Մեկ կադրում. Ուսեյն Բոլտի չեմպիոնական մրցավազքը Ռիոյում - Mediamax.am

exclusive
35871 դիտում

Մեկ կադրում. Ուսեյն Բոլտի չեմպիոնական մրցավազքը Ռիոյում


Լուսանկարը` Getty Images


Ռիոյում Ուսեյն Բոլտը վերջին անգամ հանդես եկավ Օլիմպիական խաղերում: Օլիմպիական 8-ակի ու Աշխարհի 11-ակի չեմպիոնը խաղերին հրաժեշտ տվեց իրեն հատուկ հմայքով ու ոսկիներով:

«Մեկ կադրում» շարքում Mediamax Sport-ը ներկայացնում է Ռիոյի Օլիմպիական խաղերում Բոլտի 100 մետր վազքի կիսաեզրափակչում արված յուրահատուկ ժպիտով նկարը:

Իր ելույթի ժամանակ Բոլտն այնքան վստահ էր ու առավելություն ուներ մրցակիցների նկատմամբ, որ անգամ հասցրեց նայել նրանց ու ժպտալ Getty Images-ի ֆոտոթղթակից Քեմերոն Սպենսերի տեսախցիկին: Դեռ մրցավազքը չհաղթած՝ Բոլտն արդեն լավագույնն էր՝ 9.86 վայրկյան:

Հաջողությունը նա կրկնեց նաեւ եզրափակչում: Օլիմպիական չեմպիոններ Բոլտն ու ամերիկացի Ջասթին Գեթլինը երկուսն էլ հաղթել էին 100 մ-ի իրենց կիսաեզրափակիչներում ու մեծ շոու էին խոստանում երկրպագուներին: Նախկինում դոպինգի պատճառով որակազրկված Գեթլինը կրկին վերադարձել էր իր հեղինակությունը վերականգնելու համար:

Բայց ավելորդ է ասել, որ այդ մրցավազքում հաղթողը Բոլտն էր 9.81 վայրկյան արդյունքով: «Էլ ի՞նչ կարող եմ անել մեծությունս ապացուցելու համար»,- հաղթանակից հետո ասել էր արագավազորդը:

Բայց նորից ապացուցեց, դրանից հետո հաղթեց եւս 2 Օլիմպիական ոսկի 200 մ վազքում ու փոխանցումավազքում, 2 ռեկորդ սահմանեց, իր էներգիայով ու խանդավառությամբ ոգեւորեց ողջ ստադիոնը:

«Հանդիսատեսին դա դուր է գալիս: Հույս ունեմ երիտասարդ մարզիկները կհասկանան, որ սպորտը փնտրում է նրանց, որոնք կարողանում են իրենց էներգիան մյուսներին փոխանցել: Կարեւորը միայն հաղթելը չէ, այլ սպորտով ապրելը»,- խոստովանել է Բոլտը:

Տղամարդկանց արագավազքում շատերն են դոպինգ օգտագործել, բայց Բոլտին հաջողվել է բազմաթիվ ռեկորդներ սահմանել ու մաքուր մնալ. «Ամբողջ աշխարհին ապացուցել եմ, որ սպորտը կարող է մաքուր լինել: Ես մեր մարզաձեւը գրավիչ եմ դարձրել, այնպես եմ արել, որ մարդիկ ցանկացել են գալ ստադիոն ու հետեւել մրցումներին: Ես վազքը նոր մակարդակի վրա եմ բարձրացրել»:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին