«Ոտքերդ դեռ թա՞ց են ջրհեղեղի ջրից». ինչպես Բորիս Պաստեռնակը փրկեց Գեւորգ Էմինին - Mediamax.am

exclusive
1523 դիտում

«Ոտքերդ դեռ թա՞ց են ջրհեղեղի ջրից». ինչպես Բորիս Պաստեռնակը փրկեց Գեւորգ Էմինին


Արտաշես Էմինը
Արտաշես Էմինը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտաշես Էմինը
Արտաշես Էմինը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Երվանդ Քոչարի հեղինակած դիմանկարը
Երվանդ Քոչարի հեղինակած դիմանկարը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտաշես Էմինը
Արտաշես Էմինը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտաշես Էմինը
Արտաշես Էմինը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ընթերցողների համար բանաստեղծ Գեւորգ Էմինի 1946թ.-ին հրատարակված «Նորք» ժողովածուն «տոթ սենյակում բացված պատուհանի ազդեցություն ուներ»: Միեւնույն ժամանակ, օրվա մամուլը դրա մասին գրում էր՝ «այս ժողովածուի գերակշիռ մասով Գեւորգ Էմինն իրեն դնում է սովետական գրականությունից դուրս մնալու սպառնալիքի տակ»։ Ժամանակաշրջանի համատեքստում, սակայն, սպառնալիքը ոչ միայն «սովետական գրականությունից դուրս» հայտնվելն էր, այլեւ՝ հնարավոր լուրջ հետապնդումները, եթե չլիներ մեկ բայց:

Գեւորգ Էմինի որդին՝ թարգմանիչ Արտաշես Էմինը, Մեդիամաքսի հետ կիսվել է պատմությամբ՝ ինչպես է 1946թ.-ին բանաստեղծ Բորիս Պաստեռնակը հեռակա եւ ակամայից փրկել Գեւրոգ Էմինին հետապնդումներից, ինչպես է տեղի ունեցել նրանց առաջին ծանոթությունն ու զարգացել հետագա ընկերությունը:

«Սովետական գրականությունից դուրս մնալու սպառնալիքը»

1946թ.-ին լույս է տեսնում հորս բանաստեղծությունների երկրորդ գիրքը՝ «Նորք» ժողովածուն, որը բավականին շեղվում էր ընդունված կուսակցական կուրսից։

Մի անգամ փողոցում ինձ մոտեցավ մի ծերունի, չգիտեմ էլ՝ ինչպես ճանաչեց, ու պատմեց, թե հորս այս ժողովածուն ժամանակին որքան է տպավորել իրեն.

«Դրա լույս տեսնելը տոթ սենյակում պատուհան բացելու նման մի բան էր»։

Արտաշես Էմինը Արտաշես Էմինը

Լուսանկարը` Մեդիամաքս


Այնպես է ստացվում, որ «բախտի բերմամբ» նույն՝ 1946թ.-ին, տեղի է ունենում ԽՍՀՄ գաղափարախոսության եւ պրոպագանդայի հարցերով պատասխանատու Անդրեյ Ժդանովի հայտնի ելույթը Լենինգրադի «Զվեզդա» եւ «Լենինգրադ» ամսագրերի մասին, որում նա ջախջախում ու խիստ քննադատում է շեղումները կուսակցական գծից:

Ելույթին հաջորդում է հետապնդումների ալիք՝ Զոշչենկոյից մինչեւ Ախմատովա։ Քիչ-քիչ դրանք տարածվեցում են նաեւ արվեստի տարբեր ճյուղերի վրա՝ հասնելով Շոստակովիչին, Խաչատրյանին, Պրոկոֆեւին։ Բնականաբար, ելույթը չէր կարող անհետեւանք մնալ նաեւ Խորհրդային Հայաստանում, որտեղ հայրս հրատարակել էր բավականին տարբերվող ժողովածու:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեկ օրվա մեջ տեղական խոշոր թերթերում՝ «Ավանգարդում», «Սովետական Հայաստանում», լույս են տեսնում քննադատական հոդվածներ:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ավանգարդը» գրում է. «Այս ժողովածուի գերակշիռ մասով Գեւորգ Էմինն իրեն դնում է սովետական գրականությունից դուրս մնալու սպառնալիքի տակ»։ 1946թ.-ին սա պարզապես դատավճիռ էր։

Լուսանկարը` Մեդիամաքս


Հոդվածագիրը շարունակում է՝ «Էմինը ստեղծել է հիմնականում ոչ սովետական, գաղափարազուրկ, ճղճիմ եւ սովետական գրականությանը միանգամային խորթ «պոեզիա»»։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Սովետական Հայաստանն»-ի հոդվածագիրն էլ «Նորք»-ը գնահատում է այսպես՝ «ամբողջ ժողովածուն հոտում է քաղքենիական սենտիմենտալիզմով, սալոնային ցինիկ երգերով, Գեւորգ Էմինի ընտանիքի անդամների եւ ընկեր տղերքի հասցեին շռայլված անճաշակ քառատողներով»։

«Դո՞ւ ես պոետը, որի մասին գրում են»

Այն ժամանակ համացանց չկար եւ բոլորն առավոտյան թերթ էին կարդում, այդ թվում՝ հայրս։ Իր մասին գրված այս հոդվածները նա կարդում է հենց կրպակի մոտ ու սկսում քայլել տուն՝ մտածելով, թե ինչ է դնելու կապոցի մեջ, որպեսզի հետը վերցնի, երբ իր հետեւից գան:

Լուսանկարը` Մեդիամաքս

 
Իրադարձությունների համատեքստը հասկանալու համար պետք է իմանալ, որ 1946թ.-ին մարդիկ դռան մոտ այլեւս առաջին անհրաժեշտության պարագաներով կապոցներ չէին պահում: 1937թ.-ին նման կապոցներ ունեին բոլորը՝ անկախ զբաղեցրած պաշտոնից կամ գործունեության ոլորտից։ Դրանցում հիմնականում շաքար էր, ծխախոտ, աղ, պաքսիմատ ու տաք գուլպա։ Դռան մոտ դրված այս կապոցները մարդիկ կարող էին արագ վերցնել, երբ իրենց հետեւից գան:

Եվ ահա հայրս պատմում էր, որ գլխիկոր գնում էր տուն՝ մտածելով, որ կապոցը պետք է արագ հավաքել, երբ նրա ձեռքից քաշում է մի մարդ ու հարցնում՝ «դո՞ւ ես պոետը, որի մասին գրում են»: Դրական պատասխան ստանալուց հետո նա հորս ներս է քաշում մի տարածք: Պարզվում է՝ Երվանդ Քոչարն է, իսկ տարածքը նրա արվեստանոցը, որը ներկայիս թանգարանի տեղում էր:
Երվանդ Քոչարի հեղինակած դիմանկարը Երվանդ Քոչարի հեղինակած դիմանկարը

Լուսանկարը` Մեդիամաքս


Քոչարը թեյ է հյուրասիրում, մխիթարում հորս, քանի որ ինքն էլ նոր էր վերադարձել ճամբարից: Ասում է՝ «տե՛ս, բոլորը չէ, որ անհետ կորում են»։ Զրույցի ընթացքում նա նաեւ նկարում է հորս ու նվիրում այդ դիմանկարը:  

«Ապրում ես ու չես իմանում, որ այսքան լավ գործեր կան»

Մինչ այս իրադարձություններին վերադառնալը պետք է տեղափոխվենք 1939 թվական, երբ հայրս, լինելով Պոլիտեխնիկի ուսանող, խիզախել է գնալ ու ծանոթ չլինելով՝ թակել Պաստեռնակի տան դուռն ամենաուղիղ իմաստով:

Այդ պատմության մասին նա իր հուշերում գրում է.

«Պաստեռնակի մասին առաջին անգամ լսել եմ հայ մեծագույն բանաստեղծ Եղիշե Չարենցից: 1936-1937 թվականներն էին՝ մտավորականների հետապնդումների ու ձերբակալությունների ամենաակտիվ տարիները: Գրեթե ամեն օր միայնակ կամ մոտ ընկերների հետ գնում էի Չարենցի մոտ, որը տանը լիակատար մեկուսացման մեջ էր: Կտրված լինելով բնականոն միջավայրից, ընկերների հետ շփումից՝ նա հոգին բացում էր իմ՝ քիչ ծանոթ երիտասարդի առաջ: Զրույցներից մեկում Չարենցը հիշատակում է Պաստեռնակին՝ պատմելով, որ նա թարգմանել է իր «Գանգրահեր տղան» բանաստեղծությունը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Սիրելով Չարենցին՝ ես սիրեցի այն ամենն, ինչ թանկ էր իր համար: Այնպես որ, գրադարանից անմիջապես վերցրեցի Պաստեռնակի ժողովածուն ու սկսեցի անհագ կարդալ: Ռուսերեն այնքան էլ լավ չգիտեի ու ամեն բան չէ, որ հասկանում էի: Երբ 1939թ.-ին ես, որպես Պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանող, մի քանի օրով հայտնվեցի Մոսկվայում, բավականին բարդ ճանապարհով ու հարցուփորձերով գտա Պաստեռնակի տան հասցեն ու գնացի նրա մոտ՝ Լավրուշինսկի նրբանցքի 17-րդ շենք: Բարձրանալով վերեւ՝ սեղմեցի դռան կոճակը: Այն բացեց անձամբ Պաստեռնակը: Ասացի՝ «Բարեւ ձեզ, Բորիս Պաստեռնակ» (մեզ մոտ անուն-հայրանունով դիմելն ընդունված չէ) ու մտա միջանցք: Մի փոքր զարմացած ու շփոթված՝ նա ուղեկցեց ինձ խոհանոց: Պատմեցի իմ մասին, ասացի, որ հայ ուսանող եմ, ապագա ինժեներ, գրում եմ բանաստեղծություններ ու շատ եմ սիրում իր պոեզիան...«Սիրո՞ւմ եք, ձեր ռուսերենի իմացությա՞մբ, այն դեպքում, երբ լեզուն գերազանց իմացողներն ինձ չեն հասկանում...»:
Արտաշես Էմինը Արտաշես Էմինը

Լուսանկարը` Մեդիամաքս


Սա առաջին հանդիպումն ու ծանոթությունն էր, բայց վերադառնանք 1946թ.։ Այս շրջանում գրողները հաճախ կազմակերպում էին պոեզիայի, թարգմանությունների երեկոներ: Նման մի երեկոյի ընթացքում Մոսկվայում թարգմանչուհի Վերա Զվյագինցեւան կարդում է Գեւորգ Էմինի բանաստեղծություններից մեկի թարգմանությունը, որը շատ է տպավորում Պաստեռնակին եւ նա բացականչում է՝ «ահա այսպես ապրում ես ու չես իմանում, որ այսքան լավ գործեր կան»։ Հավանաբար, նա չի էլ հիշում, որ բանաստեղծության հեղինակը տարիներ առաջ հանդգնաբար իրեն այցելած ուսանող տղան է (ժպտում է–հեղ.):

Նույն շրջանում տեղի է ունենում գրողների պլենում, որում Բորիս Պաստեռնակը պետք է խոսեր գրականության ընթացիկ վիճակի մասին: Այդ շրջանում նա Խորհրդային Միության թիվ մեկ բանաստեղծն էր։ Պլենումի իր ելույթում Պաստեռնակը հայտարարում է՝ «ասում են՝ պոեզիան անկում է ապրում, մինչդեռ հեռավոր վայրերից մեզ այսպիսի թարմ ձայներ են հասնում» եւ մեջբերում է Գեւորգ Էմինի բանաստեղծություններից մեկի վերջին երկու տողը.

«Я б увидел тебя во сне,
да бессонница у меня»:»

Բնականաբար, Պաստեռնակի այս ելույթը հասնում է նաեւ Հայաստան՝ Գրողների միություն, եւ տեղում գիտակցում են՝ եթե թիվ մեկ պոետը մեջբերում եւ գովում է Էմինին, ուրեմն պետք է դադարեցնել նրա դեմ գրվող բոլոր հոդվածներն ու հետապնդումները:
Արտաշես Էմինը Արտաշես Էմինը

Լուսանկարը` Մեդիամաքս


Այսպես Բորիս Պաստեռնակը հեռակա ու ակամա փրկում է Գեւորգ Էմինին (ժպտում է – հեղ.)։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ անց նա հասկանում է, որ այդ պոետը իրեն այցելած նույն ուսանողն է, որովհետեւ ելույթից բացի, մակագրում եւ հորս է ուղարկում իր գրքերից մեկը: Այդ շրջանում նա արդեն գրում էր «Դոկտոր Ժիվագոն» եւ մակագրության մեջ այդ մասին էլ է նշվում։

«Իսկ ոտքերդ դեռ թա՞ց են ջրհեղեղից»

Այս իրադարձություններից հետո Մոսկվայում եղած ժամանակ հայրս արդեն հանգիստ խղճով գնում է Պաստեռնակին հյուր: Հետո արդեն նրանց շփումները դառնում են պարբերական եւ ընկերական: Հաճախ հայրս Պաստեռնակին այցելում էր Արսենիյ Տարկովսկու հետ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նրանց շփումից մի հետաքրքիր եւ հումորային դրվագ էլ կա: «Ես հայ եմ» բանաստեղծության մեջ հայրս գրում է՝

«Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս բիբլիական,
Թաց են ոտքերս դեռ ջրհեղեղի ջրից,
Իմ սուրբ հողն է տեսել Նոյն առաջին անգամ,
Բաբելոնյան Բելը խորտակվել իմ սրից»:

Էմինը հաճախ էր լինում Պաստեռնակի՝ Պերեդելկինոյի ամառանոցում:

Նրան ներս թողնելուց առաջ Պաստեռնակն ամեն անգամ մի փոքր բացում էր դուռն ու հարցնում՝ «իսկ ոտքերդ դեռ թա՞ց են ջրհեղեղի ջրից, պարզապես կինս նոր է մաքրել հատակը» (ծիծաղում է – հեղ.):

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի  




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին