Նամակ Երեւանից․ Բաղրամյանի դիմացի մայթի պահապան հրեշտակը - Mediamax.am

exclusive
1248 դիտում

Նամակ Երեւանից․ Բաղրամյանի դիմացի մայթի պահապան հրեշտակը



Ի հեճուկս բոլոր հոռետեսական կանխատեսումների՝ Երեւանը շարունակում է մնալ այն քաղաքներից, որտեղ ամեն օր, ամեն քայլափոխի «խորհրդավոր հերոսության» մեծ ու փոքր օրինակներ են պատահում։ Ու բարի հերոսի կերպարում հաճախ կարող է հանդես գալ ձեզ բացարձակապես անծանոթ մի մարդ։

Այսօրվա մեր հերոսը երեւանցի Աշոտն է, ով շուրջ 3 տարի աշխատում է դեսպանատանը՝ որպես անվտանգության աշխատակից։ Նրա ամենօրյա պարտականությունն է հերթապահել Բաղրամյան պողոտայի վրա տեղակայված դեսպանատան մուտքի մոտ, հսկել ու ապահովել դեսպանատան անվտանգությունը։ Աշխատավարձը եւ աշխատանքը կայուն են, բայց Աշոտի համար հասցրել է դառնալ ձանձրալի։ Գարնան մեկնարկի հետ նա ուրախանում է, որ Բաղրամյանի մայթով կարող է երբեմն վեր ու վար անել, նայել անցորդներին, լսել խոսակցությունների պատառիկներ։ Նրան դուր է գալիս Բաղրամյանի առավոտյան ժամերի հանգստությունը, կեսօրի աշխուժությունն ու աղմուկը, երեկոյան մարդկանց տուն հասնելու շտապողականությունը, իսկ գիշերը սիրահար զույգերի կամ ընկերական խմբերի զբոսանքներին ականատես դառնալը։

Այս գարնանը Աշոտի առօրյայում ավելացավ եւս մեկ հետաքրքրություն։ Նա հայտվնեց մի արեւոտ առավոտ, ժամը 08։30-ին, երբ կայանեց իր մեքենան Աշոտի աշխատավայրի ուղիղ դիմացի մայթին, բացեց փոքր հայելին ու սկսեց խնամքով, դանդաղ շպարվել մեքենայի խցիկում։ Աղջկա շարժումներն այնքան հանգիստ էին, սահուն, կենտրոնացած, որ Աշոտը մի քանի րոպե քարացած հետեւում էր մեքենայում տեղի ունեցող այս կերպարանափոխությանը ու չնկատեց դեսպանատան մուտքի մոտ կանգնած ծառայողական մեքենան։ Աշոտը ներս մտավ պահակակետ՝ մուտքը բացելու։ Մինչ հետ եկավ, դիմացի մայթի մեքենայի անծանոթուհին հասցրել էր շպարն ավարտել ու հեռանալ։

Նա վերադարձավ հաջորդ օրը՝ նույն ժամին։ Մեքենան նորից կայանեց նույն տեղում, բայց այս անգամ արագ դուրս եկավ կազմ-պատրաստ՝ երկար կաշվե վերարկուով, վարսերը ուսերին ալիքաձեւ թափած, շպարը՝ տեղում։ Կողպեց մեքենան, գրպանից հանեց ականջակալները ու դիմացի մայթով քայլեց ներքեւ՝ աստիճանաբար կորելով Աշոտի տեսադաշտից։

Մի քանի շաբաթ, երկուշաբթիից մինչեւ ուրբաթ Աշոտը տեսնում էր նրան՝ դիմացի մայթին կանգնած հետեւում նրա շարժումներին, օրվա հագ ու կապին։ Չգիտեր նրա անունը, տարիքը, ով լինելը, գիտեր միայն, որ անծանոթուհին իր օրվա կարեւոր մասն է դարձել, ում չէր ուզենա կորցնել։ Ու ոչինչ, որ նա Աշոտին չի տեսնում, երբեմն ցրված է, հաճախ մեքենայի մեջ մի բան է մոռանում, որի համար նորից վերադառնում է ու արագ հեռանում։

Օրերից մի օր Աշոտին տեղափոխում են երեկոյան հերթափոխի՝ գործընկերոջ տեղը լրացնելու։ Երեկոյան ժամը 9-ին նույն մայթի վրա երկու անցորդ մոտենում են մեքենային ու կանգ առնում։ Թեեւ արդեն մութ էր, բայց Աշոտը նկատեց աղջկա հետ կանգնած երիտասարդին, ով առաջին իսկ րոպեներից ազդեց նյարդերին։ Նրանք կարճ խոսեցին, մի քանի րոպե անց աղջիկը, առանց ջերմ հրաժեշտ անելու, նստեց մեքենան ու հեռացավ։ Երիտասարդը մի քանի վայրկյան նայեց մեքենայի հետեւից ու անհետացավ մթում։

Լուսադեմին, երբ Աշոտն ավարտեց գիշերային հերթափոխը, չշտապեց տուն վերադառնալ։ Տրամադրություն չուներ, բայց սպասեց մինչեւ 08։30-ը՝ եւս մեկ անգամ նրան տեսնելու։ Նա եկավ, դուրս եկավ մեքենայից, Աշոտին թվաց, որ տխուր է։ Մեքենան կողպեց, ձեռքը տարավ գրպանը, բայց բանալին ընկավ փողոցում՝ մեքենայից ոչ հեռու։ Աղջիկը չնկատեց, դրեց ականջակալները ու քայլեց։

Աշոտը ուզեզ վազել, բանալին վերցնել ու փոխանցել, վերջապես ծանոթանալ, կարճ զրուցել։ Դրանից ավելի հերոսական առիթ էլ դժվար կգտնվեր։ Բայց ծանոթանալուց հետո, Աշոտը պիտի շատ բան բացատրեր․ որ ամեն առավոտ սպասում է նրան, որ ինչ հայտնվել է, աշխատանքի գալը հաճելի է դարձել ․ «որ, ․․․․ որ,․․․․ որ․․․»․ այդ շարքը երկար էր։ Բայց կային մի շարք ծանրակշիռ «բայց»-եր, որոնք կաշկանդում էին մոտենալ։ Ավելի հեշտ էր հատել փողոցը, վերցնել ընկած բանալին, ամուր պահել ափի մեջ ու նայել նրա հետեւից։

****

Երեկոյան անծանոթուհին վերադարձավ մեքենայի մոտ ու դիմապակու մաքրիչի վրա փակցրած սպիտակ ծրար գտավ, որի մեջ բանալին էր ու մի երկտող․

«Դու միայն հաճախ ժպտա՛ ու ուշադի՛ր եղիր։
Դիմացի մայթի քո պահպան հրեշտակ»։

Քո Երեւան,

22․03․25




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին