Նամակ Երեւանից. Բակում չորացող լվացքը՝ նոր կյանքի խորհրդանիշ - Mediamax.am

exclusive
212 դիտում

Նամակ Երեւանից. Բակում չորացող լվացքը՝ նոր կյանքի խորհրդանիշ


Լուսանկարը` Lee Jongwon

Լուսանկարը` Lee Jongwon


Ամառ էր, կեսօր։ Նարեն, միրգ-բանջարեղենի տոպրակը ձեռքին, կանգնած էր Հարավ-Արեւմտյան թաղամասի բակերի մեջտեղում ու նայում էր պատուհանից լվացք փռող կնոջը։ Երեւանում լվացքի պարաններ համարյա չկային, եղածներն էլ շատ ավելի կարճ էին ու սովորաբար չէին ձգվում ամբողջ բակով մեկ, ինչպես Ստեփանակերտում էր՝ իրենց բակում։ 

Լվացք փռող կնոջը նայելիս Նարեն մի պահ անշարժացել էր։ Նայում էր, կնոջ հմուտ շարժ ու ձեւին, կոկիկ լվացքին, հագուստների տարբեր գույներին։ Նարեին թվաց անգամ, որ զգում է լվացքի փոշու հոտը։ 

Արեւ էր, անամպ երկինք, բակում երեխաների աղմուկից հարեւան շենքերի բնակիչները մեկ ու մեջ դիտողություն էին անում. «քնած երեխա կա մի քիչ կամաց խաղացեք»։ Նարեին թվաց՝ տանն է, Ստեփանակերտի իրենց բակում, պարզապես հայերենն է մի փոքր այլ։ 

Երկու տարի է՝ Նարեն ու իր ընտանիքը թվում է, թե տանն են։ Բայց երկվության զգացողությունը դեռ երկար է հետապնդելու իրեն։ Վարձով փոքր բնակարանը, մշտական աշխատանքի փնտրտուքները, հազար ու մի թուղթ գտնելու եւ սոցապին դիմելու քաշքշուկները, երբեմն խտրական վերաբերմունքի դրսեւորումները դեռ երկար են հիշեցնելու, որ Նարեն ու իր ընտանիքը դեռեւս տանը չեն՝ փախստական են։ 

Միրգ-բանջարեղենի տոպրակը ձեռքին՝ երեք երեխաների մայրը շնչակտուր բարձրացավ տուն, ու բացեց բնակարանի պատուհանը։ Դիմացը չորսհարկանի մի շենք կար, ու վստահաբար կարելի էր լվացքի մի երկար պարան անցկանցել։ Ու թեեւ ամուսինը վերջին խնայողություններով լվացքի նոր մեքենա էր գնել, որը չորացնող ռեժիմ էլ ուներ,  լվացքի պարան ունենալը եւ լվացքը դրսում փռելը սկզբունքի հարց էր։ 

Այդ երեկո երեխաներին անկողին տեղավորելուց հետո խոսեց ամուսնու հետ առաջին հայացքից խենթ թվացող գաղափարի մասին։ Ամուսինը թեեւ հասկանում էր կնոջ միտքը, հուսադրող արձագանք չտվեց․

- Այստեղ շատ բան ուրիշ է։ Նախ՝ դա մեծ գլխացավանք է, երկրորդը՝ շենքի բնակիչները չեն համաձայնվի։ 

Բայց Նարեին դա չվհատեցրեց։ Ընդհակառակը, ավելի համառ դարձրեց գաղափարը իրագործելու հարցում։ Հաջորդ օրը երեխաներին դպրոց ճանապարհելուց հետո, սկսեց թակել հարեւան բակի բնակիչների դռները, ու կիսվել գաղափարով։ 

- Բայց ախր հիմա ո՞ր դարն է, որ դրսում լվացքի պարան անցկացնեք։ Հո միջնադարում չենք ապրում, - զարմացան հարեւանները։ 

Դիմացի շենքում միայն հատ ու կենտ մարդիկ հասկացան Նարեի մղումը՝ երեւանյան բակում ունենալու Ստեփանակերտից ծանոթ տեսարանը։ Այն կյանքը, որը մնացել էր հետեւում, իսպառ ջնջել չէր ստացվում, որքան էլ գիտակցությունը ստիպում է հաշտվել նոր իրականության հետ։ Նարեին թվում էր, որ ամեն օր իր տան լվացքը փռելիս, նա կզգա, որ տանն է, որ արդեն հաստատվել է այստեղ, որ այստեղից ոչ մի տեղ չի գնալու, որ կյանքը ընկել է հունի մեջ, որ ինքն այլեւս ստիպված չի լինելու մի փոքր ճամպրուկի մեջ խցկել տասնամյակների կյանքն ու փախչել։ 

Լուսանկարը` Lee Jongwon


Երկու շաբաթ հարեւան շենքի բնակիչներին համոզելու փորձերից հետո, Նարեն հուսահատ հետ կանգնեց գաղափարից։ Օրեր անց դուռը թակեցին։ Դիմացի շենքի բնակիչը, ում ձեռքին աշխատանքային գործիքներ կային, ասաց․

- Եթե դեռ ցանկանում եք պարան անցկացնել, կանչեք ձեր ամուսնուն՝ միասին գործի անցնենք։

Հաջորդ օրը Նարեն մեծ լվացք արեց, մի մասը՝ ձեռքով։ Բացեց պատուհանը, ու սկսեց շորերն անցկացնել պարանի վրա։ Լվացքը հատուկ ուժեղ չէր քամել, սիրում էր երբ հագուստից պոկվում էին ջրի մանր կաթիլները։ Դրանց նայելով՝ արցունքի կաթիլները գլորվեցին աչքերից՝ ոչ այնքան իր լվացքը փռելու ուրախության, որքան հարեւան բակի բնակիչների արձագանքի ու ջերմության համար։

Քո Երեւան

21.05.2025




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին