Անցյալից եկած հերոսները. Արմենակ Ալաջաջյան - Mediamax.am

exclusive
44315 դիտում

Անցյալից եկած հերոսները. Արմենակ Ալաջաջյան


Լուսանկարը` cska.ru

Լուսանկարը` sports.ru

Լուսանկարը` armenpress

Լուսանկարը` armenpress

Լուսանկարը` magnitka.jaktau.kz

Լուսանկարը` sports.ru

Լուսանկարը` russian7.ru

Լուսանկարը` skyhook.es

Լուսանկարը` AGBU Toronto

Լուսանկարը` cskabasket.com

Լուսանկարը` AGBU Toronto

Լուսանկարը` AGBU Toronto

Լուսանկարը` AGBU Toronto

Լուսանկարը` AGBU Toronto

Լուսանկարը` sports.ru

Լուսանկարը` AGBU Toronto

Լուսանկարը` kavkaz-uzel.eu

Լուսանկարը` basketfinals.com


Արմենակ Ալաջաջյանի ընտանիքը 1915 թվականի Հայոց Եղեռնից փրկվել է ու ապաստանել Ալեքսանդրիայում, որտեղ էլ ապագա բասկետբոլիստը ծնվել է 1930 թվականին:

Ալաջաջյանը բասկետբոլ է բերել յուրահատուկ դրիբլինդ, որը Եվրոպայում լավագույնն էր համարվում ու օգնում նրան շրջանցել յուրաքանչյուրին:

Mediamax Sport-ի «Անցյալից եկած հերոսները» շարքում ներկայացնում ենք մեծ բասկետբոլիստի անհավանական կարիերան ու հաջողությունները:

Հայրենիք վերադարձն ու դժվար կյանքը

Սպորտին նա սիրահարվել է դեռ մանուկ հասակում: Ալեքսանդրիայում տեղակայված ԱՄՆ-ի նավատորմի անդամներն անընդհատ բասկետբոլ էին խաղում թե միմյանց միջեւ ու թե տեղացիների հետ:

1947-ին Եգիպտոսը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, իսկ 2 տարի անց ԱԱ-ում ոսկի նվաճեց: Ալաջաջյանի վրա մեծ տպավորություն էր թողել հավաքականի խաղն, ու նա սկսեց իրեն առանց բասկետբոլի չպատկերացնել: Կարծում էր, որ հենց դրա շնորհիվ էլ կարողացավ ազատվել ասթմայից:
Հայրենադարձության տարիներին նրա ընտանիքը տեղափոխվեց Խորհրդային Հայաստան, հետագայում Ալաջաջյանը խոստովանեց, որ դա այդքան էլ ճիշտ որոշում չէր:

Լուսանկարը` sports.ru


«Իմ ընտանիքը հավատաց ստալինյան քարոզչությանը: Ալեքսանդրիայում հայկական մեծ համայնք կար, ու երբ Երեւանից մեզ մոտ հայեր էին գալիս, համոզում էին տեղափոխվել հայրենիք: Պատմում էին, թե բոլորը լավ են ապրում, հիանալի բնակարաններ ունեն ու լավ գումար են վաստակում»,- պատմել է նա:

Սակայն Հայաստանում նրանք հակառակ պատկերին ականատես դարձան՝ նրա մայրը գիշերվա ժամը 3-ին հացի հերթ էր կանգնում, իսկ երբ հանկարծ ուշանում էր, ողջ ընտանիքը քաղցած էր մնում: Ալեքսանդրիայում 5 սենյականոց բնակարանի փոխարեն հաստատվեցին հանրակացարանի 1 սենյակում: Պայմաններն իսկապես սարսափելի վատն էին, հիշել է բասկետբոլիստը.

«Ալեքսանդրիայում ընտանիքս լավ էր վաստակում ու փողն անխնա ծախսում էինք, իսկ Երեւանում մեզ ուտելիքի քարտեր, երկար հերթեր ու կիսաքաղցած կյանք բաժին հասավ»:

Վնասվածքն ու մեկնումը

17 տարեկանում հայտնվելով Հայաստանում ու այնքան էլ լավ չիմանալով հայերեն, իսկ ռուսերենին ընդհանրապես չտիրապետելով` Ալաջաջյանը լուրջ խնդիրներ ունեցավ: Նա պետք է ամեն ինչ նորից սովորեր ու հենց այդ ժամանակ է, որ բասկետբոլը նրա համար դարձավ ամեն ինչ ու կողմնորոշեց հետագա ողջ կյանքը:

Լուսանկարը` armenpress


Ալեքսանդրիայում նա նաեւ աթլետիկայով էր զբաղվում, սակայն այդ մարզաձեւից ստիպված էր հրաժարվել: Պատկերացում էլ չուներ, որ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի հայկական ինստիտուտ կա, երբ պատահաբար ընկերոջից իմացավ, որոշեց ընդունվել այնտեղ: Հենց այդ ժամանակ էլ ինստիտուտը թիմ էր ստեղծում, որը կոչվեց ՖԻՄԱ, նրան մեծ դժվարությամբ այնտեղ ընդունեցին՝ կարճահասակ էր ու տարիքով էլ փոքր:

«Հիանալի դպրոց էր ինձ համար: Օրական 2 անգամ մարզվում էինք շատ լավ մասնագետների գլխավորությամբ: Իսկական պրոֆեսիոնալներ էինք դարձել: Աթլետիկայի շնորհիվ ես արագ աճեցի: Բասկետբոլի սովետական դպրոցը 2 անգամ ուժեղ էր եգիպտականից, եթե այնտեղ մնայի երբեք այս որակի խաղ ցույց չէի տա»:

Ալաջաջյանը թիմում բարձր արդյունավետությամբ էր աչքի ընկնում, սակայն 1954 թվականին սայթաքեց խաղահրապարակում ու լուրջ վնասվածք ստացավ: Նրան միանգամից հեռացրին թիմից, ու ծանր կացության մեջ հայտնված բասկետբոլիստը հիշեց, որ մի ժամանակ նրան իր ընկեր, 233 սմ հասակ ունեցող Ուվայս Ախտաեւը հրավիրում էր Ալմաթիի «Բուրավեստնիկ»:

Լուսանկարը` magnitka.jaktau.kz


«Ախտաեւի հասցեն չունեի, դրա համար էլ հեռագրեցի՝ «Ալմաթի, Ախտաեւին: Կարող եմ գալ, եթե ապահովեք բնակարանով ու աշխատանքով: Ալաջաջյան»: Ու նշեցի իմ հասցեն: Հաջորդ օրն իսկ պատասխան ստացա՝ «Ամեն ինչով կապահովենք: Արի: Ախտաեւ»: Հավաքեցինք բոլոր իրերն ու մեկնեցինք, բայց անհանգստությունը շատ մեծ էր, որքանո՞վ էր նամակը երաշխիք հանդիսանում: Քաղաքում ոչ մի ծանոթ չունեինք, գումարն էլ վերջանում էր: Երբ կայարանում տեսանք Ախտաեւին, սիրտներս տեղն ընկավ»,- պատմել է նա:

«Բուրավեստնիկում» էլ Ալաջաջյանն իսկական աստղ դարձավ, այնտեղ խաղալու 2 տարվա ընթացքում նա ցույց տվեց իր անհատականությունն ու իդեալական թիմակից լինելու ունակությունը: Բասկետբոլի համար իր ոչ այդքան բարձրահասակ՝ 174 սմ հասակն էլ բնավ չէր խանգարում:

Կարիերայի վերածնունդը

Ալաջաջյանը մինչեւ 29 տարեկանը հանդես եկավ ակումբում ու մտածում էր կարիերան ավարտելու մասին: ԽՍՀՄ-ում այդ տարիքում բասկետբոլիստներն արդեն վետերան էին համարվում:

«Ուրախ եմ, որ այդպես չարեցի, ինչի համար շնորհակալ եմ կնոջս՝ Ռոզային: Իմ անքուն գիշերները նրան ավելի դժվար էին տրվում: Բայց պատճառներից մեկն այն էր, որ հիվանդացավ Ախտաեւը: Վախենում էի հեռանալուց հետո կասեն, թե վախկոտ եմ»:

Լուսանկարը` sports.ru


Հետո Ալաջաջյանը հայտնվեց ԲԿՄԱ-ում, որտեղ պետք է նորից ապացուցեր իր բարձր կարգն ու որակները: Սկզբում նրան դիտարկում էին որպես պահեստային խաղացող, իսկ ամենասկզբում անգամ մտադիր էին ուղարկել 2-րդ թիմ: Այդ ընթացքում հայ բասկետբոլիստը չէր կարող արտերկիր մեկնել ու թիմին օգնել Եվրոպական չեմպիոնների Գավաթում:

Նրա նկատմամբ վերաբերմունքը փոխվեց ԽՍՀՄ-ի առաջնության վերջին խաղում: Ավարտից 4 րոպե առաջ ԲԿՄԱ-ն 17 միավոր էր զիջում, հենց այդ ժամանակ էլ մարզչը կարճահասակ հայ բասկետբոլիստին խաղահրապարակ դուրս բերեց: Հաշվի տարբերությունը հասավ 4 միավորի՝ թույլ տալով ԲԿՄԱ-ին չեմպիոն դառնալ:

Ալաջաջյանը ոչ միայն հիմնական կազմում իր տեղն ապահովեց, նա նաեւ հզոր աջակից ձեռք բերեց: Հաղթանակից հետո ԲԿՄԱ-ի խաղացողներին հրավիրել էին ԽՍՀՄ-ի պաշտպանության նախարարի տեղակալ, մարշալ Անդրեյ Գրեչկոյի մոտ:

Այն հարցին, թե ինչո՞ւ զինվորական համազգեստով չէ, բասկետբոլիստը պատասխանել է. «Ես չեմ ծառայում, բայց ցանկանում եմ»: Գրեչկոյի հրամանով նրան սպայի կոչում են շնորհել:

Լուսանկարը` russian7.ru


«Ընդմիջմանը ողջ թիմը հանդերձարան էր գնում, իսկ ինձ իր մոտ զրուցելու էր կանչում Գրեչկոն: Նրա օթյակ էի գնում՝ քրտնած ու գլխիս կպած մազերով: Բայց հաճելի էր, որ մարշալն ինձ հետ խոսում էր, գնահատում խաղս, բասկետբոլից բավական լավ էր հասկանում, քանի որ ինքն էլ խաղացել էր»,- հիշել է բասկետբոլիստը:

Բացառիկ նվաճումները

Ալաջաջյանը ԲԿՄԱ-ում մնաց ու խաղաց մինչեւ 37 տարեկանը, նրա աշխատասիրության ու նվիրվածության մասին զվարճալի պատմություններ կան:

«Թիմակիցները չկային՝ միայնակ էր մարզվում, ձեռքը ցավում էր՝ վազում էր, ոտքն էր վնասված՝ նետումներ էր կատարում, սովորում էր ձախ ձեռքով գործել»:

Իրականում այդ ամենն արդյունքներ էր տալիս, 37-ում էլ նա ավելի շատ էր խաղում, քան իր երիտասարդ թիմակիցներն ու ավելի քիչ հոգնում:

Ալաջաջյանի հետ ԲԿՄԱ-ն համարյա չէր զիջում ԽՍՀՄ-ի առաջնությունում, երկու անգամ էլ տիրացավ Եվրոպական չեմպիոնների Գավաթին 1961 ու 1963 թվականներին: Վերջին հանդիպման մասին ահա թե ինչ է նա պատմել.

Լուսանկարը` basketfinals.com


«Մադրիդում եզրափակչում պետք է խաղայինք «Ռեալի» հետ: Գրեչկոն իր մոտ կանչեց գլխավոր մարզիչ Ալեքսեեւին ու հայտնեց, որ խաղը քաղաքական առումով մեծ նշանակություն ունի, պարտվելու իրավունք չունեինք: Այնտեղ իշխանության ղեկավարը գեներալ Ֆրանկոն էր՝ ԽՍՀՄ-ի թշնամին: Իսպանիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չկային: Ինձ կրկին արգելվում էր երկրից դուրս գալ, սակայն Գրեչկոն անձամբ պնդեց, որ ես մասնակցեմ հանդիպմանը: Անգամ չեմ պատկերացնում ինչ կլիներ, եթե պարտվեինք: Թեեւ Ստալինն այդ ժամանակ արդեն մահացել էր ու մեզ հավանաբար բանտ չէին ուղարկի: Ամեն դեպքում մեծ խնդիրներից խուսափեցինք»:

Ալաջաջյանը վերադարձավ նաեւ ԽՍՀՄ-ի հավաքական, որտեղից նրան 4 անգամ դուրս էին թողել՝ առաջին անգամ պատճառաբանելով, որ շատ արագ է վազում: Նա հավաքականի հետ 4 անգամ Եվրոպայի չեմպիոն հռչակվեց ու 1964-ի Օլիմպիական խաղերում արծաթե մեդալակիր դարձավ:

«Թեեւ պարբերաբար հաղթում էինք Եվրոպայի առաջնությունում, սակայն ավելի շատ տպավորվել է 1964-ի Օլիմպիական խաղերում կրած պարտությունը: ԱՄՆ-ի ընտրանու հետ էինք մրցում, միշտ էլ կարծել եմ, որ նրանցից ուժեղ էինք: Բայց որոշիչ խաղում սարսափելի գործեցինք: Ամեն մեկն անհատական խաղ էր ցույց տալիս, ինքը գնդակը նետում զամբյուղը, երբ փոխանցում էի անում, գնդակն էլ հետ չէի ստանում: Տարիներ անց դրանում իմ մեղքը տեսա, որպես խաղարկող ինքս պետք է շտկեի թիմային գործողություններն ու մյուսներին տանեի իմ հետեւից»:

Լուսանկարը` skyhook.es


Բասկետբոլային շոումենը

Հայ բասկետբոլիստը ԽՍՀՄ-ի առաջին շոումենն էր համարվում: Նրա ոճն այսպես էր բնութագրում լրագրող Վալերի Ասրիյանը.

«Ալաջաջյանի հանդիպումները դիտելու էին գնում այնպես, ինչպես թատրոնում սիրելի դերասանի խաղով են հիանում: Նրա ամեն հանդիպումը յուրահատուկ ներկայացում էր, թեեւ նա իրեն ցուցադրել չէր սիրում: Դրանք բասկետբոլային ներկայացումներ էին: Նա ոչ միայն երկրի ամենաարագ ու ռեակտիվ բասկետբոլիստն էր, այլ նաեւ ամենատեխնիկապես ուժեղն ու խելացին: Արմենակի միտքն այնքան արագ էր աշխատում, որ մրցակիցները նրա կոմբինացիաների հետեւից պարզապես չէին հասցնում: Ոչ մեկը չէր կարողանում թիմակիցներին տալ այնպիսի խորամանկ ու ճշգրիտ փոխանցումներ, ինչպես Ալաջաջյանը: Անկրկնելի դրիբլինգ ուներ ու նրանից գնդակը խլելն անհնար էր: Դրա հետ մեկտեղ երբեք անհատական խաղը չէր չարաշահում: Միշտ թիմի համար էր աշխատում, իսկ նրա հայտնի հնարքը զամբյուղով երկրպագուները եւ մասնագետներն այնքան էին սիրում»:

Լուսանկարը` AGBU Toronto


Ահա թե ինչ է ներկայացնում այդ յուրահատուկ հնարքը Ասրիյանի նկարագրությամբ: Երբ գնդակը Ալաջաջյանի մոտ էր, մինչ թիմակիցները փոխանցման էին սպասում, նա շատ արագ ու կտրուկ դրանով հարվածում էր հենարանին ու բոլորից շուտ հասնելով՝ կամ գնդակը նետում զամբյուղը, կամ էլ տալիս թիմակիցներին:

Այդ հայտնի հնարքը նա կատարել է նաեւ 1964 թվականին ԽՍՀՄ-ի ու ԱՄՆ-ի հավաքականների հանդիպման ժամանակ: Մոսկվայում կայացած այդ խաղում ԱՄՆ-ի գլխավոր մարզիչ Ջոն Մաքլենդոնը կանգնել է ու երկար ծափահարել Ալաջաջյանին: Իսկ փոխարինման մտնող ամերիկացիները նախ մոտենալիս են եղել հայ բասկետբոլիստին, որպեսզի նրա ձեռքը սեղմեն:

Մարզչի դերում

Կարիերան ավարտելուց համարյա անմիջապես հետո Ալաջաջյանը գլխավորել է ԲԿՄԱ-ն: 2 տարվա ընթացքում բանակայինները 2 անգամ չեմպիոն են հռչակվել ու Բարսելոնայում հաղթել Եվրոպական չեմպիոնների Գավաթը՝ եզրափակչում հաղթելով «Ռեալին»:

Մարզչի մասին հիմնականում դրական կարծիքներ էին հնչում, թերթերում էլ գովում էին նրան՝ նշելով, որ իր սաներին ազատություն է տալիս:

Սակայն ոչ բոլորն էին գոհ Ալաջաջյանի հետ աշխատանքից: Ահա բասկետբոլիստ Սերգեյ Բելովի կարծիքը. «Նրա հետ դժվար էր աշխատել, նախ ռուսերեն լավ չէր խոսում, հետո թափթփված էր ու խաղացողներին դժվար էր հասկանալ, թե մեզնից ինչ է ուզում: Հաճախ էր հանդիպման մեկնարկում մարտավարությունը փոխում:

Լուսանկարը` cskabasket.com


Ալաջաջյանը սիրում էր հանդիպման տակտիկական սխեման նկարել ու կապ չուներ, թե որտեղ՝ հյուրանոցների պատերին, պահարաններին: Երբեմն մի նկարի վրա մեկ ուրիշն էր անում, թեեւ տղաներին դա ուրախացնում էր, բայց օգուտ չէր բերում»:

Ասում են, որ մարզչից բողոքելու պատճառն այն էր, որ նա թիմի հիմնական կազմից հանել էր տարիքով խաղացողներին:

1970 թվականին Ալաջաջյանին ամեն դեպքում ազատեցին աշխատանքից՝ պատճառաբանելով վատ արդյունքները:

Հետապնդումները

Բասկետբոլիստը խոստովանել է, որ ամեն ինչում մեղավորը Պետական անվտանգության կոմիտեն էր, որը ցանկանում էր նրան ամսական 60 դոլար հոնորարի դիմաց իր շարքերում ներգրավել:

«Երկար ժամանակ հետեւում էին ինձ, թույլ չէին տալիս արտերկիր մեկնել, քույրս այնտեղ էր բնակվում: 1968-ին ԲԿՄԱ-ն ինձ վստահեցին, աշխատանքը հավանում էի ու ամեն ինչ հստակ պատկերացնում, նվաճումներ էլ ունեցանք: Երբ Եվրոպական չեմպիոնների Գավաթը նվաճեցինք ու Բարսելոնայից վերադարձանք, սկսվեցին մշտական ստուգումները: Պաշտպանության նախարարին հայտնել էին, որ ամեն խաղացող 6000 դոլար ունի, ինչն անիրական էր: Ամեն ինչ անում էին ինձ աշխատանքից հանելու համար»,- պատմել է նա:

Լուսանկարը` AGBU Toronto


Աշխատանքից ազատվելուց հետո Ալաջաջյանը կարճ ժամանակ երեխաների հետ է աշխատել: Հասկացել է, որ հետապնդումները շարունակվելու են ու ցանկություն է հայտնել մեկնել Կանադա: Նամակ է գրել անձամբ Լեոնիդ Բրեժնեւին ու հայտնել, որ ԽՍՀՄ-ում լավ է ապրում, դժգոհություններ չունի, բայց ցանկանում է միանալ իր ընտանիքին: «Երեւի հասկացել են, որ միեւնույն է գործակալ ինձնից դուրս չի գալու»,- ասել է նա ու ընդամենը 3 ամիս անց երկիրը լքելու թույլտվություն ստացել:

Կյանքը Կանադայում

ԱՄՆ-ի հավաքականի խաղացող Լերի Բրաունը, որի հետ Ալաջաջյանը մտերմացել է Օլիմպիական խաղերի ընթացքում, նրան աշխատանք է առաջարկել NBA-ում, սակայն այդ անգամ տեղափոխությանը դեմ է եղել մայրը:

Կանադայում նա սովորական փախստկանի պես է ապրել՝ ամսական 700 դոլար օգնություն ստացել, անգլերեն ու ֆրանսերեն սովորել, տաքսու վարորդ եղել, պիցցերիայում ու մեքենաների կայանատեղիում աշխատել:

«Իսկ հետո փախստականներից մեկն ինձ առաջարկեց սովորել աշխատել ադամանդների հետ: Այդպես էլ ոսկերիչ դարձա: Ապա իմ կյանքում եւս մեկ պատահական հանդիպում տեղի ունեցավ Մոնրեալում: Ոսկերչությամբ զբաղվող հայերից մեկն ինձ ճանաչում էր, իմ մասնակցությամբ հանդիպումներին էր հետեւել: Այդ բարի մարդն ինձ 50 հազար դոլար վարկ տվեց ու այդպես իմ բիզնեսը սկսեցի: Կամաց ոտքի կանգնեցի ու ամեն ինչ սկսեց ստացվել»:

Լուսանկարը` AGBU Toronto


Ակտիվ գործունեությունը

1974-1990 թթ. Ալաջաջյանը եղել է Տորոնտոյի Հայ Բարեգործական Ընդհանուր Միության բասկետբոլի թիմի խաղացող։ Տորոնտոյում ապրելու տարիներին նա նաեւ իր բարեգործական աջակցությունն է ցուցաբերել «Սուրբ երրորդություն» հայկական եկեղեցուն, Հայ Բարեգործական Ընդհանուր Միությանը եւ հայ համայնքի մի շարք այլ ծրագրերի։

Արմենակ Ալաջաջյանի գրքերը, հրապարակած նյութերն ու իր մասին պատմող հրապարակումները հազարավոր օրինակներով տարածվել են Խորհրդային Միությունում։ Բասկետբոլի ոլորտում իր ներդրումների մասին ծրագրեր են ցուցադրվել ու տպագրվել Հայաստանում եւ Խորհրդային Միության մյուս երկրներում։

Ալաջաջյանը ռուսերեն լեզվով հրապարակված երկու՝ «Ոչ միայն բասկետբոլի մասին» ինքնակենսագրական ու «Բասկետբոլիստի գրառումները» գրքերի հեղինակ է:

Լուսանկարը` AGBU Toronto


Ընդգրկված է Եվրոլիգայի բոլոր ժամանակների լավագույն 50 բասկետբոլիստների ցանկում:

Արմենակ Ալաջաջյանը ծնվել է 1930 թվականի դեկտեմբերի 25-ին Ալեքսանդրիա քաղաքում:

Նա ԽՍՀՄ-ի 8-ակի չեմպիոն է, Եվրոպայի քառակի հաղթող (1953, 1961, 1963, 1965), 1964 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ է նվաճել ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում:

1961 թվականին արժանացել է «Սպորտի վարպետ» միջազգային կոչմանը, 1960-1965 թթ. ստացել է «Ամենաարժեքավոր բասկետբոլիստ» մրցանակը, 1963-ին՝ «Հռչակավոր սպորտային ձեռքբերումների մեդալով» պարգեւատրվել: Օլիմպիական արծաթե մեդալ նվաճելու առթիվ էլ արժանացել է ԽՍՀՄ-ի «Պատվո շքանշանի»:

Ընդգրկվել է ՖԻԲԱ-ի Փառքի սրահում։

Արմենակ Ալաջաջյանը մահացել է 2017 թվականի դեկտեմբերի 4-ին:

Հասմիկ Բաբայան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին