Արմենուհի Տիգրանյանի (1888-1962) անունն առաջին անգամ հանդիպեց Ավետիք Իսահակյանի անտիպ ու չհավաքված նամակների ժողովածուն կազմելիս: Իսահակյանը նամակներ ուներ Ավետիս Ահարոնյանին (Առաջին Հանրապետության խորհրդարանի նախագահ, գրող) ու նրա որդուն՝ Վարդգես Ահարոնյանին (իրավաբան, գրող, Առաջին Հանրապետության տարիներին՝ հանրապետության դատախազ): Այդ նամակներում Իսահակյանը հիշատակում էր նաեւ Վարդգես Ահարոնյանի կնոջը՝ Արմենուհի Տիգրանյանին: Նամակները ծանոթագրելիս իմացա, որ նա կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի քույրն էր, Երեւանում ուներ գրական սալոն, ժամանակին վայելել էր Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի հատուկ ուշադրությունը:
Արմենուհի Տիգրանյանին երկրորդ անգամ «հանդիպեցի» գրականագետ Արփիկ Ավետիսյանի արխիվում: Խունացած թղթին ձեռագրով բանաստեղծություններ էին արտագրված, որոնցում հիշատակվում էր Չարենցի անունը: Հեղինակի մասին ոչինչ չկար, միայն նշված էր՝ «Հայրենիք», 1952, դեկտեմբեր, էջ 83»:
Լուսանկարը` Հանրային գրադարան
Չարենցի մասին չափազանց մտերիմ ոճով գրված տողերը ստիպեցին արագ գտնել ամսագիրը: 83-րդ էջին Վարդգես Ահարոնյանի հոդվածն էր՝ «Եղիշե Չարենցը ե՞րբ է հիասթափվել համայնավարներից» վերնագրով: Հոդվածը Չարենցի մասին էր՝ զգալի կծու երանգով: Ահարոնյանը հոդվածում նախ հիշել էր Առաջին Հանրապետության լուսավորության նախարար, գրաքննադատ Նիկոլ Աղբալյանի՝ 1919 թ.-ին, խորհրդարանի դահլիճում ներկայացրած «Մի նոր բանաստեղծ. Չարենց» թեմայով դասախոսությունը: Դասախոսության ընթացքում Աղբալյանն ազդարարեց՝ եթե գրականության անցնող տասնամյակի «տիրական բանաստեղծը» Վահան Տերյանն էր, «այնպէս էլ յաջորդ տասնամեակին հայ բանաստեղծութեան մէջ տիրապետող դէմքը լինելու է Եղիշէ Չարենցը»:
Ըստ Ահարոնյանի՝ Կարսի գյուղերից մեկում ուսուցչություն անող Չարենցը, տեղեկանալով իր անվան շուրջ ստեղծված հետաքրքրության մասին, գալիս է Երեւան: Գրական շրջանակներն անմիջապես գուրգուրանքով են շրջապատում «այդ մռայլ, սակաւախօս տղային»:
Լուսավորության նախարար Նիկոլ Աղբալյանը Չարենցին նշանակում է նախարարության հատուկ հանձնարարությունների պաշտոնյա, որը ենթարկվելու էր բացառապես նախարարին. «Ահա քեզ թոշակ եւ սենեակ , նստի՜ր եւ գրի՜ր»:
«Նախքան Երեւանում իր երեւալը, Չարենցր չորս տարի է անցկացրել Ռուսաստանում եւ իբրեւ խանդավառ համայնավար, ծառայել է Կարմիր Բանակում: Եւ երբ 1919-ին վերադարձել է Հայաստան, նա ոտքից գլուխ կազմակերպուած համայնավար է եղել, համայնավարի հոգեբանութեան յատուկ բոլոր այլանդակութիւններով,- գրում է Վարդգես Ահարոնյանը: - Այդ այլանդակութիւններից մէկին ես ականատես եւ ականջալուր եղայ 1920-ի սկիզբը: Մի երեկոյ, խմբով գրական հաւաքոյթից վերադառնալու ժամանակ, երբ խօսք եղաւ 1915-ին նահատակուած արեւմտահայ գրողների մասին, Չարենցը, Աբովեան փողոցի մայթի վրայ կանգ առաւ եւ ասաց. «Լավ եղաւ, որ թուրքերը կոտորեցին դրանց բոլորին»: Մենք մի վայրկեան, շշմեցինք, այնքան հրէշային էր այդ յայտարարութիւնը:
-Խենթացա՞ր,- դարձայ ես իրեն:
- Ի հարկէ, լաւ եղաւ. չէ՞ որ բոլորն էլ Դաշնակցականներ էին: Մի մերոնք գան այստեղ, ձեզ էլ կանգնեցնենք պատի տակ եւ գնդացիրները շարենք ձեր առջեւ,- պատասխանեց Չարենցը:
-Ձերոնք դեռ հեռու են, եւ մինչեւ նրանց գալը, ես կարող եմ հէնց հիմա կանչել առաջին պատահած ոստիկանին եւ քեզ բանտ ուղարկել: Եւ գիտե՞ս ինչու չեմ անում այդ, - որովհետեւ մենք մարդ ենք եւ հայ, իսկ դուք արիւնարբու հրէշներ, ահա մեր տարբերութիւնը, ասացի ես եւ հեռացայ խմբից»:
Լուսանկարը` Եղիշե Չարենցի տուն-թանգարան
Այդուհանդերձ, Վարդգես Ահարոնյանը նկատել էր Չարենցի ոչ միայն «համայնավարին հատուկ այլանդակ» գծերը. «Եղիշէ Չարենցին մօտիկից ճանաչողները գիտեն, որ նրա մէջ տարօրինակ կերպով իրար ձուլուած ապրում էին երկու մարդիկ,- մէկը՝ քնքոյշ, անկեղծ, խորազգաց եւ պարկեշտ բանաստեղծը, իսկ միւսը՝ կարելի է ասել՝ ստահակի հոգեբանութեամբ, հեգնող, հայհոյող, չար, նախանձոտ, եւ իր խոշոր տաղանդը համայնավար առօրեային ծառայեցնող արքունի զրողը: Այդ երկու մարդիկ պայքարի մէջ էին Չարենցի հոգում: Այդ երկսից ո՞ր մէկը պիտի գերակշռէր Չարենցի մէջ: Եթէ Չարենցն ապրէր ու ստեղծագործէր բնականոն, ազատ պայմաններում, կասկածից դուրս է, որ նրա ստեղծագործութեան մէջ եւ առօրեայ կեանքում պիտի զերակշռէր առաջինը, այսինքն անկեղծ եւ խորազգաց բանաստեղծը: Բայց այդպէս չդասաւորուեց Չարենցի կեանքը: Սովետական առօրեայով կլանուած Չարենցը սովետական բռնակալ իշխանութեան տակ կատարեց համայնավարութեան արքունի բանաստեղծի դերը ծայրայեղ անպարկեշտութեամբ: Ներքին պարկեշտ մարդը, խորազգաց, անկեղծ բանաստեղծը խեղդուած էր Չարենցի մէջ. խեղդուած էր, բայց մեռած չէր: Հրապարակով ազատ արտայայտուելու իրաւունքից զրկուած այդ ներքին մարդը բացւում էր կամ շատ վստահելի, մտերիմ բարեկամների առջեւ եւ կամ դիմում զարտուղի գաղտնածածուկ միջոցների՝ ասելու համար իր խօսքը: Ապացոյց՝ Չարենցի «Գիրք ճանապարհի» մէջ հռչակաւոր ծածկագիր «Պատգամ»-ը, որ հիասթափուած Չարենցը նետեց համայնավարութեան եւ սովետական բռնակալ իշխանութեան ճակատին»:
«Շատ մտերիմ» մարդկանցից մեկը, որին Չարենցը կարող էր վստահել իր ծածուկ մտքերը, Արմենուհի Տիգրանյանն էր՝ Վարդգես Ահարոնյանի կինը: Եվ այդ մասին հոդվածում գրում է հենց ինքը. «Ինչպէս ասացինք, Հայաստանի անկախ Հանրապետութեան ժամանակ Եղիշէ Չարենցը պաշտօնավարում էր Հայաստանի Լուսաւորութեան նախարարութեան մէջ: Կարմիր Բանակի կողմից Հայաստանի վերանուաճումից եւ սովետացումից յետոյ Չարենցը շարունակել էր պաշտօնավարել նոյն նախարարութեան մէջ, որ սկսել էր կոչուել Լուսժողկոմատ: Իր հետ, Լուսժողկոմատում պաշտօնավարել է այս տողերը ստորագրողի տիկինը՝ բանաստեղծուհի Արմենուհի Տիգրանեան-Ահարոնեան»:
Արմենուհի Տիգրանյանն ու Վարդգես Ահարոնյանն ամուսնացել էին 1917 թ.-ին: Ահարոնյանը Առաջին Հանրապետության դատախազն էր: Հանրապետության անկումից հետո մեկնել է Փարիզ, ապա 1923-ին՝ ԱՄՆ, հոր մոտ: Արմենուհի Տիգրանյանը ամուսնու հետ անմիջապես չէր մեկնել:
Չարենցի եւ Արմենուհի Տիգրանյանի ծանոթությունն, ըստ գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի ուսումնասիրության՝ տեղի է ունեցել1919-ին: Հայաստանի խորհրդայնացումից հետո, երբ Չարենցը նշանակվել է Լուսավորության ժողկոմատի արվեստի բաժնի վարիչ, Արմենուհի Տիգրանյանն աշխատանքի է անցել հրատարակչական բաժնում՝ որպես քարտուղար:
Վարդգես Ահարոնյանի հոդվածից տեղեկանում ենք, որ 1921 թ-ի հունվարի 13-ին, այսինքն՝ Հայաստանի խորհրդայնացումից վեց շաբաթ անց, Չարենցը գրել է Արմենուհի Տիգրանեանի տետրակի մեջ «Հնի համար» վերնագրով մի բանաստեղծություն՝ փակագծում ռուսերենով նշելով.
«Բանաստեղծ Եղիշե Չարենցի հանպատրաստից բանաստեղծությունը՝ ի հուշ Արմենուհի Տիգրանյանի», իսկ վերնագրի տակ, դարձյալ ռուսերենով, գրել՝ «Հակահեղափոխական բանաստեղծություն»:
Հնի համար
Հնի համար գիշերները երազի,
Վատի համար ու լաւի, թող իմ սիրտը
Երազի ու ցավի,
Թող իմ սիրտը օրօրեն
Անցած օրերը էն թէն,
Մրրիկներում էս սրի,
Օրերում էս սրադէմ:
Ինչ էլ լինի, կեանքը կայ
Ու անցնում է առանց յուշ,
Գալիքներից արեւկայ
Անցեալի սեւն է անուշ:
Արմենուհի Տիգրանյանի տետրակներում սա Չարենցի միակ բանաստեղծությունը չէր: Կնոջ տետրակներում՝ Չարենցի անտիպ բանաստեղծություններն ու գրառումները, Չարենցի՝ իր կնոջն ուղղված բանաստեղծությունները Ահարոնյանը 1964 թ.-ին հանձնել է Հայաստանի Գրողների միությանը:
Հովիկ Չարխչյանն՝ իր «Չարենցը եւ Արմենուհին. սիրո խաղ կրակի հետ» վավերագրական վեպում ներկայացրել է Չարենցի եւ Արմենուհի Տիգրանյանի բուռն, կարճատեւ սիրո պատմությունը: Ի դեպ, Չարենցի «Էմալե պրոֆիլը Ձեր» սոնետը եւս նվիրված է Արմենուհի Տիգրանյանին:
Արմենուհի Տիգրանյանը Խորհրդային Հայաստանում ապրել է մինչեւ 1921-ի օգոստոսը, ապա տեղափոխվել արտասահման՝ միանալու ամուսնուն: Ըստ Հովիկ Չարխչյանի՝ Վարդգես Ահարոնյանը կնոջը չի ներել Չարենցի հետ մտերիմ հարաբերությունները. նրանք չեն միավորվել:
Սակայն դատելով «Հայրենիք» ամսագրում 1952 թ.-ին Վարդգես Ահարոնյանի հոդվածից՝ Չարենցի գրական անտիպ ժառանգությունը հանրայնացնելը անձնական ապրումներից կարեւոր է թվացել, եւ հենց ինքն էլ իր հոդվածում ներկայացրել է 1934թ-ին Արմենուհի Տիգրանյանի «Հեռուէն զրոյց Չարենցի հետ» բանաստեղծությունը:
Չարենց, լինենք անյանցանք,
Լինենք այնպէս, ինչպէս կանք.
Չէ՞ որ անմահ ու անեղծ
Լոկ սրտերն են բանաստեղծ:
Ասա, ինչպէ՞ս մոռացար
Երեւանը մեր պայծառ,
Էջմիածնի հին գինին,
Մեր «Պանդոկ»-ն (1) ու Խորէնին (2):
Ապա գալո՞ւստդ առաջին,
Յայտնութի՞ւնդ մեր միջին.
Որքան սէր ու ջերմութիւն
Գտար դու Պարլամենտում (3)
Պարլամենտի դահլիճն էր
Մեծ ու պզտիկ գրողներ
Եկել էին քով քովի,
Որ Նիկոլը (4) քեզ գովի:
Եւ այնքա՜ն ոգեւորուի,
Հուր-գրիչովդ տարուի,
Որ Իսհակեան, Թումանեան
Իսպառ մտքէն չքանան:
Այդպէս եղաւ, յիշո՞ւմ ես,
Եւ քեզ սիրեց նա այնպէս,
Որ չսպասեց էլ երկար,
Արեց իրեն քարտուղար:
Ի՜նչ քարտուղար, լոկ պատճառ,
Որ տեղ ճարի քեզ համար,
Հաց ու սենեակ տայ քեզի,
Գրե՜ս, որքան սիրտդ ուզի:
Երբ մուսաներդ իմացան,
Շիկնեցին ու վառուեցան,
«Կարմիր նժույգներ» (5) դարձան,
Ողջը արին ցիրուցան:
«Հուր ես, սուր ես» դու հիմա,
«Բայց ի զուր ես» (6) դու հիմա
Կամունիստի երգ երգում,
Ինքըդ քո երգը հերքում:
Չարենց՝ ամէն Մարտիրոս,
Ամէն Համօ ու Պետրոս,
Չեն կարող սիրտըդ ըզգալ,
Քեզ պէս երգել ու զնգալ:
Ամէն մարդ էլ սիրտ ունի,
Ամէն սիրտ էլ կ՝արիւնի,
Բայց ո՞վ գիտէ՝ ե՛րբ, ի՛նչպէս...
Ես չեմ կարող լալ քեզ պէս. ...
Ու չեմ կարող ես երգել
Քո երգերը ռումբի պէս,
Ու չես կարող դու սիրել
Ինձ պէս խորունկ, ինձ պէս հեզ:
Ինչո՞ւ շատ հեռուն երթանք,
Որ իրար չհասկանանք.
Խօմ յիշո՞ւմ ես էն անցած
«Տրիօլետներդ» ինձ ձօնած,
Պատասխաններն իմ հատու,
Արարատը, ես ու դու,
Երբ մի օր դու դառնացած՝
Հոգիդ հոգուս ես բացած:
Լուսժողկոմի սենեակում,
Երբ թռիչք կար քո հոգում,
Յիշիր Չարենցն էն անցած,
Լոյս-Չարենցն էն -... մոխրացած:
Երբ մեր շուրջը թափուր էր,
Ու ճշմարիտն էլ զուր էր.
Երբ «մաուզէրը» ջէբիդ
Շրջում էիր անժպիտ,
Գինիի կարօտ քաշում,
Օրերդ անխնդում մաշում,
Մօտս գալիս քաշում ա՜խ,
Ո՞ւր է Նիկոլը, հէ՜յ վախ:
«Սանձում են սէր ու թռիչք
Կոտրում են թափ ու գրիչ»
Հառաչում էիր, Չարենց,
Որ պիտ դառնաս Յիմարենց. . .
Եւ կ՝ուզէիր, որ զնգայ
«Մեր հայրենիք» վաղ թէ ուշ
«Գալիք օրէն արեւկայ
Անցեալի սեւն է անուշ :
Ու տետրակիս մէջ հիմա
Քո ձեռագիրն հարազատ,
«Անցեալի սեւ»-ը կուլայ
Ու հայրենիքդ անազատ:
«Գալիք օրէն արեւկայ
Անցեալի սեւն է անուշ»-
Գրեցիր իմ տետրակում,
Գրեցիր. . . խաղ էր անշուշտ.
... Լինենք, Չարենց, անյանցանք,
Լինենք այնպէս, ինչպէս կանք.
Չէ՞ որ անմահ ու անեղծ
Լոկ սրտերն են բանաստեղծ:
Լիլիթ Ավագյան
Ծանոթագրություններ
1. «Պանդոկ» գրական ակումբ Երեւանում 1919-20 թթ.:
2. Վահան Խորենի, հանրային գործիչ, հրապարակախոս, հռետոր:
3. Խորհրդարանի մեծ սրահում էին տեղի ունենում գրական հավաքույթներն ու դասախոսությունները:
4. Նկատի ունի Առաջին Հանրապետության Լուսավորության նախարար Նիկոլ Աղբալյանին:
5. Խոսքը «Կարմիր նժույգներ» բանաստեղծության մասին է;
6. Նկատի ունի Չարենցի «Բրոնզ ես, հուր ես» բանաստեղծությունը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: