Արման Սիմոնյան. Երեխան պետք է հաճույք ստանա մաթեմատիկայից - Mediamax.am

exclusive
10311 դիտում

Արման Սիմոնյան. Երեխան պետք է հաճույք ստանա մաթեմատիկայից


Արման Սիմոնյանը
Արման Սիմոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արման Սիմոնյանը
Արման Սիմոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արման Սիմոնյանը
Արման Սիմոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արման Սիմոնյանը
Արման Սիմոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արման Սիմոնյանը
Արման Սիմոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մաթեմատիկական մոդելավորումն ու հաշվարկային կենսաբանությունը Արման Սիմոնյանի կյանքում անցնում են զուգահեռ։ Այդ երկու ճանապարհներին կա մի բան, որ ընդհանուր եւ հիմնաքարային է՝ սերը մաթեմատիկայի հանդեպ։ Մաթեմատիկա գիտության մեջ Արմանին միշտ շատ գրավել են Էվկլիդեսի «Սկզբունքները»։

«Էվկլիդեսը տալիս է սահմանումներ այն երկրաչափական մարմիններին, որոնք մեզ համար կարծես թե սահմանումներ չունեն»,- ասում է մասնագիտությամբ մաթեմատիկական մոդելավորող Արման Սիմոնյանը։

Ենթագիտակցորեն արված ընտրությունը

Արմանը թեեւ մաթեմատիկայի հարցում հատուկ գիտակցված որոշում չի կայացրել, բայց գոհ է այդ ընտրությունից։

«Ավագ դպրոցներից լավագույնը, որ ընտրեցին ծնողներս, Ֆիզմաթն էր։ Այդտեղից սկսեցի մաթեմատիկայի ուղղությամբ խորանալ։ Նաեւ կենսաբանությամբ էի շատ հետաքրքրված եւ ընդունվել էի Երեւանի պետական բժշկական համալսարան ու Պեկինի համալսարան՝ կենսաբանության գծով։ Հայաստանի Ամերիկյան համալսարան էլ էի դիմել, եւ այնպես ստացվեց, որ Ամերիկյան համալսարանում շարունակեցի կրթությունս՝ մաթմոդելավորում մասնագիտությամբ»,- ասում է Արմանը։

Զուգահեռ աշխատում է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Կենսաինֆորմատիկայի հետազոտական խմբում, որտեղ անմիջականորեն զբաղվում է գիտության մեջ մաթեմատիկայի ներդրմամբ։
 
«Հիմա, երբ հետ եմ նայում, ճիշտ է, մաթեմատիկան ընտրելու որոշումը՝ որպես այդպիսին, չի կայացվել, բայց ենթագիտակցորեն անընդհատ ուզել եմ այդ ուղղությամբ գնալ։ Այժմ տեսնում եմ, որ մաթեմատիկան պարզապես ինչ-որ ուղղություն ու մասնագիտություն չէ»,- ասում է Արմանը։

Արման Սիմոնյանը Արման Սիմոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Նա նկատում է, որ մաթեմատիկան օգնում է մտքերի, գաղափարների ընդհանուր դասակարգում անել ու քննադատական մտածողություն է ձեւավորում, ինչը Հայաստանի կրթական համակարգում քիչ կա։

«Մաթեմատիկան գիտության այլ ճյուղերի վրա էլ է տարածվում եւ ամբողջովին վերափոխում գիտությունը»։
 
Մաթեմատիկական կրթությունը

Արմանն ասում է, որ մաթեմատիկական կրթությունն այն ոլորտներից է, որտեղ անընդհատ ինքդ սովորում ես եւ ուրիշներին ես սովորեցնում։

«Մաթեմատիկան անընդհատ դինամիկ զարգացող գիտություն է, նույնիսկ այն առումով, որ մինչեւ վերջ սահմանված չէ։ Անընդհատ հետ ես գնում մաթեմատիկայի ֆունդամենտալ սահմանմանը»։

Արման Սիմոնյանը կարծում է, որ մաթեմատիկան Հայաստանում այն ոլորտներից է, որ իրականում շատ լավ դասավանդվում է բուհերում.

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ես խոսել եմ մարդկանց հետ, ովքեր Հայաստանում բուհն ավարտելուց հետո մաթեմատիկական կրթությունը շարունակել են աշխարհի առաջատար բուհերում: Իրենց ու նաեւ իմ կարծիքով՝ մաթեմատիկայի լավ մասնագետներ ունենք, ովքեր դասավանդում են բուհերում։ Միեւնույն ժամանակ, դպրոցում մաթեմատիկայի դասավանդման որակի խնդիր կա։ Մինչեւ բուհի փուլ հասնելը շատ մարդիկ կոտրվում են։ Դպրոցական համակարգում մաթեմատիկայի դասավանդման մոտեցումների մոդեռնիզացիա է հարկավոր»։

Արմանի խոսքով՝ մաթեմատիկան նուրբ առարկա է, երեխան պետք է հաճույք ստանա դրանով զբաղվելուց, շատ հեշտ է սայթաքել ու միանգամից ընկնել հստակ սահմանումների անհետաքրքիր դաշտ։

«Մեր ուսուցիչը, օրինակ, ամբողջ դասը խաղի էր վերածում, մենք ունեինք թվաքարտեր, բազմապատկման, պարզ թվերի խաղեր եւ այլն։ Իրականում մաթեմատիկան ճիշտ մատուցելու ձեւը խաղերի միջոցով է։ Մաթեմատիկան ավելի խորքային ուսումնասիրելուց տեսնում ես, որ նույնիսկ բարդ հասկացությունները խաղային, աբստրակտ միջավայրում են գոյություն ունենում»։

Մաթեմատիկան «Քան» ակադեմիայում

Արմանի եւ մաթեմատիկայի սերը միայն այսքանով չի ավարտվում։ Այն մեկ այլ դրսեւորում է ստանում էլեկտրոնային ուսուցման հարթակ «Քան» ակադեմիայում, որն առաջարկում է վարժություններ, ուսուցողական տեսանյութեր։
Արման Սիմոնյանը Արման Սիմոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Քան» ակադեմիան տարիներ առաջ ստեղծվել է Ամերիկայում Քան անունով մարդու կողմից, ով իր եղբոր աղջկան մաթեմատիկա բացատրելու համար տեսանյութեր էր նկարահանում։ Ժամանակի ընթացքում հարթակն այնքան է մեծացել եւ ընդլայնվել, որ արդեն թարգմանված է մոտ 40 լեզվով, այդ թվում՝ հայերեն։ Հարթակի փիլիսոփայությունն այն է, որ բոլորը կարող են սովորել մաթեմատիկան եւ մյուս գիտությունները։

Հայաստանում «Քան» ակադեմիայի նախագիծը մեկնարկել է 2017 թվականի հուլիսին, իրականացվում է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից։ Այս ընթացքում թարգմանվել է մաթեմատիկայի ամբողջ բաժինը՝ 1-ին դասարանից մինչեւ բարձրագույն մաթեմատիկա, ինչպես նաեւ քիմիա, արվեստի պատմություն եւ այլն։

««Քանի» ներկայությունը եւ նյութերի թարգմանումը շատ կարեւոր է, քանի որ էլեկտրոնային շատ ռեսուրսներ չունեինք, մաթեմատիկայից տեսանյութեր ընդհանրապես չկային։ «Քան»-ի տեսանյութերում մաթեմատիկան հետաքրքիր է ներկայացվում, սովորողներն առաջ են շարժվում իրենց ցանկացած արագությամբ՝ սկզբում լրացնելով բացերը եւ աստիճանաբար ավելի արագ սովորելով։ Այս պահին մենք ունենք 2000-ից ավելի տեսանյութ, 1200-ից ավելի վարժություններ ու հոդվածներ մաթեմատիկայից եւ այլ առարկաներից։ Ակադեմիայի իմաստն այն է, որ ցանկացած տարիքում ցանկացած մարդ կարող է սովորել այն հասկացությունները, որոնք դժվարացել է։ Ակադեմիան տալիս է այն ճանապարհը, որը պետք է անցնես մինչեւ քո ցանկացած թեմաներին հասնելը։ Մոտեցումը շատ անմիջական է։ Տեսանյութերը ստեղծում են ուսանողները, որոնք անընդհատ, զուգահեռաբար առնչվում են սովորելու խնդրին։ Այսինքն՝ սովորեցնողը նաեւ սովորող է։ Մենք ունենք հսկման համակարգ, որը հետեւում է, որ տեսանյութերը մատչելի լինեն եւ հասկացվեն, ինչպես նաեւ մաթեմատիկորեն ոչ մի ֆունդամենտալ սխալներ թույլ չտրվեն։ Այսպիսով, ունենում ենք պարզ, հասկանալի համակարգ՝ հասանելի բոլորի համար»,- պատմում է Արմանը։

Սկզբում մարդիկ տեղյակ չէին ակադեմիայի մասին, բայց հիմա՝ մեծ բազա հավաքելուց հետո, թիմը սկսել է աշխատել տարածման վրա։ Մարզերի ու սահմանամերձ գյուղերի դպրոցներում ուսուցման դասընթացներ են անցկացնում։
Արման Սիմոնյանը Արման Սիմոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


««Քան» ակադեմիայի ուսուցման մեթոդն ապակենտրոնացված է: Կարելի է մարզի ուսուցչին ցույց տալ՝ ինչպես է աշխատում համակարգը, իսկ նա արդեն կարող է հարստացնել իր դասընթացը մեր նյութերով։ Այդպիսով կարելի է հասնել այն բանին, որ կրթության բարձր մակարդակ ապահովվի թե´ մարզերում, թե´ մայրաքաղաքում»։

Հայաստանի առաջարկն աշխարհին

Արմանը նկատում է, որ Հայաստանն աշխարհին կարող է առաջարկել մշակույթ եւ գիտություն, եւ հարկավոր է զարգացնել մաթեմատիկան ու դրան հարակից գիտությունները։

«Այդ ուղղությամբ աշխատելու համար շատ մեծ ներդրումներ հարկավոր չեն։ Շատ փոքր խմբով եւ ընդամենը համակարգիչ ունենալով՝ կարելի է հասնել մեծ արդյունքների, որոնք նշանակալի տեղ կունենան աշխարհում։ Օրինակ՝ Էստոնիան փոքր երկիր է՝ փոքր ներդրումներով, բայց կարողացան հաշվարկային, համակարգչային գիտությունների ոլորտում առաջատար դիրքերում լինել։ Հայաստանն ավելի մեծ ներուժ ունի, եթե ճիշտ համակարգվի եւ զարգացման ճիշտ ուղղություն տրվի։ Տվյալագիտություն, մեքենայական ուսուցում, արհեստական բանականություն։ Դրանք բոլորը մաթեմատիկական հաշվարկային համակարգի մասն են։ Ես կարծում եմ, որ այդ ուղղությամբ մեր պոտենցիալը մեծ է, եւ աշխատանքներ արվում են»։
 
Նախագծի գլխավոր գործընկերը FAST հիմնադրամն է 

Մարի Թարյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին