Նամակ Երեւանից. Մոսկովյանի ծիրանենին ու Սոնայի 32-րդ գարունը - Mediamax.am

exclusive
974 դիտում

Նամակ Երեւանից. Մոսկովյանի ծիրանենին ու Սոնայի 32-րդ գարունը



Ընդմիջման ժամին Մոսկովյան փողոցով քայլելիս կարող եք նկատել մայթին ծաղկած ծիրանենին: Սպիտակ ճյուղերի շուրջ մեղուներ էին պտտվում, բայց դա չխանգարեց Սոնային անվախ կանգնել ծառի տակ, խորը շունչ քաշել ու արբենալ այդ անուշաբույրից:

Դրսում արդեն գարուն էր, ջերմացնող արեւ։ Օդում եւ Սոնայի հոգում հուզմունքի մի անբացատրելի թրթիռ կար։ Ուզում էր սիրահարվել ու ինչ-որ պահի թվում էր, որ կապ չունի, թե ում: Պարզապես հարազատ մեկին թեւանցուկ աներ ու քայլեր սիրած քաղաքի փողոցներով, նստեին որեւէ զբոսայգու նստարանին՝ միասին գիրք կարդալու, օրը շարունակեին Թումանյան – Կողբացի անկյունի փարիզյան ոճի, բայց երեւանյան տրամադրությամբ բացօթյա սրճարանում, միասին կրեպ ուտեին, վայելեին շաբաթ օրվա դանդաղությունը: Սրճարանի դիմացի մայթի ծաղկավաճառից սիրահարը մի փունջ դեղին նարգիզներ կգներ ու կցրեր այն միտքը, թե բոլոր գեղեցկադեմ տղաները նարցիսներ են: Երեկոյան Կասկադում բացօթյա ջազ համերգ կլսեին, ու Սոնան մեկ ու մեջ կնայեր նրա աչքերին՝ այնտեղ տեսնելով գիշերային Երեւանի լույսերի արտացոլանքը։

Գարուն էր, Սոնայի 32-րդ գարունը, ու նա սիրահարվել էր ուզում: Բայց այդ բայի մասին փոքր-ինչ երկար մտածելիս հիշողության մեջ վերականգնվում էին անցյալի անհաջող հարաբերությունների հերոսները եւ նրանց հետ կապված ոչ միշտ հաճելի դրվագները: Ամեն անգամ դրանց մասին հիշելիս Սոնան կրծքավանդակի շրջանում ծանոթ ցավ էր զգում:

Դեռեւս ուսանողական տարիներից Սոնային հանդիպում էին երիտասարդներ, որոնց հետ շփումը գրեթե միշտ զարգանում էր նույն սցենարով։ Մի քանի շաբաթում նրանք ասպետական քայլերով հասցնում էին գրավել Սոնայի ուշադրությունը, հմայել ու առնել նրան սիրային փոթորիկի մեջ։ Առաջին իսկ օրերից գործի էր դրվում «ծանր հրետանին»՝ նվերների,  գույնզգույն ծաղկեփնջերի ու շոկոլադե տուփերի տարափը,  մինչեւ կեսգիշեր տեւող հեռախոսազրույցները, օրվա ընթացքում երկար ու կարճ նամակները, զբոսանքներն ու սիրային խոստովանությունները: Երիտասարդներից մեկը բանասեր էր ու Ազնավուրի երգերից տողեր էր թարգմանում Սոնայի համար, մյուսը՝ հոգով ոչ պակաս ռոմանտիկը, մարզային գործուղումներից հետո ծաղիկներ էր քաղում ճանապարհից՝ օրվա վերջ դրանք բերելով Սոնայենց բակ, երրորդը՝ հմայում էր ինտելեկտուալ զրույցների խորությամբ։

Ամեն ինչ շատ գեղեցիկ էր սկսվում, ինչպես այս գարունը, մինչեւ ինչ-որ պահի Սոնայի սիրային կյանքի երկնքում հայտնվում էին մութ ամպերը․ «ես պատրաստ չեմ», «ես քեզ լուրջ բան չեմ կարող խոստանալ», «ես քեզ արժանի չեմ», «ուրիշները կերազեն քեզ նման աղջկա մասին»: Պատահում էր երբեմն, որ սիրավեպի ավարտի պաշտոնական ազդարարում կամ հրաժեշտ այդպես էլ չէր լինում։ Երիտասարդը որոշ ժամանակ անց պարզապես անհետանում էր՝ Սոնային թողնելով բազմաթիվ անհայտների, անպատասխան նամակների ու խորացող անինքնավստահության հետ: Լինում էր նաեւ, որ ամիսներ անց նրանք հիշեցնում էին իրենց մասին՝ մի կարճ գրության կամ անակնկալ զանգի տեսքով, ու փորձում նորից խախտել Սոնայի հոգեկան անդորրը։

Այդ օրը՝ Մոսկովյան փողոցով քայլելիս, Սոնան վերհիշեց իր բոլոր անհաջող սիրո պատմությունները: Ինչո՞ւ էին դրանք գեղեցիկ ու բուռն սկսվում, արագ զարգանում, բայց նույնքան արագ վախճանվում։ Ինչո՞ւ էին իր պատմության գրեթե բոլոր հերոսները միմյանց այդքան նման՝ ինքնավստահ, աթլետիկ կազմվածքով, համարձակ հայացքով ու պահվածքով, միշտ փոքր-ինչ մեծամիտ ու անազնիվ: Ու ինչո՞ւ էին իր հարաբերությունները գրեթե միշտ նույն ձեւ ավարտվում:

Իսկ գուցե ինքն էր կամովին, բայց անգիտակացաբար ընտրում այդ հերոսներին, գուցե ինքն էր ժամանակից շուտ նրանց վերագրում ասպետականության հատկանիշներ, որոնք այդ տղաները իրականում չունեին։ Գուցե նա սիրահարվում էր գոյություն չունեցող, այլ իր իսկ հնարած կերպարներին, ում շուրջ պատկերավոր հյուսում էր համատեղ երջանկության բույնը: Գուցե իրեն պարզապես դուր էր գալիս սիրահարված ու սիրված լինելու միտքը, եւ ոչ դրա իրական դրսեւորումը: Իսկ գուցե Սոնան իր մեծ ու անվերահսկելի ակնկալիքներով սպանում էր դեռեւս չձեւավորված հարաբերությունները:

Սոնան մի պահ հանգեց այն մտքին, որ տարիներ շարունակ ինքն իրեն դատապարտել էր «էմոցիոնալ անհասանելի» տղաների հետ հարաբերություններին, որտեղ ինքն ուզում էր, որ իրեն փրկեն, կամ էլ ինքն էր հանդես գալիս փրկողի դերում: Գուցե հենց ինքն էլ պետք է կոտրի այս արատավոր շղթան։

Սոնան շարունակեց քայլել, ու առաջին հանդիպած ծաղկավաճառից ծաղիկներ գնեց՝ պարգեւատրելով ինքն իրեն խիզախ ու անկեղծ հարցեր տալու համար: Նա մտքում ներեց բոլոր այդ երիտասարդներին, բաց թողեց նրանց մասին վիրավորվածությունը ու բացասական մտքերը: Այդ մտքերն արդեն իսկ շատ երկար պահել են նրան անորոշության սարդոստայնում ու խանգարել սթափ մտածել: Սոնան անկեղծորեն հոգնել էր այդ բոլոր խաղերից, որոնք, իր իսկ թույլտվությամբ ու համաձայնութմաբ, իր հետ խաղացել էին:  

Գարուն էր, ու Սոնան ուզում էր սիրահարվել. ու սիրահարվել նախեւառաջ ինքն իրեն:

29․03․2025
Քո Երեւան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին