Մեկ կադրում. 3 հայտնի ճաղատների ուրախ նախավարժանքը - Mediamax.am

exclusive
62853 դիտում

Մեկ կադրում. 3 հայտնի ճաղատների ուրախ նախավարժանքը


Լուսանկարը` getty images


Ֆուտբոլը միավորում է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում, ոգեշնչում նրանց ու անկրկնելի հաղթական պահեր պարգեւում: Սակայն ֆուտբոլն ավելի է, քան պարզապես խաղ, այն նաեւ պայքարում է աղքատության ու պատերազմների դեմ:

Այսօրվա «Մեկ կադրում» շարքում պատմելու ենք այդպիսի բարեգործական խաղի ժամանակ արված լուսանկարի մասին:

2005 թվականի դեկտեմբերի 22-ին 50 հազար հանդիսականներ Դյուսելդորֆի ստադիոնում ներկա էին «Ֆուտբոլն ընդդեմ աղքատության բարեգործական խաղին», որում մրցում էին Զինեդին Զիդանի ու Ռոնալդոյի ընկերները:

Թեեւ հանդիպումն ավելի շատ շոուի էր նման, սակայն խաղադաշտում հետաքրքիր պայքար էլ ծավալվեց: Հանդիպումը հավաքել էր բազմաթիվ հայտնի մարդկանց տարբեր ոլորտներից: Խաղին մասնակցել է թենիսիստ Կարլ-Ուվե Շտեբեկը, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Սվեն Օտկեն, դերասան Օլիվեր Պոհերը: Թիմերի մարզիչների դերում էլ հանդես են եկել Միրչա Լուչեսկուն ու Լոթար Մաթեուսը:



Հանդիպման գլխավոր մրցավարը հայտնի իտալացի Պիերլուիջի Կոլինան էր: Նրա ու թիմերի ավագների նախավարժանքի ժամանակ արվել է այս լուսանկարը: 3 հայտնի ճաղատները հաճելի զրուցում են ու ժպտում տեսախցիկների առաջ:

Այդ խաղում հաղթանակը ֆրանսիացու թիմինն էր, որն առավելության հասավ 4:2 հաշվով: Զիդանի թիմում դուբլի հեղինակ դարձավ Դիեգո Տրիստանը, մեկական գոլ էլ խփեցին Դիմիտար Բերբատով ու Օլիվեր Պոհերը: Ռոնալդոյի ընկերներից աչքի ընկան Ֆիլիպ Կոկուն ու Աբուտարիկան: 

Հանդիպումից հետո բոլոր մասնակիցները միմյանց հետ հաճելի ժամանակ անցկացրին, շփվեցին ոչ պաշտոնական մթնոլորտում ու շամպայն խմեցին:

Մինչ 2005-ի խաղը Զիդանի ու Ռոնալդոյի ընկերները միմյանց դեմ բարեգործական խաղերում մրցել էին 2 անգամ: Հանդիպումների արդյունքում հավաքված ողջ գումարը տրամադրվել է աղքատության դեմ պայքարին Բրազիլիայում, Կոմորոյում, Գվինեա Բիսսաուում, Հաիթիում, Մարոկկոյում, Նամիբիայում, Շրի Լանկայում ու Վիետնամում: Ֆինանսավորվել են նաեւ Ասիայում, Աֆրիկայում ու Լատինական Ամերիկայում իրականացվող մի շարք ծրագրեր:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին