ-ասելով՝ ոչինչ չի լինում, բայց օր օրի ավելի է մեծանում նրա բացը  եւ ավելի է սրվում ափսոսանքը, որ չկա: Ինչպես ինքն էր ասում ու զգում էր «կորուստը հրեշային կլինի» -մահացավ…ու եղավ…
Նվարդ Թումանյանը Նվարդ Թումանյանը


Քեզ հետաքրքրում է Նաիրին (խոսքը Նաիրի Զարյանի մասին է, որի հետ տատիկս շատ մտերիմ էր-Լ.Ա.). նա իր Անժիկի հետ գնաց Մոսկվա, հետո Թիֆլիզ, մի շարք շրջագայություններ տվեց. հիմա  Երեւան է: Անժիկն էլ «Աօկս»-ում է աշխատում: Երեկ թանգարանում Հրայրին ու Էդվարդին տեսա: Հրայրը նամակդ չի ստացել: Խոսք եղավ քեզնից: Ես ասի, որ Արփիկը իր լայն սրտով ու պոետիկ բնավորությամբ շատ-շատերից է բարձր: Եվ, առհասարակ, ամեն մարդու մեջ ես բարձր եմ գտնում մարդը եւ մարդկայինը: Նա ինձ հետ համաձայնվեց: Նրա քեֆը վատ չէ: Ռուբենը գնացել է Թիֆլիզ-Բագու: Դռնոյանը նոր է վերադարձել, հետը շատ բան է բերել: Բոլորն էլ հարցնում էին, թե չի՞ տեսել արդյոք Ցոլակին: Իսկ դուք շարունակ ճանապարհորդում եք: Այս անգամ մի քիչ երկար գրեցի, բայց քանի որ պատրաստվում եք գալու, գուցե եւ տեղ չհասնի: 

Մայրիկը գնացել է Թիֆլիս, գուցե միառժամանակ մնա այնտեղ. բնակարանի պատճառով: Ես էլ մեկ տրամադրվում եմ, մեկ էլ մինիմումի պատճառով դիսերտացիաս հետաձգում եմ: Եթե Խ.Ս-իչը չխանգարեր, ես 1938  թ. արդեն պաշտպանած կլինեի (1955 թվականին «Թումանյանի կապերը ռուս գրականության հետ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել եւ ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան-L.Ա.): Ինչեւէ: Հիմա բոլորին ժամկետ են դրել պաշտպանելու.  ինքն էլ է սկսել: 

Նոնըչկայիցդ (մայրիկիս անունը Իոննա էր, սակայն նրան Նոնա էին ասում –Լ.Ա.) բան չես գրում, թե ինչպես է զգում իրեն, ի՞նչ է ասում, ի՞նչ է անում: Մուշեղից (Նվարդ Թումանյանի ամուսինը-Լ.Ա.) եւ ինձանից շատ բարեւներ Ցոլակին եւ քեզ: Գրիր շուտ-շուտ: 

Համբուրում եմ: 

Նվարդ

23. III, 1947 թ. 

Լիլիթ Ավագյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին