Անցյալից եկած հերոսները. Շավարշ Կարապետյան - Mediamax.am

exclusive
122502 դիտում

Անցյալից եկած հերոսները. Շավարշ Կարապետյան


Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` shavarsh.ru

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Tass

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Ria Novosti

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` shavarsh.ru


Շավարշ Կարապետյան: Այս անունը լսելիս մարդիկ առաջինը հիշում են ոչ թե նրա բազմաթիվ չեմպիոնական մեդալներն ու ռեկորդները, այլ այն մեծ սխրանքը, որը նա արել է 1976 թվականին:

«Անցյալից եկած հերոսները» շարքն այս անգամ սիրով անդրադառնում է սուզալողորդ, Աշխարհի 17-ակի, Եվրոպայի 13-ակի չեմպիոն, Աշխարհի 11-ակի ռեկորդակիր Շավարշ Կարապետյանին:

Հեռացում լողի հավաքականից ու հաղթանակներ սուզալողում

Շավարշ Կարապետյանը մինչեւ 17 տարեկանը զբաղվել է լողով ու երազել մեծ հաջողությունների հասնել այդ մարզաձեւում: Սակայն ամեն ինչ նրա համար այդքան էլ հեշտ չէր լինելու: Մի օր նրան պարզապես հայտնում են, որ իրեն հեռացնում են թիմից: Պատճառներից մեկն, ըստ մարզիչների այն էր, որ նա լողում ոչ մի հաջողության չի հասնի:

«Լողից հեռացնելը մեծ հարված էր ինձ համար: Բայց ես հասկացա, որ չպետք է հանձնվեմ ու այդ մարդկանց ապացուցելու շատ բան ունեմ: Այդ օրերին հանդիպեցի հայտնի մարզիչ Լիպարիտ Ալմասակյանին, որին եւս աշխատանքից հեռացրել էին: Մենք զրուցեցինք, ես ընտրեցի սուզալողն, ու սկսեցինք աշխատել միասին: Ինձ օգնում էին ծնողներս, մարզիչս եւ ինձ չվստահողներին ապացուցելու մեծ ցանկությունը»:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Իսկ նա իսկապես ապացուցեց, թե որքան ուժեղ ու հզոր մարզիկ է, որքան մեծ ներուժ ունի ու որ կարող է դառնալ լավագույններից մեկը:

«Ես այնքան մեծ պոտենցիալ ունեի, որ Ալմասակյանի հետ մարզումները սկսելուց շատ կարճ ժամանակ անց սկսեցի մեդալներ նվաճել ու ռեկորդներ սահմանել: Շատ լավ եմ հիշում, երբ առաջին մրցումից մեդալով վերադարձա, այդ երկու մարզիչն էլ ներողություն խնդրեցին ու գրկեցին ինձ»:

Ապա եկան ավելի դժվար մրցումներն ու մեկը մյուսի հետեւից ռեկորդների սահմանումը: Կարապետյանը դառնում է ԽՍՀՄ-ի սուզալողի հավաքականի անփոխարինելի անդամը:

Լուսանկարը` Photolure


ԽՍՀՄ-ի առաջնություններում նա 7 անգամ դառնում է ոսկե մեդալակիր ու յուրաքանչյուր անգամ իրավունք նվաճում մեկնել միջազգային մրցումների: Այդ ընթացքում նա Եվրոպայի առաջնություններում նվաճում է 13, իսկ Աշխարհում՝ 11 ոսկե մեդալ: Կարապետյանը սահմանում է Աշխարհի 17 ռեկորդ:

1974-ի վթարի ենթարկվող ավտոբուսի փրկումը

Մարդիկ նրա սպորտային կյանքի մասին այդքան էլ շատ չեն խոսում, որովհետեւ Կարապետյանն աչքի է ընկել ավելի կարեւոր ու մարդասիրական արարքներով: Նա միշտ եղել է այնտեղ, որտեղ պետք է եղել օգնություն եւ առանց մի րոպե ավել մտածելու նետվել է դժվարությունների մեջ:

Այսպես, 1974-ին Կարապետյանը Ծաղկաձորի սպորտային բազայից ավտոբուսով վերադառնալիս է եղել Երեւան:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Վերելքի վրա վարորդը նկատում է շարժիչի անսարքությունը, կանգնեցնում է մեքենան եւ դուրս գալիս։ Այդ պահին ավտոբուսը շարժվում է տեղից։ Կարապետյանը, փորձելով կանգնեցնել ավտոբուսը եւ կանխել անկումը ձորի մեջ, արմունկով ջարդում է վարորդի խցիկի ապակյա պատը եւ կանգնեցնում մեքենան:

Ավտոբուսում այդ պահին գտնվելիս են եղել երեսունից ավելի ուղեւորներ, այդ թվում մարզիկներ։

«Իմ հայրը ինձ ու եղբայրներիս դեռ 3 տարեկանից սովորեցրել է մեքենա վարել: Ես 7 տարեկան էի, երբ նա ինձ թողնում էր քաղաքում միայնակ նստել մեքենայի ղեկին: Այնպես որ, այդ քայլին գնալուց առաջ ես հստակ գիտակցում էի, որ կարող եմ ճիշտ գործել ու փրկել ինձ ու ուղեւորներին»:

Լուսանկարը` Photolure


Երեւանյան լճի ողբերգությունն ու սեփական ուժերին վստահ փրկարարը

Սակայն ամենամեծ սխրանքը նա կատարել է այս դեպքից երկու տարի անց՝ 1976-ի սեպտեմբերի 16-ին:

«Ես համոզված եմ, որ մեզ վերեւից ինչ-որ ուժեր են շարժում: Այդ օրը ես պետք է լինեի Հանովերում ու մասնակցեի Աշխարհի առաջնությանը: Բայց ինձ չվերցրին հավաքական, ու ես վերադարձա Երեւան: Ինձ խոսք տվեցի, որ ԽՍՀՄ-ի առաջնություններում այլեւս ոչ ոքի թույլ չեմ տալու չեմպիոն դառնալ ու կրկին լինելու եմ թիմի կազմում: Ինքնաթիռից իջել եմ ու միանգամից անցել մարզումների: Այդ օրն էլ աշխատում էինք հենց Երեւանյան լճի մոտ»:

Երեւանյան լիճն ընկած տրոլեյբուսի պատմությունը մինչ այսօր էլ սարսռելով են հիշում հատկապես նրանք, ովքեր ականատես են եղել: Պաշտոնական արձանագրություններում վթարի պատճառ է նշվել վարորդի սրտի կաթվածը: Րոպեների ընթացքում այդ հսկայական մեքենան հայտնվել է լճի խորքում՝ իր հետ տանելով բազմաթիվ մարդկանց կյանքեր:

Լուսանկարը` shavarsh.ru


«Մենք մոտ 25 մետր հեռու էինք: Ահավոր աղմուկ լսվեց, թոզ ու դուման եղավ: Բոլորով վազեցինք, սակայն ես արգելեցի երիտասարդներին մտնել ջուրը: Ասացի, որ միայն եղբայրս՝ Կամոն գա ինձ հետ: Գիտեք, խորտակվող մարդը չի հասկանում ոչինչ ու իր հետ կարող է խեղդել նաեւ լող իմացողին: Չէի կարող ռիսկի ենթարկել այդ երիտասարդներին: Մենք մտանք լիճը, Կամոյին թողեցի վերեւում, իսկ ես սուզվեցի: Կամոն նույնպես բարձրակարգ սուզորդ էր, եւ եթե ինձ էլ ինչ-որ բան պատահեր, միայն նա կարող էր իմ հետեւից սուզվել»:

Լուսանկարը` Photolure


Կարապետյանը խոստովանել է, որ իմացել է՝ ինչ քայլի է գնում, պրոֆեսիոնալ ջրասուզորդ լինելով գիտեր իր ուժերի սահմանները, գիտեր, որ 6 րոպե շունչը կարողանում է պահել, ինչպես է մարդը խորտակվում, ինչքան ժամանակ ունի կենդանի մնալու համար:

«Ես այնքան վստահ էի իմ ուժերին, որ չէի կասկածում ինչ-որ սխալ բան անելու վրա: Իհարկե, ես հասկանում էի, որ բոլորին չեմ կարող օգնել, դրա համար որքան հնարավոր է արագ էի փորձում աշխատել: Կամոն ջուրն էր մտնում մոտ 2 մետր, իմ ձեռքից վերցնում մարդկանց ու բարձրացնում վերեւ: Այնտեղ էլ աշխատում էին թիավարորղների թիմի անդամները, ովքեր ափ էին հանում նրանց: Ափին մեր մարզիչն էր, հետո հայրս էր եկել: Լճին մոտ ավտոպարկ կար, վերամբարձ կռունկներն էլ մարդիկ էին արագ հասցրել, մոտիկ հիվանդանոցի ողջ բժշկական անձնակազմն էր վազել»:

Լուսանկարը` Photolure


Երբեք հանգիստ չտվող տրոլեյբուսի նստատեղն ու 20 փրկվածները

Րոպեների ընթացքում հարյուրավոր մարդիկ են հավաքվում Երեւանյան լճի մոտ: Մարդիկ չեն իմանում, թե ով է այդ երիտասարդը, որ անընդհատ սուզվում է ու նոր կյանք փրկելով բարձրանում վերեւ:

Կարապետյանների հայրը հետագայում խոստովանել է, որ շունչը պահած հետեւելիս է եղել որդիներին ու ամեն անգամ, երբ Շավարշը սուզվելիս է եղել, ինքը գրեթե կորցնելիս է եղել գիտակցությունը:

«Ներքեւում տեսանելիությունը զրոյական էր: Իսկ ես անընդհատ մոտ 10 մետր սուզվում էի, բարձրանում ու առանց մեկ րոպե շունչ քաշելու կրկին սուզվում: Սուզորդը պետք է 5 անգամ խորը շնչի ու կրկին մտնի ջուրը, իսկ ես, փաստորեն, բնությանը դեմ էի գնում: Վերջում արդեն լրիվ ուժասպառ էի եղել: Հերթական անգամ, երբ ջրից դուրս եկա, նկատեցի, որ ձեռքերիս մեջ տրոլեյբուսի կաշվե նստատեղն է: Ես նայեցի ու հասկացա, որ իմ սխալի պատճառով մի կյանք քիչ փրկեցի: Այդ բարձիկը հետագայում մեկ անգամ չէ, որ իմ երազում հայտնվել է, այն ինձ երբեք հանգիստ չի տվել»:

Կարապետյանը պայքարել է մինչեւ վերջ, բայց, ինչպես հետագայում է խոստովանել, արդեն վերջին դուրս բերվող մարդիկ մահացած էին: Նա սուզումները դադարեցրել է միայն այն ժամանակ, երբ այլեւս իմաստ չի եղել. բոլոր ուղեւորները մահացած են եղել: Փրկարարները հանել են տրոլեյբուսը: Ինքն էլ ուժասպառ Կամոյի օգնությամբ է կարողացել դուրս գալ:

Լուսանկարը` Tass


Տրոլեյբուսում եղած 92 հոգուց 46-ը փրկվել են, մյուս 46-ը՝ ոչ: Կարապետյանը ջրից հանել է 20 մարդու:

«Առանց այն ուժի, որը միավորեց ափին կանգնած մարդկանց, ոչինչ չէր ստացվի: Տրոլեյբուսը ջրի տակից հանվեց ընդամենը 45 րոպեում: Աշխատանքներին մասնակցում էին փրկարարները, լճում մարզվող թիրավարողները, բժիշկները: Վերամբարձ կռունկի վարողներից մեկը, որը լողալ չգիտեր, թռավ ջուրը՝ մարդկային կյանքը փրկելու համար: Այդպիսի պահերի մարդկանց ավելի շատ ես սիրում, քան առաջ»:

Ծանր հիվանդությունն ու ռեկորդով սպորտից հեռանալը

Այս ամենը, սակայն, Շավարշի առողջության վրա շատ ծանր է նստում: Ափ դուրս գալով նկատում է, որ մարմնի վրա բացված վերքեր կան: Հայրը նրան ու Կամոյին տանում է տուն ու բժիշկ կանչում: Կարապետյանը շատ ծանր վիճակում է եղել, արյան վարակում ու թոքերի բորբոքում էր ստացել: Բացի այդ էլ նա ծանր հոգեբանական խնդիրների առջեւ է կանգնում: Վլադիմիր Կարապետյանը՝ Շավարշի հայրը, պատմել է, որ երկու որդիներն էլ երկար ժամանակ անհանգիստ էին քնում ու չէին կարողանում վերգտնել նախկին հանգստությունը: Այդ ժամանակ Շավարշն ընդամենը 23 տարեկան էր, Կամոն՝ 19:

Լուսանկարը` Photolure


Մոտ երկու ամիս բուժվելուց հետո Կարապետյանը վերադառնում է մարզումների: Սակայն առողջական խնդիրները զգացնել են տալիս առաջին իսկ պարապմունքից:

«Հանկարծ զգացի, որ 21 մետրի փոխարեն 10 մետրից ավել չեմ կարողանում լողալ: Տեսա, որ առողջությունս էլ առաջվանը չէ: Սակայն ցանկանում էի եւս մեկ մեդալ նվաճել, նոր միայն թողնել սպորտը»:

Իսկ մեդալը երկար սպասեցնել չտվեց: Դեպքից մեկ տարի անց նա արդեն ԽՍՀՄ-ի գավաթի եզրափակչում էր ու պետք է ելույթ ունենար 4-րդ լողահերթում: Իրենից առաջ գրանցվում է երեք ռեկորդ, հաջորդը ինքն էր:

«Ինչ պետք է անեի, այլընտրանք չկար:  Ինքս ինձ ասացի, որ եթե չհաղթես, բոլոր տիտղոսներդ անիմաստ կլինեն: Հավաքեցի ողջ ուժերս ու թռա ջուրը: Քիչ անց ռեկորդն ինձ էր պատկանում, չեմպիոնական մեդալը՝ նույնպես: Կամոն թռավ ջուրը ու գրկեց ինձ: Բայց արդեն եկել էր սպորտը թողնելու ժամանակը, առողջությունս չէր ներում: Բացի այդ էլ, այդ դեպքից հետո մի տեսակ տանել չէի կարողանում ջուրը: Սպորտից հեռանալուց հետո երկար տարիներ ընդհանրապես չեմ փորձել լողալ, նույնիսկ ծով չեմ գնացել»:

Լուսանկարը` Photolure


ԽՍՀՄ-ի երկաթյա վարագույրը չկարողացավ ծածկել Կարապետյանի արածը

Այսօր դժվար է պատկերացնել, որ 20 մարդու կյանք փրկելուց հետո նրա մասին արգելվելիս է եղել որեւէ հրապարակում անել: Խորհրդային Միությունը չէր ցանկանում, որպեսզի նման ողբերգական պատահարի մասին լուրը տարածվեր: Իսկ այն երիտասարդը, ով նման քայլի էր գնացել, կարծես չէր էլ եղել:

Միայն վեց տարի անց՝ 1982թ-ին, «Կոմսոմոլսկայա Պրավդա» շաբաթաթերթում նյութ է հրապարակվում ջրասուզալողորդների մասին: Հարցազրույցի ժամանակ մարզիկները պատմում են, որ մի քանի տարի առաջ հայ մարզիկ Շավարշ Կարապետյանը մարդ է հանել ջրի հատակից:

Լուսանկարը` Photolure


Այս մի խոսքից սկսում է քանդվել կծիկը: Թերթը ծավալուն հոդված է հրապարակում Կարապետյանի մասին: Արդեն հաջորդ օրը մարդիկ սկսում են նամակներ ուղարկել, հասցեն նշելով «Երեւան, Շավարշ Կարապետյանին»:

«Ավելի քան 70 հազար նամակ եմ ստացել: Մի մասը մեր տան հասցեով էր գալիս, մյուսները զանգում էին գնում էի ՑԿ-ի շենքից վերցնում: Ես երբեք չեմ փորձել գտնել իմ փրկած մարդկանց, չէի ցանկանում նրանց ցավը կրկին հիշեցնել: Բայց իրենք շատերը գտան ինձ, եկան շնորհակալություն հայտնեցին: Օրինակ՝ Թերեզա անունով մի կին կար նրանց մեջ: Մեզ հյուր էր գալիս, նվերներ բերում: Ինձ անհարմար էի զգում, խնդրում էի, որ էլ նման բան չանի»:

Լուսանկարը` Photolure


Համալիրի հրդեհն ու մարդկանց սիրելու մեծ ցանկությունը

Թվում էր, թե Կարապետյանն ամեն ինչ անցյալում է թողել, սակայն նա կրկին պետք է օգներ մարդկանց:

«Մարդ կարող է հայտնվել այնտեղ, որտեղ նրա օգնության կարիքը կա: Եւ ես էլ բացառություն չեմ»:

Սպորտին հրաժեշտ տալուց հետո նա աշխատանքի է անցնում էլեկտրական սարքերի գործարանում: 1985-ին տեղի է ունենում մարզահամերգային համալիրի հրդեհը: Այդ պահին Կարապետյանը շրջակայքում է լինում ու առանց երկար մտածելու միանում է տարվող աշխատանքներին:

«Սա անհամեմատ դժվար էր ինձ համար, որովհետեւ հրշեջի գործին չէի տիրապետում: Վազվզում էի ու չէի հասկանում, թե ինչ անել: Երբ դուռը բացեցին, տեսա, որ ներսում կրակ գրեթե չկա: Հրշեջներին խնդրեցի ջրի խողովակն ինձ փոխանցել, բայց եւս մի մարդ էր պետք, որպեսզի այն երկուսով կարողանայինք պահել: Ոչ ոք չէր համաձայնում, վերջապես մի տղա միացավ ինձ ու միասին մտանք ներս: Կրակի վտանգավոր հատվածը մարեցինք ու հրշեջների աշխատանքը հեշտացավ: Չեմ մոռանա մուգ նարնջագույն կրակն ու ահավոր դղրդյունը… այլեւս ոչինչ չեմ հիշում»:

Լուսանկարը` Ria Novosti


Կարապետյանը զազից թունավորվում է ու կորցնում գիտակցությունը: Ենթադրում են, որ մահացել է, բայց մի տաքսիստ չափում է զարկերակն ու արագ հասցնում հիվանդանոց: Փրկարար Կարապետյանը կրկին ապաքինվում է:

«Մեծ ռիսկի դիմեցի, բայց չէի կարող կանգնել ու պարզապես նայել: Ամեն մարդ պետք է սիրի մարդուն, առանց դրա կյանքի իմաստը կորչում է»:

Տունը սիրող երեք երեխաների հայրը

«Ես անչափ շատ պահանջկոտ եմ սեփական անձի նկատմամբ: Ծնողներս են ինձ այդպես դաստիարակել,ամեն մարդ պետք է իր մեջ փնտրի սխալը»: 

Լուսանկարը` Photolure


Սպորտից հեռանալուց հետո Կարապետյանը որոշ ժամանակ անց ամուսնանում է տնտեսագետ Նելլի Սահակյանի հետ: Նրանք երեք երեխա ունեն՝ Լուսինեն, Զարուհին եւ Տիգրանը:

Ջրասուզորդը համոզված է, որ երեխաների դաստիարակության ու ճիշտ ապրելու հարցում մեծ ներդնում ունի կինը: Իսկ ինքը չէր ցանկանում, որ երեխաները շարունակեն իր ճանապարհը:

«Բայց Տիգրանն ավելի ուժեղ գտնվեց: Նա հիմա բացի սովորելուց նաեւ լողով է զբաղվում, մարզումներին ես էլ եմ օգնում, խորհուրդներ եմ տալիս: Չգիտեմ, թե ինչպես կլինի ապագան, բայց շատ է ցանկանում լավ լողորդ դառնալ»:

Լուսանկարը` Photolure


Կարապետյանի ընտանիքն այսօր ապրում է Մոսկվայում: Այնտեղ նա կոշիկների արտադրությամբ է զբաղվում:

«Առավոտյան 6-ին եմ արթնանում ու թեթեւ մարզումներ անում: Սիրում եմ տանը ժամանակ անցկացնել, այնտեղ հարմարավետ եմ զգում ինձ: Կինս հրաշալի է պատրաստում, մեկ-մեկ կռվում եմ հետը, թե իր պատճառով եմ չաղանում (ծիծաղում է): Չնայած երբեք էլ նիհար չեմ եղել: Իհարկե, դժվարություններ շատ եմ տեսել, բայց կյանքն ինձ երջանիկ պահեր անչափ շատ է պարգեւել: Ես շնորհակալ եմ դրա համար»:

Լուսանկարը` shavarsh.ru


Սուզալողորդ Շավարշ Կարապետյանը ծնվել է 1953 թվականի մայիսի 19-ին Վանաձորում: Նա ԽՍՀՄ-ի բազմակի չեմպիոն է, Աշխարհի 11-ակի ռեկորդակիր, Աշխարհի 17-ակի, Եվրոպայի 13-ակի չեմպիոն:

Կարապետյանը պարգեւատրվել է ՀՀ Արիության մեդալով, «Պատվո նշան» շքանշանով, UNESCO-ի «Արդար խաղ» մրցանակով, չնայած որ նրա կատարած սխրանքն ամենեւին էլ սպորտային չէ: Կարապետյանի անունով է կոչվում 3027-րդ աստերոիդը: Ռուսաստանում անցկացվում է սուզալողի մրցաշար, որը եւս կոչվում է նրա անվամբ:

Գոհար Նալբանդյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին