Նամակ Երեւանից. Փափուկ կյանքի ու ընկճախտի արանքում կամ «բարեւ, միջին տարիքի ճգնաժամ» - Mediamax.am

exclusive
276 դիտում

Նամակ Երեւանից. Փափուկ կյանքի ու ընկճախտի արանքում կամ «բարեւ, միջին տարիքի ճգնաժամ»


Լուսանկարը` Jongwon Lee


Կասկադի բացօթյա սրճարաններից մեկի սեղանին սառում էր կապուչինոն։ Այն արդեն խմելու բան չէր։ Սուրճը պատվիրած տղամարդը մի քանի վայրկյանը մեկը բութ մատի անտարբեր շարժումով հեռախոսի էկրանի վրա փոխում էր կարճ ռիլերը՝ նորույթի ու թարմության սպասումով։ Բայց իրար հաջորդած տասնյակ տեսանյութերից եւ ոչ մեկը երկար ուշադրության չէր աժանանում։ Մի քանի րոպե անց անջատեց հեռախոսը, նայեց անցորդներին, զարմանքով ու ինչ-որ տեղ նախանձով հետեւեց արեւոտ օրը Կասկադում շրջող զբոսաշրջիկներին ու նրանց առօրյայի թեթեւությանը։

Գեւորգը 43 տարեկան է։ Ապրում է կենտրոնում, զբաղվում է մեծածախ առեւտրի բիզնեսով, ամուսնացած է, ունի երկու երեխա։ Հասցրել է Կենտրոնում մի լավ  բնակարան «հետ գցել», վերջերս էլ Գառնիում է ընդարձակ ամառանոց գնել։ Լավ ավտոմեքենա է վարում, հիմա էլ ԱՄՆ-ից Երեւան է ուղեւորվում նրա նոր էլեկտրական մեքենան։ Երեխաները սովորում են մասնավոր դպրոցում։ Ամռան համար արդեն ամրագրել է ընտանիքի եվրոպական ճամփորդությունը։ Իր շրջապատում շատերի համար նա ապրում է նախանձելի կյանքով։ Բայց քչերն են նկատում, որ վերջին մի քանի տարում Գեւորգին մեծ հաշվով ոչ մի բան չի երջանկացնում։ Դարձել է քչախոս, լարված ու ինքնամփոփ։

Գեւորգը դեռ երիտասարդ է՝ իր հասակակիցների համեմատ արտաքնապես ավելի լավ պահպանված։ Կանոնավոր մարզվում է, սկսել է մաչա խմել, սննդային հավելումներ օգտագործել, հետեւում է նորաձեւության վերջին միտումներին։ Մազերը դեռ շատ չեն ճերմակել կամ անհետացել, ինչպես իր շատ ընկերների պարագայում։ Իրենից երիտասարդ կանանց շրջանում վայելում է անթաքույց ուշադրության եւ հետաքրքրության նշաններ։ Թեեւ սա շոյում է նրա էգոն, իր սիրավեպերը, որպես կանոն, եւս շուտ էին թոշնում, կորցնում հետաքրքրությունն ու արդյունքում ավելի վատ անդրադառնում տրամադրության վրա։

Նոր տունը, նոր մեքենան, նոր ճամփորդությունը, նոր արկածներն ու հավաքույթները միայն փոքր ու ժամանակավոր հաճույքներ էին։ Ամեն երեկո, երբ գլուխը դնում էր բարձին՝ գալիս էին տարօրինակ ու կպչուն մտքերը.

«Միթե սա՞ էր ամբողջը։ Սա՞ էր իմ ուժերի առավելագույնը», - հարցնում էր իրեն Գեւորգը։

Ինչի՞ց էր դժգոհ, մտածելու ի՞նչ ուներ։ Եթե մեկը հարցներ, կդժվարանար հստակ պատասխանել։ Բայց ներսում մի մեծ դատարկություն կար, միայնություն, որը չէր լցվում, անգամ ամենաաղմկոտ ու մարդաշատ հավաքույթների ժամանակ։

Կյանքի գույները խամրե՞լ էին, թե պարզապես հասել էր իր ուժերի ու կյանքից հասանելիք առավելագույնին։  Գուցե սա հենց այն էր, ինչի մասին վերջերս հաճախ էր լսում իր՝ տարիքով ավելի ավագ ընկերներից։ Բարեւ միջին տարիքի ճգնաժա՞մ։

Գեւորգի միտքը դարձել էր ականապատ մի դաշտ՝ որ կետում էլ կանգներ, մի պայթյուն պատրաստ էր։

Ապրիլյան մի արեւոտ կեսօր իջավ շենքի բակ՝ մեքենան լվացման կետից վերցնելու։ Ամեն անգամ այդտեղ գալով՝ Գեւորգը հիացմունքով էր նայում իր մեքենան խնամքով լվացող  աշխատակցին, ով իր տարիքի տղամարդ էր։ Վերջինս լավ կյանքից չէր այդտեղ աշխատում։ Չնայած արտաքնապես կիսահոգնած տեսքին ու դժվար ֆիզիկական աշխատանքին՝  Արսենը միշտ բարեհամբույր էր ու կատակասեր։

- Արսե՛ն։ Արդեն քանի տարի ամեն շաբաթ մեքենաս այստեղ եմ բերում։ Դու միշտ այնքան սիրով ես աշխատում, մարդու հավես է գալիս։ Մի օր քեզ անտրամադիր տեսած չկամ, - մեքենայի բանալիները վերցնելով՝ ասաց Գեւորգը։

- Գեւորգ ջան, տրամադրության մասին մտածելու ժամանակ չունեմ։ Երեխաներ, հիվանդ ծնողներ ունեմ, պիտի աշխատեմ, իրենց տեր լինեմ։ Եվ հետո՝ տրամադրությունը մենք ենք ստեղծում՝ ամեն մեկս մեր ունեցածի չափով։

Այս խոսքերն այնպես ազդեցին Գեւորգի վրա, որ մի պահ կորցրեց խոսելու կարողությունը։ Ձեռքը գրպանը տարավ՝ վճարելու համար։ Գրպանից հանեց 20 հազար դրամանոցը ու խնդրեց, որ մանրը չվերադարձնի։

- Շնորհակալ եմ, բայց շատ-շատ է։

- Ես եմ շնորհակալ,- պատասխանեց Գեւորգը, ով ուզում էր շուտ նստել մեքենան ու հեռանալ։

Քո Երեւան,
10․05․2025




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին