Սեղմում ես անցյալի կոճակը՝ եւ 58 ժամացույց շշուկով պատմում են ժամանակի կանգնած ակնթարթների մասին։ Գրականության եւ արվեստի թանգարանում (ԳԱԹ) բացվել է «Հիշողության սլաքներ» ժամանակավոր ցուցադրությունը, որտեղ ցուցադրվում են մեր մեծերի ժամացույցները։ Դրանք ժամ ցույց չեն տալիս, այլ պահում են այն հիշողությունները, որոնք, թերեւս, կենսագրությունների մաս չեն կազմում։
Գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյան.
«Հարցումների միջոցով պարզեցինք, որ մեր այցելուների մոտ երբեմն զարմանք են առաջացնում հուշային առարկաները: Այսինքն՝ ակնկալում են այս թանգարանում տեսնել միայն գրականության առնչվող նյութեր՝ ձեռագրեր, փաստաթղթեր, նամակներ։ Այստեղից էլ գաղափար առաջացավ ունենալ առանձին ժամանակավոր ցուցադրությունների սրահ, որտեղ ժամանակ առ ժամանակ կցուցադրենք տարբեր իրեր»։

Լուսանկարը` Մեդիամաքս
Գրականության եւ արվեստի թանգարանն իր արխիվային ֆոնդում ունի շուրջ երկու միլիոն հուշային իրեր՝ հագուստ, գրիչներ, զարդեր, կահույք եւ այլն։

Լուսանկարը` Մեդիամաքս
Սկզբում թանգարանը նախատեսել էր ցուցադրել միայն սեփական հավաքածուի ժամացույցները, բայց հինգ այլ թանգարանների հետ համագործակցության շնորհիվ ցուցադրությունը համալրվեց, եւ այցելուները կարող են տեսնել Ավետիք Իսահակյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Մարտիրոս Սարյանի, Արամ Խաչատրյանի ժամացույցները, ինչպես նաեւ Կոմիտասի աշակերտ Արմենակ Շահմուրադյանի վազքի ժամացույցը։

Լուսանկարը` Մեդիամաքս
Որոշ ժամացույցների սլաքները կանգ են առել ճակատագրական վայրկյանին։ Դերենիկ Դեմիրճյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի ընտանիքի անդամները կանգնեցրել են դրանք այն պահին, երբ գրողն ու կոմպոզիտորը հրաժեշտ են տվել կյանքին։

Լուսանկարը` Մեդիամաքս
Ցուցադրված ժամացույցներից միայն մեկի սլաքներն են շարունակում ընթացքը։ Բարսեղ Կանաչյանի մեխանիկական ժամացույցն աշխատում է անշեղ ճշգրտությամբ։

Լուսանկարը` Մեդիամաքս
Երբեմն ցուցանմուշները ներկայացնում են ոչ միայն տիրոջ, այլեւ արտադրողի ճակատագիրը։ Հովհաննես Թումանյանի ընտանիքին պատկանող պատի ժամացույցը արտադրած գերմանական «Պոլ Բեյքեր» ընկերությունը Երկրորդ աշխարհամարտից հետո դադարել է գործել։

Լուսանկարը` Մեդիամաքս
Ժամացույցների մի մասի դարձերեսին ընծայագրեր կան։ Ոմանք գրված են ոսկյա տառերով, ոմանք՝ սեղմ ու պարզ բառերով, բայց բոլորն ունեն նույն նպատակը՝ պահել հիշողությունը։

Լուսանկարը` Մեդիամաքս
Սյուզաննա Խոջամիրյան. «Ռաֆայել Պատկանյանի ժամացույցի դարձերեսին գրված է. «Գամար Քաթիպայի 35-ամյակին, Փարիզի հայ ուսանողներից»։ Այդպիսի գրությունները հարցեր են առաջացնում. ովքե՞ր էին այդ ուսանողները, ինչպե՞ս էին դրամահավաք կազմակերպել, ինչո՞ւ ընտրեցին հենց այս ժամացույցը»։

Լուսանկարը` Մեդիամաքս
Այս հարցերի պատասխանները թաքնված են ժամանակի մեջ, որն էլ կանգ է առնում այնտեղ, որտեղ սկսվում է հիշողությունը։
Ցուցադրության հովանավորը հայկական «AWI International» ժամարտադրական ընկերությունն է: Գրականության եւ արվեստի թանգարանnւմ այս գործըներությունը շատ են կարեւորում:

Լուսանկարը` Մեդիամաքս
Սյուզաննա Խոջամիրյան. «Մեր մեծերը կրել են միայն արտասահմանյան արտադրության ժամացույցներ՝ շվեյցարական, գերմանական, ֆրանսիական։ Հայկական ժամարտադրություն այն տարիներին պարզապես գոյություն չուներ։ Ցուցադրությունը, բացի անցյալի արձանագրում լինելուց, դառնում է նաեւ առիթ՝ խոսելու ժամացույցի մշակույթի մասին։ Նախատեսում ենք կազմակերպել հանդիպումներ եւ քննարկումներ, որոնք կանդրադառնան ինչպես ցուցադրությանը, այնպես էլ հայկական ժամարտադրությանը»։
«Հիշողության սլաքներ» ժամանակավոր ցուցադրությունը կգործի մինչեւ հուլիսի 30-ը։
Աստղիկ Հովհաննեսով
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: