Սրդան Գոլուբովիչ` «Սիրում եմ «լացացնել» հանդիսատեսին» - Mediamax.am

exclusive
4105 դիտում

Սրդան Գոլուբովիչ` «Սիրում եմ «լացացնել» հանդիսատեսին»


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս «Ոսկե Ծիրան» փառատոնի միջազգային խաղարկային մրցույթի ժյուրիի անդամ էր սերբ ռեժիսոր Սրդան Գոլուբովիչը, որի «Թակարդը» ֆիլմը 2007 թվականին առաջադրվել էր «Օսկար»-ի՝ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում: 

Ներկայացնում ենք Սրդանի մտքերը կյանքի եւ կինոյի մասին:

***

Հայրս ռեժիսոր է, բայց այնքան էլ ուրախ չէր, երբ որոշեցի իր հետքերով գնալ: Ռեժիսոր դառնալը գիտակցված ու բնական ընտրություն էր: Կարծում եմ, այլընտրանք չունեի՝ մանկուց շփվում էի կինոյի աշխարհի ներկայացուցիչների հետ ու «եփվում» էի այդ մթնոլորտում:

***

Հայրս մի շատ կարեւոր դաս է տվել ինձ` եթե ուզում ես հաջողության հասնել, պետք է 100 տոկոսով կենտրոնանաս նպատակիդ վրա: Հենց այդպես էլ ապրում եմ, չնայած որ բավականին բարդ է: Կենտրոնացիր արածիդ վրա, լիովին նվիրվիր նպատակիդ, ոչ մի դեպքում ինքդ քո հետ փոխզիջման մի գնա ու հասկացիր՝ պիտի նվիրվես, որ հաջողության հասնես:

Շատ եմ սիրում Էմիր Կուստուրիցայի խոսքերը`«Ամեն ռեժիսոր իր մանկապարտեզն ունի»: Ինձ մոտ էլ այդպես է, ինքս իմ օրենքներն ունեմ ու փորձում եմ սեփական խաղերս խաղալ իմ մանկապարտեզում:



***

Չնայած որ առաջին նկարահանած ֆիլմը`«Absolute 100»-ը մոտ 30 միջազգային ու տեղական մրցանակների արժանացավ, դժգոհ էի աշխատանքիցս: Մեկ ֆիլմի հաջողությունը կարող է փոխել կյանքդ, բայց պետք է գիտակցաբար մոտենաս դրան ու հասկանաս, որ դա պարզապես հնարավորություն է հաջորդ ֆիլմերը նկարահանելու համար:

Մրցանակները խթան են հանդիսանում, որ շարունակես աշխատել: Բացի այդ, հեղինակավոր մրցանակներին արժանանալն ու փառատոններին մասնակցությունը մեծ հնարավորություններ են բացում ռեժիսորների առջեւ նաեւ ֆինանսական տեսակետից:

Հաջողության մեջ ամենակարեւորն այն է, որ աճես, հասունանաս որպես մարդ, այլապես կկործանվես: Ռեժիսորը պիտի հասկանա, որն է իր խնդիրն ու ինչու է նա ֆիլմ նկարահանում: Ինձ համար միանշանակ է, ֆիլմերի միջոցով ներկայացնում եմ հուզական եւ ինտելեկտուալ պատմություններ, որոնք ազդեցություն կունենան հանդիսատեսի վրա ու ինչ-որ չափով կփոխեն նրանց աշխարհընկալումը:



***

Երբ ֆիլմ եմ նկարահանում, պատմությունը ինձ պետք է հուզի: Դա է ամենակարեւորը: Այն ռեժիսորներից եմ, ով սիրում է «լացացնել» հանդիսատեսին:

Ուսումնասիրում եմ մարդկանց, խորանում եմ նրանց մեջ, զննում նրանց խոսելաձեւը, շարժումները, ժեստերը: Սիրում եմ հետեւել, թե ինչպես են նրանք արտահայտում, կամ թաքցնում իրենց հուզերն ու զգացմունքները: Անկախ նրանից, թե որտեղ եմ` հյուրանոցում, ինքնաթիռում, փողոցում, ես դիտորդ եմ: Սա մասնագիտական երեւույթ է, որովհետեւ հաճախ հենց այդ ուսումնասիրությունների ընթացքում եմ ոգեշնչվում եւ պատմություններ գրում:

Ֆիլմեր ստեղծելիս ընտրում եմ այնպիսի կերպարներ, հերոսներ, որոնց մեջ հանդիսատեսն ինքն իրեն կտեսնի:

Խոստովանեմ, ֆիլմերիս հերոսներից յուրաքանչյուրն իմ բնավորության գծերից ունի, կամ էլ նրանք այն կերպարներն են, ում նման միշտ երազել եմ լինել: Այն խիզախությունը, երեւակայությունը, ուժը, որ իրական կյանքում չունեմ, փոխանցում եմ հերոսներիս:

Լենա Գեւորգյան (տեքստ)
Մարիամ Լորեցյան (լուսանկարներ)




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին