«Վաշտի աղջիկները»` Արփիկ Չոմարյան - Mediamax.am

exclusive
2746 դիտում

«Վաշտի աղջիկները»` Արփիկ Չոմարյան


Արփիկ Չոմարյանը
Արփիկ Չոմարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արփիկ Չոմարյանը
Արփիկ Չոմարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը շարունակում է «Վաշտի աղջիկները» հատուկ նախագիծը: Նախագծի 2-րդ մասի հերոսուհիները Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ավիացիայի ռազմական ինստիտուտի կուրսանտներն են:

Այսօրվա հերոսը կուրսանտ Արփիկ Չոմարյանն է:

Զինվորական ոգու մասին

Արփիկ Չոմարյանը 21 տարեկան է, ծնվել է Գյումրիում:

Նախքան ավիացիայի ռազմական ինստիտուտ ընդունվելը սովորել եւ ավարտել է Գյումրու մանկավարժական ինստիտուտի նախնական զինվորական եւ ֆիզպատրաստության ֆակուլտետը:

Ասում է՝ մանկուց է սիրել զինվորական գործը:

«Հայրս զինվորական է եղել: Մեր ընտանիքում զինվորական ոգու ներկայությունը միշտ է զգացվել է, ինչն էլ մեծ սեր է արթնացրել իմ մեջ այս գործի հանդեպ ու «ստիպել» խորը գիտելիքներ ստանալ»:

Ռազմական ինստիտուտում սովորելու կարճ ժամանակահատվածը հասցրել է շատ բան փոխել Արփիկի կյանքում. հիմա միանգամայն այլ կերպ է նայում համազգեստին ու կնոջ ներկայությանը բանակում:

«Այստեղ կին թե տղամարդ կարեւոր չէ. առաջին նախապայմանը հայրենիքի ու մասնագիտության հանդեպ սերն է. դրանց առկայության դեպքում ճանապարհին առկա ցանկացած խոչընդոտ կարելի է հաղթահարել»:

«Ժամանակի հետ հասարակությունն էլ կսովորի…»

Արփիկի՝ ռազմական ինստիտուտ ընդունվելու ու զինվորական դառնալու որոշումը ծնողների կողմից դրական արձագանք է ստացել, սակայն, ինչպես ինքն է նշում, հասարակության կողմից այն միանշանակ չի ընդունվել:

Արփիկ Չոմարյանը Արփիկ Չոմարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Շատերի համար ընդունելի չէ, երբ աղջիկը նման մասնագիտություն է ընտրում, բայց ժամանակի ընթացքում հասարակությունն էլ կսովորի, որ այստեղ տարօրինակ ոչինչ չկա»:

Արփիկը պատրաստ է կոտրել բոլոր կարծրատիպերը, որ կան զինվորական աղջիկների համար: Նա նշում է, որ ապագայում միայն այս գործում է իրեն տեսնում: Կայանալուց հետո նոր միայն կմտածի ընտանիք կազմելու մասին:

«Եթե որեւէ աղջիկ սիրում է այս գործը, թող առանց վարանելու ընտրի այն որպես մասնագիտություն: Այդ սերը կօգնի հաղթահարել ցանկացած վախ ու խոչընդոտ: Պետք չէ մտացածին դժվարությունների պատճառով խեղդել այդ ցանկությունը քո մեջ»:

Սիրանուշ Եղիազարյան
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին