Մաթեմատիկա` սիրո, արդարության եւ զարգացման շարժիչ: Այսպես են կառուցվածքների, հաջորդականությունների և հարաբերությունների մասին գիտությունն ընտրած մարդիկ բնութագրում այն:
Մեդիամաքսը եւ VOLO ընկերությունը համատեղ ներկայացնում են Մաթարվեստ խորագիրը: Այն պատմում է Մաթեմատիկայի երկիր Հայաստանում այդ գիտությունը զարգացնող տաղանդավոր մարդկանց ու նրանց աշխատանքի մասին: Այսօր աշխարհում մաթեմատիկան առանցքային նշանակություն ունի, եւ մենք հույս ունենք, որ Մաթարվեստը կնպաստի նրան, որպեսզի հայ երիտասարդները ընտրեն այս մասնագիտությունը:
Շրջապատող իրերն ու իրավիճակները մաթեմատիկական հաշվարկներով անցկացնելը եւ օրինաչափություններ գտնելը Գեղամ Ջիվանյանի մանկության ամենասիրելի զբաղմունքն էր.
«Մաթեմատիկան փոքրուց միշտ գրավիչ է եղել ինձ համար, միշտ հետաքրքրվում էի մաթեմատիկական հաշվարկներով, թվերով»:
Ծրագրավորումից մաթեմատիկա եւ հակառակը
Մասնագիտական կրթությունը Գեղամը որոշեց ԵՊՀ Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում ստանալ, քանի որ ցանկանում էր ոչ միայն տեսական մաթեմատիկական գիտելիքներ յուրացնել, այլեւ կարողանալ դրանք կիրառել պրակտիկայում: Կրթությունը ստանալու տարիներին, սակայն, Գեղամը հասկանում է, որ իրեն ավելի շատ հենց մաթեմատիկան է գրավում, այլ ոչ թե ծրագրավորումը եւ գնում է հոսանքի հակառակ ուղղությամբ.
Լուսանկարը` Մեդիամաքս
«Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում շեշտը ծրագրավորման վրա էր դրված, ինչն ինձ այնքան էլ դուր չէր գալիս, քանի որ ավելի շատ մաթեմատիկայի հետ կապված առարկաներն էի սիրում: 3-րդ կուրսում, երբ ծանոթացա մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումներին, որոշեցի որ ծրագրավորումն իմը չէ, եւ պետք է մաթեմատիկայի ուղղությամբ գնամ»:
4-5 տարի Գեղամը միայն մաթեմատիկայով է զբաղվում եւ փորձում նաեւ արտասահմանում շարունակել կրթությունը, բայց չի ստացվում:
«Այդ ժամանակ ինձ աշխատանք առաջարկեցին ծրագրավորման ոլորտում, եւ քանի որ արտասահմանում կրթությունս շարունակել չհաջողվեց, որոշեցի մասնագիտությունս կիրառել եւ աշխատանքի անցնել, ծանոթանալ մաթեմատիկայի կիրառական հատվածին ու ծրագրավորմանը: Գլխավոր պատճառը կայուն աշխատանք գտնելն էր, բայց ծրագրավորման մեջ մտնելուց հետո հասկացա, որ այն շատ լուրջ մաթեմատիկական հիմք է պահանջում: Դա ուղղակի ինչ-որ կոդ գրել եւ աշխատեցնել չէ, այլ մաթեմատիկական լուրջ խնդիրների օպտիմալ լուծումներ գտնել ու փորձել այդ ամենը համակարգչի միջոցով ծրագրավորել, որպեսզի ուրիշները կարողանան լուծումներից օգտվել»:
Լուսանկարը` Մեդիամաքս
Գեղամը նկատում է, որ հիմնականում մաթեմատիկոսները հետագայում սկսում են աշխատել ծրագրավորման ոլորտում, քանի որ մեծ ու կայուն աշխատաշուկա է՝ այն պայմաններում, երբ գիտությունը նորմալ չի ֆինանսավորվում եւ միայն դրանով զբաղվելով դժվար է ապրել:
Տվյալների անվտանգություն ու մեծ շուկաներ տանող ուղի
Ընկերությունը, որտեղ այժմ աշխատում է Գեղամ Ջիվանյանը, տվյալների անվտանգությամբ զբաղվող սթարտափ է: SkyCryptor-ի թիմում երեք մարդ է աշխատում, Գեղամը կրիպտոգրաֆիկ խնդիրների լուծումներն է ծրագրավորում, որից հետո դրանք կիրառական բնույթ են ստանում:
«Սա դարձյալ մաթեմատիկա է: Հիմնականում տվյալների անվտանգության, այդ տվյալներն ուրիշների հետ կիսելու, անվտանգ աշխատելու խնդիրներն ենք լուծում: Փորձում ենք դուրս գալ եվրոպական շուկա, հետեւում ենք այս ոլորտում աշխատող մեծ ընկերություններին, միտումներին եւ ուղղություններին, նրանց համապատասխան առաջ գնալ, համարժեք կամ ավելի լավ լուծումներ առաջարկել: Մեծ հավակնություններն աշխատանքի ընթացքում են առաջանում, սկզբում թվում է՝ փոքր ընկերություն ես, պետք է փորձես գոյատեւելով առաջ գնալ, հետո կամաց-կամաց հասկանում ես, որ պիտի մտածել մեծ գործ անելու կարողություններիդ եւ այն մասին, որ արդեն սկսել ես այդ մեծ գործը: Այդ վստահության արդյունքում քո արած գործի նկատմամբ ուրիշների հետաքրքրվածությունն աճում է, եւ դու հասկանում ես, որ ճիշտ ճանապարհի վրա ես»,- ասում է Գեղամը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Մաթեմատիկայի եւ ծրագրավորման ոլորտում մեծ շուկաներ դուրս գալու հարցում մաթեմատիկոսը զգալի փոփոխություններ է տեսնում եւ ասում է, որ լուրջ կրթության ու գիտելիքների դեպքում Հայաստանը կարող է այդ մարտահրավերը հաղթահարել:
Հայաստանի մաթեմատիկական ներուժն ու խնդիրների «ակունքը»
Հայաստանի մաթեմատիկական ներուժը, կոնկրետ Գեղամի հասակակիցների շրջանում, գնալով ուժեղանում է, եւ դա, ինչպես նշում մաթեմատիկոսը, ոչ թե Հայաստանի կրթական համակարգի, այլ առցանց կրթություն ստանալու, ինքնակրթության ու միջազգային փորձի հետ շփվելու լայն հնարավորությունների արդյունք է:
«Քանի որ տեղում շատ քիչ հնարավորություններ կան, երիտասարդ մասնագետները հենց սկզբից փորձում են արտասահմանյան ընկերությունների հետ կապ հաստատել, տեղեկանալ տարածված միտումներին եւ այս ուղղությամբ առաջ գնալու հնարավորություններին: Ի տարբերություն ավագ սերնդի՝ երիտասարդների համար ավելի հեշտ է այս առումով, քանի որ օտար լեզուների են տիրապետում եւ ավելի ճկուն են»:
Խնդիրների ակունքը, ինչպես կարծում է Գեղամ Ջիվանյանը, կրթական համակարգում է.
«Ժամանակակից մաթեմատիկայում եւ, ընդհանրապես բոլոր ոլորտներում, կիրառական մասը շատ ավելի մեծ դեր է սկսել ստանալ, ինչը մեզ մոտ շատ է բացակայում: Մաթեմատիկայի կամ ֆիզիկայի վերաբերյալ արտասահմանյան համալսարանների ծրագրերը մեզ մոտ ներառված տեսական մասի, երեւի, կեսն են անցնում՝ փոխարենը՝ շատ լուրջ աշխատանքներ են տանում կիրառական մասի ուղղությամբ: Ճիշտ է՝ արդյունքում ստանում են շատ ավելի քիչ գիտելիք, բայց այն ավելի խորն է ու հիմնավոր, առնչվում է իրական խնդիրներին: Իսկ մենք ունենք տեսական մեծ բազա, բայց չգիտենք՝ որտեղ կիրառել: Տեսական մասը լավ մեկնաբանված էլ չէ, դասախոսները, հիմնականում, տարեց են, դժվարությամբ են հետեւում աշխարհի միտումներին: Գործնական գիտելիքները գրեթե զրոյի վրա են»:
Համակարգը, ըստ նրա, կարիք ունի արդիականացման եւ երիտասարդացման, որպեսզի Հայաստանը կարողանա իր մատը միշտ զարկերակին պահել եւ աշխարհի հետ հավասար առաջ գնալ՝ իր ռեսուրսներին համապատասխան:
«Պետք է այդ մոտեցումը դպրոցից դրվի: Եթե դպրոցում աշակերտին լավ բացատրեն իր ստացած գիտելիքների կիրառման հնարավորությունները, նրանք չեն խուսափի մաթեմատիկան ընտրել: Այժմ դպրոցների մեծ մասում մաթեմատիկայի շրջանակներում բավարարվում են միայն բանաձեւերն անգիր սովորելով: Մաթեմատիկան ուղղակի բանաձեւեր հաշվելն ու խնդիրներ լուծելը չէ, եւ միայն այդ տարբերակով չի կարող գրավիչ լինել աշակերտի համար»:
Լուսանկարը` Մեդիամաքս
Ապագայի առումով՝ Գեղամ Ջիվանյանը լիահույս է եւ կարծում է, որ պետք է ուշադրությունը սեւեռել մաթեմատիկական այնպիսի ուղղությունների վրա, ինչպիսիք ենք տվյալագիտությունը, մեքենայական ուսուցումը, կրիպտոգրաֆիկ խնդիրները, քվանտային ծրագրավորումը:
«Աշխարհը շատ արագ է փոխվում, դժվար է ասել, թե որ ուղղությունն ավելի տարածված կդառնա, բայց մաթեմատիկական լավ հիմք ունենալու դեպքում հնարավոր կլինի տարածվող ցանկացած ուղղությունից քո մասնիկը պոկել կամ դրա մասնիկը դառնալ»:
Մաթեմատիկայի բերած փոփոխությունները մարդու կյանքում
Մաթեմատիկան, ինչպես նկատում է Գեղամը, տրամաբանություն է եւ մոդելավորում, օգնում է, որ մարդն իրեն հետաքրքրող խնդիրները հեշտ մոդելավորի, իսկ այդ դեպքում լուծումներն ավելի պարզ են երեւում: Նոր բան ստեղծելու համար այդ մոդելներն են անհրաժեշտ, իսկ այս գործընթացում ամենակարեւորը մաթեմատիկան եւ դրա լեզուն են:
«Ունեցած գիտելիքներն առկա խնդիրների վրա մոդելավորելու համար պետք է ծանոթ լինել փորձին, իսկ լուծումը գտնելուց հետո արդեն լեզվի միջոցով փոխանցել: Առօրյայում մենք շատ հաճախ ենք մաթեմատիկային բախվում, իսկ մաթեմատիկայի չիմացությունը մեր կյանքը ոչ արդյունավետ է դարձնում՝ նույնիսկ ամենափոքր խնդիրներում: Եթե ամեն ինչ մաթեմատիկայի պրիզմայով ես առաջ տանում, ավելի հեշտ է ստացվում: Մաթեմատիկան թույլ է տալիս մոդելավորել ապագան, հասկանալ, թե ինչի ես ձգտում: Այդ առումով մաթեմատիկան կարելի է շարժիչ համարել»,- ասում է մաթեմատիկոսը:
Մարի Թարյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Նախագծի գլխավոր գործընկերը VOLO ընկերությունն է
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: