«Սովետական Հայաստանը բոլոր հայերի մայր-Հայրենիքն է, ուր ամեն մի հայ իրավունք ունի ապրելու, վայելելու հայրենիքի քաղցրությունը, աշխատելու և ստեղծագործելու իր հայրենի տան համար, հայրենի նվիրական կտուրի տակ»: Հայաստանի խորհրդայնացման 25-ամյակին գրող Ավետիք Իսահակյանն արդեն իսկ մամուլում ակնարկում էր հայրենադարձության անհրաժեշտության մասին («Սովետական Հայաստան», 1945, N5):

Եվ դրա համար արդեն կային քաղաքական նախադրյալներ:
Երկրորդ աշխարհամարտից հետո հաղթանակած Խորհրդային Միությունը հավակնում էր ընդլայնել ազդեցության գոտիները ոչ միայն Արևելյան Եվրոպայում, այլև Թուրքիայում, Իրանում։ Սևծովյան նեղուցներ դուրս գալու ծրագրում դիտարկվում էր Կարսի, Արդահանի նահանգները Հայաստանին և Վրաստանին միացնելու հարցը։
Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջը համոզիչ դարձնելու համար Խորհրդային Ռուսաստանը որոշել էր օգտագործել Ցեղասպանությունից հետո աշխարհի տարբեր երկրներում հայտնված հայերի՝ հայրենիք վերադառնալու խաղաքարտը։ Դաշնակից տերություններին՝ Մեծ Բրիտանիային և ԱՄՆ-ին, պետք էր հիմնավորել, որ Թուրքիայի հանդեպ հողային պահանջը ոչ թե ագրեսիա է, այլ Առաջին համաշխարհայինի ժամանակ հայերի կորցրած իրավունքների վերականգնում։
Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն Խորհրդային Միության տարածքային պահանջներին կասկածամտորեն էին վերաբերվում՝ պնդելով, թե այս կերպ ԽՍՀՄ-ը ցանկանում է իրականացնել իր զավթողական ծրագրերը (Գ. Լազյան, «Հայաստան և Հայ Դատը», Կահիրե, 1946, էջ 333):
Հեռագիր մարշալ Ստալինին
1945 թվականի հունիսի 26-ին, Էջմիածնում օծվելուց հետո, Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Չորեքչյանի գլխավորությամբ՝ եկեղեցական խորհրդի անդամները հեռագիր են ուղարկում «ՍՍՌՄ ժողկոմսովետի նախագահ մարշալ Ստալինին».

«Ձեր շնորհիվ իրականացված է հայ ժողովրդի ազատագրությունը և հայկական պետականության վերածնումը, և մենք հաստատ հավատացած ենք, որ Ձեր օժանդակությամբ կիրականանան ճնշման ու հալածանքների հետևանքով տարագիր դարձած արտասահմանյան հայերի իղձերը, և նրանք կվերադառնան իրենց Հայրենիքը՝ Սովետական Հայաստան» («Էջմիածին» հանդես, 1945, հունիս-հուլիս):

Խորհրդային Հայաստանում հույսի մեծ ալիք կար՝ հարյուր-հազարավոր հայրենակիցների վերադարձ Հայրենիք, նաև կորցրած տարածքների վերադարձ:
Հայաստանի խորհրդայնացման 25-ամյակին, հիմք ընդունելով արտասահմանում ապրող, սակայն հայրենիք վերադառնալու ցանկություն ունեցող հայերի դիմումը, 1945 թվականի նոյեմբերի 21-ին Ստալինն իր համաձայնությունն է տալիս:
«Ի նշանավորումն Հայաստանում սովետական իշխանության հաստատման 25 ամյակի՝ ՍՍՀ Միության Ժողովրդական Կոմիսարների խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Նկատի առնելով արտասահմանում ապրող հայերի՝ հայրենիք՝ Սովետական Հայաստան վերադառնալու թույլտվության մասին դիմումները և Հայկական ԽՍՀ ղեկավարող մարմինների միջնորդությունը, թույլատրել Հայկական ԽՍՀ Ժողովրդական Կոմիսարների Խորհրդին կազմակերպել արտասահմանյան երկրներում ապրող, ցանկություն հայտնող հայերի վերադարձը։
2. Ընդունել Հայկական ԽՍՀ կառավարության՝ ՀԽՍՀ ԺողԿոմԽորհին կից ներգաղթող հայերի ընդուման և տեղավորման Կոմիտեի ստեղծման մասին առաջարկը։

3. Հայկական ԽՍՀ Ժողովրդական Կոմիսարների Խորհրդին հանձնարարել ապահովել հայրենիք վերադարձող հայերին անհատական բնակարանշինության համար պետական վարկով՝ բնակելի տան արժեքի 50 %-ի չափով։
4. Արտասահմանից ԽՍՀՄ վերադարձող հայ քաղաքացիներին բնակության նոր վայր իրենց պատկանող ունեցվածքը բերելու համար մաքսատուրքից ազատել։
Ստորագրում են՝
ԽՍՀՄ ԺողԿոմԽորհի նախագահ Ի. Ստալին
Կոնդակով դիմում դաշնակիցներին
1945 թ.-ի հոկտեմբերի 25-ին, արդեն ունենալով Ստալինի համաձայնությունը, Ամենայն հայոց կաթողիկոսը կոնդակով դիմում է ԽՍՀՄ, Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ կառավարություններին՝ պատմական արդարությունը վերականգնելու՝ հայկական հողերը Խորհրդային Հայաստանին վերադարձնելու ու այդ հողերին էլ հայրենադարձներին վերաբնակեցնելու հորդորով.
«Արտասահմանյան հայության ճակատագրի մասին մեր հոգատարությունը և նրանցից ստացած բազմաթիվ նամակներն ու հեռագրերը մեզ մղեցին դիմելու երեք մեծ տերությունների ղեկավարներին՝ Ստալինին, Տրումենին և Էտտլիին , խնդրելով վերացնել բազմաչարչար հայ ժողովրդի վերաբերմամբ թույլ տրված պատմական մեծ անարդարությունը: Մեր դիմումով մենք խնդրում ենք Թյուրքիայից վերցնել նրա կողմից բռնի կերպով զավթված և այժմ ամայի հողերը, վերադարձնել նրանց վաղեմի տերերին և այդ հողերը միացնել Սովետական Հայաստանին» («Սովետական Հայաստան», N 5, 1945 ):

Փաստաթղթում նշված է, թե Մեծ եղեռնից հետո «ի լրումն հայ ժողովուրդի գլխին եկած դժբախտությունների, թուրքեր 1920 թվին ուխտադրուժ կերպով հարձակվեցին ու խլեցին Հայաստանի կարևոր կենսական մասերը` Ղարսը, Արտահանը, Սուրմալուն: Սովետական նորածին Միությունը ազատեց հայկական պատմական հողերի մի փոքր մասը, որով փրկեց նա այնտեղ ապրող հայերին վերահաս բնաջնջումից: Այսպեսով ստեղծվեցավ Հայկական Սովետական Ռեսպուբլիկան» («Էջմիածին», 1945, նոյեմբեր-դեկտեմբեր ):
Դաշնակից տերությունները Պոտսդամի կոնֆերանսում (1945 հուլիսի 17-ից՝ օգոստոսի 2) չընդունեցին Խորհրդային Միության ծրագիրը. տարածքային ակնկալիքները մերժվեցին: Սակայն Խորհրդային Հայաստանում հայրենադարձությունը կազմակերպելու հարցը քաղաքական, տնտեսական օրակարգ էր դարձել:
Գրիգոր Հարությունյանի ճառը եւ Սվազի հայերի բողոքը
Արդեն 1946 թվականի փետրվարին Հայաստանի ու Սփյուռքի գրեթե բոլոր թերթերը արտատպում էին «Ընկեր Գրիգոր Հարությունյանի ճառից՝ արտասանված Երևանի ընտրական օկրուգի ընտրողների նախընտրական ժողովում»:
Ըստ այդմ՝ Ստալինի «պատմական որոշումից» հետո՝ Հունաստանից արդեն իսկ հերթագրվել է 8000, Թեհրանից՝ 17 000, ԱՄՆ-ից՝ 32 000, Սիրիայից և Լիբանանից՝ 50 000: Ֆրանսիա, Ռումինիա, Բուլղարիա, անգամ՝ Թուրքիա…(«Սովետական Հայաստան», փետրվարի 3, 1946):

Եթե Ստամբուլի հայերը ԽՍՀՄ հյուպատոսարանում հերթագրվում էին՝ Հայաստան գալու նպատակով, Սվազի հայերը բողոքում էին դրա դեմ.
«Ոչ մե խելահաս կմեկնե Թուրքիայէն» վերտառությամբ հոդվածը այդ մասին էր.
«Սվազի հայերուն մեջ սրտմտութիւն առաջ բերած է այն լուրը, թէ Իսթամպուլաբնակ կարգ մը Հայեր սովէեթ հիւպատոսարանը արձանագրուած են՝ ռուսական հայաստան երթալու փափաքով: Ասոնք բուռն կերպով կը բողոքեն այն Հայերուն դեմ, որոնք ոսկեզօծ խոստումներէ տարուելով՝ կ՛ուզեն Ռուսիա երթալ: Այս առիթով տեսակցեցանք Սվազի կարգ մը Հայերուն հետ, որոնցմէ ներկարար Ասատուր, դերձակ Հայկազ Պալճը, մանիաթուրայի վաճառական Մելգոն Կեզիրօղլու, երկաթագործ Արթին, պղնձագործ Վահան եւ ջազղացպան Յակոբ իրենց բողոքը յարտայայտած եւ ի մեջայլոցասած են. «Գացողը բարի երթայ, մենք մտքե անգամ չենք անցներ ուրիշ երկիր երթալ, հո՛ս պիտի մեռնինք: Մենք այս երկրին զաւակներ ենք, հո՛ս են մեր հայրերը, մեր մայրերը, մեր հողերը» («Մարմարա», Կ.Պոլիս, թիւ 1144, 1945, 29 դեկտեմբեր):

Ավելի ուշ Կարսն ու Արդահանը Խորհրդային Միությանը վերադարձնելու թեմային անդրադարձավ Թուրքիայի վարչապետը.
«Կարսի և Արտահանի մասին Թուրքիոյ վարչապէտ Սարաճօղլուի կողմէ թուրք թերթերուն արուած բացատրութիւնները մեզ կը շահագրգռեն իբրեւ հետաքրքիր դէպք մը: Կարսի եւ Արտահանի վերաբերեալ թրք. իրաւունքները հիմնավորելու նպատակով Սարաճօղլու «այդ վայրերուն մէջ ոչ մէկ հայ կայ» կ՛ըսէ եւ այդ կերպով Միջազգային Դրութեան մարզին մէջ բոլորովին նոր դրութեան մը կը դիմէ: Մեր կողմէ իրեն կրնանք հարցնել. «1916-ին 100 հազար հայեր կային հոն, ի՞նչ եղան անոնք: Ո՞վ է յանցավորը, որ եթե այլեւս հոն չեն գտնուիր այդ Հայերը»: Կը նշանակէ թե բարոյական և իրավական տեսակէտով ոևէ հողամասի վրայ իրավունք շահելու համար բաւական է եղեր բնակչութիւնը տապարէ անցնէլ (կացնահարել-խմբ.) և պնդել, թէ իրեն կը պատկանին այդ հողերը» («Մարմարա», Կ.Պոլիս, 1946, փետրվարի 7):
«Ազդարարի»-ի անդրադարձը
Խորհրդային Հայաստանում փորձում էին միավորել բոլոր ուժերը՝ հայրենադարձությունը հավուր պատշաճի կազմակերպելու համար:
Ահա Բեյրութի «Ազդարարի»-ի անդրադարձը Գրիգոր Հարությունյանի ելույթին.
«Արտասահմանում ունինք մօտ մեկ միլիոն ազգակիցներ աշխարհի չորս ծագերում տարտղնուած: Բոլորն էլ ցանկանում են հայրենիք վերադառնալ: Ներկա պայմաններում մենք չենք կարող գոհացում տալ բոլորին: Հակառակ մեր գիւղատնտեսութեան, տնտեսութեան հսկայական վերելքին, եթե նույնիսկ գերմարդկային ջանքեր թափենք, մէր սահմաններէն ներս առավելագոյնը 35-40 հազար ազգակիցներ կրնանք ընդունիլ: Ի՞նչ պետք է ընել մնացողներին: Մերժե՞նք միւս ցանկացողներին: Ամենեւին, մենք չենք ուզում եւ չենք կարող մերժել արտասահմանի մեր քոյրերի եւ եղբայրների փափաքը: Մեզ կը մնայ բարոյական կորովի ուժով Թուրքիայից պահանջել խլուած հայկական հողամասերը, որպէս զի հնարավորութիւն տրուի արտասահմանի բոլոր ազգակիցներին հայրենիք վերադառնալ ու ապրիլ իրենց հայրենի հողի վրայ» («Ազդարար », Բեյրութ, 1946, փետրվարի 9, N 171):

Խորհրդային Հայաստանում հայրենադարձների ընդունման հետ կապված աշխատանքները համակարգելու համար Հայկական ՍՍՌ Ժողովրդական կոմիսարների խորհրդին կից ստեղծվում է «Արտասահմանից ներգաղթող հայերի ընդունման և տեղավորման կոմիտե», որի նախագահ է ընտրվում Բ. Աստվածատրյանը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ցանկացողների թիվը շատ մեծ է, որոշվում է 1946 թվականին ընդունել միայն 28 800 մարդ։
Միայն 1946-ին նախատեսվեց կառուցել 135 000 քմ բնակելի տարածություն, որից 40 000 քմ-ն՝ գյուղական վայրերում: Համապատասխան մարմիններին հանձնարարվեց եղած բնակֆոնդից առանձնացնել և վերանորոգել 3 000 քմ տարածք և կառուցել 3 նոր ավան՝ յուրաքանչյուրը 200 տնտեսության համար («Սովետական Հայաստան», 1946, հուլիսի 12):
Արտաշատի աշխատավորների նամակը
Հայրենակիցներին իրենց օգնությունն էին առաջարկում նաև աշխատավորները.
«Մենք՝ Արտաշատի շրջանի աշխատավորներս, որոշել ենք ստեղծել արտասահմանից վերադարձող հայերի տեղավորմանն օգնելու ֆոնդ, այդ նպատակով միանվագ տալով բանվորների ու ծառայողների 4-5 օրվա աշխատավարձը և յուրաքանչյուր աշխատունակ կոլտնտեսականի խնայողություններից որոշ գումար: Մենք արդեն հավաքել ենք ավելի քան մեկ միլիոն ռուբլի, շրջանի 44 գյուղերում և շրջկենտրոնում առանձնացրել ենք 569 սենյակ՝ վերադարձող հայերին տեղավորելու համար: Սկսել ենք 186 նոր բնակարանի շինարարություն: Մենք կոչ ենք անում հանրապետության բոլոր աշխատավորներին, մտավորականությանը՝ հետևել մեր օրինակին» («Սովետական Հայաստան», 1946, ապրիլի 5):
«Հայր մը կը գրէ իր զաւկին. «Անմիջապէս ցուցակագրվիր Հայաստան գալու: Ոչ մի բանի մասին մտածելու կարիք չկայ: Պետութիւնը անձնական բնակարան շինելու ամբողջ ծախսի 50 առ հարիւրը վերցնում է իր վրայ եւ ձեզ հետ բերած գոյքը ազատում է մաքսավճար տալուց: Տանդ գումարով գնիր փոխադրելու համար հեշտ եւ թանկարժէք իրեր, ինչպէս՝ կտորներ բրդի, բամպակի, լաւ տէսակ կաշւեղէն , թանկարժէք քարեր, մեքենաներ, ժամացոյց, եւ ձեզ անհրաժեշտ երեխաների եւ ձեր բոլոր իրերը՝ հագուստ եւն. (նաեւ կանացի լաւ տեսակի գուլպաներ)» («Ազդարար», Բեյրութ, 1946, փետրվարի 2, N 170):
Առաջին խմբի ժամանումը
Հայրենադարձների առաջին խումբը «Տրանսիլվանիա» շոգենավով Բաթումի նավահանգիստ հասավ 1946 թվականի հունիսի 27-ին: 1806 հոգի էին, հիմնականում ՝ Դամասկոսի և Բեյրութի հայեր: Հայրենադարձների երկրորդ խումբը ՝ թվով 1830 հայրենադարձ, Բաթում հասավ հուլիսի 14-ին:Միայն 1946 թ. ընթացքում Խորհրդային Հայաստան եկավ մոտ 11 000 ընտանիք կամ ավելի քան 50 000 մարդ, նախատեսված 25-30 հազարի փոխարեն։
Հոկտեմբերի 8-ին Ստալինին գրած զեկուցագրում Հայաստանի ԽՍՀի Կենտկոմի առաջին քարտուղար Գրրգոր Հարությունյանը ներկայացնում է արդյունքները.
1. Բնակարանների պակասի պատճառով ժամանողներին հաճախ տեղավորում են բնակության համար ոչ պիտանի շինություններում, ինչը առաջ է բերում արդարացի դժգոհություն, իսկ բնակարանների կառուցումը դանդաղում է շինափայտի և ծածկի նյութերի պակասի պատճառով։
2. Ժամանող բնակչության հիմնական զանգվածը արհեստավորներ են և նրանց տեղավորում են գյուղական վայրերում, նրանք դժգոհում են և ցանկանում բնակել քաղաքներում։
3. Իրանից, Սիրիայից և Լիբանանից ժամանածները վատ են հագնված և մոտակա ձմռանը նրանք պատրաստ չեն։ Նրանց աշխատած գումարները բավարար չեն հագուստ և կոշիկ գնելու համար։
4. Իրանից և Սիրիայից ժամանած հայրենադարձները համառորեն պահանջում են իրենց մատակարարել ամենօրյա թեյի շաքար, իսկ դա ավելին է, քան տեղաբնիկների սպառումը։
Կարապետ Սիտալի խոսքը եւ հետագա կյանքը ԱՄՆ-ում
Խորհրդային Հայաստանի մասին պատկերացումները, Հայրենիքից սպասելիքները հայրենադարձների համար անհամեմատելի էին: Բայց այդ մասին բարձրաձայնել հնարավոր չէր: Սփյուռքից եկած գրողներին հրահանգված էր ելույթներ ունենալ ու գովերգել Խորհրդային Հայաստանը: Ահա գրող Կարապետ Սիտալի խոսքը.
«Ավելի քան մեկ ամիս է, որ եղել եմ Սովետական պայծառ Հայրենիքում: Կերել եմ նրա կոլխոզական հացն ու խորովածը: Ըմպել եմ նրա նեկտարային կոնյակն ու գինին:…Հայրենիքից հեռու՝ վառ ու շքեղ գույներով էի պատկերացնում սովետական մեր երկրի վերելքը: Այստեղ հասնելուց հետո էր, որ հասկացա, թե որքան դժգույն են եղել գույներս, որքան սահմանափակ՝ իմ երևակայությունները և որքան ավելի մեծ և լուսաշող է եղել մեր հայրենիքի հաղթական երթը: …Աննախընթաց և լայնածավալ այս ներգաղթը մեր բազմաչարչար ժողովրդի, աստանդական և չորս հովերին նետված դժբախտ հատվածների համար բաց է անում նոր կյանքի, նոր և պայծառ կենցաղի հալալ աշխատանքի արևաշող մի շրջան («Սովետական Հայաստան» 1946 , N 10): Հիացմունքը, այդուհանդերձ, չխանգարեց, որպեսզի Սիտալը շարունակի ապրել ԱՄՆ-ում:
Ծրագրերը ձախողվել էին
1947 թ.-ին միութենական կառավարությանն է ներկայացվում հայրենադարձների հերթական խումբն ընդունելու մասին որոշման նախագիծը: Իսկ դժվարություններն ու դժգոհություններն աճում էին, սոցիալական ծանր պայմանների պատճառով հայրենադարձների շրջանում նկատվում են արտագաղթի տրամադրություններ: 1947թ. հայրենադարձության ծրագիրը չկատարվեց: Նախատեսված 63 հազար մարդու փոխարեն հայրենադարձվեց 35 401 մարդ:
1948 թ. հունիսի 25-ին, քննարկելով հայրենադարձների համար վարկով իրականացվող անհատական բնակարանային շինարարության ընթացքի մասին հարցը՝ արձանագրվեց՝ բնակարանային շինարարության ծրագիրը կատարվել է 66,1 %-ով, որը կազմում էր տարվա ծրագրի 12,9 %-ը:
Հասկանալի էր, որ ինչպես նոր հայրենադարձության, այնպես էլ նախորդ տարիներին հայրենադարձների տեղավորման ծրագրերը ձախողվել էին: Եվ Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը որոշում է 1949թ. հայրենադարձությունը դադարեցնել (Ա.Վիրաբյան, «1946-1948թթ. Հայրենադարձությունը եւ դրա դասերը. հայրենադարձության հիմնախնդիրն այսօր» համահայկական գիտաժողովի զեկուցումների ժողովածու, 2008թ.):
1946-1948թթ. մոտ 90 հազար հայեր տեղափոխվեցին Խորհրդային Հայաստան։ Իսկ արդեն 1949-ին սկսվեց «անհուսալի տարրերի» աքսորը:
Լիլիթ Ավագյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: