Երեխաների հետ աշխատող Օլիմպիական չեմպիոնները - Mediamax.am

exclusive
32765 դիտում

Երեխաների հետ աշխատող Օլիմպիական չեմպիոնները



Օլիմպիական չեմպիոնների տաղանդավոր այս քառյակը՝ Հրանտ Շահինյան, Ալբերտ Ազարյան, Վլադիմիր Ենգիբարյան ու Իգոր Նովիկով, տիրացել է սպորտային բոլոր նվաճումներին:

Mediamax Sport-ի «Մեկ կադրում» շարքում էլի ենք անդրադարձել լեգենդար մարզիկներին, սակայն  նրանց մասին միշտ էլ կարելի է նոր բացահայտումներ անել: Այս անգամ պատմելու ենք հետագա սերունդներին դաստիարակելու ու իրենց գիտելիքները փոխանցելու մասին:


Բոլոր չեմպիոններն էլ նպաստել են Հայաստանում սպորտի զարգացմանն ու մարզադպրոցների հիմնադրմանը: Ազարյանի, Շահինյանի ու Ենգիբարյանի մարզադպրոցները մինչեւ հիմա էլ գործում են ու տաղանդավոր մարզիկներ են պատրաստում:

Առաջին հայ Օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանն իր փորձն ու գիտելիքները միշտ փոխանցում էր իր սաներին: Նա սիրում էր ասել, որ 500+2 երեխա ունի՝ նկատի ունենալով նաեւ իր սաներին:

Ալբերտ Ազարյանը մինչեւ հիմա էլ իր կյանքն առանց մարմնամարզության չի պատկերացնում: Նա սիրում է իր անվան դպրոցում հետեւել երեխաների մարզումներին ու ուրախանալ նրանց հաջողություններով:

«Երեխաներին միշտ ասում եմ, երբեմն խնդրում, որ անպայման գան ու մարզվեն: Սպորտն առաջին հերթին կոփում ու դաստիարակում է, բոլորին էլ այն շատ է պետք: Ժամանակին 233 մարզադպրոց ենք ունեցել, հիմա Երեւանում երկուսն են մնացել միայն՝ իմ ու Հրանտ Շահինյանի անվան: Մեր բոլոր մարզիչներն իմ սաներն են եղել, կատարելագործել են իրենց հմտություններն ու նոր սերնդին են պատրաստում: Բոլորն ինձ պապիկ են ասում, այդպես միասին աշխատում ենք: Ամենակարեւորն այն է, որ մենք արդյունքներ ենք ապահովում»,- ասել է Ազարյանը:

Իգոր Նովիկովն ուներ մեծ երազանք՝ Երեւանում կառուցել հնգամարտի դպրոց ու զարգացնել մարզաձեւն ողջ Հայաստանում:

Չարբախում սկսված հսկայական շինարարությունը զրոյից վերածվեց հիանալի ու եզակի համալիրի, որտեղ ընդունելություն էր կատարվում ամենափոքր տարիքից: Պատանի հնգամարտիկների մարզադպրոցն ուներ ամեն ինչ՝ լողավազաններ, հրաձգարան, մարզադահլիճներ, ձիարշավարան, հյուրանոցային համալիր:

Սկզբում Նովիկովն անձամբ էր դասավանդում փոքրիկներին:

Օլիմպիական չեմպիոնի ստեղծած հրաշալի համալիրում սովորում էին հարյուրավոր երեխաներ: Նրանց համար ստեղծված էին ապրելու, սովորելու, մարզվելու ու հանգստանալու բոլոր պայմանները:

Մարզչական գործունեության տարիներին Վլադիմիր Ենգիբարյանը շատ էր կարեւորում երեխաների հետ ճիշտ աշխատանքը: Նրա համար ամենակարեւորը մեծերին միշտ հարգելն էր.

«Երիտասարդները պետք է կարողանան միայն իրենց ես-ն առաջ տանելով չզբաղվել: Ես մինչ չափազանց շատ եմ հարգել իմ մարզիչներին ու նրանցից շատ բան եմ սովորել: Միշտ գրի եմ առել մարզիչների ասածներն ու հետո կատարել: Իմ սաներն էլ այդ արժեքների կրողներն են»:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին