Կոմիտասը բազմաթիվ բանաստեղծությունների հեղինակ է: Հստակ ժամանակագրություն, թե որ բանաստեղծությունը երբ է գրված, չկա: Ենթադրվում է, որ բանաստեղծությունները գրված են 1905-1914 թթ. միջակայքում: Նրա բանաստեղծությունները կենդանության օրոք չեն տպագրվել: Միայն մահվան 100-րդ տարելիցին (1969) հրատարակվեց նրա բանաստեղծությունների ժողովածուն: Յուրաքանչյուր բանաստեղծություն ունի իր ստեղծման պատմությունը: Ստորեւ կներկայացնենք «Մեր հայ գավառն է խավար» բանաստեղծության ստեղծման պատմությունը: Այս պատմությունը տատիկիս՝ գրականագետ Արփիկ Ավետիսյանի արխիվից է եւ հրապարակվում է առաջին անգամ:
1906 թ. ապրիլի 15-ին հայտնի ազգային գործիչ Պողոս Նուբարի եւ եգիպտահայ համայնքի հեղինակավոր ներկայացուցիչների նախաձեռնությամբ Կահիրեում հիմնվում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ): ՀԲԸՄ-ի ստեղծման հիմնական նպատակն էր նպաստել, որ հայ ժողովուրդը, մասնավորապես՝ հայ գյուղացին, Օսմանյան կայսրությունում մնա իր հողին:
1906-1912 թթ ՀԲԸՄ-ն արեւմտահայ գյուղացիությանն ապահովում էր սերմացուով, երկրագործական գործիքներով, խորհրդատվությամբ եւ այլն:
1912 թվականի հունվարին Կահիրեում լույս է տեսնում ՀԲԸՄ-ի պաշտոնաթերթը՝ «Միություն» անվանումով՝ իբրեւ նշանաբան ունենալով «Միությունը զորություն է» կարգախոսը: Թերթում մեծ տեղ էր տրվում գյուղացիներին գյուղատնտեսության ու անասնապահության հմտություններ փոխանցելուն, ինչպես նաեւ մանրամասն ներկայացվում էր նվիրատվություն կատարած անձանց ցանկը եւ կատարած նվիրատվության չափը:
Միություն թերթի շապիկըԼուսանկարը` Գրականության եւ արվեստի թանգարանի արխիվ
Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի արխիվում պահպանված են «Միություն» թերթի որոշ համարներ: 1914թ.-ի վերջին համարում, օրինակ, այսպիսի խորհուրդ գտա.
«Ծննդաբէրութիւնէ վէրջ, մայրերը (կովերը-Լ.Ա.) իրենց ըրած երկարատեւ ճիգերուն պատճառաւ ընդհանրապէս ուժաթափ վիճակ մը կ՝առնեն: Այդ պատճառաւ լաւ է անոնց գաղջ ջուրի մէջ խառնուած թեփ, գարիի ալիւր, սուրճ, թեթեւ մը տաքցուած գինի, խաշած հոտաւետ տունկերու ջուրը տալ: Նույնպէս եւ լաւ է յարդով անասունին ամէն կողմը շփելը, ինչ որ ընդհանրապէս գրգռում յառաջ կը բերէ եւ միանգամայն արեան շրջանն ալ կկանոնաւորէ»:
Միության գործունեությունը ենթադրում էր ունենալ սեփական քայլերգը, եւ «Միություն» հանդեսում, միմյանց հաջորդելով՝ լույս են տեսնում Սուրեն Պարթեւյանի (1879-1921, հայ գրող, հրապարակախոս), Հովհաննես Սեթյանի (1853-1930, հայ գրող, մանկավարժ), Ներսես եպիսկոպոս Դանիելյանը (1868-1915) եւ շատ այլ գրողների գրած քայլերգի տեքստերը:
Ռուբեն Որբերյանը (1873-1931, արեւմտահայ բանաստեղծ), որը հետեւում էր այդ նպատակով տպագրված բանաստեղծությունների որակին, գտնում է, որ այդ գործերից ոչ մեկը քննություն բռնել չի կարող: Պետք էր այնպիսի բանաստեղծություն, որը կձեւակերպեր ու կնկարագրեր հայ ժողովրդի պահանջներն ու ձգտումները:
Որբերյանն այդ առիթով գրում է. ««Միութիւն»-ի մեջ լույս տէսան արդեն քանի մը նոր երգեր, մին մյուսէն ավելի հուզիչ, սակայն անոնցմե ոչ մեկը, ներեցեք ինծի ըսելու, կրնար ունենալ այն ազնվական շեշտն ու հմայքը Պեշիկթաշլյանի «Եղբայր եմք մէք»-ին, որով խանդավառվեցաւ յիսուն տարիներ ի վէր մեր բովանդակ հայությունը: Այս բառերը՝ սիրված ամենէն, պետք ունինք կրկնելու «սեղմելով շարքերը» ամենէն ավելի այսօր, երբ հայութիւը կանցնի չը գուշակված անդունդներու եզրերէն»:
«Միություն»-ում լույս տեսած բանաստեղծությունների բնագրերը հատուկ նամակով ուղարկվում են Կոմիտասին, որպեսզի նա իր ընտրությամբ ձայնագրի Միության պաշտոնական քայլերգը: Սակայն այս անգամ Վահան Մալեզյանը չհավանեց Կոմիտասի բանաստեղծությունը. «Արդար ըլլալու համար, ըսենք թէ, Կոմիտասի գրած եւ ձայնագրած երգը հարկ եղած տուեալները չունէր, որպէսզի կարելի ըլլար զայն իբրեւ Միութեան վերջնական քայլերգ որդեգրել»:
Կոմիտասի այդ երգը չդարձավ Միության պաշտոնական քայլերգը, այլ մնաց պատմության մեջ՝ իբրեւ Կոմիտասի՝ այդ շրջանի տրամադրության արտահայտություն:
Քայլերգն առաջին անգամ տպագրվել է «Խոսնակ» (ՀԲԸՄ պաշտոնաթերթ, լույս է տեսնում 1957 թ.-ից, Բեյրութ) հանդեսի 1964 թ.-ի հոկտեմբերի համարում՝ Հմայակ Գրանյանի (1891-1969, հասարակական, մշակութային գործիչ) ծանոթագրությամբ:
ՄԵՐ ՀԱՅ ԳԱՎԱՌՆ Է ԽԱՎԱՐ…
Մեր հայ գավառն է խավար,
Տգիտության է ավար.
Ուսում տարէք
Ու լույս վառէք,
Ու հույս վառէք,
Հայ տգետը վտարէք։
Պանծա՛ դու, Հայ Միություն,
Գյուղին տվիր հայ դպրոց,
Սրտի, մտքի կուռ հնոց.
Պանծա՛ դու, Հայ Միություն,
Պանծան հայեր բարէգործ.
Հայուն՝ դպրո՜ց,
Հայո՛ւ դպրոց։
Մեր հայ երկիրն անապատ,
Ու հայն ընկել պատեպատ.
Գութան տարէք
Ու հող վարէք,
Ու խոր վարէք,
Հողի կուրծքը պատառէք։
Պանծա՛ դու, հայ միություն,
Գյուղին տվիր հուր գութան,
Որ գյուղացիք արտ փութան,
Պանծա դու, հայ միություն,
Մաճկալ, հոտաղ ձայն կուտան՝
Հայուն՝ գութան,
Հայո՛ւ գութան։
Ի վերջո, ընտրվում է ՀԲԸՄ քայլերգը, որի խոսքերի հեղինակն է Վահան Մալեզյանը (1871-1966, հայ գրող, թարգմանիչ, ՀԲԸՄ քարտուղար):
Վահան ՄալեզյանըԼուսանկարը` Գրականության եւ արվեստի թանգարանի արխիվ
Երաժշտությունը գրել է Հարություն Սինանյանը (1872-1939, դաշնակահար, ջութակահար, երգեհոնահար, խմբավար, կոմպոզիտոր, Տ. Չուխաջյանի աշակերտը):
Հ.Բ.Ը.Մ.-ի քայլերգը
Աւետիս, հայեր, ալ սուգը մէկդի,
Նոր արեւ ծագեց մեր ազգին վերեւ.
Հայութիւնն ամբողջ կու տայ ձեռք ձեռքի
Հայկական Միութեան դրօշին ներքեւ:
Հայեր, միանանք մէկ սիրտ, մէկ հոգի
Ազգաշինութեան վսէմ գործի շուրջ,
Մոռնալով վէրքերն եւ ոխն երեկի,
Ժամ է, որ ըլլանք վաղվան աչալուրջ:
Հարուստ թե աղքատ, անուս թէ գիտուն,
Երթանք կանգնելու օջախը կործան,
Երթանք հիմնելու դպրոց, գործատուն,
Երթանք մշակին տանք ցանք ու լծկան:
Եթե ճիշդ է, որ Միութիւնն է միայն
Վէրջին զօրութիւնն ազգիս քար ու քանդ,
Մէկ սիրտ մէկ հոգի փութանք Միութեան
Սուրբ գործին բերել մեր ուխտն ու եռանդ:
Լիլիթ Ավագյան












Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: