«Լրտես» ճանաչվելուց երկու տարի առաջ. Զապել Եսայանի անտիպ նամակները Վահան Թեքեյանին - Mediamax.am

exclusive
176 դիտում

«Լրտես» ճանաչվելուց երկու տարի առաջ. Զապել Եսայանի անտիպ նամակները Վահան Թեքեյանին


Վահան Թեքեյանը
Վահան Թեքեյանը
Զապել Եսայանը
Զապել Եսայանը

1977 թվականին լույս տեսած Զապել Եսայանի (1878-1943) նամակների ժողովածուն կազմել է գրականագետ Արփիկ Ավետիսյանը՝ տատիկս:

Գրքի վերջին՝ 175-րդ նամակը, գրված Երևանից 1935 թվականին, հասցեագրված է  Հակոբ Օշականին.

«Գրողներու, արտիստներու և այլ կարգի մարդոց համար Խորհրդային իրականությունը, առանց չափազանցության, երկրային դրախտ է: Մենք ամենքս երես առած մարդիկ ենք. մեր նյութական և այլ խնդիրները առարկա են կառավարական հոգածության: … Չի կարծեք բնավ, որ պրոպականտի նպատակներով է որ կը գրեմ այս տողերը.  ես կը կարծեմ, թե երկուսս ալ բավականին հին ծանոթներ և բարեկամներ ենք և բավականին հասունացած մարդիկ ենք թեթևամտությամբ վարվելու համար այսքան լուրջ խնդիրներու մեջ: …Սոսկումով կը հիշեմ իմ արտասահմանյան կյանքս, ուր ամեն կարգի նյութական և այլ դժվարություններու հետ ինքզինքս կզգայի կաշկանդված և այնպիսի օրերու, երբ չէի գիտեր , թե ինչպե՞ս տանս վարձքը պիտի վճարեմ կամ իմ առօրյա ծախքերս դիմավորեմ: Թշվառականներ կային, որ կը գրեին, թե կաշառված եմ…Բայց թողնունք այս բոլորը: Այժմ բավական հարուստ եմ մանավանդ բարոյապես՝ լայնասրտությամբ հիշելու համար այն թունավոր մթնոլորտը, ուրկե վերջապես դուրս եկա» ( Զապել Եսայան, Նամակներ, Երևան,  1977, էջ 307-308):

Զապել Եսայանը Խորհրդային Միության հրավերով Հայաստան էր տեղափոխվել 1933-ին, Երևանի պետական համալսարանում գրականություն էր դասավանդում: 1937թ․հունիսի 27-ին  ձերբակալվել է` որպես օտարերկրյա լրտես:  


Զապել Եսայանի հետ նույն խցում գտնվող դատապարտյալ Աշխեն Սիմոնյանի վկայությունն է. «1937-ին ինձ բանտարկեցին, բերեցին ներկայիս ՊԱԿ-ի շենքը: Ասացին, որ ձերբակալված եմ, և իջեցրին բանտախուց: Այնտեղից տարան քաղաքային բանտ, հետո նորից բերին ՆԳԺԿ-ի բանտը: Մի անգամ էլ, երբ բերեցին հարցաքննության, ՆԳԺԿ-ի բանտախցում հանդիպեցի Զապել Եսայանին: Գիտեի, որ անվանի գրող է: Տիկին Զապելին անընդհատ կանչում էին հարցաքննության: Վերադառնալուց հետո ծիծաղում էր, դառն հումորով ասում. «Այնպիսի անհեթեթ հարցեր են տալիս, որ զարմանում եմ, թե ինչպե՞ս են հորինում»: Մի անգամ էլ նրան տարան հարցաքննության, բայց վերադարձավ երկու օրից միայն: Ոտքերը սարսափելի այտուցված էին: Երկու օր նստեցրել էին մի բարձր տեղ և ստիպել ոտքերը կախ գցել: Այսպես տանջել էին, պահանջելով ստորագրել, որ լրտես է: Հերոսաբար դիմացել էր: Այնպիսի վիճակում էր, որ չէր կարողանում անգամ նստել»:

Ինչու՞ է Զապել Եսայանի նամականու վերջին նամակը 1935 թվականին, երբ  Զապել Եսայանի մահվան տարեթիվ է համարվում 1943-ը (մահվան ստույգ հանգամանքներն անհայտ են, որպես մահվան տարեթիվ նշվում է նաև 1939-ը, սակայն որպես հիմնական վարկած ընդունվում է թոռան վկայությունը. ըստ այդմ՝ նամականու  վերջին նամակներից մեկը թվագրված է 1943 թ.-ով) :

Թե՛ Արփիկ Ավետիսյանը, թե՛ գրքի առաջաբանի հեղինակ գրականագետ Սևակ Արզումանյանն իրենց խոսքում որևէ հիշատակություն չեն անում 1935-ից հետո Եսայանի ձերբակալության մասին:

Ենթադրում ենք՝ 1977 թ.-ին ստալինյան շրջանի զոհերի մասին հրապարակային խոսքը դեռևս տաբու էր:  

Նամակների ժողովածուն լիակատար համարել չի կարելի, քանի որ կազմողը այդպես էլ գրել է. «Մեր ձեռքի տակ եղած ոչ բոլոր նամակներն են տեղ գտել սույն հատորում (էջ 8 )»:
Զապել Եսայանը Զապել Եսայանը


Ի՞նչ պատճառով կարող էին «ձեռքի տակ եղած» նամակները տեղ չգտնել ժողովածուում, դժվարանում ենք ասել: Կարող ենք եզրակացնել, որ որոշ նամակներ Սփյուռքի խմբագրատներից Խորհրդային Հայաստան են հասել գրքի հրատարակությունից հետո: Այդ մասին վկայում է Փարիզի Նուպարյան մատենադարանի տնօրեն Արտաշես Գարտաշյանի նամակներից մեկը «համեստափայլ տիկին Արփիկ Ավետիսյանին», որը տատիկիս անձնական արխիվում է.

«Այսօր ստացա Ձեր 16 հոկտ. 1970 թուակի նամակը, և ցավով տեղեկացայ թէ չեք ստացել Զապէլ Եսաեանի վերաբերեալ նամակներուն եւ նկարներուն ֆօթօ-պատճէնները» (նոյեմբերի 20,  1970):

Տատիկիս արխիվում Զապել Եսայանի երկու նամակ կա՝ ուղղված Վահան Թեքեյանին, որոնք ընդգրկված չեն ժողովածուում:   

Նամակների բնագրերը, ենթադրաբար, պիտի լինեին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվում, որտեղ պահվում են թե՛ Թեքեյանի, թե՛ Եսայանի արխիվները: Նամակների բնօրինակները չկային ո՛չ մեկի, ո՛չ մյուսի արխիվում: Հավանական է, որ տատիկս նամակները վերծանել է ոչ թե բնագրերից, այլ լուսապատճեն տարբերակներից, իսկ բնագրերը, ենթադրում ենք, Սփյուռքի որևէ արխիվում են:

Մյուս վարկածը, որ Վահան Թեքեյանին ուղղված այս երկու նամակներում եղած որոշակի զգուշավորությունը կարող էր հատորյակում չընդգրկելու պատճառը լինել:    

Որքանո՞վ են տատիկիս վերծանած նամակներն ամբողջությամբ պահպանել բնօրինակի լեզուն՝ արևմտահայերենը, չենք կարող ասել: Հրատարակված հատորյակում նամակներն արևելահայերենով են՝ արևմտահայերենի փոքր «չափաբաժնով»:

***

13 դեկտ., 1934, Երևան

Սիրելի պարոն Թեքեյան,

Ստացա վերջապես ձեր magnifique  գիրքը, «Սեր» քերթուածքներու հատորը, որուն համար մեծապես շնորհակալ եմ (1): Շատոնց կուզեի ձեզ գրել, բայց ձեր որոշ հասցեն (նույնիսկ գտնված երկիրը) որոշ չի գիտնալով, հետաձգեցի: Հիմակ ալ չեմ գիտեր ուր եք: Լսեցի, որ Կիպրոս պիտի երթաք կամ արդեն գացեր եք. թերևս դեռ Եգիպտոս եք: Ամէն պարագային այս նամակս կը ղրկեմ Գալճյանին (2)՝ խնդրելով անկէ, որ ձեզ հասցնե: Թերևս այդպես ալ լավագույնն է մեր հետագա թղթակցութեան համար ինչ-որ կը կարծեմ, թե կլըլլա կանոնավորապես, լավագույն է, որ ինձ տաք միջնորդ հասցե մը Բարիզի մէջ: Այս զգուշութեան միջոցին կը մտածեմ ձեզ համար, ոչ թե ինձ համար: Իսկ եթե ձեզ համար ալ անպատեհութիւն չի կայ, կը խնդրեմ, որ ինձ հաղորդեք ձեր անձնական հասցեն:

Մեծ հաճույքով և գեղարվեստական բարձր վայելքով կարդացի և կրկին կարդացի ձեր բանաստեղծութիւնները, որոնցմե մեկ մասը ինձ ծանոթ էին արդեն: Ես ուրախ եմ ձեզ հայտնելու, որ ես մենակ չէի այդ հիացումին մեջ: Այստեղ շատերուն համար, մանավանդ ռուսերեն կարդացող կարգ մը մարդոց համար դուք եղաք հայտնութիւն մը: Պետք է ըսել, որ իմ բանաստեղծ երիտասարդ ընկերներս արդեն ձեզ կը ճանչնային և բարձրորեն կը գնահատեին ձեր բարձր տաղանդը:

Հայ լեզվով բանաստեղծութիւններու նոր հատոր մը պիտի հրատարակվի ռուսերեն լեզվով: Բառացի թարգմանութիւնները կը կատարեն մեր թարգմանիչներ, բայց վերջնական ձեւակերպումները հանձնված է ռուս առաջնակարգ բանաստեղծներուն: Ձեզմէ ընտրած են մոտ քսան բանաստեղծութիւն, եւ վստահ եմ, որ շնորհիվ ռուսերեն հրատարակութեան ձեր բանաստեղծական տաղանդը կը դառնա միջազգային արժեք, որուն այնքան արժանի եք:

Հույս ունիմ, որ իմ նամակս անվտանգ կը հասնի ձեր ձեռքը, և ինձ կը գրեք երկարորեն ձեր մասին: Ինչպե՞ս է ձեր առողջութիւնը, ի՞նչ են ձեր ծրագիրները,  ինչու՞ չեք փորձեր գոնե իբրև tourist գալ այստեղ: Վստահ եմ, որ կը գտնեք ջերմ ընդունելութիւն: Ես ձեզ կարող եմ նույն իսկ առաջարկել հետեւյալը: Եթե դուք միջոցը գտնեք գալ մինչև սահմանագլուխ, Մոսկվայի կամ Բաթումի ճամբով, որը որ ձեզ համար ամենահարմարն է, և ինձ նախապես իմացնեք այդ մասին, դուք այլեւս ոևէ ծախ<ս> չեք ունենա ընելիք սահմանագլխեն սկսյալ, ուր առաջուց ձեզ պետք եղած դրամը փոխադրուած կըլլա և կամ ուր ձեզ դիմավորող կըլլա:

Ես այս կարող եմ ձեզ ըսել որոշակի և եթե արդեն վստահ չըլլայի, նման առաջարկութիւուն չէի ըներ:

Գալով ինձ, ես շատ գոհ եմ և երջանիկ շատ մը տեսակետներով: Ազատվեցա արտասահմանեան ճահճախուտեն և ազատվեցա նյութական առավել կամ նվազ զսպված հոգերեն: Ամեն կերպերով պաշպանված կզգամ ինքզինքս և անդորր հոգիով և մտքի պայծառութիւնով նվիրված իմ գրական աշխատանքներուն: Ավարտեցի և տպագրութեան հանձուած է «Սիլիհտարի պարտեզները» (3), ուր ամփոփած եմ իմ մանկական հիշողութիւնները գեղարվեստական գրականութեան միջոցներով (ոչ թե պարզ հիշողութիւններ):

Զապել Եսայանի ամենակարեւոր վեպը


Այս միջոցին կը պատրաստեմ ուրիշ վեպ մը՝ «Պառպա Խաչիկ» (4) տիտղոսով, պոլսական կյանքե, ոը կընդգրկե նախապատերազմյան, պատերազմի և ետ պատերազմի շրջանները: Ձեռքիս տակն է նաև հիշողություններու Բ-րդ (2-րդ-խմբ.) հատորը, որը սակայն պիտի գրեմ իբրև հիշողություններ՝ առանց անոնց տալու այն romance ձևը, որը շատ կը հարմարեր մանկական հիշողութիւններուն: Ինձ կը թվի, որ այս երկերով կազատագրվիմ իմ հին նյութերես ու վերջապես ի վիճակի կլլամ գրելու Խորհ. Հայաստանի ներկա իրականութիւնեն: Այն մտապատկերը, որ ունիմ, դժվար է իրականացնել, որովհետև նյութս իմ կարողութիւններես մեծ է, չափազանց լեցուն բազմատեսակ երեսներով և որոնց մեկ համադրութիւնը պետք է կատարել: Վերջապես պետք է փորձել: Յաճախ կը մտածեմ այդ վեպի մասին և իմ բոլոր ժամերս լեցուն են այն հրճվանքով, որ կատարման ընթացքի մեջ եղող երկը մեզ կը ներշնչե:

Չեմ գիտեր, թե առիթ կունենաս տեսնելու Օշականը(5): Եթե այո, իմ սիրալիր բարևները հաղորդե  իրեն և ըսե, որ մեծ հետարքրութեամբ սկսա կարդալ «Մնացորդացը», բայց որ ընդհատվեցավ իմ ճամբորդութեան հետևանքով: Արդեոք կարելի՞ է ստանալ եթե առանձին հատորներով լույս տեսած են և կամ եթե պրակներով կան: Չափազանց գոհ կըլլայի:

Ավելի մանրամասն կը գրեմ ձեզ, երբ ձեզմե նամակ ստանամ և ձեր հասցեն և կամ միջնորդ հասցե մը: Սպասելով այդ հաճելի պահին ՝ կը ղրկեմ իմ լավագույն զգացումներս և սիրալիր բարևներ:

Ձերդ Զապել Եսայան

Իմ հասցեն է
Գրողներու տուն

12 սեպտ., 1935, Երևան

Սիրելի պարոն Թեքեյան

Ի պատասխան իմ հեռագրի, ստացա  ձեր 23 օգոստ. թվի նամակը: Չեմ կարող հասկանալ, թե ի՞նչպես իմ վերջին նամակս կորած է, որովհետև մինչեւ մեր սահմանը ոևէ նամակ չի կորսվիր: Վերջապես եղածը եղած է և քանի որ այդ դժբախտ նամակեն անկախաբար, դուք ուրիշ պատճառ ունիք այս տարի չի կարենալ ճամփորդել, այդ կորուստը մեծ բան չէ (7):
Վահան Թեքեյանը Վահան Թեքեյանը


Ինչ կարող եմ ձեզ հավաստիացնել, այն է, որ մեծ սիրով և հարգանքով ձեզ կընդունինք այստեղ երբ կարենաք գալ: Կը գնահատեն և կը սիրեն ձեր բանաստեղծական տաղանդը (իմ խոսքը չեմ ըներ, որովհետև այդ դուք գիտեք) և մեծ հրճվանքով անդրադարձա, որ իր բոլոր մանրամասնութիւններուն մեջ ձեր բանաստեղծութիւնները կը գնահատեն իրենց ճշմարիտ և բարձր արժանիքներուն մեջ և ոչ թե մղուած կողմնակի հանգամանքներե: Եւ այդ ցույց կուտա, թե վերջի տարիներուն մեջ ինչքան մեր գրական հասարակայնության ճաշակը և ըմբռնումը զարգացած է:

Կը սիրեն  նաև ձեր հպարտութիւնը և անձնական արժանաւորութեան բարձր զգացումը ու զարմանալի կերպով, հեռուեն, ձեր տողերու ընդմեջեն ճիշտ կը գնահատին ձեր նկարագրի գիծերը: Վերջապես, ջերմորեն կը յուսամ, որ հառաջիկա տարի կարող կըլլաք կատարել ծրագրուած ճամբորդութիւնը և անձամբ առիթ կունենաք հաստատելու, թե իմ գրածներու մեջ ոչինչ չկա չափազանց,-այլ ընդհակառակը,- այն տաք և հաճելի մթնոլորտի մասին, որու մեջ ապրելու սահմանուած ենք  և ուր այդ միշտ երանութեամբ կը մտաբերեմ- կը յուսամ, թե աչքերս կը փակեմ ընդմիշտ, շրջապատուած ամբողջ ժողովրդի որդիական և եղբայրական թրթռուն զգացումներով: Բայց առայժմ դեռ աչքերս փակելու դիտաւորութիւն չունիմ. ընդհակառակը, մեծ մեծ բացած եմ աչքերս և գրեթե պատանեկական եռանդով կաշխատիմ, կուսումնասիրեմ և կաշխատիմ համոզված ըլլալով, որ այստեղ է, բարեհարմար պայմաններուն մեջ և հարազատ միջավայրի մեջ, որ պիտի տամ իմ հիմնական երկը: Շատ մեծածավալ ծրագիրներ ունիմ, զորս մտքովս շատ լավ կընդգրկեմ և որոնց գործադրութիւնը սակայն, միայն ժամանակի խնդիր չէ: Քառասուն տարիե ի վեր գրական ասպարեզի մեջ եմ, բայց միայն այս վերջի երկու տարիներու ընթացքին է, որ հնարավորութիւն ունեցա ինքնամփոփվելու, ու կշռելու և չափելու իմ ներքին հնարավորութիւններս, քննելու այնքան իմ գրական ուժերս, որքան թերութիւններս, և ըմբռնելու, թե ի՞նչ կարող եմ, ի՞նչ տեղ կարող եմ գրավել մեր գրականութեան մեջ, ոչ միայն ներկային, այլ և գալիք ժամանակներու մեջ:


Առողջութիւնս լավ է, տրամադրութիւնս՝ սքանչելի, երկու զաւակներս նի ինձ մոտ են (8), որոնք իրենց կագին գոհ են և լավ տրամադրված, ներկան և ապագան ապահոված է, և մեծբախտավորութիւն ունեցա մեծ մայրիկ դառնալու, ունենալով թոռնուհի  (Հրանտին երեխան), որուն սիրուն դեմքին վրա մշտնջենական ժպիտը, կարծեմ, ամեն անգամ գերագույն երջանկութեան խոստում մըն է (9) : Միակ բանը, ուրկե կնեղվինք, բնակարանային պայմանները, լուծվեցավ ինձ համար: Ստացա բնակարան մը նոր շինվող շենքի մը մեջ (բարեգործականի կառուցածը), իր բոլոր հարմարութիւններով  և ուր հույս ունիմ ձեզ կը հյուրասիրեմ առաջիկա տարի, երբ Հայաստան այցելեք: Եվ արդեն հիմակուց կերեւակայեմ մեր խոսակցութիւնները, պատշգամին վրայ, մեր դեմ ունենալով հավերժական Արարատը: Էֆ, կյանքը այնքան ալ վատ չէ, միայն թե այսպես տեւե որքան կարելի է երկար: Այժմ պտղավոր աշուն է, մինչև գրեթե հունվար ամիսը կունենանք շողշողուն արեգակ, առատութիւն և նոր նոր բարձունքներ գրավելու ոգեւորութիւնը: Ժողովուրդը հանգիստ է և ուրախ. կին այր ճերմակ հագնված են. քաղաքի  երեւույթը բոլորովին փոխուած է: Շուտով լույս կը տեսնե իմ մանկութեան յիշողութիւնները «Սիլիհտարի պարտեզները» անունով: Ձեզ և Օշականին մեկ մեկ օրինակ կը ղրկեմ: Կը յուսամ, որ իմ շատախոսութիւններուս փոխարեն ինձ կը գրեք՝ երկար խոսելով ձեր կյանքին ու գործերու մասին:

Ձերդ սիրով ու հարգանքով՝ Զապել

Լիլիթ Ավագյան

***

Ծանոթագրություններ

1. Խոսքը 1933 թ.-ին , Փարիզում հրատարակված Թեքեյանի բանաստեղծությունների «Սէր» ժողովածուի մասին է:
2. Չկարողացանաք պարզել՝ խոսքը ո՞ր Գալճյանի մասին է; Ենթադրաբար՝ բանաստեղծ, մանկավարժ, Ներսիսյան դպրոցի շրջանավարտ  Աբրահամ Գալճյանի մասին է:
3. Զապել Եսայանի ինքնակենսագրական վեպն է, որը երկու անգամ հրատարակվել է նրա կենդանության օրոք, 1935-ին՝ Երևանում, 1939-ին՝ Կահիրեում:  
4. Խոսքը Զապել Եսայանի «Բարպա Խաչիկ» վեպի մասին է,  «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1966:
5.Խոսքը Հակոբ Օշականի մասին է:
6. Հակոբ Օշականի եռահատոր վիպաշարն է: Լույս է տեսել Կահիրեում` 1-ին և  2-րդ հատորները՝ 1932-ին,  3-րդ հատորը՝ 1934-ին:
7. 1934-1935  Թեքեյանն աշխատում է Կիպրոսի Մելքոնյան վարժարանում: 1935-ի ամռանը ցանկանում էր գալ Հայաստան և անգամ կյանքի վերջին տարիներին հաստատվել Խորհրդային Հայաստանում:
8. Զապել Եսայանի դուստրը՝ Սոֆին, և որդին՝ Հրանտը, եկել էին Խորհրդային Հայաստան: Սոֆին աշխատում էր Հանրային գրադարանում՝ որպես եվրոպական գրականության բաժնի վարիչ: Հրանտը քիմիկոս էր:
9. Հրանտ Եսայանը (1910-1982)  ու նրա կինը՝ Բերկրուհին, երկու զավակ ունեին՝ Սոնան և Վահրիկը: Սոնան վաղ մահացավ: Վաղ մահացան նաև Բերկրուհին և Վահրիկը: Վերջինիս ֆիզիկայի բնագավառի աստղ էին համարում: Հրանտ Եսայանը զբաղվում էր սինթետիկ կաուչուկի ստացման տեխնոլոգիայի հարցերով, մի քանի գյուտերի հեղինակ էր: Սոֆի Եսայանը կյանքի վերջին տարիներին աշխատում էր ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտում, զբաղվում էր մոր գրական ժառանգության վերականգնման, հրատարակման գործերով:  




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին