Անցյալից եկած հերոսները. Դավիթ Համբարձումյան - Mediamax.am

exclusive
116409 դիտում

Անցյալից եկած հերոսները. Դավիթ Համբարձումյան


Դավիթ Համբարձումյանն ու Յուրի Վարդանյանը
Դավիթ Համբարձումյանն ու Յուրի Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Համբարձումյանը ծնողների հետ
Համբարձումյանը ծնողների հետ

Լուսանկարը` Տրամադրել է Էդվին Գրիգորյանը

Պատանի Դավիթը
Պատանի Դավիթը

Լուսանկարը` Էդվին Գրիգորյան

Դավիթն ու ընկերները
Դավիթն ու ընկերները

Լուսանկարը` Տրամադրել է Էդվին Գրիգորյանը

Հոր եւ եղբոր հետ
Հոր եւ եղբոր հետ

Լուսանկարը` Տրամադրել է Էդվին Գրիգորյանը

Պատանի Դավիթը
Պատանի Դավիթը

Լուսանկարը` Տրամադրել է Էդվին Գրիգորյանը

Պատանի Դավիթը
Պատանի Դավիթը

Լուսանկարը` Տրամադրել է Էդվին Գրիգորյանը

Դավիթ Համբարձումյան
Դավիթ Համբարձումյան

Լուսանկարը` Տրամադրել է Էդվին Գրիգորյանը

Հաղթանակից հետո
Հաղթանակից հետո

Լուսանկարը` Տրամադրել է Էդվին Գրիգորյանը

Համբարձումյանը մոր հետ
Համբարձումյանը մոր հետ

Լուսանկարը` Տրամադրել է Էդվին Գրիգորյանը

Մարզիչների հետ
Մարզիչների հետ

Լուսանկարը` Տրամադրել է Էդվին Գրիգորյանը

Օլիմպիական բրոնզե մեդալակիրը
Օլիմպիական բրոնզե մեդալակիրը

Լուսանկարը` alamy stock photo

Դստեր՝ Էլենի հետ
Դստեր՝ Էլենի հետ

Լուսանկարը` Տրամադրել է Էդվին Գրիգորյանը

Համբարձումյանը
Համբարձումյանը

Լուսանկարը` Տրամադրել է Էդվին Գրիգորյանը

Մոր եւ եղբոր հետ
Մոր եւ եղբոր հետ

Լուսանկարը` Տրամադրել է Էդվին Գրիգորյանը

Դստեր՝ Էլենի հետ
Դստեր՝ Էլենի հետ

Լուսանկարը` Տրամադրել է Էդվին Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Համբարձումյանի նվաճումները
Համբարձումյանի նվաճումները

Լուսանկարը` Մեդիամաքս


Ջրացատկորդ Դավիթ Համբարձումյանի մասին գրելու ցանկություն դեռ մի քանի տարի առաջ ունեի, սակայն ինչ-ինչ պատճառներով անընդհատ հետաձգում էի:

Մի անգամ, երբ զրուցում էինք ՀԱՕԿ-ի առաջին նախագահ Ռուբեն Հակոբյանի հետ իմացա, որ 1980-ականների վերջին Համբարձումյանը եղել է սպորտկոմիտեի նախագահի տեղակալը: Այնքան մեծ ոգեւորությամբ էր Հակոբյանը պատմում Դավիթի մասին, որ մտածեցի՝ ժամանակը եկել է, Դավիթ Համբարձումյանը պետք է տեղ գտնի մեր՝ «Անցյալից եկած հերոսները» շարքում:

Բայց պարզվեց, որ մեր ամենատիտղոսակիր ու հայտնի ջրացատկորդի մասին տեղեկություն գտնելն այդքան էլ հեշտ չէ: Երկար փնտրտուքներից հետո ի վերջո ունենք հետաքրքիր հարցազրույցներ Հունաստանում ապրող նրա եղբոր, ընկերների ու մտերիմների հետ, ինչպես նաեւ լավ ու բացառիկ լուսանկարներ: Օգտվել ենք նաեւ «Հայաստանի ֆիզկուլտուրնիկից» ու Մարտին Օսյանի «Ջրացատկի աստղը» գրքից:

Այսպիսով, ծանոթանանք Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի, ԽՍՀՄ 16-ակի չեմպիոն Դավիթ Համբարձումյանի հետ, որը հունիսի 24-ին կդառնար 60 տարեկան:

Մարմնամարզությանը փոխարինեց ջրացատկը

Համբարձումյանների ընտանիքը մարզական է: Դավիթի հայր Գրիգոր Համբարձումյանը (ֆուտբոլային աշխարհում հայտնի Գիլոն) երկար տարիներ հանդես է եկել Կապանի «Լեռնագործի», ապա նաեւ Երեւանի «Սպարտակի» (հետագայում «Արարատի») կազմում: Նա առաջին հայ ֆուտբոլիստն է, որը հրավիրվել է ԽՍՀՄ հավաքական, 1961-ին տեղ գտել ԽՍՀՄ լավագույն 33 ֆուտբոլիստների ցանկում: Մայրը՝ Ալիսան, եղել է մարմնամարզուհի:

«Մենք լողալ սովորել ենք Կապանում: Դրան զուգահեռ մայրս մեզ տանում էր նաեւ մարմնամարզության դասերի: Կապանի լողավազանի բացման ժամանակ, երբ ժամանել էր նաեւ Հայաստանի ջրատակի հավաքականը, մենք տեսանք հայկական ջրացատկի այնպիսի դեմքերի, ինչպիսիք էին Միշա Հովհաննիսյանը, Վասիլի Կուվշինկինը, Սերժ Քոչարյանը, Լավրենտի Թառոյանը, որը հետագայում դարձավ իմ եւ Դավիթի մարզիչը»,- հիշում է Դավիթ Համբարձումյանի ավագ եղբայր Ալբերտ Համբարձումյանը:

Երեւան տեղափոխվելուց հետո տիկին Ալիսան տղաներին կրկին որոշում է տանել մարմնամարզության, սակայն մեծը հրաժարվում է: Մի օր էլ Ալբերտի դասընկերներից մեկն ասում է, որ ինքը հաճախում է ջրացատկի, վերջինս ոգեւորվում է ու գնում մարզման: Հանդիպում է Լավրենտի Թառոյանին ու սկսում մարզվել:

Պատանի Դավիթը Պատանի Դավիթը

Լուսանկարը` Էդվին Գրիգորյան


«Դավիթը շարունակում էր մարմնամարզության հաճախել: Մի անգամ Հայաստանի առաջնության ժամանակ մայրս նկատում է, որ եղբորս ճիշտ չեն գնահատում, շատ բարկանում է ու որոշում այլեւս նրան չտանել մարզումների: Մայրիկին ասացի, որ Դավիթին ինձ հետ կտանեմ ջրացատկի: Թառոյանի համար Դավիթը ոսկե ձկնիկ էր, պատրաստի կադր, եղբորս որ տեսավ, մեզ մոռացավ»,- ծիծաղելով պատմում է Ալբերտ Համբարձումյանը:

Մարմնամարզությունից ջրացատկի անցնելը պատանու մոտ դժվարություն չառաջացրեց: Նա լողալ գիտեր, տիրապետում էր ակրոբատիկ շարժումների ու միանգամից սիրահարվեց ջրացատկին:

«Ութ տարեկան էր, երբ եղբոր հետ եկավ լողավազան եւ դարձավ իմ սանը: Նրբորեն էր կատարում բոլոր հանձնարարությունները, անընդհատ կատարելագործվում էր: Շուտ մերվող էր, ջերմ, շահեց մարզիչների ու մարզիկները համակրանքը»,- Դավիթի մասին այսպես է արտահայտվել նրա առաջին մարզիչ Լավրենտի Թառոյանը:

Համբարձումյանը, սակայն, միշտ էլ կապված է մնացել մարմնամարզությանը: Տարիներ անց էլ խոստովանել է, որ իր հաջողութուններում մեծ ներդրում է ունեցել Օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանը.

«Մոսկվայում կայացած Օլիմպիական խաղերի ԽՍՀՄ ընտրական մրցումների ժամանակ ես հաղթող դարձա: Չգիտեի, որ Շահինյանը եկել է հետեւելու իմ ելույթներին: Նրան տեսնելիս ես միշտ շփոթվում էի, ինձ մեղավոր էի զգում, քանի որ մինչեւ ջրացատկի գնալը նրա դպրոց էի հաճախում: Շահինյանն ինձ գրկեց ու համբուրեց, ապա ասաց, որ իմ սիրելի մարզաձեւի միայն ջուրը մտնելն է ջրացատկային, մնացածը՝ մարմնամարզություն է: «Քո ավելորդ համեստությունը կարող է բացասաբար ազդել քեզ վրա: Դու գիտես, որ մեր ազգի արժանապատիվ անհատների շարքին ես դասվում, ովքեր ազգին մեծ ծառայություն են մատուցում»: Ինձ համար շատ արժեքավոր էր Շահինյանի խրատական զրույցը, այն ինձ շատ հարցերում վերափոխեց»:

16 տարեկան տղան ու Օլիմպիական խաղերը

Դավիթ Համբարձումյանը կարճ ժամանակում կարողանում է մեծ աճ գրանցել: Աչքի է ընկնում ԽՍՀՄ առաջնություններում ու հրավիրվում հավաքական:

1971-ին Կիեւում ԽՍՀՄ-ի եւ ԱՄՆ-ի ուժեղագույն ջրացատկորդների միջեւ մրցումներ էին ընթանում: Այստեղ արդեն նշմարվում էին այն ջրացատկորդները, ովքեր հաջորդ տարի պետք է մասնակցեին Օլիմպիական խաղերին: Ու հանկարծ աշտարակ է բարձրանում 15-ամյա մի տղա, ով թողնում է մեծ տպավորություն: Այդ տղան քչերին հայտնի Դավիթ Համբարձումյանն էր:
Պատանի Դավիթը Պատանի Դավիթը

Լուսանկարը` Տրամադրել է Էդվին Գրիգորյանը


1972 թվականին Օլիմպիական խաղերն ընդունում է Մյունխենը, ԽՍՀՄ ջրացատկի հավաքականի կազմում, բնականաբար, ընդգրկվում է 16 տարեկան Դավիթը:

Ջրացատկի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ ու Դավիթի ընկեր Հրաչյա Չանդիրյանը պատմում է, որ մինչեւ նախավերջին ցատկը պատանի մարզիկը լավագույն եռյակում է եղել: Սակայն բացթողում է կատարել ու գրավել 5-րդ տեղը. «Այստեղ Դավիթին երիտասարդությունն է խանգարել, այլապես նա հենց այդ տարիքում էլ կարող էր մեդալով վերադառնալ»:

ԽՍՀՄ հավաքականի երկար տարիների ավագը

Դավիթի մտերիմներն ասում են, որ նա շատ բարի էր, հոգատար, բայց նաեւ պահանջկոտ ու պատասխանատու: Պատահական չէ, որ նա եղել է ԽՍՀՄ-ի ջրացատկի հավաքականի ավագը:

Էդվին Գրիգորյանը, որը երկար տարիներ աշխատել է հեռուստատեսությունում ու նաեւ մոտիկից ճանաչել է Դավիթին, պատմում է. «Դավիթին ընտրեցին թիմի ավագ, որովհետեւ նրա համար կարեւորը մարդն էր, երբեք տարբերություն չէր դնում, ազնիվ մարդ ու մարզիկ էր: ԽՍՀՄ հավաքականում նրա ասածը բոլորն էին լսում: Շատ հետաքրքիր, գեղեցիկ, ազդեցիկ ու մարդկային էր»:

Հրաչյա Չանդիրյանը փաստում է, որ Համբարձումյանն իսկական լիդեր էր, կարողանում էր իր հետեւից տանել բոլորին: Գրանցած արդյուքների ու հեղինակության շնորհիվ էլ կարողացավ դառնալ թիմի ավագ:
Հաղթանակից հետո Հաղթանակից հետո

Լուսանկարը` Տրամադրել է Էդվին Գրիգորյանը


«Բացի լավ մարդ ու մարզիկ լինելուց, Դավիթը նաեւ հրաշալի հակառակորդ էր: Մի անգամ մրցման ժամանակ իտալացի ջրացատկորդը սխալ է թույլ տվել, ինչի արդյունքում գլխով հարվածել է աշխատարկին ու անգիտակից ընկել ջուրը: Հաջորդը պետք է լիներ Դավիթը, որը միանգամից թռել է իտալացու հետեւից ու հանել նրան: Բոլորին օգնելու մեծ ցանկության համար էր, որ աշխարհը հարգում էր նրան»,- նշեց Էդվին Գրիգորյանը:

Դավիթ Համբարձումյանն ու նրա կին Կարինեն մեկ դուստր ունեն՝ Էլենը: Հրաչյա Չանդիրյանը հիշում է, որ Դավիթը շատ էր սիրում դստերը. «Միասին այգի էինք գնում, երեխային զբաղեցնում: Որ մի քիչ մեծացավ բերում էր լողավազան, թեւիկներ էր հագցում (այն ժամանակ թեւիկ չկար Հայաստանում, Դավիթն էր դրսից բերել), աղջիկը գոռում էր Էլեն Համբարձումյան ու թռչում ջուրը: Դավիթը շատ էր ուրախանում»:

«Դավիթը սիրում էր մուլտֆիլմ նայել: Երբ ազատ ժամանակ էինք ունենում՝ պարտադիր նայում էր: Նաեւ լավ ախորժակ ուներ, մեկ-մեկ էլ շատ էր ուտում, քաշ էր հավաքում: Հետո սկսում էր տանջվել, ամառվա շոգին տաք հագնվում էր ու սկսում վազել»,- շարունակում է Չանդիրյանը:

Ջրացատկն օդային բալետի վերածողը

«Դավիթի ցատկերի մեջ արտիստական բան կար, անչափ գեղեցիկ էր ցատկում: Ասում էին, Դավիթը չի ցատկում, այլ նկարում է: Սա նրա մեջից էր գալիս, անբացատրելի բան է»,- Համբարձումյանի վարպետության մասին այսպես է պատմում Չանդիրյանը:

Աշտարակին մոտենալիս Դավիթն առաջին քայլից մինչեւ ջուրը մտնելն անչափ գեղեցիկ ու բնական է կատարել: Ասում են, որ նա ցատկերը ստեղծագործական փոփոխությունների է ենթարկել՝ փորձելով գտնել լավագույն տարբերակը: Պատմում են, որ, ըստ նրա, ջրացատկը վերածվում է գեղեցկության տոնի, օդային բալետի:

«Թե ինչպես էր Դավիթին հաջողվում այդպիսի թռիչքներ անել՝ չեմ կարող ասել: Նրա մեջ դա կար, ուղղակի լավ էր թռչում ու վերջ: Շատ էր որգեւորվում, երբ ինչ-որ բան ստացվում էր մոտը: Դա նրան ստիպում էր հաջորդ վարժությունն էլ ավելի գեղեցկացնել ու բարդացնել»,- հիշում է Ալբերտ Համբարձումյանը:
Դավիթ Համբարձումյան Դավիթ Համբարձումյան

Լուսանկարը` Տրամադրել է Էդվին Գրիգորյանը


ԽՍՀՄ-ում Դավիթ Համբարձումյանն առաջինն ու երկար ժամանակ միակն է եղել, որ ջրից դուրս գալուն պես խոնարվել է մրցավարներին ու երկրպագուներին:

«Մարզիչը շատ մեծ դեր է խաղում: Նա ինձ այնպես է հանգստացնում, որ մտովի արդեն հաղթում եմ: Երբ հանգիստ տրամադրությամբ, առանց մտավախության ես դուրս գալիս մրցահարթակ, ամեն ինչ հաջողվում է: Սարսափելի ոչինչ չկա, պետք է ուղղակի տրամադրվել, ուրիշ ոչինչ»,- մրցումներից մեկից հետո խոստովանել է ջրացատկորդը:

Դավիթ Համբարձումյանը 1976-ին մեկնում է Մոնրեալ ու երկրորդ անգամ մասնակցում Օլիմպիական խաղերին: Ձեռքի վնասվածքի պատճառով նա չի կարողանում ցատկի վերջնամասը ճիշտ կատարել, չնայած ցատկը հիանալի էր անում:

«Ցանկացած մրցման մասնակցելու առաջնային խնդիրը հաղթելն ու լավ արդյունք ցույց տալն է: Սակայն երբեմն չի հաջողվում մեղմել հոգեբանական լարվածությունը, որից հաճախ կորցնում ես ինքնատիրապետումդ»,- խոստովանել է Դավիթ Համբարձումյանը:

Չանդիրյանը հիշում է, որ այդ խաղերից հետո Դավիթը մի տեսակ հիասթափվել էր. «Շատ լավ ֆուտբոլ խաղալը հորից էր ժառանգել: Օլիմպիական խաղերից հետո ասում էր՝ վերջ, գնում եմ ֆուտբոլ պարապեմ: Չեմ չափազանցնում, եթե գնար՝ լավ ֆուտբոլիստ կդառնար»:

Ընդհանրապես, մտերիմներն ասում են, որ ջրացատկ մարզաձեւի բախտը բերել է, քանի որ Դավիթն ընտրել է այն: Նա կարող էր դառնալ ըմբշիշ, բռնցքամարտիկ կամ էլ ֆուտբոլիստ:

«Արտասհամանում ելույթ ունենալիս միշտ զգացել եմ սփյուռքում ապրող հայերի աջակցությունը: Նրանք իրենց ծափահարություններով ոգեւորում էին ինձ, թվում էր, որ հայրենիքի կարոտը փորձում էին առնել իմ հաջողություններով»,- խոստովանել է Համբարձումյանը:

3-րդ փորձն ու Օլիմպիական բրոնզե մեդալը

Արդեն չորս տարի անց Օլիմպիական խաղերը հյուրընկալում էր Մոսկվան: Երրորդ Օլիմպիադան Դավիթին մեդալ բերեց, սակայն, ինչպես ասում են մտերիմները, «բրոնզը պարզապես սփոփանք էր նրա համար, քանի որ ավելին էր կարող»:

Դավիթ Համբարձումյանը 1980 թվականի Օլիմպիական խաղերում գրավեց երրորդ տեղը՝ դառնալով միակ հայ ջրացատկորդը, որը տղամարդկանց պայքարում նման պարգեւի է արժանացել:

Մրցման 5-րդ ցատկից հետո նա դուրս էր եկել 3-րդ տեղը՝ ընդամենը 3 միավոր հետ մնալով ապագա չեմպիոնից: Սակայն այդ օրը Ֆալկ Հոֆմանը (ԳԴՀ) անգերազանցելի էր, ու պայքարն ընթացավ արծաթե մեդալի համար:
Օլիմպիական բրոնզե մեդալակիրը Օլիմպիական բրոնզե մեդալակիրը

Լուսանկարը` alamy stock photo


Համբարձումյանը 7-րդ ցատկի ժամանակ ոչ այդքան բարձր գնահատականներ ստացավ եւ գրավեց 3-րդ տեղը:

Ելույթից հետո Դավիթ Համբարձումյանը զրուցել է «Ֆիզկուլտուրնիկ» թերթի լրագրողի հետ.

«Պատասխանատվությունը մեծ էր: Նախորդ 2 անգամներն առանց մեդալի էի վերադարձել, իսկ հիմա մեդալակիր եմ: Օլիմպիադայից առաջ համարյա բոլոր մարզումներին ուսի կամ էլ ձեռքի վնասվածքներ էի ստանում: Այսօր էլ ցատկերը կատարում էի ուսագոտու վնասվածքով: Կարծում եմ, դեռ 2 տարի շարունակելու եմ մարզվել»:

Հաջորդ Օլիմպիական խաղերին ԽՍՀՄ հավաքականը չմեկնեց Լոս Անջելես ու կազմակերպեց սեփական՝ ալտերնատիվ խաղերը:

«1984-ին ասաց վերջին Եվրոպայի առաջնությանն եմ մասնակցում, հաղթեմ ու հրաժեշտ տամ սպորտին: Այդպես էլ արեց»,- նշում է եղբայրը:

Կիրթ ու բարձր ինտելեկտով պաշտոնյան

Սպորտը թողնելուց հետո Դավիթ Համբարձումյանը նշանակվում է «Դինամոյի» ուսումնամարզական բաժնի պետ, իսկ որոշ ժամանակ անց՝ սպորտկոմիտեի նախագահի տեղակալ:

 

«Առաջին երիտասարդ պաշտոնյան էր ԽՍՀՄ-ում: Գիտեք, այն ժամանակ մինչեւ 60 տարեկան չէին դառնում, պաշտոն չէին տալիս: Բայց 31 տարեկանում Դավիթն արդեն սպորտային կառույցում ղեկավար պաշտոն էր զբաղեցնում, սա, ոչ միայն նրա մարդկային որակների, այլեւ բարձր ինտելեկտի շնորհիվ էր»,- համոզված է Հրաչյա Չանդիրյանը:

Դստեր՝ Էլենի հետ Դստեր՝ Էլենի հետ

Լուսանկարը` Տրամադրել է Էդվին Գրիգորյանը


«1989-ին ես նշանակվեցի սպորտկոմիտեի նախագահ, ինքն արդեն տեղակալ էր: Աշխատանքի բերումով էլ հասկացա, որ Դավիթը ոչ միայն մեծ մարզիկ է, այլ նաեւ լավ մարդ ու կազմակերպիչ: Դավիթը մարզիկների մեջ բացառություն էր, նա շատ կարդացած ու գրագետ էր: Միշտ ասում էի, որ նրա ապագան մեծ կլինի, որովհետեւ ամեն ինչ ուներ՝ կիրթ էր, ուներ մեծ համբավ, հաճելի վարվելաձեւ, գրավիչ ու սիրուն տղամարդ էր»,- պատմում է Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի առաջին նախագահ Ռուբեն Հակոբյանը:

Դավիթ Համբարձումյանի երազանքն է եղել Հայաստանում զարգացնել ջրային մարզաձեւերը, կառուցել լողավազաններ, երեխաներին սովորեցնել լողալ: Ցավոք, նրա բոլոր նպատակներն էլ մնացին անկատար…

«Դավիթը միշտ ասում էր, որ Հայաստանի 80 տոկոսը լողալ չգիտի, սա շատ ցավագին էր ընդունում: Նա համոզված էր, որ բոլոր երեխաները պետք է լողալ սովորեն: Ամեն ինչ անում էր, որ մեր երկրում կրկին լողավազանները գործեն, ափսոս, չհասցրեց»,- վերհիշում է Ռուբեն Հակոբյանը:

Հունվարյան ցուրտը, կիսատ մնացած տոներն ու 35-ամյա Դավիթի մահը

1992 թվականը նոր էր սկսվել, տոները դեռ չէին ավարտվել, երբ բարեկամները, ընկերներն ու պարզապես սպորտի սիրահարներն իմացան, որ 35 տարեկանում կյանքից հեռացել է հայկական ջրացատկի ամենապայծառ դեմքը՝ Դավիթ Համբարձումյանը: Նա ոչ մի առողջական խնդիր չի ունեցել, այդ օրը նրա սիրտը պարզապես կանգնել է:
Մարզիչների հետ Մարզիչների հետ

Լուսանկարը` Տրամադրել է Էդվին Գրիգորյանը


Ռուբեն Հակոբյան. «Հունվարի 5-ն էր, Դավիթը եկավ մեր տուն: Մի տեսակ տխուր էր, զրուցեցինք, շնորհավորեցինք Ամանորը: Չորս օր հետո իմացա, որ մահացել է: Շատ-շատ տխրեցի: Միշտ հիշում եմ իր պայծառ ու ժպիտով հարուստ դեմքը: Նա կյանքն էր շատ սիրում, կարծես զգար, որ շուտ է հեռանալու ու ամեն ինչ միանգամից էր ուզում անել»:

Էդվին Գրիգորյան. «Հանկարծակի էր մահը: Հունվարի 7-ին հանդիպել եմ հետը, ոչ մի բողոք չուներ: Հաջորդ օրն էլ հեռախոսով խոսեցինք, իսկ ամսի 9-ին ռեժիսոր Ռուբիկ Հովհաննիսյանը զանգեց, թե Դավիթը մահացել է: Դավիթը երբեք իր խնդիրների մասին չէր պատմում, ամեն ինչ իր մեջ էր պահում: Միգուցե դա էր նաեւ պատճառը, որ սիրտը չդիմացավ: Շատ լավ տղա էր, շատ լավ մասնագետ ու պետք էր հայկական սպորտին»:

Հրաչյա Չանդիրյան. «Աշխուժ տղա էր Դավիթը, երբեք չի մեծամտացել, բոլորի ասածները լսում էր, հավասարը հավասարին էր նայում, փորձում էր օգնել: Այդ օրերին մեր ընկերներից մեկի ծննդյան օրն էր, ներողություն խնդրեց, որ չի կարող գալ: Հաջորդ օրն իմացանք, որ մահացել է»:

Նաթելա Հովասափյան. «Դավիթի թաղման օրը շատ ցուրտ էր: Շախմատի տանը պահակազոր էին կանգնել Հրանտ Շահինյանը, Ալբերտ Ազարյանը, Նորայր Մուշեղյանը, Վլադիմիր Ենգիբարյանը: Շահինյանն ասաց, որ իրենք պետք է լինեին այդ երիտասարդի փոխարեն: Շատ-շատ հուզիչ էր, հիմա էլ պատմում եմ ու փշաքաղվում: Եթե նա լիներ, հիմա շատ մեծ օգուտ կտար մեր սպորտին»:

Ասում ենք ջրացատկ՝ հասկանում Դավիթ Համբարձումյան

1993-ի սեպտեմբերին Երեւանի ջրացատկային սպորտի միակ դպրոցը վերանվանվել է Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի հանրապետական մարզադպրոցի:

Մեր բոլոր զրուցակիցներն են խոստովանում, որ մինչեւ Դավիթ Համբարձումյանը մենք ունեցել ենք լավ ջրացատկորդներ, ովքեր, սակայն, ԽՍՀՄ-ից դուրս մեծ նվաճումների չեն հասել: Դավիթը դուրս է եկել միջազգային ասպարեզ, աշխարհում ասել իր հզոր խոսքը, իր հետեւից շատ շատերին հանել աշտարակ ու օգնել սպորտային կարիերայում:

«Մենք չենք կարող չհիշել Դավիթին: Ամեն մարզաձեւում կա մեկը, ով պատմություն է կերտել, ջրացատկում Դավիթն է: Այսօր Հայաստանում ասում ենք ջրացատկ՝ հասկանում ենք հենց Դավիթ Համբարձումյան»,- եզրափակում է Հրաչյա Չանդիրյանը:

Համբարձումյանի նվաճումները Համբարձումյանի նվաճումները

Լուսանկարը` Մեդիամաքս



Դավիթ Համբարձումյանը ծնվել է 1956 թվականի հունիսի 24-ին Կապանում: ԽՍՀՄ 16-ակի չեմպիոն է, 1981 ու 1983-ին Եվրոպայի չեմպիոն, 1980 թվականի Մոսկվայում կայացած Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:

1972-ին Մյունխենում, իսկ 1976-ին Մոնրեալում մասնակցում է Օլիմպիական խաղերին: 1980-ին Մոսկվայի Օլիմպիադայում դառնում բրոնզե մեդալակիր, ապա՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն:

1987-92 թվականներին եղել է Հայաստանի սպորտկոմիտեի նախագահի օգնականը:

Մահացել է 1992 –ի հունվարի 9-ին:

Գոհար Նալբանդյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին