Մեկ կադրում. Ֆելփսի «ոսկե հպումը» նրան դարձրեց ՕԽ-ի չեմպիոն - Mediamax.am

exclusive
40430 դիտում

Մեկ կադրում. Ֆելփսի «ոսկե հպումը» նրան դարձրեց ՕԽ-ի չեմպիոն


Լուսանկարը` PATRICK KRAEMEREPA

Լուսանկարը` ABC

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Rod Mar Photography


Լեգենդար մարզիկ Մայքլ Ֆելփսին 2008-ի Օլիմպիական խաղերում օգնեց 0,1 վայրկյանը, որպեսզի 100 մ բաթերֆլայում նա նվաճի ոսկե մեդալ: 


«Ոսկե հպում» անվանումը ստացած այս նկարի մասին այսօր պատմելու ենք Mediamax Sport-ի «Մեկ կադրում» շարքում: 


Լուսանկարը` ABC

 

100 մ բաթերֆլայի եզրափակչում ֆավորիտ համարվում էր սերբ Միլորդ Չավիչը: Նա որակավորման փուլում Օլիմպիական ռեկորդ էր սահմանել, ապա կիսաեզրափակչում Ֆելփսից ավելի արագ եղել:

 

Ֆելփս. Ես նաեւ այլ մրցատարածությունում էի հանդես եկել ու մարզչիս ասացի, որ վերջ, այլեւս էներգիա չունեմ, ես սպառվել եմ: Նա ինձ պատասխանեց, որ ես դեռ էլի ելույթներ ունեմ, հետեւաբար նաեւ այնքան ուժ, որ կկարողանամ հաղթել:


Չավիչ. Ես գիտեի, որ այս մրցատարածությունում կարող եմ հաղթել, դա իմ պահն էր:

 

Առավոտյան եզրափակչում նրանք հարեւաններ էին. Չավիչը 4-րդ, իսկ Ֆելփսը 5-րդ լողահերթում էր:

 

Չավիչ. Ի՞նչ է անում մարդը, երբ նրան սատանան ժպտում է. պատասխանում է ժպիտով: Դա շատ աննկարագրելի պահ էր ինձ համար, ես վստահ էի ուժերիս:

 

Ելույթը հիանալի է սկսում սերբը եւ 50 մ-ին հասնում առաջինը, մինչդեռ Ֆելփսն ընդամենը 7-րդն էր: 

 

Լուսանկարը` Getty Images

 

Ֆելփս. Գիտեի, որ Չավիչը վերջին 15 մետրից սկսում է դանդաղել, իսկ ես կարողանում եմ ավելի վստահ լողալ: Սա էր իմ հնարավորությունը: 

 

Եզրագծում առաջին հայացքից թվում է, թե Չավիչն է հասել առաջինը: Այդպես էին կարծել նաեւ Ֆելփսի մարզիչն ու մայրը: Նույնիսկ Ֆելփսը չի հավատացել, որ ընդամենը 0,1 վրկ առաջ է եղել մրցակցից:

 

Ֆելփս. Ես նայեցի ու տեսա, որ հաղթել եմ: Գրողը տանի, մտածեցի ես, դա տեղի ունեցավ, ես ոսկե մեդալակիր եմ: Հրաշքը կատարվեց, ես ճիշտ պահին ճիշտ տեղում էի:

 

Տեսագրության մեջ երեւում է, որ Չավիչն առաջինն է հպվում պատին, սակայն տեսանկարահանման Omega timing system-ում այլ բան է արձանագրվել:

 

Լուսանկարը` Rod Mar Photography

 

Omega Timing-ի ղեկավար Քրիտոֆ Բերթաուդի գնահատականն  այսպիսինն է.

 

Հսկայական տարբերություն կա պատին հպվելու ու հենվելու միջեւ: Իհարկե, երեւում է, որ Չավիչի ձեռքն առաջինն է հասնում, սակայն եթե ուշադիր նայենք, կտեսնենք, որ նա ձեռքերը պարզած ձգվում է դեպի պատն ու պարզապես քսվում, մինչդեռ Ֆելփսը մեծ արագությամբ թռչում է առաջ: Այս առումով տարբերությունը հսկայական է, հաղթողն, անշուշտ, Ֆելփսն է:

 

100 մ բաթերֆլայը Ֆելփսը լողաց ռեկորդային 50:58 վրկ-ում՝ նվաճելով Պեկինում իր 7-րդ Օլիմպիական ոսկե մեդալը: Ավելի ուշ նա նաեւ 8-րդն է նվաճում ու դառնում հերթական ռեկորդի հեղինակը:

 

 

Ֆելփս. Անզեն աչքով նայելիս մրցապայքարում հաղթել է Չավիչը: Սակայն կրկնապատկերները տեսնելով ես համոզվում եմ, որ ոսկե մեդալն իմն է, այլ միտք գլուխս չի գալիս: 


Չավիչ. Սխալի մեղավորը միայն ես եմ: Կարող էի ավելի ճիշտ գործել, այդ դեպքում հաղթանակն իմը կլիներ: Ես 4 Օլիմպիական խաղերի եմ մասնակցել ու միայն մեկ անգամ արծաթե մեդալ նվաճել: Խոստովանում եմ, որ այդ օրն իմ կյանքի լավագույն ու վատագույն օրն էր: 




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին