«Ալմաստ». Թումանյանի եւ Սպենդիարյանի անավարտ գործն ու Բուդաղյանի կիրքը - Mediamax.am

exclusive
2980 դիտում

«Ալմաստ». Թումանյանի եւ Սպենդիարյանի անավարտ գործն ու Բուդաղյանի կիրքը


Սպենդիարյանի նամակը Թումանյանին
Սպենդիարյանի նամակը Թումանյանին

Լուսանկարը` Սպենդիարյանի տուն-թանգարան

1933-ին «Ալմաստի» դերակատար Թամարա Շահնազարյանը
1933-ին «Ալմաստի» դերակատար Թամարա Շահնազարյանը

Լուսանկարը` Գրականության եւ արվեստի թանգարան

«Ալմաստ»-ի առաջին ներկայացումը Երևանում
«Ալմաստ»-ի առաջին ներկայացումը Երևանում

Լուսանկարը` Գրականության եւ արվեստի թանգարան

«Ալմաստ»-ի ձեռագիրը
«Ալմաստ»-ի ձեռագիրը

Լուսանկարը` Գրականության եւ արվեստի թանգարան

Գևորգ Բուդաղյանը
Գևորգ Բուդաղյանը

Լուսանկարը` Սպենդիարյանի տուն-թանգարան

Հովհաննես Թումանյանը
Հովհաննես Թումանյանը

Լուսանկարը` Հովհաննես Թումանյանի թանգարան

Ալեքսանդր Սպենդիարյանը
Ալեքսանդր Սպենդիարյանը

Լուսանկարը` Սպենդիարյանի տուն-թանգարան

Լուսանկարը` Սպենդիարյանի տուն-թանգարան

Լուսանկարը` Սպենդիարյանի տուն-թանգարան

Ալեքսանդր Սպենդիարյանը
Ալեքսանդր Սպենդիարյանը

Լուսանկարը` Սպենդիարյանի տուն-թանգարան

Լուսանկարը` Սպենդիարյանի տուն-թանգարան


1933 թվականի հունվարի 20-ին Երեւանի օպերային թատրոնը բացվեց Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայով, իսկ 1939-ից այն կրում է կոմպոզիտորի անունը։

Իրականում թատրոնի բացումը կարող էր նշանավորվել այլ ստեղծագործությամբ։ «Ալմաստ»-ի պարտիտուրը Հայաստանում պահելու համար պարտական ենք դիրիժոր Գեւորգ Բուդաղյանին։ Նրա կատարած աշխատանքի, ինչպես նաեւ «Ալմաստ»-ի ծնունդի մասին հետաքրքիր պատմությանը բացահայտելուն մեզ օգնել է Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը։

Հայաստանի օպերային թատրոնը պետք է բացվի հայ կոմպոզիտորի ստեղծագործությամբ

«Երբ Հայաստանն ունենա սեփական օպերային թատրոնը, Դուք կլինեք իմ «Ալմաստ»-ի դիրիժորը»,- Մոսկվայի կոնսերվատորիայի ուսանող Գեւորգ Բուդաղյանին Ալեքսանդր Սպենդիարյանն ասել էր դեռ 1927 թվականին:

Հետագայում դիրիժոր, պրոֆեսոր Բուդաղյանը ոչ միայն 25 տարի աշխատում է Երեւանի օպերային թատրոնում ու կատարում ինչպես Սպենդիարյանի, այնպես էլ այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները, այլ դառնում է մեծ սպենդիարյանագետ։  

Ալեքսանդր Սպենդիարյանը Ալեքսանդր Սպենդիարյանը

Լուսանկարը` Սպենդիարյանի տուն-թանգարան


Երիտասարդ Բուդաղյանը Սպենդիարյանի հետ ծանոթացել էր 1924-ին, երբ կոմպոզիտորը մեկնել էր Մոսկվա համերգների։ Հայաստանի մշակույթի տանը կից Մոսկվայի հայկական երաժշտական կոլեկտիվի անդամները, որոնց թվում էր նաեւ Բուդաղյանը, ներկա էին համերգի՝ Կոմիտասի ստեղծագործություններից բաղկացած ծրագրով։ Հենց այստեղ էլ կայանում է Բուդաղյանի եւ Սպենդիարյանի ծանոթությունը, որը վերածվում է յուրահատուկ բարեկամության եւ ձգվում մինչեւ կոմպոզիտորի մահը։

Ցավոք, կոմպոզիտորն այդպես էլ չտեսավ իր «Ալմաստ»-ի բեմադրությունը, որը կայացավ նախ Մոսկվայում, ապա Օդեսայում ու Թիֆլիսում՝ չնայած նա միշտ երազել էր այն առաջինը ներկայացնել Երեւանում։

Ավարտելով ուսումը՝ Բուդաղյանը գալիս է Հայաստան եւ ողջ կյանքը նվիրում երաժշտությանը՝ չափազանց կարեւոր աշխատանք կատարելով։

1932-ի օգոստոսից Հայաստանում սկսում են պատրաստվել Երեւանի օպերային թատրոնի բացմանը: Բուդաղյանը դեռեւս ոչ ամբողջովին ձեւավորված նվագախմբի ու երգչախմբի հետ բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով՝ ձեռնամուխ է լինում «Ալմաստ»-ի փորձերին: Զուգահեռ Սուրեն Չարեքյանն աշխատում էր Ջոակինո Ռոսինիի «Սեւիլյան սափրիչ» օպերայի վրա:

Փորձերի բուռն շրջանում Բուդաղյանին հրավիրում են Ժողկոմխոր ու սկսում քննարկել, թե ում ստեղծագործությամբ պետք է բացվի թատրոնը. Սպենդիարյանի, թե՞ Ռոսինիի։ Թատրոնից երկու հոգի, որոնց անունները դիրիժորը չի բացահայտում, պնդում են, որ դա պետք է լինի Ռոսինին. «Ես ամաչեցի գործընկերներիս փոխարեն, ովքեր իրենց անձնականը բարձր էին դնում ազգային երաժշտական մշակույթից»,- իր հուշերում գրել է Բուդաղյանը։
Գևորգ Բուդաղյանը Գևորգ Բուդաղյանը

Լուսանկարը` Սպենդիարյանի տուն-թանգարան


Նա ոտքի է կանգնում ու ասում. «Հայաստանի օպերային թատրոնը պետք է բացվի հայ կոմպոզիտոր Սպենդիարովի «Ալմաստ» օպերայով: Այլ որոշում լինել չի կարող: Պատմությունը կդատի նրանց, ովքեր այս հարցը կլուծեն ոչ «Ալմաստ»-ի օգտին: Իսկ այստեղ գտնվողները, ովքեր հանուն «Ալմաստ»-ի ճիշտ կգտնեն իմ կողմից պատրաստվող ներկայացումը հանձնել այլ դիրիժորի, ես պատրաստ եմ հեռանալ հենց հիմա»:

Բուդաղյանի խոսքն ազդեցիկ է լինում, օրեր անց թատրոնի տնօրեն Մամիկոն Գեւորգյանը (առանձին մնալով՝ նա այդ ելույթից հետո սեղմել էր Բուդաղյանի ձեռքն ու շնորհակալություն հայտնել) հրաժարական է տալիս։ Նոր նշանակված երիտասարդ Գեորգի Հովհաննիսյանը չնայած ավելի բարյացակամ էր, սակայն ամեն դեպքում Բուդաղյանին խոստովանում է, որ «Ալմաստ»-ի առաջին ներկայացումն ավելի լավ է ղեկավարի այլ դիրիժոր։ Վերջինս մեծագույն ցավով, սակայն անմիջապես համաձայնում է այդ դերը զիջել Սամուիլ Ստոլերմանին, որը ղեկավարել էր Թիֆլիսում եւ Օդեսայում ներկայացված «Ալմաստ»-ը։

Ստոլերմանը ժամանում է Երեւան, որտեղ Բուդաղյանի ջանքերով հմտացած նվագախմբի ու երգիչների հետ անցնում է փորձերի՝ չնչին փոփոխություններ կատարելով։ «Ալմաստ»-ի երեւանյան ազդագրի վրա որպես դիրիժոր երկուսի
անունն էլ գրված էր։

Լուսանկարը` Սպենդիարյանի տուն-թանգարան


1933 թվականի հունվարի 20-ին Երեւանում մեծ իրադարձություն էր։ Տեղի է ունենում հայկական օպերային թատրոնի բացումը եւ առաջին անգամ հայերեն լեզվով հնչում է Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան։
«Ալմաստ»-ի առաջին ներկայացումը Երևանում «Ալմաստ»-ի առաջին ներկայացումը Երևանում

Լուսանկարը` Գրականության եւ արվեստի թանգարան


«Ընդունված է ասել, որ «Ալմաստ»-ը ռուսերենից հայերեն թարգմանել է Տիգրան Հախումյանը։ Բայց նա ոչ թե պարզապես թարգմանություն է կատարել, այլ կարելի է ասել՝ ամբողջությամբ գրել է այն։ Հախումյանն, իսկապես, հսկայական աշխատանք է կատարել»,- ասում է Մարինե Օթարյանը։

Բուդաղյանը շնորհիվ «Ալմաստ»-ի ձեռագիրը մնաց Հայաստանում

«Ալմաստ»-ի ու առհասարակ Սպենդիարյանի թողած ժառանգության պահպանման համար կրկին պարտական ենք Գեւորգ Բուդաղյանին։ Նա կազմել ու հրատարակել է Սպենդիարյանի ստեղծագործությունների ակադեմիական լիակատար ժողովածուն, կազմակերպել բազմաթիվ համերգներ ու տարածել Սպենդիարյանի երաժշտությունը Հայաստանում ու նրա սահմաններից դուրս։

Սպենդիարյանի մահից հետո Հայաստանի Ժողկոմխորի նախագահի տեղակալ Ասքանազ Մռավյանի հանձնարարությամբ ձեռք է բերվում «Ալմաստ» օպերայի ձեռագիրը եւ կրկնօրինակվում։ Այն Մոսկվայից Երեւան է հասցնում Բուդաղյանը, որը կորցնելու մտքից վախեցած՝ գնացքում այն պահել էր բարձի տակ։

1934-35-ի ընթացքում Երեւան ժամանած Սպենդիարյանի կինը՝ Վարվառան, ներկա է լինում «Ալմաստ»-ի բեմադրությանն ու Բուդաղյանից պահանջում է վերադարձնել օպերայի պարտիտուրը։ Զարմացած Բուդաղյանը հրաժարվում է կատարել պահանջը՝ նշելով, որ պարտիտուրը չափազանց թանկ է Հայաստանի համար։

Բուդաղյանին եւ օպերային թատրոնի տնօրեն Հովհաննիսյանին կարճ ժամանակ անց կանչում են կուսակցության կենտրոնական կոմիտե։ Ագիտացիայի եւ պրոպագանդայի քարտուղար Լեւոն Արիսյանը պնդում է, որ պարտավոր են բավարարել կնոջ պահանջը, ինչը վրդովվեցնում է Բուդաղյանին։ Նա տաքացած բացատրում է, թե տալու դեպքում անդարձ կորցնելու են Հայաստանի ու հայ ժողովրդի համար այդ թանկ ու միակ օրինակը։

Վիճաբանությունից հետո դիրիժորը լքում է սենյակը։ Կարճ ժամանակ անց Հովհաննիսյանը նրան հաղորդում է ուրախալի լուրը։ Պարզվում է, որ Արիսյանն իրավիճակը զեկուցում է կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանին ու ներկայացնում Բուդաղյանի տեսակետը։ Խանջյանի հետ խոսելն օգտակար է լինում, իսկ հարցը լուծվում է վայրկյանների ընթացքում. Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի պարտիտուրը մնում է Հայաստանում ու այժմ էլ պահվում է Գրականության եւ արվեստի թանգարանում։
«Ալմաստ»-ի ձեռագիրը «Ալմաստ»-ի ձեռագիրը

Լուսանկարը` Գրականության եւ արվեստի թանգարան


«Ոչ միայն «Ալմաստ»-ի, այլ նաեւ Սպենդիարյանի ողջ ժառանգության պահպանման ու նաեւ տարածման համար պետք է երախտապարտ լինենք Բուդաղյանին»,-շեշտում է Մարինե Օթարյանը։

Մարտիրոս Սարյանը դառնում է «Ալմաստ»-ի կնքահայրը  

Իսկ ինչպե՞ս է ծնվել «Ալմաստ» օպերան։ Իրականում Ալեքսանդր Սպենդիարյանն օպերա գրելու ցանկություն միշտ է ունեցել եւ, ըստ Օթարյանի, փնտրում էր հայ ժողովրդին վերաբերող հերոսական թեմա: Վարդգես Սուրենյանցի «Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ» կտավից ոգեւորված՝ այդ թեմայով օպերա է գրել, որն անհայտ պատճառներով մնացել է անավարտ:

Ճակատագրական է լինում 1914 թվականին Մոսկվայի «Հայկական կոմիտե»-ում նրա հանդիպումն ու ծանոթությունը Մարտիրոս Սարյանի հետ։

«Դրանից քիչ առաջ ես ծանոթացա ռուս կոմպոզիտոր Գրեչանինովի հետ, որը հայտնեց ինձ, թե մտադիր է օպերա գրել Հովհաննես Թումանյանի «Անուշ»-ի սյուժեով։ Այդ մասին ասացի Ալեքսանդր Աֆանասեւիչին՝ ցանկանալով դիպչել նրա հայրենասիրական զգացմունքներին եւ, ըստ երեւույթին, հասա իմ նպատակին»,-իմանում ենք Սարյանի հուշերից։

Վերադարձ արմատներին

1916-ի փետրվարի վերջին «Հայոց երաժշտական ընկերության» հրավերով Սպենդիարյանը մեկնում է Թիֆլիս հեղինակային համերգների։ Դրանք մեծ հաջողություն են ունենում, կոմպոզիտորի պատվին հայ մտավորականությունը տարբեր համերգ-հանդիպումներ է կազմակերպում:

Լուսանկարը` Սպենդիարյանի տուն-թանգարան


«Առաջին անգամն էր խորապես առնչվում իր եւ կովկասյան ժողովուրդների ազգային երաժշտությանը։ Աշխարհում անուն հանած, եվրոպական գրեթե բոլոր մայրաքաղաքներում համերգներով հանդես եկած կոմպոզիտորի համար թիֆլիսյան համերգները առանձնահատուկ էին: Դա երեւում է անգամ կնոջն ուղղած նամակում, որտեղ նկարագրում է, որ այս հաջողությունն աննախադեպ էր»,-շարունակում է Օթարյանը։

Կոմպոզիտորի համար տպավորիչ է լինում Ներսիսյան դպրոցում կազմակերպված համերգը։ Սպիրիդոն Մելիքյանի ղեկավարությամբ ճեմարանականների երգչախումբը կատարում է Կոմիտասի ստեղծագործությունները։

«Սպենդիարովը նստել էր նստարանին, շեշտակիորեն առաջ թեքված եւ ամբողջությամբ՝ ինչպես սպունգը, կլանում էր երաժշտությունը։ Երբեմն նա խնդրում էր կրկնել եւ փոքրիկ տետրում նշումներ էր կատարում։ Երբ մենք ավարտեցինք, նա շնորհակալություն հայտնեց մեզ եւ ասաց. «Սա ինձ համար մի նոր աշխարհ է»»,-ժամանակին հիշել է ճարտարապետ Միքայել Մազմանյանը, որն այդ ժամանակ երգչախմբի անդամ էր։

Սպենդիարյանը բացահայտում է «Թմկաբերդի առումը»

Սպենդիարյանի համերգի նախօրեին Հովհաննես Թումանյանը մամուլում հանդես է գալիս «Ողջունում ենք» հոդվածով, ապա լինում է նրա պատվին կազմակերպված հյուրասիրության թամադան։

«…Ահա այսօր գալիս է եվրոպական երաժշտական աշխարհքում անուն հանած հայ նշանավոր երաժշտագետը՝ Ալեքսանդր Սպենդիարյանը, օտար երկրից դեպի հայրենի մթնոլորտը, արեւմտյան երաժշտությունից դեպի արեւելյան երաժշտությունը, մեծ ու գեղեցիկ ծրագրերով, որոնց գործ դառնալուն առհավատչյա են իր խոշոր տաղանդն ու փայլուն պատրաստությունը եւ էն հանգամանքը, որ իր շարժվելու հնարավորություններով կապված ու կախված չի մեր դժբախտ իրականությունից...»։
Հովհաննես Թումանյանը Հովհաննես Թումանյանը

Լուսանկարը` Հովհաննես Թումանյանի թանգարան


Երբ կոմպոզիտորը օպերա գրելու ցանկության մասին հայտնում է Թումանյանին, վերջինս ներկայացնում է «Անուշ»-ը, ապա «Փարվանա»-ն, սակայն Սպենդիարյանը դրանք հարմար չի տեսնում։ Այդ ժամանակ գրողը հասկանալով վերջինիս միտքը՝ կարդում է «Թմկաբերդի առումը»։

«Սպենդիարյանը շատ հավանեց ամբողջ պոեմը եւ տեղից վեր թռչելով՝ ասաց.
«Այ, սա ուրիշ բան է, իսկն իմ ուզածն է»... Սպենդիարյանը լսում էր պոեմը, ման էր գալիս սենյակի մի ծայրից մյուսը եւ արտասանում. «Հեյ պարոններ…», բայց չկարողանալով շարունակել դիմում էր Թումանյանին՝ ասելով. «Իսկ հետո ինչպե՞ս է, պարոն Հովհաննես…»․․․», - իր հուշերում գրել է Թումանյանի դուստր Նվարդը։

Լուսանկարը` Սպենդիարյանի տուն-թանգարան


Նրանց հանդիպումները դառնում են ամենօրյա, Թումանյանի առանձնասենյակում կարդում էին պոեմը եւ ոգեւորված աշխատում։ Գրողը նրան տալիս է գրքեր ժամանակի կենցաղի, զգեստների, զենքերի, ինչպես նաեւ պատմական տեղեկություններ տրամադրում Նադիր շահի եւ Թաթուլ իշխանի մասին։

Սպենդիարյանի երկրորդ այցը Թիֆլիս

Սպենդիարյանի դստեր՝ Մարիա Սպենդիարովայի հուշերից իմանում ենք, որ Թիֆլիսից նա իր հետ հայկական, պարսկական ու արաբական երաժշտության ձայնապնակներ էր տարել Սուդակ ու գիշերները լսում էին դրանք։ Ըստ Օթարյանի՝ Նիկողայոս Տիգրանյանը խորությամբ ուսումնասիրել էր պարսկական երաժշտությունը, եւ Սպենդիարյանը օգտվել է դրանցից։

«Պարոն Հովհաննես Թումանյանի պոեմների պատճառած հիացմունքը դեռ չի անցնում։ Ցանկանում եմ որքան հնարավոր է շուտ ձեռնարկել Թմկաբերդի տիրուհու մասին օպերան»,- գրում է Սպենդիարյանը Թիֆլիսի իր ազգականներին։

Նույն տարվա վերջին նա կրկին վերադառնում է Թիֆլիս։ Մեկնելու մասին տեղեկացնում է Թումանյանին ու ավելացնում․«Եթե Դուք դեռեւս ժամանակ չեք ունեցել զբաղվելու «Թմկաբերդի առումը» պոեմի մշակումով, ապա այդ Ձեզ թող բնավ չանհանգստացնի։ Թիֆլիսում իմ գտնված ժամանակամիջոցում համենայն դեպս Ձեզ հետ, վերջնականապես կմշակենք սցենարը, եւ բացի դրանից, ինչպես արդեն գրել եմ, ես կզբաղվեմ երաժշտական նյութ հավաքելով, որի համար եւ իմ Թիֆլիս գալը իզուր չի լինի»։
Սպենդիարյանի նամակը Թումանյանին Սպենդիարյանի նամակը Թումանյանին

Լուսանկարը` Սպենդիարյանի տուն-թանգարան


«Հայ գրողների ընկերության» երեկույթի ժամանակ Թումանյանը դիմում է Սպենդիարյանին. «Վերջին տասնամյակների գործն է, որ մեր երաժիշտները վերադառնում են դեպի հարազատ ժողովրդի երգն ու եղանակը եւ դեպի հայ բանաստեղծի երկերն ու երգերը։ Էս երեւույթն արդեն դարձել է մի ընդհանուր հոսանք եւ էս ընդհանուր հոսանքի մեջ նշանակալից է եւ Ձեր վերադարձը դեպի հայկական իրականությունն ու գրականությունը․․․

Ես... ողջունում եմ Ձեր վերադարձը... որպես մի հարազատի, որ երկար տարիներ օտարության մեջ մնալուց հետո՝ վերադառնում է դեպի տուն, դեպի իր հայրենի օջախը, հետը բերելով երաժշտությունը, ամենանուրբն ու ամենասուրբը, ինչ որ կա աշխարհում ու կյանքի մեջ»։
1933-ին «Ալմաստի» դերակատար Թամարա Շահնազարյանը 1933-ին «Ալմաստի» դերակատար Թամարա Շահնազարյանը

Լուսանկարը` Գրականության եւ արվեստի թանգարան


«Օպերայի անվան շուրջ աշխատանքների ընթացքում սկզբում որոշում են Գոհար անունը, սակայն հետագայում, քանի որ լիբրետոն գրվում է ռուսերեն, «ո» եւ «ա» ձայնավորների իրար կողք լինելու եւ հնչողության անհնարելիության պատճառով, այն փոխարինվում է Ալմաստով»,- պատմում է Մարինե Օթարյանը։

Գրողն ու կոմպոզիտորը որոշում են հետագայում հանդիպել Ղրիմում, որպեսզի միասին ավարտին հասցնեն լիբրետոն, սակայն դրան խանգարում են ծանր քաղաքական պայմանները։

Սպենդիարյանը մինչեւ վերջ հղկում էր «Ալմաստ»-ը

«Սպենդիարյանը մեծ ոգեւորությամբ էր աշխատում «Ալմաստ»-ի վրա։ Այդ ընթացքում Սուդակում էր ապրում նաեւ ռուս բանաստեղծ Սոֆիա Պարնոկը, որին էլ առաջարկում է գրել լիբրետոն։ Կարծում եմ, որ Պարնոկը չէր կարող լիարժեք արտահայտել հայ ժողովրդի հերոսական պատմությունը, Թումանյանի պոեմի ոգին ու շունչը: Երբեք չեմ թերագնահատում «Ալմաստ» օպերայի բարձր արժեքը, այն բացառիկ է, բայց եթե Թումանյանի ու Սպենդիարյանի համատեղ աշխատանքը հաջողվեր, այն լինելու էր բացառիկներից բացառիկը»,- ասում է Օթարյանը։  
Ալեքսանդր Սպենդիարյանը Ալեքսանդր Սպենդիարյանը

Լուսանկարը` Սպենդիարյանի տուն-թանգարան


1924-ին Սպենդիարյանը տեղափոխվում է Երեւան ու շարունակում աշխատել «Ալմաստ»-ի վրա։ Նվարդ Թումանյանի հուշերից իմանում ենք, որ նա Սարյանի տանը նեղ շրջանակի համար կարդում է լիբրետոն, մի քանի կտոր կատարում օպերայից։ Այստեղ խոսվում է Պարնոկի մտցրած նոր հատվածների մասին, որոնք չէին համապատասխանում պոեմի ընդհանուր բնույթին։ Սպենդիարյանը չի ցանկանում դրանք հեռացնել, որովհետեւ փոքրանալու էր Թաթուլի դերը եւ խախտվեր օպերայի ամբողջությունը։

«Վերադարձին նա ճանապարհին շարունակ խոսում էր «Ալմաստից»։ Ափսոսում էր, որ Թումանյանն իր հետ չէ՝ լիբրետոյի բացերը վերացնելու համար, ցավում, որ բանաստեղծին չվիճակվեց ապագա օպերայի հանդիսատեսը լինել»,- գրում է Նվարդ Թումանյանը։

Գոհար Նալբանդյան

Հոդվածում մեջբերումներ են արվել հետեւյալ գրքերից՝ Геворк Будагян «Со Спендиаровым. Страницы воспоминаний», Նվարդ Թումանյան «Հուշեր եւ զրույցներ», Մարինա Սպենդիարովա «Սպենդիարով»։

Լուսանկարները՝ Ալ․ Սպենդիարյանի տուն-թանգարանի ֆոնդից, Հովհ, Թումանյանի թանգարանից, Գրականության եւ արվեստի թանգարանից։




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին