Առնակ Դալալյան՝ «Մաթեմատիկա հիվանդությունն» ու անսպառ շարժիչը - Mediamax.am

exclusive
13467 դիտում

Առնակ Դալալյան՝ «Մաթեմատիկա հիվանդությունն» ու անսպառ շարժիչը


Առնակ Դալալյանը
Առնակ Դալալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարի Թարյանը զրուցում է Առնակ Դալալյանի հետ
Մարի Թարյանը զրուցում է Առնակ Դալալյանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Առնակ Դալալյանը
Առնակ Դալալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Առնակ Դալալյանը
Առնակ Դալալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Առնակ Դալալյանը
Առնակ Դալալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Առնակ Դալալյանը
Առնակ Դալալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մաթեմատիկա` սիրո, արդարության եւ զարգացման շարժիչ: Այսպես են կառուցվածքների, հաջորդականությունների և հարաբերությունների մասին գիտությունն ընտրած մարդիկ բնութագրում այն:

Մեդիամաքսը եւ VOLO ընկերությունը համատեղ ներկայացնում են Մաթարվեստ խորագիրը: Այն պատմում է Մաթեմատիկայի երկիր Հայաստանում այդ գիտությունը զարգացնող տաղանդավոր մարդկանց ու նրանց աշխատանքի մասին: Այսօր աշխարհում մաթեմատիկան առանցքային նշանակություն ունի, եւ մենք հույս ունենք, որ Մաթարվեստը կնպաստի նրան, որպեսզի հայ երիտասարդները ընտրեն այս մասնագիտությունը:

Անընդհատ նոր բան բացահայտելու հետաքրքրասիրությունն Առնակ Դալալյանի համար ճանապարհ հարթեց դեպի մաթեմատիկա: 

«Մաթեմատիկան ինչ-որ միջոց էր իմ հետաքրքրասիրությունը բավարարելու համար, եւ ընտրեցի այս մասնագիտությունն այն ժամանակից սկսած, երբ հասկացա, որ ինձ մոտ լավ է ստացվում»,- ասում է Փարիզի տնտեսագիտության, վիճակագրության եւ ֆինանսների բարձրագույն դպրոցի պրոֆեսոր (ENSAE/CREST) Առնակ Դալալյանը:

«Վարակիչ հիվանդությունը»

13 տարեկան էի, դպրոցում լավ էի սովորում մաթեմատիկան, եւ ինձ առաջարկեցին մասնակցել քաղաքային օլիմպիադայի, որում լավ հանդես եկա: Հանրապետական օլիմպիադայում արդեն 3-րդ կարգի մրցանակ ստացա: Մասնագիտացված դպրոցում չէի սովորում, եւ այն, որ ինձ մոտ այդքան լավ էր ստացվում մաթեմատիկական խնդիրներ լուծելը, շատ ոգեւորեց: Մտածեցի, որ եթե առանց հատուկ նախապատրաստման հաջողեցի, ապա պետք է ավելի լուրջ զբաղվել: Մաթեմատիկայի լավն այն է, որ երբ սկսում ես զբաղվել, քեզ կլանում է ամբողջությամբ:

Առնակ Դալալյանը Առնակ Դալալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


10-րդ դասարանում արդեն օրական 10 ժամ մաթեմատիկական խնդիրներ էի լուծում, հասակակիցներիս հետ քննարկում լուծումները եւ, կարծես, «վարակվում այդ հիվանդությամբ»: 15 տարեկանում մասնակցեցի միջազգային օլիմպիադայի, ինչը շատ ոգեւորիչ էր: Լավ մասնակցությունից հետո արդեն կասկած չէր մնացել, որ պետք է գնամ մաթեմատիկայի ճանապարհով:

Ընդունվեցի ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետ, բայց ինչ-որ պահից սկսած հասկացա, որ կրթությունս պետք է շարունակեմ արտասահմանում:

Երրորդ կուրսը Հայաստանում ավարտեցի, չորրորդ կուրսից տեղափոխվեցի Ֆրանսիա: Մագիստրատուրան սովորեցի Պիեռ եւ Մարի Կյուրիների անվան Փարիզի համալսարանում, ասպիրանտուրան արեցի Լե Մանի համալսարանում:

Մաթեմատիկոսի շարժիչը

Մաթեմատիկոսն իր մտքում միշտ պետք է ունենա մի խնդիր, որի մասին մտածում է եւ իր շարժիչն այդ խնդիրը լուծելն է: Երբ ինչ-որ պահի այդ խնդիրը լուծում է, այդ հաճույքը մոտիվացնում է լրացուցիչ աշխատելու: Առօրյա կյանքում էլ ինձ մոտ հիմնականում այդպես է: Ինչ ճանաչող մարդիկ ասում են` Առնակն ինչ նպատակ իր առջեւ դնում է, իրականացնում է: Դրա միակ գաղտնիքն այն է, որ ես իմ առջեւ դնում են նպատակներ, որոնք իրագործելի են իրատեսական ժամանակահատվածում:
Մարի Թարյանը զրուցում է Առնակ Դալալյանի հետ Մարի Թարյանը զրուցում է Առնակ Դալալյանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս


Մաթեմատիկոսներին հաճախ բնութագրում են որպես շատ տրամաբանական, խիստ դատողություններով, կարգապահ մարդիկ կամ հակառակը` որպես մարդիկ, ովքեր ամեն ինչ մոռանում են, թափթփված են: Ես ոչ շատ կարգապահ եմ, ոչ էլ շատ թափթփված: Երբ սկսեցի մաթեմատիկայով զբաղվել, փորձեցի կոտրել այդ կարծրատիպերը, մարդկանց համոզել, որ դրանք տեղին չեն: Մաթեմատիկոսների մեջ էլ նույնքան տարբերություններ կան, որքան այլ մասնագիտությունների տեր մարդկանց:

Անսպասելի թիվը

Մաթեմատիկան այն գիտությունն է, որը հիմնված է այնպիսի խիստ դատողությունների վրա, որոնք օբյեկտիվ են եւ որպես հիմք են ընդունվում բոլոր մարդկանց կողմից: Եթե բոլորը դա ընդունում են որպես հիմք, ապա հետագա բոլոր դատողություններն ու արդյունքները նույնպես ընդունվում են: Ինձ համար կամայական մտավոր կառուցվածք, որը տեղավորվում է այդ շրջանակներում, կարող է կոչվել մաթեմատիկա:

Մաթեմատիկայում կա մի բանաձեւ, որը շատ եմ սիրում՝ 1/1² +1/2² + 1/3² + 1/4² + 1/5² + ... = π²/6: Պարզվում է, որ չնայած մենք անվերջ քանակով անդամներ ենք իրար գումարում, այդ գումարը վերջավոր է: Իմ կարծիքով՝ գեղեցիկ բանաձեւ է: Կյանքը վերջավոր է, բայց կյանքում այնքան շատ իրադարձություններ են տեղի ունենում, որ գրեթե կարելի է անվերջ համարել: Հետաքրքիր է նաեւ, որ արդյունքը ստացվում է մի շատ անսպասելի թիվ:

Մաթեմատիկան սովորեցնելու ձեւը

Մաթեմատիկան հաճախ ներկայացնում են որպես թվերի, հաշվարկների գիտություն: Դա սխալ չէ, բայց այնպես էլ չէ, որ ճիշտ է: Իմ կարծիքով, մաթեմատիկան, նախեւառաջ, պետք է ներկայացնել որպես դատողությունների, կառուցվածքների եւ տրամաբանության գիտություն: Երեխաների մոտ շատ պարզ խաղերի միջոցով պետք է զարգացնել մաթեմատիկական տրամաբանություն եւ մտածելակերպ:

Բազմապատկման աղյուսակը բոլորն էլ, ի վերջո, սովորում են, բայց կան մարդիկ, ովքեր չեն կարողանում պատճառահետեւանքային կապեր հաստատել կամ կառուցված դատողություններ անել: Իմ կարծիքով՝ դպրոցում՝ հատկապես մանկահասակ երեխաների հետ, այս ուղղությամբ է պետք աշխատել:
Առնակ Դալալյանը Առնակ Դալալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մաթեմատիկայի դպրոցական դասագրքերը բավական գրավիչ են: Ինչ-որ տեղ կոմպակտ են, դա բնական է, բայց լավ են ներկայացնում մաթեմատիկան: Ամեն ինչ կախված է ուսուցչից: Իմ կարծիքով՝ ամենակարեւորն այն է, որ ուսուցիչը չփորձի ուղղակի ծրագիր կատարել, այլ աշակերտներին մաթեմատիկան ներկայացնել՝ ամեն աշակերտի համար ընտրելով նրան համապատասխանող արագությունը, ռիթմը, որպեսզի ամեն աշակերտ ամուր հիմքերի վրա յուրացնի մաթեմատիկան: Աշակերտը պետք է հասկանա, որ քարը քարի վրա շարելով անընդհատ բարձրանում է: Այդ հաճույքը զգալով աշակերտը կշարունակի սովորել: Կարեւոր է, որ ուսուցիչը երեխաներին չտրամադրի, թե մաթեմատիկան բարդ առարկա է, բարդ է լինելու սովորել:

Մաթեմատիկան զարգացնող մոդելը

Հայաստանում որոշ միջնակարգ դպրոցներ կան, որոնք բարձր եվրոպական չափանիշներին համապատասխան մաթեմատիկական կամ այլ ճշգրիտ գիտությունների ուղղությամբ գիտելիքներ են տալիս: 17-18 տարեկան երիտասարդները լրիվ մրցունակ են համաշխարհային շուկայում: Հետո, երբ ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատություն, հետզհետե մրցունակությունն ընկնում է: Ծրագրերը բավական լավն են, դասավանդողների մեջ կոմպետենտ մարդիկ կան, բայց միջավայրը շատ է տարբերվում արեւմտյան հաստատություններից: Ուսանողները երրորդ-չորրորդ կուրսերում սկսում են աշխատել եւ ավելի քիչ ուշադրություն դարձնել կրթությանը եւ գնալով թուլանում են: Այնինչ, դպրոցի մակարդակով, Հայաստանում, մանավանդ, լավ սովորողները շատ ավելի ծանրաբեռնված առօրյա ունեն, քան օրինակ Ֆրանսիայում: Երբ ծանրաբեռնվածությունը թուլանում է, իրենց հետաքրքրություններն էլ քչանում են, զվարճություններն էլ միշտ կան ու կան: Այնպես, որ այդ առումով Հայաստանում պոտենցիալ կա:
Առնակ Դալալյանը Առնակ Դալալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Բուհական օղակը բարելավելու հարցի շուրջ շատ եմ մտածել, բայց պատասխան չունեմ: Մաթեմատիկոսը կամ գիտի պատասխանը, կամ` ոչ: Մոտավոր պատասխաններ դժվար է տալ:  Մարդիկ կան, որ ասում են պետք է սկսել փոքր քայլերից, գիտնականների փոքր «կղզիներ» ստեղծել եւ այդ միջավայրի շնորհիվ գիտությունը կզարգանա, ուսանողներն ավելի մոտիվացված կլինեն եւ մեխանիզմը կաշխատի: Միգուցե, ճիշտ է, չգիտեմ: Իմ կարծիքով, աշխատող մոդելն այն կլինի, երբ պետության կողմից ավելանա ֆինանսավորումը եւ ուշադրությունը գիտության նկատմամբ: Ընդ որում, խոսքը գիտության բոլոր ճյուղերի մասին է: Ասել, որ մաթեմատիկան, ֆիզիկան կամ համակարգչային գիտությունն ավելի գերակա են, ճիշտ չեմ համարում: Բոլոր ճյուղերը հավասարապես կարեւոր են: Պետք է ավելի նպատակային պետական վերաբերմունք, բայց ոչ այնքան ուղղվածության, որքան հեռանկարայնության եւ պոտենցիալի առումով:

Ուղեղների արտահոսք կա եւ միշտ կլինի: Դա կա նույնիսկ Ֆրանսիայում, բայց Հայաստանում հստակ է, որ միջնակարգ կրթության համակարգը շարունակում է լավ կադրեր պատրաստել բուհերի համար: Խնդիրն այն է, որ բուհերն այդ էստաֆետը վերցնեն եւ փոխանցեն մագիստրատուրային ու ասպիրանտուրային: Հենց այս մակարդակում արտասահմանում աշխատող մասնագետների ներդրումը կարող է շատ օգտակար լինել:

Ուղեղների վերադարձը

Գիտելիքներս Հայաստանում ներդնելու միտքը միշտ եղել է, բայց ինչ-որ պահի պետք է ընտրություն կատարել: Հասկանում ես, որ վերադառնալով` քո մասնագիտական աճն ինչ-որ տեղ կդադարի կամ կդանդաղի: Մնալով արտասահմանյան առաջատար հաստատություններում՝ ավելի լայն հնարավորություններ ունես: Զգում ես, որ ավելի լավ լուծում է շարունակել մնալ արտասահմանում, բայց փորձել այնտեղ մնալով՝ օգնել Հայաստանին: Մեր բնագավառում օգնության համար մեկ ուղղությունը դասավանդումն է, վերջին շրջանում տարեկան երկու անգամ գալիս եմ Հայաստան` դասախոսություններ եմ անցկացնում: Արտասահմանում սովորող հայ մաթեմատիկոսների մեջ կա ցանկություն ինչ-որ ձեւով Հայաստանում իրենց գիտելիքները ներդնելու եւ շատերի մոտ լավ ստացվում է:

Այս հարցը հաճախ համեմատում եմ Հենրիխ Մխիթարյանի օրինակի հետ՝ որեւէ մեկի մտքով չի անցնում նրան կանչել, որպեսզի վերադառնա եւ Հայաստանի առաջնությունում խաղա: Եթե Հայաստանից ինչ-որ մեկը գնացել է արտասահմանում սովորելու եւ հիմա բարձրագույն ուսումնական հաստատությունում լավ դիրք ունի, շարունակում է հաջողությունների հասնել, ինքը երկրի համար շատ ավելի օգտակար է՝ այդ դիրքում աշխատելով եւ Հայաստանի հետ կապերը պահպանելով:

Ֆրանսիայում աշխատող ուրիշ հայ ընկերներ ունեմ, մենք կապը միշտ պահպանում ենք, մտածում ենք՝ ինչ ծրագրեր կան, որոնցում կարելի է ներգրավել Հայաստանի գիտնականներին: Դա իր պտուղները տալիս է:

Մաթեմատիկոսի աչքերով

Կյանքը հաջորդական որոշումների շղթա է: Ամեն անգամ որոշում կայացնելիս, ինչպես շախմատում է, հաջորդ երկու-երեք քայլերը հաշվում ես, բայց չգիտես, թե ուր է տանելու վերջնական ուղին: Կյանքի հետաքրքրությունը հենց այն է, որ դու անընդհատ փորձում ես հիմնավոր որոշումներ կայացնել՝ նախապես իմանալով, որ չգիտես, թե վերջակետը որտեղ է դրվելու:

Մահը… շատ եմ սիրում մարդկանց, ովքեր համարձակորեն ասում են, որ չեն վախենում մահից: Բայց չգիտեմ ինչո՞ւ, ես համոզմունք ունեմ, որ այդպիսի մարդ չկա, ով մահից չվախենա: Երբ գիշերը մթության մեջ պառկած մտածում եմ մահվան մասին, սարսուռ է անցնում մարմնովս: Ես չգիտեմ, դա ինչ է: Երբ չգիտեմ, ինձ մոտ միշտ մտավախություն է առաջացնում:
Առնակ Դալալյանը Առնակ Դալալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Սերը միշտ կա եւ ամենուր է: Բոլոր որոշումները սիրո հիման վրա են կատարվում: Առանց սիրո ոչինչ չի կարող լինել:

Ընկերներն առանց մտածելու են լինում (ծիծաղում է,-հեղ.)

Ապագան շատ լավ բան է: Ես ապագայի մարդ եմ, միշտ եղել եմ նրանցից, որ անցյալի մասին չեմ մտածել: Անցյալը կարեւորել եմ միայն ապագայում այն պրոյեկտելու համատեքստում: Ապագան միշտ լուսավոր է: Երբ ավելի երիտասարդ էի, լսել էի միտքը, որ մարդ պետք է ներկայով ապրի, չգիտես՝ ինչ կլինի վաղը: Հայրս ասաց՝ դա սխալ վերաբերմունք է: Տպավորվել է հայրիկի ասածը, անընդհատ վերլուծում եմ իմ գործելակերպը եւ նկատում եմ, որ իմ մտքերն ապագայի մասին են:

Մարի Թարյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Նախագծի գլխավոր գործընկերը VOLO ընկերությունն է




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին