Նամակ Երեւանից. Յուրայինը, օտարը եւ «զգուշացե՛ք, տանիքին սառույց է» - Mediamax.am

exclusive
302 դիտում

Նամակ Երեւանից. Յուրայինը, օտարը եւ «զգուշացե՛ք, տանիքին սառույց է»


Լուսանկարը` Ֆոտոլուր


Ո՞վ է երեւանցին։ Ի՞նչ հատկանիշներ են պետք մեր օրերում երեւանցի համարվելու համար։ Ո՞վ կամ ինչպե՞ս է որոշում, դու երեւանցի ես, թե՞ ոչ։

Չարենցավանից, Էջմիածնից, Մեծամորից եւ Հայաստանի այլ քաղաքներից ամեն օր ավտոբուսով կամ գնացքով Երեւան եկող, օրվա մեծ մասը մայրաքաղաքում աշխատող եւ երեկոյան ուշ տուն վերադարձող երիտասարդը կարո՞ղ է ասել, որ երեւանցի է։

Երբ հեռանում ես Երեւանից՝ այլ երկրում ապրելու, արդյոք դադարո՞ւմ ես երեւանցի լինել։

Ի՞նչ պետք է անել, որ այս քաղաքում քեզ յուրային զգաս, ընկալվես երեւանցիներից մեկը։

Այս հարցն էր պտտվում Իգորի գլխում, ով ավելի քան երկու տարի ապրում է Երեւանում։

Նա հավաքում էր գրքերը, դնում դրանք արկղերի մեջ։ Կիեւյան փողոցի վրա վարձակալած բնակարանի տան տիրուհին մի շաբաթ ժամանակ տվեց նրան՝ նոր բնակարան գտնելու եւ տեղափոխվելու համար։ Իգորը պատշաճ ու ժամանակին վճարում էր բնակարանի վարձը, խնամքով վերաբերում գույքին, աղմկոտ հավաքույթներ չէր կազմակերպում, բայց կասկածամիտ տիկին Ալմաստը մի բան կար,  որ չէր հավանում այս  օտարականի մեջ։ Իգորի «բառադի կենսաոճի», տարբերվող հագ ու կապի, բնապահպանական ակտիվիզիմի, հարեւան բակերի շներին ու կատուներին կերակրելու, եւ ձմռան ամիսներին կենդանիներին շքամուտք ներս թողնելու մեջ տիկինը տարօրինակ բան էր տեսնում, իսկ կենդանասեր ռուս օտարականի մասին հարեւաններից ստացած դժգոհությունները մի օր վերջնականապես լցրեցին տիկնոջ համբերության բաժակը։

- Չեմ հասկանում, դու քո երկրում տուն-տեղ, հարազատ չունե՞ս, որ եկել տնավորվել ես էստեղ։ Մոռացի՛ր, դու էստեղ յուրային չես դառնա, - վերջին ամսվա վարձը ծրարով վերցնելիս, ոչ լավ ռուսերեն արտասանությամբ Իգորին ասաց տան տիրուհին։

Փետրվարյան մի կեսօր, երբ դրսում - 3 էր, Իգորը խնդրեց ընկերներին որոշ ժամանակով հյուրընկալել իրեն, մինչ բնակարանի հարմար տարբերակ կգտնի։

Ընկերոջ լաբրադոր ռետրիվերին ման տալիս մտածում էր, որ գուցե տան տիրուհին իսկապես ճիշտ է. արժեր հավաքվել ու հետ վերադառնալ այնտեղ որտեղից եկել էր, որտեղ օտար չէր, բայց հաստատ այլեւս յուրային էլ չէր։

Չհասցրեց այս միտքը երկար խմորվել Իգորի գլխում, երբ քայլելիս տանիքից մանր սառույցներ թափվեցին։ Բարեբախտաբար, թեթեւ վնասվածք ստացավ։ Հայացքը վեր բարձրացրեց եւ շենքի տանիքին տեսավ շարքով կախված սառույցները։ Իսկ եթե իր փոխարեն այդ պահին երեխաներ կամ տարեցներ անցնեին։

Արագ մտավ մոտակա խանութը, գնեց սպիտակ Ա4 թղթեր եւ մի քանի գունավոր մարկերներ։ “Օсторожно!!! Сосульки” (Զգուշացեք, տանիքին սառույց է) գրեց թղթերի վրա եւ անցորդների զարմացած հայացքների ներքո փակցրեց պաստառները փողոցների ծառերին։

«Եթե սա կօգնի մի քանի հոգու փրկել թափվող սառույցներից, ուրեմն հրաշալի է»։ Այս միտքը ջերմացրեց Իգորի հոգին ու փոխեց տրամադրությունը։

Իսկ գուցե «յուրային»-ը, «երեւանցի» դառնալու համար պարտադիր չէ ծնված լինես այստեղ։

Իսկ գուցե «երեւանցի» կարող ենք համարել Իգորի պես մարդկանց, ում սիրտը ցավում է այս քաղաքում ապրող այլ մարդկանց համար։ Ովքեր հոգ են տանում անգամ քաղաքի անտուն շների մասին, ովքեր խմբերով կազմակերպվում, ու մաքրում են Հրազդանի կիրճը, որտեղ աղբը թափում են այս քաղաքում մի քանի սերունդ ապրած երեւանցիների ընտանիքները։

Իսկ գուցե Իգորն ավելի շատ երեւանցի է, երբ վերցնում է բահը եւ մաքրում քաղաքի մայթերը ձյան առատ շերտից, որ տարեցները չսայթաքեն։

Իսկ գուցե «երեւանցի» կոչվելու համար բավարար չէ միայն այս քաղաքի որեւէ հասցեում գրանցում ունենալ եւ գույքահարկ մուծել։ Գուցե այս քաղաքի բնակիչ լինելը ենթադրում է նաեւ բարեկրթություն եւ հոգատարություն մյուսների հանդեպ։

Քո Երեւան

01.03.2025




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին