Նամակ Երևանից․ Ինչ-որ մեկի «պատիժ»-ը մեկ ուրիշի համար օրհնություն - Mediamax.am

exclusive
710 դիտում

Նամակ Երևանից․ Ինչ-որ մեկի «պատիժ»-ը մեկ ուրիշի համար օրհնություն


Լուսանկարը` Փեղք


Դպրոցի բակում կանգնած՝ 8-ամյա Միքայելը գլխավերևում տեսնում էր բարձրահասակ մոր շողքը ու նրա բարկացած շարժումները։ Դպրոցի ներսից լսվող դասազանգի հնչյունների ներքո մոր խոսքերն ավելի սպառնալից էին թվում։

- Ի՞նչ էր արել քեզ դպրոցի պատուհանը։ Ի՞նչ նեղություն էր տվել, որ կոտրել ես։

Մայրն անհամբեր բացատրություններ էր պահանջում, իսկ Միքայելն էլ ավելի խեղճացած դիրք ընդունում՝ չիմանալով ինչ պատասխանել։ Մինչ բակում իրեն նախատում էին, դպրոցից դուրս էին գալիս դասընկերները, որոնց ժպիտով սպասում էին․ մեկի մայրը, մյուսի հայրը, մեկ ուրիշների տատիկ - պապիկները։ Այս ջերմ հանդիպումները տեսնելուց Միքայելն ավելի էր ճնշվում։

Դասամիջոցին ընկերների հետ միջանցքում խաղալն ավարտվել էր սիրուն գոլով, միայն թե Միքայելը գնդակն ուղարկել էր ոչ թե դպրոցի մարզադաշտի դարպասը, այլ միջանցքի պատուհանի մեջտեղը։

Ամիսներ շարունակ Միքայելի դասղեկը մորն ասում էր, որ երեխան ակտիվ է, «տեղը հանգիստ չի նստում», ու դպրոցից հետո ցանկալի է նրան որևէ սպորտային խմբակ տանել, որտեղ որդին կսպառեր ավելցուկային էներգիան։ Բայց մայրը, որ հերթափոխով երկու տեղ աշխատում էր, կամ լուրջ չէր վերաբերել դասղեկի խորհրդին, կամ ժամանակ ու միջոց չէր գտել որդու սպորտային ակտիվության համար։

- Մամ, պատահական եղավ։ Էլ չեմ անի, խոսք եմ տալիս, - հազիվ լսելի ձայնով արդարանում էր Միքայելը։

Բայց մայրն այնքան ամուր էր քաշում ուսից ու պահանջում արագ քայլել, որ Միքայելի խոսքերն ավելի շուտ հասնում էին փողոցի անցորդներին, քան մորը։ Նա բարկացած էր որդու վրա, բարկացած էր դասղեկի վրա, որ անսպասելի զանգեց ու կանչեց դպրոց՝ ստիպելով աշխատանքից դուրս գալ առանց զգուշացման։

- Դո՛ւ երեխա չես։ Դո՛ւ պատիժ ես, - դուրս թռավ մոր շուրթերից այն պահին, երբ Միքայելին, թևից բռնած, բառացիորեն քաշում էր տիկնիկային թատրոնի մայթով։

Միքայելը դա չլսելու տվեց։ Հայացքը թատրոնի շենքի ֆասադին պատկերված հեքիաթների հերոսների վրա էր։ Մի քանի վայրկյան ցրվեց չարաբաստիկ գնդակի պատմությունից՝ չկռահելով, որ ավելի վատ «կինո» իրեն տանն է սպասում, երբ աշխատանքից կգար հայրը։

Խաչմերուկին մոտենալիս Միքայելը պայուսակով անզգույշ հարվածեց անցորդին, ինչից մոր նյարդերն էլ ավելի տեղի տվեցին։

- Ի՞նչ են ասում նման դեպքերում, Միքայե՛լ։ Ներողություն են խնդրում,- սաստեց մայրը։

Անցորդը, նկատելով երեխայի խեղճացած հայացքը, փորձեց ժպիտով ու քաղաքավարությամբ մեղմել անհարմար պահը․

- Ոչինչ, նա հատուկ չարեց։

Բայց դա չհանգստացրեց կնոջը և խաչմերուկում՝ անցորդների ներկայությամբ, շարունակվեց Միքայելի չընդհատվող մղձավանջը։

Միքայելը չգիտեր, որ մոր բղավոցի, վերջին շրջանում նրա հաճախակի բարկանալու, անտրամադիր լինելու գլխավոր մեղավորը բնավ ինքը չէ։ Միքայելը չգիտեր, որ մայրը տևական ժամանակ նեղսրտած է հորից, ով հաճախ չէր լինում տանը, ում աշխատավարձի կեսը, չգիտես ինչու, տուն չէր հասնում, որի պատճառով մայրը ստիպված երկու տեղ էր աշխատում։ Միքայելը չգիտեր՝ ինչու ծնողները չեն շտապում քույր կամ եղբայր պարգևել իրեն, չգիտեր, թե ինչու դպրոցի բակում նրան ժպիտով չեն դիմավորում ու չեն հարցնում՝ «օրդ ո՞նց անցավ, բալես», բայց փոխարենն անընդհատ կշտամբում են՝ «շապիկդ ինչու՞ է կեղտոտ», «ձեռքերդ ինչու՞ ես խզբզել»։   

Տարիներ անց, երբ Միքայելը սովորի ավագ դասարանում, նա կդառնա դասասենյակի վերջում նստող ու դասը խանգարող տղան, ում մասին խոսելիս ուսուցիչները կասեն․ «շատ խնդրահարույց աշակերտ է։ Իսկ տարիներ առաջ սովորելու ի՜նչ պոտենցիալ ուներ»։  Բայց իր սովորելու պոտենցիալն էլ ու՞մ է հետաքրքիր, երբ տարիներ շարունակ Միքայելին տանը կասեն, որ «ինքը երեխա չէ, ինքը պատիժ է»։

**********

Նույն ժամին, երբ Միքայելին բարկացած դպրոցից տուն էին տանում, Երևանի  վերարտադրողական առողջության կենտրոններից մեկում ամուսնական զույգը կսպասի բժշկի մոտ կարևոր ընդունելությանը։ 7 տարվա բուժումներից, անթիվ միջամտություններից, սպասումներից, մի քանի անհաջող փորձերից հետո նրանք սրտի անկանոն զարկերով կսպասեն ընդունարանում՝ իմանալու պատասխանը՝ վերջապես օրհնվա՞ծ են, թե ոչ։

15․03․2025

Քո Երևան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին