Տաթեւիկ Հակոբյան՝ մարդն արհեստական եւ էմոցիոնալ ինտելեկտի միջեւ - Mediamax.am

exclusive
11358 դիտում

Տաթեւիկ Հակոբյան՝ մարդն արհեստական եւ էմոցիոնալ ինտելեկտի միջեւ


Տաթեւիկ Հակոբյանը
Տաթեւիկ Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տաթեւիկ Հակոբյանը
Տաթեւիկ Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տաթեւիկ Հակոբյանը
Տաթեւիկ Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տաթեւիկ Հակոբյանը
Տաթեւիկ Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տաթեւիկ Հակոբյանը
Տաթեւիկ Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մաթեմատիկա` սիրո, արդարության եւ զարգացման շարժիչ: Այսպես են կառուցվածքների, հաջորդականությունների և հարաբերությունների մասին գիտությունն ընտրած մարդիկ բնութագրում այն:

Մեդիամաքսը եւ VOLO ընկերությունը համատեղ ներկայացնում են Մաթարվեստ խորագիրը: Այն պատմում է Մաթեմատիկայի երկիր Հայաստանում այդ գիտությունը զարգացնող տաղանդավոր մարդկանց ու նրանց աշխատանքի մասին: Այսօր աշխարհում մաթեմատիկան առանցքային նշանակություն ունի, եւ մենք հույս ունենք, որ Մաթարվեստը կնպաստի նրան, որպեսզի հայ երիտասարդները ընտրեն այս մասնագիտությունը:

Ճկուն ուղեղ եւ արագ աշխատող միտք՝ ահա այն կարեւոր հատկանիշները, որ տվել է մաթեմատիկա գիտությունը Տաթեւիկ Հակոբյանին:

«Մաթեմատիկա սովորելը կարեւոր է, որովհետեւ դա այն գիտություններից մեկն է, որը մարդու ուղեղի ճկունությունն է ապահովում, իսկ դրանով ամեն բան որոշվում է, չէ՞: Եթե դու գիտես մաթեմատիկա, մյուս բաները հասկանալն ու յուրացնելն ավելի հեշտ է լինում քեզ համար: Իրականում, իմ կարծիքով, ամեն մասնագիտություն ինչ-որ հիմք ունի կամ կապված է մաթեմատիկայի հետ»,- ասում է նա:

Տաթեւիկ Հակոբյանը, ով մագիստրոսի կոչում է ստացել Ցյուրիխի տեխնոլոգիական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում, ասում է, որ մաթեմատիկային տիրապետելուց հետո սկսել է աշխարհն այլ ձեւով տեսնել:

«Անընդհատ վերլուծություններ ես անում, տրամաբանորեն ես նայում ամեն ինչին եւ ամեն ինչի մասին քո կարծիքն ունես: Հումանիտար ուղղությունը եւս հարազատ է ինձ: Վեց լեզու գիտեմ եւ շարունակում եմ սովորել: Սկզբում ուղղակի հոբբի էր, այժմ հասկացել եմ, որ դա շատ կարեւոր է, քանի որ աշխարհը շատ բաց է դարձել, սահմանափակումներ չկան եւ պետք է լեզուներ իմանալ: Տեխնոլոգիաների զարգացումը ազդում է նաեւ հումանիտար ուղղությունների վրա եւ պահանջում դրանց զարգացումը եւս»,- ասում է նա: 

Բարձրանալով կրթական աստիճանը

Դպրոցում մաթեմատիկան ավելի հեշտ էր ստացվում ինձ մոտ, քան մյուս առարկաները, բայց երբ կանգնեցի մասնագիտության ընտրության առջեւ, ինչպես բոլոր «ալարկոտ» երեխաները, մտածում էի տնտեսագիտական ուղղությամբ գնալ՝ մտածելով, որ այն սովորելն ավելի հեշտ կլինի: Ծնողներս ինձ ճիշտ ուղղություն ցույց տվեցին եւ հորդորեցին ընտրել կիրառական մաթեմատիկան: Այդպես ընդունվեցի Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Կիրառական մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետ:

Սլավոնականում ավելի գիտական ուղղվածությամբ մագիստրատուրա ավարտելուց հետո, դիմեցի Ցյուրիխի տեխնոլոգիական համալսարան, որտեղ Էյնշտեյնն է սովորել (ժպտում է,- հեղ.): Ճիշտն ասած՝ Քեմբրիջի համալսարան էլ էի ընդունվել, բայց ընտրեցի Ցյուրիխի համալսարանը, քանի որ այնտեղ մաթեմատիկական ուղղվածությունն ու հետազոտություններն ավելի խորն էին: Մասնագիտացա ֆինանսային ինժեներիայում եւ ապահովագրական մաթեմատիկայում:

Տաթեւիկ Հակոբյանը Տաթեւիկ Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Իմ կարծիքով՝ երբ համալսարանում սովորում ես մաթեմատիկա, իրականում չգիտես՝ ավարտելուց հետո ինչ ես անելու: Ինձ համար զուտ գիտական ուղղվածությունն ավելի խորթ էր, դրա համար արտասահմանում կրթությունս կիրառական ուղղվածությամբ ընտրեցի, որտեղ ուսանողներին պատրաստում էին տարբեր աշխատանքներին: Քո ուղեղը ճկուն են սարքում, ճկուն այնքանով, որ քեզ դժվար չէ ցանկացած աշխատավայրում, որտեղ մաթեմատիկական գիտելիքներ են պահանջվում, ինտեգրվել շատ արագ:

Ճկուն ուղեղի եւ կրթության արդյունքը

Արտասահմանում ուսումս ավարտելուց հետո վերադարձա Հայաստան, մոտ կես տարի չէի կարողանում աշխատանք գտնել, քանի որ պարզվեց, որ իմ մասնագիտական որակավորումներն ավելի բարձր էին պահանջվածից: Այդ ժամանակն օգտագործեցի դաշնամուր պարապելու եւ սիրելի այլ զբաղմունքների վրա, բայց որոշ ժամանակ անց աշխատանքի ընդունվեցի BetConstruct կազմակերպություն: Հարցազրույցի փուլով ընդունվեցի եւ ինձ առաջարկեցին լինել մաթեմատիկական ինժեներիայի մասնագետ, բայց կոնկրետ աշխատանք չունեին առաջարկելու, որովհետեւ չգիտեին՝ ինչ ուղղվածությամբ կարող եմ օգտակար լինել: Ուղղակի գիտեին, որ հաստատ պետք կգամ (ծիծաղում է- հեղ.):

Սկզբում խառնաշփոթի մեջ էի, մոտ մեկ շաբաթ ուսումնասիրեցի՝ ինչով է զբաղվում կազմակերպությունը, թույլ եւ ուժեղ կողմերը, նպատակները, եւ եկանք այն եզրահանգման, որ կարելի է սարքել բիզնես ինտելեկտուալ գործիք, որը հաճախորդների սպասարկումը ավտոմատ եւ ավելի խելացի կդարձնի: Սկզբում մտածում էին գնել այդպիսի գործիք, որն արժեր մոտ $‌200 հազ., ես խորհուրդ տվեցի, որ ինքներս սարքենք, եւ մեկ-երկու շաբաթ անց ինձ նշանակեցին բիզնես ինտելեկտուալ գործիքների թիմի ղեկավար:

Այսպիսի իրավիճակներում ես հասկանում, որ կրթությունը շատ կարեւոր է, հատկապես՝ այն կրթությունը, որը քեզ պատրաստում է մաթեմատիկական ուղղվածությամբ աշխատանքների՝ տալով ինքնուրույնություն եւ ճկունություն:
Տաթեւիկ Հակոբյանը Տաթեւիկ Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Այժմ տարբեր պրոյեկտների վրա եմ աշխատում, այդ թվում՝ Սիլիկոնյան հովտում աշխատող մի քանի կազմակերպությունների հետ, որոնք ուզում են ստարտափ հիմնել արհեստական բանականության հետ կապված:

Տարվա կեսը Երեւանում եմ լինում, մյուս՝ կեսը ԱՄՆ-ում: Ցյուրիխի համալսարանն ավարտելուց հետո չուզեցի մնալ արտերկրում, հիմա էլ պարզապես աշխատանքի բերումով է, որ շատ եմ բացակայում երկրից:

Արհեստական բանականության եւ զգացմունքային բանականության պայքարը

Արհեստական ինտելեկտը, թեեւ 1950թ.-ից սկսած կա, բայց բումը վերջին տարիներին եղավ: Իմ հետաքրքրությունը հենց սկզբից կար, երբ բիզնես ինտելեկտուալ սարքերով էի զբաղվում: Այդ ուղղվածությունը, ի վերջո, ընտրեցի, որովհետեւ ինձ հետաքրքիր ոլորտ է եւ հաճախ էի առնչվել դրա հետ:

Երբ զարգանում են արհեստական բանականություն ունեցող մեքենաները, մարդն էլ պետք է զարգանա: Ապագայում աշխատանքները փոխվելու են եւ դա նորմալ է, բայց այդ ամենի հետ մեկտեղ պետք է հաշվի առնել, որ փոփոխությունը միշտ եղել է ու կլինի: Մի բան է ստույգ մնայուն՝ մարդու ուղեղի, մտքի գործածումը: Հմտություններ բոլորն էլ կարող են սովորել, բայց ինքնուրույն հասկանալու համար, թե տվյալ ժամանակահատվածում ինչի կարիք կա, ինչ է ուզում աշխարհը քեզանից, դա արդեն անհատապես մարդուց է գալիս:

Երբ փոքր էի եւ ուզում էի համալսարան ընդունվել, այդքան էլ չունեի «քթածակ», եթե ունենայի, կհասկանայի, որ մաթեմատիկան պետք է ընտրել: Բայց, փաստորեն, ծնողներս ունեին, եւ ինձ ճիշտ ուղղության վրա դրեցին: Այդ «քթածակի» առկայությունը հետագայում բերում է նրան, որ սկսում ես հասկանալ, որ քո ընտրած ուղղվածությունը փոխվում է: Եթե չունենաս հմտությունները, դու այս աշխարհում ուղղակի կգոյատեւես եւ չես կարողանա լիարժեք վայելել ընտրածդ  մասնագիտության ընձեռած հնարավորություններն ու առավելությունները:

Ինչպես շատերը, այնպես էլ ես, ունեմ այդ մտավախությունը, որ մի օր ռոբոտները կիշխեն մեզ: Երբեմն սարսափում ես, որ ֆիլմերում նկարագրված ռոբոտների կողմից մարդկության ոչնչացումների ժամանակը կարող է գալ: Միգուցե, այդպես էլ լինի, բայց պետք է նկատել, որ այն հմտությունները, որ ունի մարդը եւ չունեն մեքենաները, շատ մեծ դեր են կատարում: Քանի դեռ կա մարդը՝ իր ներքին հմտություններով, նույն «քթածակով», էմոցիոնալ բանականությամբ եւ աշխարհի ու փոփոխությունների համար բաց լինելով, ամեն ինչ կորած չէ:

Արհեստական բանականությունն ու կողմնակի հետեւանքները

Արհեստական բանականության կողմնակի հետեւանքների մի քանի տարբերակներ կան: Կան հետեւանքներ, որոնք կողմնակի են, բայց սպասված: Դրանցից մեկը՝ մասնագիտությունների կրճատումն է եւ սպառնացող աշխատազրկությունը: Միայն ԱՄՆ-ում առաջիկա հինգ տարում 4 մլն մարդ աշխատազուրկ է դառնալու: Դա միայն զուտ մարդկանց՝ աշխատանքից զրկվելուն չի վերաբերում, նաեւ տնտեսությունների վրա է հետեւանքներ ունենալու: Երկրները սկսում են մտածել, թե ինչ կարող են անել, ինչպիսի նոր հմտություններ կարող են զարգացնել եւ պայքարել այդ կողմնակի հետեւանքների դեմ:
Տաթեւիկ Հակոբյանը Տաթեւիկ Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Կան հետեւանքներ, որոնք չսպասված են, եւ դրանք են հատկապես վախեցնում մարդկանց: Դու չգիտես՝ ինչի հետ գործ ունես եւ ինչով կարող է այն սպառնալ: Զարգացման այս փուլում որեւէ սարսափելի բան դեռ չի եղել, բայց պարզ է, չէ՞, դու ինչ-որ բան զարգացնում ես եւ հայտնի չէ, թե ինչի կարող է հանգեցնել այն: Ամեն դեպքում՝ վտանգները շատ են, եւ հիմնական խնդիրն այն է, որ մարդը սուբյեկտիվ էակ է եւ ինքն է ստեղծում արհեստական ինտելեկտը: Եթե ինքս չգիտեմ, որ սուբյեկտիվ եմ ինչ-որ հարցի շուրջ, բայց ես եմ ծրագրավորում համակարգը, հետեւաբար, այն լինելու է այնպիսին, ինչպիսին ես եմ: Իսկ այդ համակարգը զարգանում է եւ հետագայում այդ սուբյեկտիվությունը կարող է լուրջ կողմնակի հետեւանքներ ունենալ: Վախը շատ է, եւ ես հասկանում է մարդկանց, բայց պետք է ընդունել ամենը, ինչպես կա: Տեխնոլոգիան կզարգանա, ուզենք թե չուզենք, եւ մենք ուղղակի պետք է բաց լինենք այդ զարգացումների համար եւ պատրաստ լինենք փոխվել:

Կիրք + սեր՝ մաթեմատիկան դասավանդելու բանաձեւը

ԹՈՒՄՈ-ում ինձ հրավիրել էին «Կինը՝ գիտության մեջ» թեմայով քննարկման, մասնակիցները հիմնականում դպրոցականներ էին, որոնք հետաքրքրված էին բնական գիտությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների, ճարտարագիտության եւ մաթեմատիկայի (STEM) ուղղություններով:  Շատ երեխաները հետո առանձին մոտեցան ինձ եւ հարցնում էին՝ ինչպե՞ս կարող են շարունակել այդ ուղղություններով: Նույնիսկ ուսանողներ կային, ովքեր ցանկանում էին փոխել արդեն ընտրած մասնագիտությունը եւ գալ այս ոլորտ: Ես միշտ քաջալերում եմ, անհնար բան չկա: Կարեւորն այն է, որ մարդու մեջ սեր եւ հետաքրքրվածություն լինի:

Դպրոցներում այս երեխաներին ճիշտ ուղղության վրա դնելը շատ կարեւոր է: Մաթեմատիկայի հանդեպ սերն ինձ մոտ ուսուցիչն է առաջացրել: Իմ ուսուցիչը սիրում էր այդ առարկան եւ ես դա զգում էի: Շատ կարեւոր է դպրոցական երեխայի համար լավ ուսուցիչ ունենալը, ում հետաքրքիր է իր դասավանդած առարկան:

Կիրք՝ սա ամենակարեւոր բանն է: Առանց քո մասնագիտության եւ աշխատանքի հանդեպ կրքի, դժվար է առաջ գնալը: Երեխաների մեջ ուսուցիչը պետք է մտցնի մաթեմատիկայի հանդեպ այդ կիրքը:

Աշխարհի հետ համընթաց քայլելու անհրաժեշտությունը

Ժամանակին բուհերում դասավանդում էի, բայց հիմա աշխատանքային գրաֆիկի խտության եւ երկրից հաճախ բացակայելու պատճառով չի ստացվում: Հուսով եմ, որ առաջիկայում կկարողանամ համատեղել:

Բուհերում շատ մեծ պահանջարկ կա մաթեմատիկայի տարբեր ուղղվածությունների հանդեպ, եւ դրանք պարբերաբար փոխվում են: Հիմա շատ ավելի մասսայական են դարձել այն ուղղությունները (Data mining, Machine learning, Neural network), որոնք օգտագործվում են 4-րդ արդյունաբերական հեղափոխության հետեւանքով ստեղծված խնդիրները լուծելու համար:
Տաթեւիկ Հակոբյանը Տաթեւիկ Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Կարծում եմ, որ Հայաստանը պետք է շեշտադրումը կատարի կրթական համակարգի վրա, որպեսզի դպրոցներից արդեն աշակերտին պատրաստեն աշխարհում առաջ եկող խնդիրներին եւ պահանջարկ ունեցող ուղղություններին:

Օրինակ՝ նույն արհեստական բանականության ոլորտում, եթե Հայաստանն ուզում է աշխարհի հետ համաքայլ լինել, շատ կարեւոր է, որ բոլոր մարդիկ հասկանան, թե ինչ է պետք դրա համար, որտեղ կարող է դա կիրառվել եւ, ընդհանրապես, տեխնոլոգիաների զարգացումը ինչ օգուտներ կարող է բերել երկրին: Մարդիկ պետք է հասկանան, որ եթե նույնիսկ իրենք ուղիղ առնչություն չունեն այդ ոլորտների հետ, միեւնույնն է, դրանց զարգացումն ուղիղ ազդելու է իրենց վրա՝ բարելավելով կյանքի որակը:  

Արհեստական բանականության զարգացման համար աշխարհում հսկայական գումարներ են ներդրվում, եւ եթե Հայաստանը կարողանա դրանց մի փոքր մասն էլ բերել, զգալի առաջընթաց կապահովի: Ներուժը կա, պարզապես կազմակերպությունները պետք է ավելի ակտիվ  եւ բաց լինեն: Պետությունն էլ՝ ամեն կերպ խրախուսի այդ ուղղությունները:

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Նախագծի գլխավոր գործընկերը VOLO ընկերությունն է




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին