Էդվարդ Բաղդասարյանը՝ ասպետն ու իսկական մատենադարանցին - Mediamax.am

Հոկտեմբեր 25, 2025
exclusive
17454 դիտում

Էդվարդ Բաղդասարյանը՝ ասպետն ու իսկական մատենադարանցին


Էդվարդ Բաղդասարյանը
Էդվարդ Բաղդասարյանը

Լուսանկարը` Բաղդասարյանների ընտանեկան արխիվից

Էդվարդ Բաղդասարյանը
Էդվարդ Բաղդասարյանը

Լուսանկարը` Բաղդասարյանների ընտանեկան արխիվից

Ժոզեֆ Ավետիսյանը
Ժոզեֆ Ավետիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեն Մաթեւոսյանը
Կարեն Մաթեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հրավարդ Հակոբյանը
Հրավարդ Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վահե Թորոսյանը
Վահե Թորոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Էդվարդ Բաղդասարյանի մասին հիշողություններ ունի մատենադարանցիների մի քանի սերունդ։ Նա 60 տարի աշխատել է Մատենադարանում, ղեկավարել «Միջնադարյան սկզբնաղբյուրների ուսումնասիրման» բաժինը։ Էդվարդ Բաղդասարյանի գիտական գործունեության մասին խոսելիս՝ առաջին հերթին անդրադառնում են Երվանդ Երզնկացու, Գեւորգ Սկեւռացու եւ Ներսես Շնորհալու՝ նրա աշխատասիրությամբ հրատարակված բնագրերին։ Դրանք կարեւոր ու շատ արժեքավոր նյութեր են հայ միջնադարյան սկզբնաղբյուրների ուսումնասիրման բնագավառում։

Ընկերներն ասում են, որ հասարակական ակտիվ գործունեությունը երբեմն գիտության մեջ տեղատվության պատճառ էր դառնում։ Բայց այդ գործունեությունը եւս պակաս կարեւոր չէր։ 

86-ամյա գիտնականը մահացել է 2019 թվականի նոյեմբերին։ Մեդիամաքսի զրուցել է Էդվարդ Բաղդասարյանի ընկերների ու գործընկերները հետ։

***

«Էդիկն աչքի էր ընկնում իր սուր մտքով, զարմանալի հիշողությամբ եւ դիպուկ արտահայտություններով»

Հրավարդ Հակոբյան, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ

Էդվարդ Բաղդասարյանի հետ շուրջ 65-70 տարի եմ անցկացրել։ Միասին ընդունվել ու 5 տարի սովորել ենք համալսարանի պատմության ֆակուլտետում։ Երեւի Աստծո կամքով էր, որ 1959 թվականին հայտնվեցինք Մատենադարանում։ Այն պարագան, որ ես նկարչական կրթություն ունեի, ինձ ուղղորդեց դեպի արվեստը, զբաղվեցի մատենական նկարչությամբ, իսկ Էդիկը՝ պատմությամբ։ Ես իր գիտական գործերին չէի խառնվում, որովհետեւ այդքան չէի հասկանում, նա էլ՝ մեր արվեստի գործերին։

1960-ականների սկզբներին հատուկ խմբեր էին ուղարկվում՝ քարայրներում ձեռագրերի մնացորդներ գտնելու։ Էդիկը դժվարությամբ մագլցում էր այդ քարայրներն ու, կարծեմ, ձեռագրերի բավականի շատ պատառիկներ բերեցին։

Հրավարդ Հակոբյանը Հրավարդ Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Համալսարանում, հետո նաեւ՝ այստեղ, Էդիկն աչքի էր ընկնում իր սուր մտքով, զարմանալի հիշողությամբ եւ դիպուկ արտահայտություններով։ Նույնիսկ դասախոսությունների ժամանակ երբեմն այնպիսի միջամտություններ էր կատարում, որ եթե միտքն այդքան լավ ու սուր չլիներ, դասախոսը կարող էր դուրս հրավիրել։

Առավել բնորոշ հատկանիշը, որ դրսեւորվեց դեռեւս ուսանողական տարիքից, հայրենասիրությունն էր, նվիրվածությունը հայրենիքին։ Ես, որ մի կողմից տոհմիկ էջմիածնեցի եմ, մյուս կողմից՝ Աշտարակից, գաղթականների մասին գիտեի, բայց ցեղասպանության մասին պատկերացում չունեի։ Իսկ Էդիկն ամեն ինչ գիտեր ու բարկանում էր վրաս՝ «մեծ մարդ ես, ամեն մանրուք պիտի իմանաս»։

«Նա ասպետական բնավորության գծեր ուներ»

Կարեն Մաթեւոսյան, պատմական գիտությունների դոկտոր, Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն

Էդիկ Բաղդասարյանը Մատենադարանի այն սերնդի ներկայացուցիչն է, որը ձեւավորեց Մատենադարանը՝ որպես գիտահետազոտական ինստիտուտ։

Մատենադարանի հիմնադիր ու առաջին տնօրեն Լեւոն Խաչիկյանը կարողացավ ներգրավվել տարբեր ոլորտների մասնագետների եւ յուրաքանչյուրին հանձնարարել որոշակի ուղղություն։ Ձեւավորվեց «մատենադարանցի» հասկացությունը։
Կարեն Մաթեւոսյանը Կարեն Մաթեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Խորհրդային շրջանում Մատենադարանը համարվում էր հայրենասիրական, ազգային ավանդույթների պահպանման կենտրոն։ Այն ժամանակ շատ թեմաների մասին, օրինակ՝ քրիստոնեական, չէր կարելի խոսել։ Բայց Մատենադարանը ձեռագրերի շտեմարան, պահոց է, իսկ ուսումնասիրվող ձեռագրերը Ավետարաններ, աստվածաբանական երկեր, միջնադարյան գիտական նյութեր էին։ Մատենադարանը կարողացավ իր առաքելությունը կատարել, գտնել այդ նյութերն ուսումնասիրելու ձեւեր։ Օրինակ՝ հայերեն ձեռագրերի հիշատակարանները հրատարակվում էին «Նյութեր հայ ժողովրդի պատմության» խորագրով։ Լեւոն Խաչիկյանի ձեւավորած այս գվարդիայի ներկայացուցիչներից մեկն Էդվարդ Բաղդասարյանն էր։

Խորհրդային տարիներին կար «Գիտելիք» ընկերություն, որը տարբեր շրջաններում, գյուղերում դասախոսություններ էր կազմակերպում։ Էդվարդ Բաղդասարյանն ակտիվ մասնակցում էր դրաց։ Այն ժամանակ Եղեռնի եւ մի շարք այլ թեմաների մասին խոսելը չէր խրախուսվում, բայց նա հանդես էր գալիս որպես մեր մշակույթի, հայրենասիրության քարոզիչ։
Էդվարդ Բաղդասարյանը Էդվարդ Բաղդասարյանը

Լուսանկարը` Բաղդասարյանների ընտանեկան արխիվից


Նա տարբերվում էր գրասենյակային գիտնականից, ասպետական բնավորության գծեր ուներ, որոնք տարբեր ձեւերով դրսեւորվում էին։ Պատահական չէ, որ նա հայ ասպետության, հայ զինվորականության պատմությամբ է զբաղվել։  Էդվարդ Բաղդասարյանն ուժեղ անհատականություն էր, արդարամիտ, երիտասարդներին ուղղորդող, օգնող, խրախուսող։ Մի հոդված էի գրել Սամվել Անեցու ձեռագրերի մասին: Մի օր կանչեց, ասաց, որ շատ հետաքրքիր թեմա է, շարունակեմ որպես դոկտորական ատենախոսություն։ Մտածեցի՝ փորձեմ, եւ պարզվեց, որ շատ ճիշտ ուղղորդում էր։ Նա ինձ ցույց տվեց այն տեղը, ուր պիտի գնայի, եւ սա իր մեծ արժանիքներից մեկն էր։

«Էդվարդ Բաղդասարյանի աշխատանքները երկար ծառայելու են հայագիտությանը»

Վահե Թորոսյան, Մատենադարանի գիտական քարտուղար

Բարեբախտություն եմ ունեցել աշխատելու Էդվարդ Բաղդասարյանի հետ նույն բաժնում։ Ինձ համար շատ հետաքրքրական էր հասկանալ, թե նա ինչ հիմքով էր ընտրում գիտական թեմաները։ Առավել ուշագրավ է, որ այդ ընտրության հարցում մեծ դեր ունեին նրա արմատները՝ Երզնկայից սերած լինելու եւ այդ արմատներին հավատարիմ լինելու հանգամանքը։ Պատահական չէ, որ նրա ուսումնասիրության գլխավոր նյութերից մեկը 13-րդ դարի նշանավոր մատենագիր Հովհաննես Երզնկացու խրատական արձակն էր։
Վահե Թորոսյանը Վահե Թորոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Էդվարդ Բաղդասարյանի բնագրերի հրատարակություններն ուղեկցվում էին ընդարձակ առաջաբաններով եւ մանրակրկիտ ուսումնասիրությամբ։ Ներկայացնում էր ոչ միայն ձեռագիրը, գրչության հանգամանքները, արժեքը, այլեւ այն քաղաքական պայմանները, միջավայրը, որտեղ ստեղծվել է այդ ձեռագիրը։ Այս առունով շատ հետաքրքրական է Ներսես Շնորհալու «Թուղթ ընդհանրական»-ի քննական բնագիրը։ Այն ամբողջովին վեր է հանում խրատական արձակի ձեւավորման հիմքը, պատճառները։ Երբ կաթողիկոսական աթոռը դուրս եկավ Մեծ Հայքի սահմաններից, Հայոց հայրապետը հոգեւորականության վրա այլեւս չուներ նախկին ազդեցությունը, եւ որեւէ բարեփոխում եկեղեցում կատարում էր ոչ այնքան կանոնական նորմերով, որքան՝ խրատով։

Էդվարդ Բաղդասարյանի մեկ այլ՝ Գեւորգ Սկեւռացու վարքի հրատարակումը «Բանբեր Մատենադարանի» գիտական պարբերականում հնարավորություն է տալիս հասկանալ Կիլիկյան Հայաստանի պատմությունը՝ ե՛ւ քաղաքական, ե՛ւ հոգեւոր-մշակութային։

Էդվարդ Բաղդասարյանի աշխատանքները սկզբնաղբյուրային բնույթ ունեն եւ երկար ծառայելու են հայագիտությանը եւ հատկապես՝ այդ դարերի մատենագրական երկերի եւ պատմության ուսումնասիրությանը։

«Նա բոլորին ճշմարտությունն ասելու քաջություն ուներ»

Ժոզեֆ Ավետիսյան, արեւելագետ, պատմական գիտությունների թեկնածու

Էդիկի հետ առաջին հանդիպումը 1962 թվականին էր, երբ հոգեւոր կյանքին առերեսվելու համար եկավ Էջմիածին՝ մասնակցելու մյուռոնօրհնեքին։ Հաջորդ հանդիպումը 1966-ի ապրիլի 24-ին էր՝ Կոմիտասի այգու պանթեոնում կայացած ցույցի ժամանակ, որի համար էդիկը 10 օրով ձերբակալվեց։
Ժոզեֆ Ավետիսյանը Ժոզեֆ Ավետիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Գիտաշխատող լինելով հանդերձ՝ Էդիկն ինձ համար նաեւ հասարակական գործիչ էր։ Ճիշտ է, գիտական հարցերի շուրջ քննարկումներ լինում էին, բայց ավելի շուտ մենք քաղաքացիներ էինք, մեզ համար երկիրը, պատմությունն էր կարեւոր իր անցյալով, ներկայով, ապագայով։ Սա էր մեր զրույցի թեման։

Նրա արհմիութենական երկարատեւ գործունեության արդյունքում՝ Մատենադարանի հասարակական կյանքը սկսեց եռալ, Մատենադարանը ներկայացավ հասարակության մեջ։ Էդիկը գիտեր հասարակության հետ շփվելու, երկխոսելու արվեստը։

Առույգ երիտասարդ էր, իր սկզբունքներին, ընկերներին երբեք չդավաճանող, հեռու բամբասանքից։ Նա բոլորին ճշմարտությունն ասելու քաջություն ուներ։ Ես իրեն հիշում եմ պայծառ։ Նա էստեղից գնաց, բայց այս ընկերությունը, հավանաբար, շարունակվի, երբ լույսի մեջ հանդիպենք։
Էդվարդ Բաղդասարյանը Էդվարդ Բաղդասարյանը

Լուսանկարը` Բաղդասարյանների ընտանեկան արխիվից


Լուսինե Ղարիբյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին