Հողի եւ ջրի տարերքների զուգահեռում. քանդակագործ-ֆրիդայվեր Դավիթը - Mediamax.am

exclusive
2890 դիտում

Հողի եւ ջրի տարերքների զուգահեռում. քանդակագործ-ֆրիդայվեր Դավիթը


Դավիթ Թևանյանը
Դավիթ Թևանյանը

Լուսանկարը` Александр Акивис

Լուսանկարը` Դավիթ Թեւանյանի արխիվից

Լուսանկարը` Դավիթ Թեւանյանի արխիվից

Լուսանկարը` Դավիթ Թեւանյանի արխիվից

Լուսանկարը` Александр Акивис

Լուսանկարը` Դավիթ Թեւանյանի արխիվից

Դավիթ Թևանյանը
Դավիթ Թևանյանը

Լուսանկարը` Александр Акивис

Լուսանկարը` Александр Акивис

Լուսանկարը` Александр Акивис

Դավիթ Թևանյանը
Դավիթ Թևանյանը

Լուսանկարը` Александр Акивис


Երիտասարդ քանդակագործ Դավիթ Թեւանյանը տարիներ առաջ սկսել է սեփական շնչառությամբ ջրում սուզվելու արվեստով՝ ֆրիդայվինգով զբաղվել: Առաջին հայացքից խիստ տարբեր երկու ուղղություններում՝ հողի ու ջրի տարերքների հետ խաղում նա կարողացել է գտնել հավասարակշռությունն ու նորովի բացահայտել փոխկապակցվածության գաղափարը:

Պատկերային արվեստի ու ջրում անկշռելիության զգացողությունների մասին Դավիթ Թեւանյանը պատմել է Մեդիամաքսին:

Տաղանդի բացահայտման ուղին

Արվեստի նկատմամբ հետաքրքրությունը մանկուց է ձեւավորվել: Թեեւ ընտանիքում արվեստագետներ չունեինք, ես 5 տարեկանից նկարում էի թղթերի, պատերի վրա:

Առաջին դասարանում սկսեցի նկարչական դպրոց հաճախել, որից հետո Սիսիանում ընդունվեցի հումանիտար քոլեջ՝ քանդակագործության բաժին: Ստացած կրթությունն ինձ չէր բավարարում, սակայն այդ ժամանակ ավելի լավ տեղ սովորելու հնարավորություն չունեի: Դասախոսների հետ հաճախ էի վիճում մասնագիտական տարբեր հարցերի շուրջ, իրենք էլ ինձ ասում էին, որ եթե այդքան մասնագիտորեն եմ ցանկանում սովորել, այդ գիտելիքն այլ տեղում պետք է փնտրեմ:

Լուսանկարը` Դավիթ Թեւանյանի արխիվից


Քոլեջն ավարտելուց հետո որոշ ժամանակ Երեւանում էի աշխատում՝ քանդակի պատվերներ էին ընդունում: Հետագայում կոլեգաներիս խորհրդով դիմեցի քանդակագործներ Արտաշես Հովսեփյանին եւ Գետիկ Բաղդասարյանին, որպեսզի մասնագիտական խորհրդատվությամբ օգնեն: Գետիկ Բաղդասարյանն ինձ հորդորեց դիմել Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիա, որից հետո մասնագիտական կրթությունը շարունակելուն սկսեցի ավելի լուրջ վերաբերվել ու նախապատրաստվել քննություններին:

Շատ էի մտահոգվում՝ կընդունվեմ, թե՞ ոչ, մտածում էի՝ վարձն ինչպես եմ վճարելու: Արդյունքների ամփոփման օրը տեսա, որ ամենաբարձր միավորներն եմ ստացել: Այդ օրը ուրախությունից անգամ անձնագիրս էի կորցրել:

Սովորելու տարիներին հասկացա, որ տաղանդն ի սկզբանե կար ինձնում, սակայն կրթությունն անհրաժեշտ էր դա բացահայտելու համար: Գուցե մեծամիտ է հնչում, բայց ես շատ համեստ եմ (ծիծաղում է-խմբ):

Լուսանկարը` Դավիթ Թեւանյանի արխիվից


«Արվեստին մոտեցումս փոխվեց»

Սովորելու 6 տարիների ընթացքում նաեւ աշխատում էի: Ավարտելուց հետո աշխատանքումս մի փոփոխություն նկատեցի. մինչեւ կրթություն ստանալն ավելի շատ պատվերներ ունեի, քան դրանից հետո, քանի որ բնավորությունս էր փոխվել, բարդացել էր պատվիրատուների լեզվով խոսելը: 

Երբ համապատասխան մասնագիտական կրթություն չունեի, պատվիրատուի ու իմ պատկերացրածը նույնական էին, մինչդեռ սովորելուց հետո փոխըմբռնումը դժվարացավ: Երբ ինձնից որեւէ բան են ուզում, ես հաճախ մասնագիտորեն մոտենալով մեկ այլ բան եմ առաջարկում, որովհետեւ մարդկանց արվեստի ճաշակը միշտ չէ, որ բարձր է: Արվեստը բիզնես շահից վեր է ու իրավունք չունենք ոլորտը փչացնել հանուն գումարի:

Լուսանկարը` Դավիթ Թեւանյանի արխիվից


Նոր մասնագիտացումը՝ ֆրիդայվինգի հրահանգիչ

Մի օր հայտարարություն տեսա, որ Ռուսաստանի Մոլչանովս ֆրիդայվինգի դպրոցի հրահանգիչ Օլգա Դավիդովան «Արմդայվինգ» կազմակերպության հրավերով Երեւան էր ժամանել ու հրահանգիչների նախապատրաստական դասընթացներ են մեկնարկելու: Ֆրիդայվինգը սեփական շնչառությամբ սուզվելն է՝ առանց թթվածնի բալոնների եւ հատուկ սարքավորումների:

Որոշեցի դիմել ծրագրին, քանի որ սպորտաձեւերից հատկապես լողը շատ էի սիրում: Իհարկե, ֆրիդայվինգն ու լողալը բավականին տարբեր են: Եթե լողն արագ ռիթմ է պահանջում, ապա ֆրիդայվինգում հանգստություն է պետք. պիտի կարողանաս այնպես տրամադրվել, որ ցանկացած իրավիճակում սրտիդ աշխատանքը չարագանա:

Լուսանկարը` Александр Акивис


Քննությունները հաջող հանձնեցի ու արդեն ավելի քան 2 տարի է ֆրիդայվինգով եմ զբաղվում:

Այս սպորտաձեւում կա 4 մակարդակ: Չորրորդ մակարդակում լինելու համար լուրջ սպորտային տվյալներ են անհրաժեշտ՝ դիմացկունություն, թոքերի ծավալ: Այժմ կարող եմ սովորեցնել մինչեւ 3-րդ մակարդակի համար:

Հետաքրքրվողներ կան, այս 7-8 ամսվա ընթացքում արդեն 5 աշակերտ եմ ունեցել, որոնցից մի քանիսը հաղթահարել են նաեւ 2-րդ մակարդակը:
Դավիթ Թևանյանը Դավիթ Թևանյանը

Լուսանկարը` Александр Акивис


Խորությունն ու կարմիր քարտը

Եգիպտոսում մարզումների ժամանակ, երբ 46 մ խորությունից դուրս եկա, մոտս այնպիսի տպավորություն էր, թե սուզվել եմ Եգիպտոսում, բայց դուրս եկել Հայաստանում, քանի որ մարզիչ Օլգա Դավիդովնան հայերեն գոռում էր՝ «Давид, шенчи, шенчи»:

46 մետրը թեեւ մեծ արդյունք չէ, բայց Հայաստանի չեմպիոնի ցուցանիշ է: Այս առիթով ընկերներս հաճախ կատակում են, որ միայն ես եմ զբաղվում, դրա համար եմ չեմպիոն (ծիծաղում է-խմբ):

Լուսանկարը` Դավիթ Թեւանյանի արխիվից


Շատ հիշարժան էր նաեւ 2019 թվականի ֆրիդայվինգի Ռուսաստանի բաց առաջնությունում «երկարություն լաստերով» ձեւում ինձ հետ տեղի ունեցած միջադեպը, երբ մրցավարը կարմիր քարտ ցույց տվեց: Նրան թվացել էր, որ արգելված շարժում եմ արել՝ դելֆինաձեւ թիավարում, ինչը ես չէի ընդունում: Մրցավարական փակ քննարկումից հետո մեզ հրավիրեցին համատեղ վիդեոդիտման, որտեղ երեւում էր վիճահարույց պահը։ Լսեցին նաեւ իմ եւ մարզիչ Օլգա Դավիդովայի տեսակետներն ու կարմիր քարտս սպիտակեց:

Ազատ ճախրանք ջրում

Սուզվելու ժամանակ հարկավոր է շարժումներն ընդմիջումով կատարել եւ օգտագործելով իներցիայի ուժը՝ հանգստացնել լարված մկանները: Դրա շնորհիվ թթվածնի սահմանափակ պաշարը խնայվում է, կրկնապատկվում է սուզման տեւողությունը եւ տարածությունը։

Լուսանկարը` Александр Акивис


Ֆրիդայվինգի հաճույքը անկշռելիության զգացողությունն է: Դու սուզվում ես, ու չկա ո´չ վերեւ, ո´չ ներքեւ, ինչպես տիեզերքում է: Դա նման է նաեւ թռչնի ազատ ճախրանքին: 

Այս սպորտաձեւը դիմացկունություն է զարգացնում: Սուզվելուց առաջ ճիշտ շնչելու ունակությունը եւ ապնոէի ընթացքում լիարժեք թուլացումը առօրյա կյանքում օգտակար հմտություն են դառնում: Կարողանում ես ավելի հեշտությամբ կառավարել հուզական վիճակդ, նաեւ ֆիզիկական ծանրաբեռնվածությանն առավել պատրաստ լինել:

Լուսանկարը` Александр Акивис


Ցավոք, միշտ չէ, որ կարողանում եմ ժամանակ գտնել ֆրիդայվինգի համար: Հաճախ ճանապարհ գնալիս շունչս պահած եմ քայլում, որպեսզի պահեմ մարզավիճակս:

Քանդակելու ու սուզվելու փոխկապակցվածությունը

Թեեւ մեզ համար տարբեր երեւույթներ կարող են առանձին թվալ, իրականում դրանք առանձնացնել չենք կարող: Այդպես էլ քանդակագործությունն ու ֆրիդայվինգն ինձ համար խիստ փոխկապակցված են:

Դրա ամենացայտուն ցուցիչն այն է, որ ստիպված ես մի կողմ թողնել առօրյա խնդիրներն ու կենտրոնանալ անելիքիդ վրա: Շատ կարեւոր է նախքան աշխատանքը սկսելն ամբողջապես պատկերացնել՝ ինչ ես քանդակելու, մտքում ունենալ ամբողջական պատկերը: Ֆրիդայվինգում եւս վիզուալիզացիան շատ կարեւոր է, քանի որ եթե ամբողջ գործընթացն ու անելիքդ նախապես չպատկերացնես, լավ արդյունքի չես հասնի:
Դավիթ Թևանյանը Դավիթ Թևանյանը

Լուսանկարը` Александр Акивис


Որպեսզի կերպարային արվեստում գլուխգործոց ստեղծես, հարկավոր է մաքուր հոգով ու դրական տրամադրությամբ սկսել աշխատանքը: Այլ պարագայում չես կարողանա դիտողին գրավել, քանի որ քանդակում արտահայտվում է հենց այն, ինչ ներսումդ է:

Նույնն էլ ֆրիդայվինգում է: Եթե մտահոգ ես, ապա չես կարողանա հանգիստ շնչառություն ունենալ, ինչը խիստ անհրաժեշտ է սուզումից առաջ: Սրտի ռիթմը ակամայից կարող է արագանալ, ինչի արդյունքում թթվածնային քաղցը շուտ կսկսվի:

Գայանե Ենոքյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին