Մտափոխված մարդասպանը եւ Րաֆֆու կյանքը փրկած Նասրեդինի նկարը - Mediamax.am

Դեկտեմբեր 05, 2025
exclusive
65512 դիտում

Մտափոխված մարդասպանը եւ Րաֆֆու կյանքը փրկած Նասրեդինի նկարը


Րաֆֆու գերեզմանը Թբիլիսիում
Րաֆֆու գերեզմանը Թբիլիսիում
Նասրեդին շահը
Նասրեդին շահը
Նասրեդին շահը
Նասրեդին շահը
Րաֆֆին
Րաֆֆին

1875-1877 թթ. գրող, հրապարակախոս Րաֆֆին (1) աշխատել է Թավրիզի Արամյան  դպրոցում (2)՝ որպես հայոց լեզվի ու պատմության ուսուցիչ: Թե ինչպիսին էին այդ շրջանում դպրոցները, Րաֆֆին նկարագրել է իր «Պարսկաստան» հոդվածում.

«Ուսման բովանդակությունը Սաղմոսից ու Ավետարանից այն կողմ չի անցնում, ուսուցման մեթոդը հիմնված է աշակերտի կույր հավատի, առանց հասկանալու անգիր անելու, երբեմն էլ գազանային ծեծի վրա: Բարոյական դաստիարակության ամենամասսայական մեթոդները ծեծը եւ հայհոյանքն էին՝ միացած սպառնալիքի հետ: Սակայն ամենաողորմելին ուսուցիչների որակն էր: Դպրոցը գտնվում էր նյութական ծանր վիճակի մեջ»:

Րաֆֆին փորձում է կրթական ծրագրերում փոփոխություններ մտցնել, ավելացնել բնագիտական առարկաները, աշակերտների համար դպրոցական լաբորատորիաներ ստեղծել: Դրա համար միջոցներ էին անհրաժեշտ, եւ 1876թ. մայիսի 15-ին Րաֆֆին եւ դպրոցի հոգաբարձուները դիմում են կաթողիկոսին՝ խնդրելով ավելացնել դպրոցի եկամուտները: Սակայն եպիսկոպոս Վահրամ Մանկունին (1946-1920) մերժում է դիմումը՝ դեռ կաթողիկոսին չուղարկած:

Րաֆֆին Րաֆֆին


Րաֆֆին փորձեց հիմք դնել աղջիկների կրթությանը, իգական դպրոցի բացման բոլոր նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտվել էին, երբ այդ ծրագիրը եւս տապալեցին հոգեւորականները: Նրանք, քաղաքի գլխավոր քահանա տեր Հովսեփի գլխավորությամբ, շրջում են տնից տուն՝ համոզելով մարդկանց իրենց աղջիկներին կրթության չուղարկել, որ «Իգական դպրոցն անբարոյականացնող հիմնարկ է, եւ աղջիկներին անհարմար է բաց երեսով դպրոց գնալ, մանավանդ՝ տղամարդկանցից դաս առնել» (3):

Րաֆֆու հանդեպ սարսափելի հալածանքներ են սկսվում: Հոգեւորականները կաշառում են ավազակապետ Քարամին՝ պատվիրելով սպանել Րաֆֆուն: Ավազակը գիշերով սողոսկում է Րաֆֆու աշխատասենյակ ու տեսնում, որ նա, գրքերի մեջ խորասուզված, աշխատում է: Հանցագործը հրաժարվում է իր մտադրությունից, օգնություն առաջարկում Րաֆֆուն եւ խնդրում քաղաքից հեռանալ: Րաֆֆին չի հեռանում՝ որոշելով շարունակել պայքարը խավարամտության դեմ:

«Ականատեսներից մի քանիսի վկայություններից երեւում է, որ նրա գործունեության շուրջ ինտրիգներ են լարել թե՛ հոգաբարձուները, թե՛ խաները: Նրանք շատ անգամ դիմել են տեսուչին եւ առաջարկել վտարել Րաֆֆուն դպրոցից, որն աշակերտության սիրելին էր եւ վայելում էր ժողովրդի համակրանքը: Տեսուչը մի քանի անգամ կարողանում է մի կերպ փոթորիկը հեռացնել: Ի վերջո, մի օր այն պայթում է: Րաֆֆու թշնամիները, 10-12 հոգուց բաղկացած խմբով, խուժում են դասարան, դասի ժամանակ, աշակերտների ներկայությամբ, բարբարոսաբար, բռնի միջոցներ գործադրելով, դուրս են քաշում Րաֆֆուն: Վերջինս ստիպված է լինում փախչել: Որոշ ժամանակ թափառական կյանք վարելով՝ գաղտնի անցնում է սահմանը եւ ապաստան գտնում իր սիրած միջավայրում՝ Թիֆլիսում (4):

Թավրիզի դպրոցի նախկին աշակերտ Ա. Մելիք-Աբրահամյանն իր հուշերում եւս պատմում է, թե ինչպես են դասի ժամանակ հոգեւորականներն ու Րաֆֆու հակառակորդները ներխուժել դասարան: Րաֆֆին փրկվելու համար մտել է Նասրեդին շահի նկարի հետեւը, որը մոլեռանդ ամբոխի համար սրբություն էր, եւ դրան դիպչել չէր կարելի: Այդպիսով Րաֆֆին փրկվում է: 
Նասրեդին շահը Նասրեդին շահը


Րաֆֆու աշակերտներից մեկը՝ Արշակ խան Գորոյանցը, եւս իր հիշողություններում պատմում է այդ դեպքի մասին. «Թավրիզում Ծատուր Խան Սէթխանեանը, որը պետական պաշտոնյա էր Արտաքին գործոց դիւանի մեջ, ժողովրդի ստիպման վրա դիմում է թագաժառանգին (Վալիետին)՝ գանգատելով Յ.Մելիք-Յակոբեանի վրա, իբրեւ խռովարար եւ ամբաստանիչ: Պետք է ասել, որ հայերը Պարսկաստանում մեծ ազատություններ էին վայելում իրենց ներքին գործերի մեջ, եւ պետական պաշտոնեությունը գրեթե չէր խառնվում հայ կյանքի մեջ տեղի ունեցող իրադարձություններին: Հայ ամբոխը՝ իր գլուխն առնելով Ծատուր խանին՝ վճռում է վռնդել Րաֆֆուն դպրոցից եւ Թավրիզից: Այդ 5-րդ դասարանն էր, որտեղ կայի եւ ես՝ իբրեւ աշակերտ, Մելիք-Հակոբյանն այդ ժամին դասավանդում էր մեզ հայոց լեզու: Մեկ էլ, հանկարծ, բացվում է դասարանի դուռը եւ ներս է մտնում հուզված ամբոխը՝ գլխավորությամբ Ծատուր խանի եւ Ուստա Ռոստոմ Պատմագրեան ոսկերիչի, Անտոն խանի եւ այլն…»:
Նասրեդին շահը Նասրեդին շահը


Ծատուր խանը ներկայացնում է Վալիետի հրամանը՝ Րաֆֆին պետք է թողնի դպրոցն ու հեռանա Թավրիզից: Րաֆֆին պատասխանում է, թե կկատարի հրամանը, եթե տեսնի այն: Գրավոր հրաման չկար, եւ Րաֆֆին դասասենյակ ներխուժած մարդկանց խնդրում է դուրս գալ դասարանից եւ չխանգարել դասը: Աշակերտների ներկայությամբ՝ նրանք հարձակվում են ուսուցչի վրա… (5):

Կյանքին սպառնացող վտանգն այլեւս անհնար է դարձնում Թավրիզում մնալը:  Րաֆֆին գնում է Թիֆլիս:

Րաֆֆու եւ Գրիգոր Արծրունու լարված հարաբերությունները

1879-ից նա արդեն մշտական բնակություն է հաստատում Թիֆլիսում: Րաֆֆին աշխատակցում էր Գրիգոր Արծրունու (6) խմբագրությամբ լույս տեսնող «Մշակ» թերթին (7):
 
Ֆինանսական դժվարությունները թերթի գոյությունը հարցականի տակ են դնում: Թերթը փրկելու Րաֆֆու «հակաճգնաժամային ծրագիրը»՝ փոխել թերթի ուղղվածությունն ու նոր մարդկանց ներգրավել, Արծրունին չի ընդունում:

1884թ. Գ.Արծրունու եւ Րաֆֆու միջեւ անհամաձայնությունը սրվեց: Իր բարեկամ Ներսես Աբելյանին ուղղված նամակում Րաֆֆին գրում է. «…Պ<արոն>. Արծրունու հետ իմ հարաբերություները այժմ բավականին լարված են. դադարել եմ նրանց մոտ ճաշ ուտել, տիկնոջ (8) ինտրիգը վերջապես զզվացրին ինձ (9): Բայց հնար չեղավ, տիկինը տարավ հաղթությունը, իսկ պ. Արծրունին նրա ձեռքում այժմ դարձել է մի շորի կտոր» (10):
 
Արդեն 1885թ. Րաֆֆին ինքն է նամակ գրում Գրիգոր Արծրունուն. «…Ես կատարելապես հաստատում եմ Ձեր կարծիքը իմ մասին (որպես շատերի մոտ բամբասել եք, որ ես այժմ մատերիալիստ եմ դարձել): Աղքատությունը սովորեցրել է ինձ այդ: Իմ կյանքում կրած ամենադառն փորձերից ես համոզվեցա, որ քաղցած փորով ոչինչ չէ կարելի շինել, իսկ այն օրը, եթե գրպանումս մի ռուբլի ունեմ ճաշելու համար, իմ գրավոր աշխատանքը ավելի գեղեցիկ է դուրս գալիս: Մի՞թե այդքան ծանր հարվածներ կրելուց հետո Դուք եւս չհամոզվեցաք, որ փողը լավ բան է: Թե ինչ անօրինություններ եք արել «Մշակի» առաջիկա տարվա հրատարակության համար, ինձ հայտնի չէ: Բայց այդքանը պետք է ի նկատի ունենաք, որ «Մշակի» գալոց տարվա հաջողությունը կախված է ներկա տարվա վերջին ամիսների գործողություններից: …Վերջացնում եմ նամակս՝ հայտնելով Ձեզ, որ եթե մոտ ժամանակներում մենք որեւէ համաձայնության չգանք, ես ստիպված կլինեմ հայտարարել, որ «Մշակի» հետ իմ համագործակցությունը վերջացած է» (11):
Րաֆֆու գերեզմանը Թբիլիսիում Րաֆֆու գերեզմանը Թբիլիսիում


Համաձայնությունը տեղի չունեցավ… 1888 թվականին, 53 տարեկանում, Րաֆֆին մահացավ: Նրա գերեզմանը Թիֆլիսում է՝ Խոջիվանքի հայկական գերեզմանոցում: 

Լիլիթ Ավագյան

Ծանոթագրություններ
1. Րաֆֆի (Հակոբ Մելիք-Հակոբյան), 1835-1888, հայ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ:
2. Արամյան դպրոց, ութամյա դպրոց, հիմնվել է 1851թ.: Մինչեւ 1875թ. կոչվել է Ներսիսյան՝ Ներսես Շնորհալու պատվին, ապա իրանահայ բարերար Արամյանի անունով:
3. Գեւորգ Հարությունյան, «Րաֆֆին եւ պատանեկությունը», Երեւան, 1969թ., էջ 14:
4. Գոհար Ազնավուրյան, «Նոր նյութեր Րաֆֆու մասին»,1950թ., Երեւան, էջ 70-71, առանձնատիպ:
5. Րաֆֆի. կյանքը, գրականութիւնը, յիշողություններ, Փարիզ, 1937թ., էջ 158-159, Արշակ Խան-Գորոյանցի  հուշը:
6. Գրիգոր Արծրունի,1845-1892, հրապարակախոս, հասարակագետ, գրական-հասարակական գործիչ:
7. «Մշակ», հասարակական, քաղաքական, գրական թերթ: Հրատարակվել է 1872-1921 թթ., Թիֆլիսում: Թերթի հիմնադիրն ու առաջին խմբագիրը Գրիգոր Արծրունին էր: Ավելի ուշ խմբագիրներից էր նաեւ պատմաբան Լեոն:
8. Խոսքը Գ.Արծրունու կնոջ՝ Մարիամ Աղամալյանի մասին է:
9. «Մշակ»-ի՝ Րաֆֆու առաջարկած բարեփոխումներին տիկին Արծրունին դեմ էր:
10. Նամակը գրված է 1884թ., հունվարի 14-ին, Թիֆլիս: 
11. Թիֆլիս, 1885թ., հոկտեմբերի 18, ԳԱԹ, Րաֆֆու արխիվ:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին