Ուկրաինացի ռեժիսոր Միրոսլավ Սլաբոշպիցկու մեծ աղմուկ հանած «Ցեղը» ֆիլմը ստացավ «Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնի գլխավոր մրցանակը: Այսօր ներկայացնում ենք ֆիլմի գլխավոր հերոսուհի Աննային մարմնավորած խուլ եւ համր Յանա Նովիկովայի մտքերը:
Ծնվել եմ Բելառուսում: Սովորում էի մեքենավարության քոլեջում, երրորդ կուրսում էի, երբ հասկացա, որ այդ ամենն իմը չէ եւ ժամանակն է փոխել կյանքս: Շատ էի փորձում հետաքրքրություն գտնել ընտրածս մասնագիտության մեջ, բայց ապարդյուն: Դուրս եկա քոլեջից ու որոշեցի մշակութային որեւէ ուղղություն ընտրել: Սակայն Բելառուսում լսողության հետ խնդիրներ ունեցող մարդկանց համար համապատասխան հաստատություն չկա, ստիպված էի մեկնել Ուկրաինա:
Բազմաթիվ լսումների մասնակցեցի, քննություններ հանձնեցի, բայց ասացին, որ քանի որ Բելառուսի քաղաքացի եմ ու Ուկրաինայում ուսումս շարունակելու հնարավորություն չունեմ: Հիասթափված էի: Սակայն հերթական լսումներից մեկի ընթացքում ինձ մոտեցավ ռեժիսոր Միրոսլավ Սլաբոշպիցկին ու առաջարկեց մասնակցել մի ֆիլմի քասթինգի:
Ռեժիսորն ինձ ասաց, որ ամեն ինչ, կարծես թե լավ է, մնում է սպասել վերջնական որոշման: Տուն վերադարձա` զանգի սպասելով: Զանգը հնչեց, կրկին Ուկրաինա մեկնեցի եւ ստացա «Ցեղը» ֆիլմում գլխավոր դերը խաղալու առաջարկը:
***
Վերջապես գտա ինքս ինձ, մանկուց էի երազում դերասանուհի դառնալու մասին: Ինքնակրթությամբ եմ զբաղվել, շատ եմ աշխատել, կարդացել, ֆիլմեր դիտել: Արվեստը հոգով եմ հասկանում ու զգում:
Ամբողջ հոգով նվիրվեցի դերին, փորձեցի առավելագույնս բնական լինել, մտա գլխավոր հերոսուհու դրության մեջ ու մի պահ արդեն դադարեցի որպես Յանա գոյություն ունենալ: Պետք է ամբողջովին տրվես դերին, որ հասկանաս հերոսուհուդ կյանքն ու կարողանաս փոխանցել այն էկրանից:
***
Մի մեծ խնդիր կար` պիտի մերկանայի տեսախցիկի առջեւ: Նման փորձ երբեւէ չեմ ունեցել, չափազանց բարդ էր ինձ համար անցնել այդ սահմանը: Չգիտեի, թե ինչ կլինի հետո, բայց վստահեցի ռեժիսորին ու ռիսկի դիմեցի:
Շատ էի ամաչում: Բայց ռեժիսորն ինձ ընտրության առջեւ կանգնեցրեց` «Հանիր կրծկալդ, կամ հեռացիր նկարահանման հրապարակից»: Վերջապես հասել էի երազանքիս, չէի կարող հանձնվել:
Ինձ շատ օգնեց ռեժիսորի կինը: Նա եւս ներկա էր նկարահանման հրապարակում, բացատրում էր ինձ, որ սա ֆիլմ է, արվեստի գործ եւ որեւէ ամոթ բան չկա: «Դու ուժեղ ես, դու կարող ես»` նրա խոսքերը օգնեցին ինձ:
***
Դիտեցի լեսբուհիների մասին պատմող սկանդալային «Ադելի կյանքը» ֆիլմը, հասկացա, որ այդ պահին ոչ թե դերասանն է մերկանում, այլ ֆիլմի հերոսուհին, ով իր առանձին կյանքով է ապրում:
Դերասանուհի Ադել Էկզարկոպուլոսը հիմա իմ սիրելի դերասանուհին է, նրան նայելով՝ ազատվում եմ բարդույթներից: Կարծում եմ, մենք հոգով նման ենք:
Ֆիլմը` կյանք է. հանդիսատեսին հնարավորություն է տրվում հետեւել տարբեր մարդկանց կյանքի ընթացքին: Իսկ մենք դերասաններ ենք, ինքնատիպ մասնագիտության տեր մարդիկ, ովքեր չպետք է ամաչեն ցույց տալ մեկ այլ իրականություն:
***
Կարելի է ասել, որ մասնագիտություն չունեմ, բայց ունեմ մեծ փորձ ու ձեռքբերում, հենց այս ֆիլմը ինձ հնարավորություն տվեց արտահայտել այն ամենն, ինչ միշտ քնած է եղել իմ մեջ:
Այնքան եմ սիրում կինոյի աշխարհը, պատրաստ եմ նույնիսկ առանց գումարի նկարահանվել, որպեսզի կարողանամ ապացուցել, որ կարող եմ: Հիմա հրավերներ ունեմ ԱՄՆ-ից ու Իտալիայից, տեսնենք, ինչ կլինի:
Այսօր արդեն հաղթահարել եմ բոլոր բարդույթներն ու հանուն արվեստի ամեն ինչի պատրաստ եմ:
Լենա Գեւորգյան (տեքստ)
Մարիամ Լորեցյան (լուսանկարներ)
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: