Արման Աթոյան․ Մաթեմատիկան օգնում է արագ մտածել - Mediamax.am

exclusive
11214 դիտում

Արման Աթոյան․ Մաթեմատիկան օգնում է արագ մտածել


Արման Աթոյանը
Արման Աթոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արման Աթոյանը
Արման Աթոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արման Աթոյանը
Արման Աթոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արման Աթոյանը
Արման Աթոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մաթեմատիկա` սիրո, արդարության եւ զարգացման շարժիչ: Այսպես են կառուցվածքների, հաջորդականությունների եւ հարաբերությունների մասին գիտությունն ընտրած մարդիկ բնութագրում այն:

 

Մեդիամաքսը եւ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) համատեղ ներկայացնում են Մաթարվեստ խորագիրը: Այն պատմում է Մաթեմատիկայի երկիր Հայաստանում այդ գիտությունը զարգացնող տաղանդավոր մարդկանց ու նրանց աշխատանքի մասին: Այսօր աշխարհում մաթեմատիկան առանցքային նշանակություն ունի, եւ մենք հույս ունենք, որ Մաթարվեստը կնպաստի նրան, որպեսզի հայ երիտասարդները ընտրեն այս մասնագիտությունը:

 

Երբ թավջութակ նվագող աղջկա նկարը կենդանանում է սմարթֆոնում, եւ վայրկյաններ անց աղջիկը սկսում է Բախի երաժշտությունը նվագել, մոռանում եք, թե որտեղ եք, թվում է՝ ժամանակը կանգ է առնում, իսկ դուք չեք էլ նկատում, թե ինչպես՝ արդեն մի քանի րոպե ապրում եք վիրտուալ իրականությունում։

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Այս վիրտուալ հրաշքը կատարվում է ARLOOPA հավելվածում։ Մասնագիտությամբ մաթեմատիկոս, X-TECH ընկերության տնօրեն եւ ARLOOPA-ի համահիմնադիր Արման Աթոյանը, նախ, ցույց է տալիս ARLOOPA-ի «աշխարհները», այնուհետեւ զրույցը մեզ տանում է անցյալ՝ գծագրելով մաթեմատիկան ընտրելու նրա ճանապարհն ու հասցնում մինչեւ ապագայի՝ տեխնոլոգիական Հայաստան։

 

Որոշիչ մեկ բալը

 

Չեմ կարող ասել, թե շատ տաղանդավոր եմ եղել մաթեմատիկայից, բայց փոքրուց սիրել եմ։ Դպրոցում, երբ հանձնարարություն էին տալիս, ես միշտ փորձում էի առաջ անցնել մյուսներից եւ ուսումնասիրում էի այն թեմաները, որոնք դեռ չէինք անցել։ 

 

Դպրոցն ավարտելիս, արդեն որոշել էի, որ ուզում եմ ծրագրավորող դառնալ եւ պարապում էի բուհ ընդունվելու համար։ Մտածում էի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ ընդունվելու մասին, բայց ռիսկ կար, որ կարող է՝ վճարովի համակարգով ընդունվեմ։ Մաթեմատիկա շատ լավ գիտեի, թեստերը գերազանց էի հանձնում, իսկ ֆիզիկան՝ ոչ այդքան։ Այդ ժամանակ ընտրության առաջ կանգնեցի, եւ արդյունքում որոշեցի դիմել Մաթեմատիկայի ֆակուլտետ, քանի որ այնտեղ անվճար ընդունվելու հավանականությունը շատ ավելի մեծ էր։ Արդյունքում 36 միավորով ընդունվեցի անվճար համակարգ, եւ ինչպես պարզվեց՝ կիրառականում անվճարի համար 37 բալ էր պահանջվել։ 

 

Մաթեմատիկան անմիջական կապ ունի տրամաբանության եւ մտածելակերպի հետ, եւ կարծում եմ՝ դա ինձ հետագայում շատ օգնեց։

 

Տեսական մաթեմատիկայի պարգեւները

 

Մաթեմատիկայի ֆակուլտետը շատ կարեւոր հիմք ստեղծեց իմ հետագա գործունեության համար։ Այժմ իմ գործառույթները, կարելի է ասել, այնքան էլ ծրագրավորման շրջանակներում չեն` ավելի շատ բիզնեսի, ստեղծագործելու եւ նոր պրոդուկտներ մտածելու ուղղվածությամբ են, բայց համարում եմ, որ մաթեմատիկական այդ հիմքը շատ օգնում է ինձ։ 

 

Արման Աթոյանը Արման Աթոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Մաթեմատիկայի ֆակուլտետ ընդունվելը հեշտ է, ավարտելը՝ բարդ։ Համառություն է հարկավոր։ Սովորելու տարիներին մեր դասախոսները հաճախ ասում էին՝ հիմա ձեզ համար դժվար է, բայց հետո շատ հեշտ է լինելու, որովհետեւ մենք ձեզ տալիս ենք դժվար խնդիրներ լուծելու հատկությունը։ Այդ հմտությունները մեզ օգնում են թե՛ ծրագրավորման մեջ, թե՛ բիզնեսում եւ թե՛ կյանքում։ Մաթեմատիկայի շնորհքն է մարդկանց վերլուծական մտքով օժտելը, եւ արդյունքում մարդիկ նաեւ կարողանում են արագ մտածել։ 

 

Ճկուն եւ վերլուծական մտածելակերպի արդյունքները ամենօրյա աշխատանքում են երեւում։ Գուցե այդ պահին դու չես էլ մտածում, որպես մաթեմատիկոս, բայց ենթագիտակցորեն կարողանում ես մի քանի գործողություն առաջ վերլուծել, հաջորդիվ եկող խնդիրները եւ դրանց լուծումները տեսնել։ 

 

Դպրոցում սովորող կամ բուհ ընդունվող երեխաները, որոնք մասնագիտությունների ընտրության առաջ են կանգնած, պետք է հասկանան, որ եթե իրենք ուզում են ապրել Հայաստանում, ապա այստեղ մեծ հնարավորություններ կան բնագիտական ուղղություններում: Լավ կլինի, որ ծնողները կա՛մ ուղղորդեն, կա՛մ չխանգարեն այն երեխաներին, որոնք ուզում են գնալ մաթեմատիկայի, ֆիզիկայի, կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետներ, որովհետեւ մոտակա տարիներին դրա պահանջարկը ավելի մեծ է լինելու: 

 

Մաթեմատիկան եւ տեխնոլոգիական թռիչքները

 

Մեր ընկերությունն աշխատանքները սկսեց որպես վեբ-ծրագրավորման ստուդիա։ Մեր գոյության 10 տարիների ընթացքում մտածել ենք, որ պետք է տարբերվել եւ որեւէ բան ստեղծելիս մի քանի քայլ առաջ լինել։ Հաճախ մեզ ասում են, որ այն, ինչ ստեղծում ենք, մի քանի տարի շուտ ենք անում, մարդկանց այն դեռ պետք չէ։ Շատ դեպքերում այդպես էլ լինում է, ARLOOPA-ն որպես առանձին բրենդ եւ արտադրանք ստեղծել ենք 2014թ-ին, եւ հիմա է, իրականում, որ մասշտաբային տարածվում է։ 

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Մենք եկել ենք այն մտքին, որ հաղթելու միակ ճանապարհը նորարարությունն է։ Այն ընկերությունները, որոնք չեն շարունակել նորարարություններ անել, մահացել են։ Ամենահայտնի օրինակը Nokia-ն է, որը հսկա եւ դաշտում փաստացի մենաշնորհ դիրքի տեր լինելով, շուտ վախճանվեց, քանի որ չհետեւեց ինովացիային։ 

 

Մենք աշխատում ենք այն սկզբունքով, որ ինչը նոր է, զարգանում է Ճապոնիայում կամ Սիլիկոնյան հովտում, ոչնչով հետ չենք մնում եւ մենք էլ կարող ենք դրանով զբաղվել։ Երբ մարդիկ հասկանում են, որ ստեղծել են մի բան, որը լոկալ չէ, այդ միտքը շատ լուրջ «դրայվ» է տալիս։ Մեր ընդհանուր մոդելը եղել է այն, որ ընկերությունն ընկալել ենք որպես ինովացիոն լաբ եւ միշտ փորձել ենք ինովացիոն պրոդուկտ ստեղծել։ 

 

Ի տարբերություն շատ նորարարական ընկերությունների՝ մի քիչ այլ ճանապարհով ենք գնացել եւ ինքներս ենք հանդիսացել մեր ներդրողները: Մի ձեռքով ծառայություններ ենք մատուցել, մյուսով՝ ֆինանսավորել այն գաղափարները, որոնք հավանել ենք։ Ճիշտ է՝ ոչ միշտ են դրանք լավը եղել եւ հաջողության հասել, ունեցել ենք նաեւ ձախողումներ, բայց նաեւ հաջողված դեպքեր էլ կան։ 

 

Իմ կարծիքով՝ այս ամենի մեջ մաթեմատիկական տրամաբանություն կա եւ մենք փորձում ենք չաշխատել ստանդարտ ճանապարհով, որով գնում են բոլորը։ Այս տարիների ընթացքում մենք սովորել ենք չվախենալ, համարում ենք, որ մեր ոլորտում չկա այնպիսի խնդիր, որը չենք կարող լուծել, դա մեր թիմի ամենաուժեղ կողմերից է։  

 

Հայաստանը՝ ինովացիոն «լաբորատորիա»

 

Հայաստանում կա շատ լավ մաթեմատիկական դպրոց եւ բազա, բայց տրամաբանական շղթայի որոշ օղակներ հետագայում բացակայում են։ Այն մարդիկ, որոնք զբաղվում են տեխնոլոգիայով, մեծամասամբ դա չեն անում իրենց կրթության շնորհիվ: Դա լինում է կրթությունից հետո աշխատելու ընթացքում սովորելով։ Իրենք խորանում են մի ուղղության մեջ, դա սկսում են սովորել։ Եթե այս ամբողջ շղթան ճիշտ աշխատի, մենք լուրջ արդյունքներ կգրանցենք։ Եթե դիտարկենք այն երկրները, որտեղ զարգացած է ինովացիոն տնտեսությունը, կտեսնենք, որ այնտեղ այդ շղթան ամբողջական է աշխատում։ 

 

Արման Աթոյանը Արման Աթոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Հայաստանում ոլորտները անջատ են, կապը չկա։ Այսօր համալսարանը պատրաստում է մասնագետներ, որոնք չենք կարողանում անմիջապես աշխատանքի անցնել, եւ որոշակի կուրսեր են սովորում։ Թեեւ, պետք է ասել, որ այժմ որոշակի նշաններ զգացվում են, եւ քայլեր կան։ Պետությունը, որը ծախսեր է անում եւ կադրեր պատրաստում, չի մտածում՝ հետո այդ ծախսերը հարկերի վերածվելո՞ւ են, այսինքն՝ այդ կադրը հետո աշխատելո՞ւ եւ հարկեր մուծելո՞ւ է։

 

Մեզ մոտ երկար ժամանակ դասական բաժանում ունեինք՝ տեսական եւ կիրառական մաթեմատիկա, վերջին շրջանում սկսել են ավելի ուշադրություն դարձնել մեքենայական ուսուցմանն ու տվյալագիտությանը։ Գիտեմ նաեւ, որ այս տարվանից ԵՊՀ Մաթեմատիկայի ֆակուլտետի բակալավրիատում է նման ծրագիր լինելու: Դրա պահանջարկն ու կիրառումն ամբողջ աշխարհում կա, ճիշտ ուղղություն է եւ պետք է հնարավորինս շատ օգտագործել հենց համալսարանական պլատֆորմի վրա, որպեսզի համալսարանից դուրս եկող կադրերը դրա մասնագետը լինեն: 

 

Մենք նույնպես փորձում ենք մասնակից լինել այս գործընթացին․այժմ ԵՊՀ-ի հետ բանակցում ենք վիրտուալ եւ լրացված իրականության լաբորատորիա ստեղծելու շուրջ։

 

Ցավոք, այժմ շղթայի բոլորը մասերը հատվածական՝ կղզիներով են փորձում զարգանալ։ Որպեսզի Հայաստանը սկսի զարգանալ տեխնոլոգիական ոլորտում, պետք է այդ ամբողջական պրոցեսն աշխատի։ Ընդամենը 10 ընկերությունով չի կարելի ամբողջ էկոհամակարգը ինովացիոն համարել։ 

 

Եթե դիտարկենք Իսրայելի օրինակը, այնտեղ ՏՏ-ն ինտեգրված է ամենուր՝ գյուղատնտեսության, կրթության, ռազմաարդյունաբերության մեջ: Սա բերում է նրան, որ բոլոր այդ ոլորտներում ինովացիան տեղի է ունենում: 

 

Մենք մեր գործունեությամբ էլ փորձում ենք ինովացիան մտցնել տարբեր ոլորտներ, կիրառական նշանակություն տալ դրան: Եթե ճիշտ հարաբերություններ դրվեն եւ Հայաստանում սովորող, օրինակ՝ Գեղարվեստի ակադեմիայի ուսանողները, այս տեխնոլոգիաները կիրառեն, ապա նրանց նկարները չեն լինի սովորական, այլ՝ տեխնոլոգիապես հագեցած, եւ երբ նրանք գնան միջազգային ցուցահանդեսների, կզարմացնեն մյուսներին:

 

Արման Աթոյանը Արման Աթոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Երբ երեխային տալիս ես սովորելու որեւէ բան, որը տեխնոլոգիաներով է հագեցած, օրինակ՝ հեռախոսը պահում է գրքի վրա ու տեսնում ֆիզիկայի կամ քիմիայի փորձ, ապա նրան դա հետաքրքրում է, կրթությունը դառնում է ինովացիոն տեխնոլոգիաների կիրառմամբ, իսկ պրոցեսն՝ ավելի հետաքրքիր: Կարծում եմ՝ այս է լուծումը․ Հայաստանը պետք է փորձի կիրառել այն տեխնոլոգիաները, որոնք երկրում կան: Մեկ վիրտուալ ակնոցը կարող է փոխարինել ֆիզիկայի, քիմիայի մի ամբողջ լաբորատորիայի, եթե չկա այդ լաբորատորիան ֆիզիկապես ստեղծելու հնարավորությունը: 

 

Այն երեխաները, որոնք աշխարհագրություն են անցնում պատին կպցրած քարտեզով, նրանք 30 տարի կյանքից հետ են: Եթե երեխաներին հնարավորություն տրվեր աշխարհագրություն սովորել վիրտուալ իրականության ակնոցներով, հնարավորություն ունենային վիրտուալ ճամփորդելու, նրանց աշխարհայացքը, պատկերացումը աշխարհագրության մասին կփոխվեր: 

 

Հարցն այն է, որ որպեսզի երկիրը դառնա ինովացիոն, պետք է կիրառի տեխնոլոգիաները առօրյայում եւ տարբեր ոլորտներում: 

 

Մենք պետք է գիտակցենք, որ անհրաժեշտ է ներդրում անել ոչ թե այսօրվա արագ արդյունքի համար, այլ ավելի հեռահար նպատակներ  դնել: 

 

Նախագծի գլխավոր գործընկերը FAST հիմնադրամն է 

 

Մարի Թարյան



Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին