Նամակ Երեւանից. Մի բաժին մաքուր օդ ու մի քիչ ժպիտ օտար անցորդից - Mediamax.am

341 դիտում

Նամակ Երեւանից. Մի բաժին մաքուր օդ ու մի քիչ ժպիտ օտար անցորդից


Լուսանկարը` inky from the tape


Աչքերի լղոզված ստվերաներկն այլեւս փրկել չէր լինի։ Կա՛մ պիտի բացեր ծորակը ու տաք ջրով լվանար ամբողջ դեմքը, կա՛մ ստիպված էր այդպես դուրս գալ «մարդամեջ»։ Իսկ «մարդամեջ»-ն իր ժամանակը ու հավեսը չուներ։ Ոչ ոք չէր պատրաստվում թողնել իր խմիչքը, լավ երաժշտությունն ու գար կողքը նստեր։

Լղոզված ստվերաներկը շտկել չի լինի, ճիշտ այնպես, ինչպես հեռախոսի էկրանի հակառակ կողմում գրող տղայի հետ իր առաջվա ջերմ հարաբերությունները։ Աննան ձեռքի բութ մատով լարված վեր ու վար էր անում էկրանը, երբեմն կանգ առնում երկար-բարակ գրագրության այս կամ այն հատվածի վրա, խորը շունչ քաշում, նորովի բարկանում ու հուզվում։

Հայելու առաջ կանգնած՝ փորձեց հավաքել ուժերը եւ դուրս գալ ակումբի զուգարանից, որտեղ այս երեկո ավելի շատ անցկացրեց, քան սեղանի մոտ։ Մինչ զբաղված էր դիմահարդարումը փրկելու փորձերով, հայելու մեջ նկատեց մատուցող երիտասարդին, ով ամբողջ երեկո իրենից աչք չէր կտրում։ Վաղու՞ց էր այդտեղ կանգնած, թե՞ նոր եկավ։ Փորձեց ձեւանալ, թե շարունակում է շպարվել, բայց անհաջող մտավ դերի մեջ ու փլվեց հեծկլտալով։

- Լսի՛ր, լսիր, քեզ մոտ ամեն ինչ լավ է լինելու։ Անկախ ամեն ինչից։ Ինչ էլ որ պատահած լինի, ամեն ինչ իր տեղը կընկնի։ Այ կտեսնես - ասաց տղան՝ մեղմ բռնելով Աննայի ձեռք։ - Կուզե՞ս մի փոքր մաքուր օդ շնչել։

Թաց թարթիչների տակից նայող հայացքով Աննան աչքերով համաձայնեց զբոսանքին։

***

Նույն օրը կեսօրին Երեւանի բիզնես կենտրոններից մեկում նստած Դավիթը մտքերով ամենուր էր, բացի աշխատավայրից։ Փողկապն ու վերնաշապիկը անսովոր խեղդում էին, օդը չէր բավականացնում, իսկ կնոջ հետ բարդ խոսակցության մասին հիշողությունները էլ ավելի էին ծանրացնում օրը։

- Դա՛վ, ընդմիջմանն ի՞նչ ենք անում,- ձայն տվեց գործընկերը։

Դավիթը չլսելու տվեց։ Ընդմիջմանը ուղղակի մաքուր օդ էր ուզում։ Մաքուր օդ ու բացառապես իր ընկերակցությունը։ Վերարկուն վերցրեց ու դանդաղ դուրս եկավ։

- Մի քանի գործ ունեմ, կվերադառնամ։

Դրսում արեւոտ օր էր։ Երեխաները խմբերով դպրոցից տուն էին շտապում՝ կատակելով ու իրար հրմշտելով։ Հիշեց իրեն այդ տարիքում ու դեմքին ժպիտ եկավ։ Նա քայլում էր ու  ամեն նոր քայլով տրամադրությունը փոխվում էր, աշխուժանում, մտքերն ավելի դրական ափեր էին դուրս գալիս։

Պրոսպեկտով քայլելիս տեսավ անկյունում ծաղիկներ վաճառող տարեց կնոջն ու ուզեց այդ օրվա ընդմիջման գումարով փոքրիկ փունջ գնել։ Երեկոյան կտաներ, կդներ տիկնոջ զարդասեղանին։ Երեւի, նա ամեն բան կհասկանա, ու իսկապես, ամեն ինչ կընկնի իր տեղը։

***

Մեզ բոլորիս ժամանակ առ ժամանակ մի քիչ մաքուր օդ է պետք, մի քիչ զբոսանք, մի քիչ դադար, մի քիչ ժպիտ օտար անցորդից։ Երեւանում կարճատեւ զբոսանքներն օգնում են եթե ոչ գտնել բոլոր հարցերի պատասխանները, ապա գոնե փոխել այդ հարցերին նայելու դիտանկյունը: Մի մանկան ժպիտը, անցորդի հայացքը, անծանոթ կրպակի վաճառողի՝ տոպրակիդ մեջ քաշից ավել դրած խնձորը ի զորու են փոխել օրվա եւ մեր մտքերի ընթացքը։

Քո Երեւան,

07.02.2025




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին