Ապրիլի 24-ը եւ «նոր Հայաստանի» մասին Սարոյանին վերագրվող տողերը - Mediamax.am

exclusive
21457 դիտում

Ապրիլի 24-ը եւ «նոր Հայաստանի» մասին Սարոյանին վերագրվող տողերը


Վիլյամ Սարոյանը՝ Ծիծեռնակաբերդում
Վիլյամ Սարոյանը՝ Ծիծեռնակաբերդում

Լուսանկարը` Պողոս Պողոսյան

Վիլյամ Սարոյանը՝ Երեւանում
Վիլյամ Սարոյանը՝ Երեւանում

Լուսանկարը` Պողոս Պողոսյան


Ամեն տարի՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Վիլյամ Սարոյանի «Շունչ եւ արտաշունչ» ժողովածուի «Հայը եւ հայը» պատմվածքի վերջին երկու պարբերությունները հաճախ են մեջբերվում համացանցում: 



Սակայն մեջբերվող հատվածում կան արտահայտություններ, որոնք գրողը երբևէ չի գրել: Ֆրեզնոյում գործող Saroyan House-ը՝ Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը մեկնաբանել է հայտնի սխալմունքը եւ կոչ արել մեջբերել բնօրինակը:    

 

Ամեն ինչ սկսվել է 1982 թվականին թողարկված մի պաստառից եւ շարունակվում է մինչ օրս: Շատ հայեր գիտեն այն անգիր, բայց քչերն են տեղյակ, թե ինչ է իրականում գրել Սարոյանը այդ պարբերության մեջ: Եվ ստացվում է, որ կեղծ տարբերակը ստվերում է թողել իրականին: 

 

Ահա այդ հատվածն ամբողջությամբ.

 

«Կուզեի տեսնել աշխարհում որեւէ ուժ, որ կկործանի այս ժողովրդին, անկարեւոր մարդկանց այս փոքր ցեղը, որի պատմությունն ավարտված է, պատերազմները՝ կռված ու պարտված, շինությունները՝ փլուզված, գրականությունը՝ չկարդացված, երաժշտությունը՝ չլսված, եւ աղոթքները՝ լռած։ Դե գործի անցեք, կործանե՛ք այս ցեղը։ Պատկերացրեց, որ նորից 1915-ն է, իսկ աշխարհում՝ պատերազմ։ Կործանե՛ք Հայաստանը։ Տեսեք՝ կստացվի՞։ Հանեք նրանց տներից, ուղարկեք անապատները: Թողեք առանց հաց ու ջրի: Հրդեհեք տներն ու եկեղեցիները։ Տեսեք՝ նորից չե՞ն ապրի: Տեսեք, նորից չե՞ն խնդա։ Տեսեք՝ նրանց ցեղը չի՞ հառնի, երբ քսան տարի հետո երկու հոգի հանդիպեն գարեջրատանն ու ծիծաղեն ու խոսեն իրենց լեզվով։ Դե՛, տեսեք՝ մի բան կկարողանա՞ք անել դրա հետ։ Տեսեք՝ կկարողանա՞ք արգելել, որ նրանք ծաղրեն աշխարհի մեծ-մեծ գաղափարները, շա՛ն տղերք, որ երկու հայ խոսեն աշխարհում, դե՛, փորձե՛ք կործանել նրանց»:

 

("I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose history is ended, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, whose literature is unread, whose music is unheard, whose prayers are no longer uttered. Go ahead, destroy this race. Let us say that it is again 1915. There is war in the world. Destroy Armenia. See if you can do it. Send them from their homes into the desert. Let them have neither bread nor water. Burn their houses and their churches. See if they will not live again. See if they will not laugh again. See if the race will not live again when two of them meet in a beer parlor, twenty years after, and laugh, and speak in their tongue. Go ahead, see if you can do anything about it. See if you can stop them from mocking the big ideas of the world, you sons of bitches, a couple of Armenians talking in the world, go ahead and try to destroy them").

 

Նախ եւ առաջ, պետք է նշել հետեւյալ արտահայտության բացակայությունը. 

 

«Տեսե՛ք, թե ինչպես են ստեղծելու Նոր Հայաստան»: 

 

Այս խոսքերը Սարոյանը երբեւէ չի գրել: 

Վիլյամ Սարոյանը՝ Երեւանում Վիլյամ Սարոյանը՝ Երեւանում

Լուսանկարը` Պողոս Պողոսյան

Creative Armenia-ի համար գրված իր հոդվածում Մարկ Մամիկոնյանը գրում է. 

 

«Հայտնի տարբերակը նշանակալիորեն խմբագրում է Սարոյանին՝ ներմուծելով նոր արտահայտություններ ու գաղափարներ։ Ես չեմ կարող պաշտպանել նմանատիպ խեղաթյուրանքը, անգամ եթե դա արվել է լ ամենալավ մտադրություններով։ Մի բան է, երբ ջնջում են «շան տղերք» արտահայտությունը՝ մեջբերումն ընտանեկան միջավայրին հարմարեցնելու համար։ Սակայն մեծ հանդգնություն էր պետք ունենալ Սարոյանի հրատարակված տեքստը վերցնելու, այն իբրեւ սեւագիր դիտարկելու եւ «մաքրագրելու» համար։ «Տեսեք՝ նորից չե՞ն աղոթի». սա Սարոյանի անհայտ համահեղինակի կողմից ներմուծված միանգամայն նոր հայեցակարգ է: Այն շատ հեռու է գարեջրատանը իրար հանդիպած երկու հայերի անեծքներով լի զրույցից։ Իսկ ինչ վերաբերում է աղոթքներին, բնագրում Սարոյանն ասում է. «աղոթքները՝ լռած են», իսկ խմբագրված տարբերակում՝ «անպատասխան մնացած», կարծես հայերի՝ Եղեռնից հետո աղոթելը դադարելու ողբերգականորեն կարեւոր միտքը չափից դուրս շոկաին էր ու պիտի փոխվեր։

 

Եվ ինչ տարբերություն կա․

 

«Երբ նրանցից երկու հոգի հանդիպեն աշխարհի որեւէ մի վայրում, տեսե՛ք, թե ինչպես են ստեղծելու նոր Հայաստան» արտահայտության սենտիմենտալ ազգայնականության եւ. Տեսեք՝ կկարողանա՞ք արգելել, որ նրանք ծաղրեն աշխարհի մեծ-մեծ գաղափարները, շա՛ն տղերք, որ երկու հայ խոսեն աշխարհում, դե՛, փորձե՛ք կործանել նրանց» արտահայտության միջեւ»: 

 

Պատրաստել է Սոնա Միրզոյանը




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին