Մեծ ջրհեղեղը, Հայաստանն ու Արարատը. ինչ է պատմում աշխարհի հնագույն քարտեզը - Mediamax.am

exclusive
694 դիտում

Մեծ ջրհեղեղը, Հայաստանն ու Արարատը. ինչ է պատմում աշխարհի հնագույն քարտեզը


Լուսանկարը` Մեդիամաքս/ Sang Tan/AP

Աշխարհի հնագույն քարտեզը՝ Mappa mundi
Աշխարհի հնագույն քարտեզը՝ Mappa mundi

Լուսանկարը` British Museum

Իրվինգ Ֆինքելը
Իրվինգ Ֆինքելը

Լուսանկարը` Sang Tan/AP

Իրվինգ Ֆինքելը Հայաստանի պատմության թանգարանում դասախոսություն կարդալիս
Իրվինգ Ֆինքելը Հայաստանի պատմության թանգարանում դասախոսություն կարդալիս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գիլգամեշի էպոսի՝ ջրհեղեղի պատմության արձանագրությունը
Գիլգամեշի էպոսի՝ ջրհեղեղի պատմության արձանագրությունը

Լուսանկարը` British Museum

Իրվինգ Ֆինքելը «Տապանի սալիկն» ուսումնասիրելիս
Իրվինգ Ֆինքելը «Տապանի սալիկն» ուսումնասիրելիս

Լուսանկարը` Dale Cherry

Տապանի սալիկը
Տապանի սալիկը
Իրվինգ Ֆինքելը
Իրվինգ Ֆինքելը

Լուսանկարը` Մեդիամաքս

Իրվինգ Ֆինքելը Հնդկաստանում վերաստեղծված Նոյյան տապանում
Իրվինգ Ֆինքելը Հնդկաստանում վերաստեղծված Նոյյան տապանում

Լուսանկարը` Courtesy of WGBH

Լուսանկարը` Hamidreza Sorouri/Persian Dutch Network

Աշխարհի հնագույն քարտեզի վերականգնված գծագիրը
Աշխարհի հնագույն քարտեզի վերականգնված գծագիրը

Լուսանկարը` British Museum

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հունվարի 22-ին Հայաստանի պատմության թանգարանի հյուրն էր Բրիտանական թանգարանի Մերձավոր Արեւելքի բաժնի ավագ ֆոնդապահ, պրոֆեսոր Իրվինգ Ֆինքելը: Նա հանդես էր եկել «Աշխարհի բաբելոնյան քարտեզը նոր լույսի ներքո» խորագրով բանախոսությամբ:

Բրիտանական թանգարանում պահվող աշխարհի բաբելոնյան հնագույն քարտեզի վրա նշված երկրների թվում է նաեւ Ուրարտուն կամ Վանի հայկական թագավորությունը, սակայն քարտեզում Հայաստանի հիշատակումը փոքր մասն է միայն այն գաղտնիքների, որ փոխանցում է այդ կավե սալիկը հնագույն աշխարհի եւ Հայաստանի մասին:

Իրվինգ Ֆինքելը Հայաստանի պատմության թանգարանում դասախոսություն կարդալիս Իրվինգ Ֆինքելը Հայաստանի պատմության թանգարանում դասախոսություն կարդալիս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը ներկայացնում է Իրվինգ Ֆինքելի հայաստանյան եւ այլ դասախոսություններում, ինչպես նաեւ նրա «Տապանը նախքան Նոյը. ապակոդավորելով ջրհեղեղի պատմությունը» (The Ark Before Noah: Decoding the Story of the Flood) գրքում ներկայացված բացահայտումների համադրությունը:

Ջրհեղեղի աստվածաշնչյան պատմության ակունքները

Հին Կտակարանի գիրք Ծննոդցում տեղ գտած Մեծ ջրհեղեղի պատմության՝ Միջագետքից եկող ակունքների մասին հայտնի էր դարձել դեռեւս 1872 թվականից, երբ անգլիացի ասորագետ Ջորջ Սմիթն առաջին անգամ վերծանել էր շումերաբաբելոնական Գիլգամեշ էպոսի 11-րդ սալիկը: Դրանում պատմվում է, թե ինչպես են աստվածները որոշում ջրհեղեղ ուղարկել երկրի վրա՝ բնաջնջելու մարդկային ցեղը, սակայն նրանցից մեկը՝ Էա աստվածը (շումերերեն՝ Էնկի), հայտնում է այդ ծրագրի մասին Ուտնապիշտիմ անունով մարդուն, որին պատվիրում է կառուցել նավ՝ փրկելու իրեն, իր ընտանիքը եւ կենդանական աշխարհը: Այդուհանդերձ, հին ավանդություններում ջրհեղեղի պատմությունները շատ են եւ կրկնում են հիմնական պատումը որոշակի տարբերություններով:



Ըստ Իրվինգ Ֆինքելի՝ Ուտնապիշտիմ անունը ոգեշնչված է շումերական մեկ այլ հնագույն հերոսի՝ Զիուսուդրա արքայից եւ այդ անվան թարգմանությունն է: Զիուսուդրայի շուրջ հյուսվող պատմությունը նորից ջրհեղեղի եւ նավի կառուցման շուրջ է:

Չնայած Գիլգամեշի էպոսը թվագրվում է Ք.ա. 2-րդ հազարամյակին, կոնկրետ ջրհեղեղի պատմությունը ներկայացնող սեպագիր արձանագրությունը ստեղծվել է Ք.ա. 7-րդ դարում: Դրանից շատ ավելի հին է ջրհեղեղի մասին մեկ այլ՝ աքքադական Ատրա-Հասիսի էպոսը:
Գիլգամեշի էպոսի՝ ջրհեղեղի պատմության արձանագրությունը Գիլգամեշի էպոսի՝ ջրհեղեղի պատմության արձանագրությունը

Լուսանկարը` British Museum


Այստեղ ջրհեղեղի եւ տապանի դրվագը ներկայացված է երեք կտորի վրա գրված էպոսի երրորդ սալիկի վրա, որը պատկանում է մ.թ.ա 17-րդ դարին:

Ատրա-Հասիս էպոսը մոտավորապես այս բովանդակությունն ունի. սկզբում մարդկությունը դեռեւս ստեղծված չէ, աշխատանքը կատարում են կրտսեր աստվածները, ինչն էլ նրանց դժգոհելու առիթ է տալիս: Այդ պատճառով աստվածները ստեղծում են մարդկանց, որպեսզի նրանք աշխատեն աստվածների համար: Այդուհանդերձ, մարդիկ շատ արագ են բազմանում, չեն մահանում, ուստի դառնում են շատ աղմկոտ: Աստվածներից Էնլիլը սկսում է մահաբեր արհավիրքներ ուղարկել երկրի վրա, իսկ Էան (շումերական էնկին) խանգարում է նրա առաջին եւ երկրորդ փորձերը: Երրորդ անգամ պետք է արդեն մեծ ջրհեղեղ լիներ, եւ այդ ժամանակ է, որ Էան պատվիրում է Ատրա-Հասիսին կառուցել տապան եւ փրկել մարդկությունն ու կենդանական աշխարհը:

Նոյյան տապանի կառուցման ուղեցույց-արձանագրությունը

1985 թվականին Բրիտանական թանգարանում Իրվինգ Ֆինքելի հերթապահության ժամանակ Դուգլաս Սիմոնդս անունով մի մարդ մի պարկ անտիկ իրեր է բերում՝ դրանց մասնագիտական գնահատման համար: Մի շարք զանազան իրերի մեջ գիտնականի աչքն անմիջապես նկատում է սեպագիր կավե սալիկը եւ ապշում՝ կարդալով դրա առաջին տողերը. դրանք նույնությամբ կրկնում էին մի քանի այլ հնագույն սեպագրերում տեղ գտած մեծ ջրհեղեղի պատմության բառերը:
Իրվինգ Ֆինքելը «Տապանի սալիկն» ուսումնասիրելիս Իրվինգ Ֆինքելը «Տապանի սալիկն» ուսումնասիրելիս

Լուսանկարը` Dale Cherry


Սեպագրի ամբողջական եւ ճշգրիտ վերծանության համար Իրվինգ Ֆինքելին ժամանակ էր պետք, սակայն Դուգլաս Սիմոնդսը դեռեւս հետաքրքրված չէր իր անտիկ իրը գիտնականի մոտ թողնելու մեջ եւ թանգարանից դուրս գալիս մյուս իրերի հետ տանում է նաեւ այդ գանձը:

Իրվինգ Ֆինքելը Դուգլասին երկար տարիներ չի հանդիպում: Արդեն 2009 թվականին, տեսնելով նրան Բրիտանական թանգարանի «Բաբելոն, առասպել եւ իրականություն» ցուցադրության ժամանակ, նա մոտենում է Դուգլասին եւ ուղիղ հարցնում կավե սալիկի մասին: Դուգլասը խոստանում է այն բերել գիտնականի մոտ եւ թողնել այնքան, որքան անհրաժեշտ կլինի: Այսպես, Իրվինգ Ֆինքելը վերծանում է այս բացառիկ արձանագրությունը՝ ներկայումս հայտնի որպես Տապանի սալիկ (The Ark Tablet), որը ներկայացնում է ջրհեղեղի պատմությունը՝ տապանի կառուցման մանրամասն ուղեցույցով:
Տապանի սալիկը Տապանի սալիկը


Irving Finkel and Ararat_4
Տապանի սալիկը

Ըստ Ֆինքելի բացահայտման՝ այս արձանագրությունը պատկանում է Հին Բաբելոնյան շրջանին՝ Ք.ա. 1900-1700 թթ.: Սալիկի բովանդակության ամբողջական վերծանությունը աքքադերեն սեպագրից անգլերեն հրապարակված է Ֆինքելի գրքում:

Ինչպես արդեն ասացինք, արձանագրությունը սկսվում է ջրհեղեղի հետ կապվող ամենահայտնի տողով.

«Պատ, պատ: Եղեգյա պատ, եղեգյա պատ: Ատրա-Հասիս ...»
(“Wall, wall! Reed wall, reed wall! Atra-Hasis …)

«Եղեգյա պատ» բառակապակցությունը հանդիպում է ջրհեղեղի մասին ավանդության մի շարք տարբեր սեպագրերում: Դրա նշանակությունը բացատրում է բրիտանացի պատմաբան եւ ասորագետ Ուիլֆրեդ Լամբերտը: Նրա խոսքով՝ Ատրա-Հասիսը ապրում էր եղեգից պատրաստված տանը, որպիսին մինչ օրս կարելի է գտնել հարավային Միջագետքում, ուստի քամին սուլում էր եղեգյա պատի միջով եւ նույն կերպ էլ Էնկի աստվածն էր փոխանցում իր խոսքը մարդուն:
Իրվինգ Ֆինքելը Իրվինգ Ֆինքելը

Լուսանկարը` Sang Tan/AP


Այսպես, Տապանի սալիկի արձանագրությունում Էնկի աստվածը դիմում է Ատրա-Հասիս անունով մարդուն, պատվիրում նրան քանդել իր տունն ու նավ կառուցել՝ հրաժարվելով ունեցվածքից ու փրկել կյանքը, այնուհետեւ թելադրում նավի չափերը եւ օգտագործվելիք հումքը: Առաջադրանքը կատարելուց հետո Ատրա-Հասիսը, կարծես, զեկուցում է, թե ինչ է արել եւ նորից կարդում ենք տապանի կառուցման մանրամասն նկարագիրը:
Իրվինգ Ֆինքելը Իրվինգ Ֆինքելը

Լուսանկարը` Մեդիամաքս


Այդտեղից մեզ համար հատկանշական է հետեւյալ տողը.

«Ես տեղադրեցի երեսուն կողերը (խմբ.՝ նավի),
Որոնք մեկ պարսիկտու (խմբ.՝ Հին Բաբելոնում կիրառվող չափման միավոր) հաստություն ունեն, տասը նինդան (խմբ. ՝ չափման միավոր) երկարություն»:

(“I set in place thirty ribs
Which were one parsiktu-vessel thick, ten nindan long”)

Այժմ ընթերցողին հորդորում ենք մտապահել այս երկտողը, դրան մենք նորից կվերադառնանք:

21-րդ դարում Նոյյան տապանը նորից ջրի վրա

Տապանի սալիկի ուսումնասիրությամբ Իրվինգ Ֆինքելը պարզել է, որ տապանն իրականում կլոր էր: Սեպագրի մանրամասն վերծանությունն ու մաթեմատիկական հաշվարկները թույլ են տվել 2015 թվականին գիտնականի ուղղորդմամբ Հնդկաստանում վերաստեղծել տապանն ու նավարկել դրանով: Այդ գործընթացը նկարահանվել է «Նոյյան տապանի գաղտնիքները» (“Secrets Of Noah's Ark”) վավերագրական ֆիլմում:
Իրվինգ Ֆինքելը Հնդկաստանում վերաստեղծված Նոյյան տապանում Իրվինգ Ֆինքելը Հնդկաստանում վերաստեղծված Նոյյան տապանում

Լուսանկարը` Courtesy of WGBH


Ինքը Ֆինքելը իր հետագա դասախոսություններում մեծ ոգեւորությամբ է հիշում տապանի կառուցումը.

«Երբ ամենն ավարտվեց, տապանի վրա աշխատած մարդիկ բոլորը հերթ էին կանգնել, որպեսզի լուսանկարվեն ինձ հետ՝ շուրջ 40-50 հոգի: Տուն վերադարձին ես ասացի նկարահանող անձնակազմից մեկին, որ շատ հուզվեցի, որ այդ մարդիկ, որոնք ամիսներ շարունակ աշխատել են, այդքան ընկերական եւ ջերմ էին ինձ հետ, եւ դա ինձ փոքր-ինչ զարմացրեց: Նա ինձ պատասխանեց, որ զարմանալու ոչինչ չկա, քանի որ այդ բոլոր մարդիկ կարծում էին, որ ես Նոյի հետնորդն եմ»,- ծիծաղով հիշում է գիտնականը:  

Որտե՞ղ է իրականում հանգրվանել Նոյյան տապանը

Այս հարցի ամենատարածված պատասխանը, թերեւս, տրվում է հղում անելով Հին Կտակարանին. Նոյյան տապանը հանգրվանել է Արարատ լեռան վրա: Այդուհանդերձ, գիտական տեսանկյունից այս հանգամանքը լրացուցիչ հիմնավորումների կարիք ունի:

Առաջին փաստը, որի վրա պետք է ուշադրություն դարձնել այն է, որ եբրայերենում հիշատակվում է Արարատը ոչ թե որպես մեկ լեռ, այլ լեռներ: Հնագույն սեպագրերում հիշատակվող «RRT» բառը թարգմանվել է երկու ձեւով՝ Արարատ կամ Ուրարտու, ուստի այս հիշատակումից պետք է հասկանալ, որ տապանը կանգ է առել Ուրարտուի կամ Արարատյան թագավորության լեռներում:

Տարընթերցումների տեղիք չտալու համար փաստենք, որ Ուրարտուն Հայաստանի հին անվանումն է: Օրինակ՝ Ք. ա. 517 թվականի Բեհիսթունի եռալեզու արձանագրության մեջ Հայաստանի անունը էլամերեն գրված է «Հարմինույա», հին պարսկերենով՝ «Արմինիյա», իսկ Բաբելոնյան սեպագրով՝ «Ուրարտու»:

Լուսանկարը` Hamidreza Sorouri/Persian Dutch Network


Փրկիչ լեռը դարեր ի վեր ունեցել է պաշտամունքային մեծ նշանակություն, եւ դրա հետեւանքով առաջ են եկել լեռան իսկության մասին մի շարք տարբեր վարկածներ:

Օրինակ՝ արդեն իսկ հիշատակված Գիլգամեշ էպոսի 11-րդ սալիկում, որը պատմում է ջրհեղեղի մասին, հիշատակվում է Նիսիր լեռը, որը նույնացվել է արեւելյան Իրաքում գտնվող Պիր Օման Գուդրուն լեռան հետ: Ասորական եւ բաբելոնյան այլ բնագրերի հետազոտությունները Իրվինգ Ֆինքելին թույլ են տալիս պնդել, որ Նիսիր լեռան հիշատակումը ասորական ավանդությունում փորձ էր հերքելու դրանից ավելի հին՝ բաբելոնյան ավանդույթը: Այդ գիծն առաջ տանելու համար նրանք բավականին հարմար լեռ էին ընտրել, բայց ոչ իրականը:
Աշխարհի հնագույն քարտեզը՝ Mappa mundi Աշխարհի հնագույն քարտեզը՝ Mappa mundi

Լուսանկարը` British Museum


Այլ մշակույթներում եւս սուրբ լեռան այլ տարբերակներ են առաջարկվում՝ որպես ապացույց ներկայացնելով իբրեւ թե գտնված տապանի մնացորդներ: Տապանի հանգրվանի իրական վայրն իմանալու համար հին բաբելոնյան քարտեզի կարիք է զգացվում: Բարեբախտաբար, այն առկա է:

Ինչ է պատմում հնագույն քարտեզը

Իրվինգ Ֆինքելը Հայաստանում իր վերջին դասախոսության ժամանակ Հին բաբելոնյան քարտեզը (Mappa mundi) ներկայացնելիս նշել է, որ չնայած դրա վրայով կարծես բազում փղեր անցած լինեն եւ որոշ մասեր կոտրված են, տեքստի մեծ մասն ընթեռնելի է:

Թեեւ այն ստեղծվել է Ք. ա. 6-րդ դարում, արձանագրության հետեւի կողմի ստորին հատվածի վերծանությունից պարզ է դառնում, որ այս սալիկը միայն կրկնօրինակ է դրա շատ ավելի հին տարբերակի՝ «գրված եւ ստուգված ըստ բնօրինակի»:

Սալիկի բովանդակությունը կարելի է բաժանել երեք մասի: Թեեւ առաջին մասի սկզբնական տողերը չեն պահպանվել, սակայն հասկանալի է, որ այն ներկայացնում է Բաբելոնի գլխավոր Աստված Մարդուկի կողմից աշխարհի ստեղծման ավանդությունը:
Աշխարհի հնագույն քարտեզի վերականգնված գծագիրը Աշխարհի հնագույն քարտեզի վերականգնված գծագիրը

Լուսանկարը` British Museum


Քարտեզի երկրորդ մասում տեսնում ենք գծապատկեր, որն արտացոլում է այդ ժամանակ Բաբելոնին հայտնի աշխարհը, որն էլ առանձնացված է շրջանաձեւով գետով կամ ծովով: Կենտրոնում Բաբելոնն է, իսկ շրջանից ներս ընկած հատվածում փոքր շրջանակներով ներկայացված են տարբեր հնագույն տեղանուններ, որոնց շարքում է նաեւ Ուրարտուն:

Շրջանաձեւ ծովից դուրս ութ եռանկյուններ են, որոնք ձգվում են այնքան, որքան «աչքը կարող է կտրել», եւ հավանաբար իրենց եռանկյուն պատկերը ստացել են հեռվում երեւացող լեռների պատկերի նմանակումից: Այդ եռանկյուններն անվանվում են նագուներ (Nagû), որը կարելի է թարգմանել որպես կղզի կամ թաղամաս:

«Այստեղ քաղաքները նշված են մոտարկված ձեւով: Իրականում այս քարտեզը կազմողներն ավելի շատ ցանկանում էին բացատրել, թե ինչ կա այդ եռանկյունների վրա, որոնց մասին հիշատակված է արձանագրության հետեւի կողմում»,- ասել է Իրվինգ Ֆինքելը բանախոսության ժամանակ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Սեպագրի հետեւի կողմի յուրաքանչյուր հատված համապատասխանում է գծագրի եռանկյուններից մեկին: Դրանցում, կարծես, շարադրված լինի որեւէ ճանապարհորդի պատմությունը, որն անցել է շրջանաձեւ ծովը եւ նկարագրում է՝ ինչ կարելի է տեսնել այնտեղ:

Մեզ համար հատկապես հետաքրքրական է 4-րդ եռանկյունու մասին գրառումը, քանի որ հենց այդ եռանկյունին է գտնվում քարտեզի վրա նշված Հայաստանի կողքին:

Չնայած որոշ մասը հնարավոր չէ վերծանել, ընթեռնելի է հետեւյալը.

«4-րդին հասնելու համար դու պետք է ճանապարհորդես 7 լիգա, ... (վնասված հատված),
Որի գերանները հաստեն այնքան, որքան պարսիկտու-անոթը, տասը մատնաչափ հաստություն ունի դրա … (վնասված հատված)»:

([To the fo]urth nagû, to which you must travel seven Leag[ues, …]
[Whose lo]gs (?) are as thick as a parsiktu-vessel; ten fingers [thick its …])

Սա այն նույն նկարագրությունն է տապանի, որը հանդիպում ենք Իրվինգ Ֆինքելի բացահայտած Տապանի սալիկում, որտեղ Էնկի աստվածը պատվիրում է Ատրա-Հասիսին կառուցել տապան եւ որտեղ հստակ ներկայացված են տապանի չափերը: Նորից նայելով քարտեզին հասկանում ենք, որ Ուրարտուին կից ձգվող եռանկյունին համապատասխանում է այն տեղանքին, որտեղ վեր է խոյանում Արարատ լեռը և հենց այդ բարձրադիր վայրում է հանգրվանել տապանը: Ինչպես Իրվինգ Ֆինքելը նշում է իր գրքում, ներկայիս Արարատ լեռը «իր դիրքով եւ ոգով ամենամոտն է բաբելոնյան պոետների բնագիր գաղափարին»:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Հիմա ձեր բոլորի սրտերը պետք է ծաղկեն, պետք է փշաքաղվեք եւ հուզմունք ապրեք, հպարտություն զգաք, որովհետեւ ըստ բաբելոնյան ավանդույթի, որն էլ ընկած է աստվածաշնչյան ավանդության հիմքում, տապանը հանգրվանել է Ուրարտուին մոտ գտնվող լեռան վրա»,- ասել է գիտնականը Հայաստանում իր դասախոսության ժամանակ՝ էկրանին ցույց տալով Արարատ լեռան պատկերը, այնուհետեւ շարունակել. «Նկատի չունեմ, որ հիմա բոլորս գնանք ու փնտրենք տապանը, սակայն ուզում եմ ասել, որ դուք անխզելիորեն կապված եք քարտեզի այս կետի հետ, եւ պարզ է դառնում, որ Ուրարտուն եւ այս լեռն իրար կապելը շատ հին գաղափար է»:

Ըստ պրոֆեսոր Ֆինքելի՝ բաբելոնյան քարտեզում տեղ գտած նագուների նկարագրության ոճն ու լեզուն շատ հին է: Նա եզրակացնում է, որ տվյալ քարտեզի բնօրինակը պատկանում է Հին Բաբելոնյան շրջանին եւ ստեղծվել է մոտավորապես նույն ժամանակահատվածում, ինչ իր վերծանած Տապանի սալիկը: Ուստի սա հնագույն վկայություն է մարդկությանը փրկած տապանի գտնվելու վայրի մասին:

Գայանե Ենոքյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին