Մեկ կադրում. Գարրի Կասպարովն ու Անատոլի Կարպովի աթոռը - Mediamax.am

431 դիտում

Մեկ կադրում. Գարրի Կասպարովն ու Անատոլի Կարպովի աթոռը


Լուսանկարը` Բորիս Դոլմատովսկի

Լուսանկարը` sports.ru

Լուսանկարը` sports.ru


1984 թվականին Անատոլի Կարպովի եւ Գարրի Կասպարովի մասնակցությամբ Աշխարհի չեմպիոնի կոչման համար անցկացված մրցամարտը մեծ հետաքրքրություն էր առաջացրել ամբողջ աշխարհում:

Հենց այդ դիմակայության ընթացքում տեղի ունեցած մի միջադեպ էլ հայտնվել է Mediamax Sport-ի «Մեկ կադրում» շարքում:


Թեեւ չեմպիոնական թագի համար պայքարում էին ԽՍՀՄ-ի 2 ներկայացուցիչներ՝ գործող չեմպիոն Կարպովն ու երիտասարդ Կասպարովը, սակայն դա չէր նվազեցնում դիմակայության նկատմամբ ուշադրությունը:

Այդ պայքարին ներկա է եղել ու հետաքրքիր մանրամասներ է պատմել ֆոտոլրագրող Բորիս Դոլմատովսկին: Նրա խոսքով՝ պարտիաներին մշտապես բազմաթիվ արտասահմանցի լրագրողներ ու շախմատիստներ էին հետեւում: Երբեմն նաեւ հայտնի մարդիկ էին ժամանում՝ գրողներ, դերասաններ, գիտնականներ, արվեստագետներ: Իր անկանխատեսելի ընթացքի շնորհիվ մրցախաղն անմիջապես գերել է բոլորին։

«Միությունների տան սրահը, որտեղ տեղի էր ունենում պայքարը, նախատեսված չէր այդքան շատ լուսանկարիչների եւ օպերատորների համար: Բոլորն էին ցանկանում լուսանկարել գրոսմայստերների առաջին ձեռքսեղմումը եւ քայլը: Բեմի եւ առաջին շարքի միջեւ հեռավորությունը շատ փոքր էր: Երրորդ շարքում մի փոքրիկ հատված գտա կողք-կողքի կանգնած երկրպագուների դիմաց, եւ ամեն ինչ ստացվեց:

Երկրորդ պարտիային ավելի շուտ գնացի ու ընտրեցի լավագույն տեղը, ոչ ոք ինձ չէր անհանգստացնում: Մեկնարկից րոպեներ առաջ նախ եկավ Կասպարովը, ով անցավ գլխավոր մրցավար, գրոսմայստեր Սվետոզար Գլիգորիչի կողքով ու ժպտալով նրան ինչ-որ բան ասաց։ Նա անմիջապես շրջեց Կարպովի աթոռն ու սկսեց զննել այն: Ես կազմ ու պատրաստ էի եւ անմիջապես նկարեցի այդ պահը: Մյուս լուսանկարիչները, ովքեր սպասում էին Կարպովի հայտնվելուն եւ նրանց ձեռքսեղմանը, անակնկալի եկան»,- հիշել է լուսանկարիչը:

Լուսանկարը` sports.ru


Մամուլի կենտրոնում մյուս լուսանկարիչներն անմիջապես շրջապատել են Դոլմատովսկուն ու հարցրել, թե արդյոք կադրը ստացվե՞լ է: Բայց նա պատասխան չուներ, քանի որ ժապավենը դեռ պետք է երեւակեր: Տուն հասնելուն պես գործի է անցել ու հասկացել, որ ամեն ինչ իր ուզածով է եղել:  

«Վաղ առավոտյան լուսանկարը տարա «Մոսկովսկայա պրավդա»-ի գործադիր քարտուղար Լեոնիդ Գվոզդեւին, հենց այդ թերթի անունից էի հավատարմագրվել մրցամարտին: Հաջորդ օրը լուսանկարը հրապարակվեց առաջին էջում, խմբագրությունն ընթերցողներին խնդրում էր վերնագրել կադրը: Ամբողջ հրատարակությունն ակնթարթորեն սպառվեց: Հետո բոլորն ինձ հարցնում էին. «Իրականում ի՞նչ է տեղի ունեցել այնտեղ»: Բայց ինքս էլ չգիտեի:  

Մի քանի օր անց ինձ խնդրեցին թերթի մի քանի օրինակ տանել Կասպարովի մայրիկին՝  Կլարա Շահենովնային: Եվ մեր հանդիպման ժամանակ նա բացատրեց, թե իրականում ինչ էր տեղի ունեցել»,- շարունակել է Դոլմատովսկին:

Լուսանկարը` sports.ru


Պարզվել է, որ մրցախաղի մեկնարկից առաջ շախմատիստներին հրավիրել են իրենց համար հարմարավետ աթոռներ ընտրելու: Եվ Կարպովը խնդրել է, որ իր աթոռի ոտքերին փոքրիկ կրունկներ ամրացնեն: Քանի որ նա Կասպարովից ցածրահասակ է, չէր ցանկացել, որ երկրպագուները տեսնեն այդ տարբերությունը:

«Կարպովի խնդրանքը կատարեցին: Բայց որպեսզի աթոռները չշփոթեն, հիշեցին գույքագրման համարը։ Խորհրդային տարիներին ողջ գույքը նման համարակալում ուներ: Երկրորդ խաղից առաջ Կասպարովը Գլիգորիչին հարցրել է. «Աթոռները փոխե՞լ ես»։ Գլխավոր մրցավարն էլ որոշել էր անձամբ համոզվել, որ աթոռները ճիշտ են տեղադրել»,- պատմել է Կասպարովի մայրիկը:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին